ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԲԱ ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԷՍՊԵՍ ԽԱՂԱԼ, ԻՆՉՈ՞Ւ ՉԷԻՔ ԽԱՂՈՒՄ

ԲԱ ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԷՍՊԵՍ ԽԱՂԱԼ, ԻՆՉՈ՞Ւ ՉԷԻՔ ԽԱՂՈՒՄ
09.09.2011 | 00:00

Լիտվայի հավաքականի հետ անպատիվ խաղից հետո (որքան էլ հանդիպումն ընկերական էր) մարզասերները, այնուամենայնիվ, անհամբերությամբ էին սպասում Անդորրայի ու Սլովակիայի ընտրանիների հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներին: Սպասում էին թե՛ չարացած, թե՛ ակնկալիքով: Սկզբունքորեն, հատկապես վերջին պարագայում, այլ կերպ չէր էլ կարող լինել. որովհետև ֆուտբոլ կոչված զարմանալի երևույթը գոնե մեզ նման ազգերի համար խաղ լինելուց առաջ շա՜տ ավելի վերին գաղափար է, ինչպես սիրում է արտահայտվել ժամանակակից երիտասարդության մի որոշակի շերտ:
Խոստովանեմ` Անդորրայի ընտրանուն հաղթելուց հետո էլ իմ անբավարարվածության զգացումը շարունակում էր մնալ տիրող, և սա այն պարագայում, երբ մրցակցին հաղթել էինք իր իսկ դաշտում, խփել բավական շատ գոլ (չեմ կարծում, որ Մարկոս Պիզելիի, Գևորգ Ղազարյանի, Հենրիկ Մխիթարյանի խփած գոլերը քիչ են դրանց բավականին շատի որակում չտալու համար): Չարացածությունս չէր անցնում այն պատճառով, որ ժամանակներ են եղել, երբ մեզ էլ են հաղթել նույն ու ավելի խոշոր հաշվով ու պատմության համար արձանագրել, որ «դե, Հայաստանին ենք հաղթել, եղածը մեծ բան չէ»: ՈՒ, պատկերացնում ե՞ք զգացողությունս, երբ լրատվամիջոցներից մեկում կարդում եմ` «ջախջախեցինք Անդորրային»: ՈՒզում էի տեսնել տողերի հեղինակին ու ասել. «Տղա ջան, բառը, որ գրում ես, իմաստը գոնե հասկանո՞ւմ ես: Ախր Սան Մարինո-Հոլանդիա խաղի 0:11 հաշիվն էլ չի կարելի ջախջախիչ համարել: Էս ի՞նչ եք ասում, էս ո՞ւր եք էդպես ջանադրորեն մտնում: Մտնելուց առաջ գոնե էդ մարդուց թույլտվություն հարցրե՞լ եք: Չի կարելի, չէ՞»:
Ինչևէ: Չծանրանանք մանր-մունր բաների վրա, շարունակենք մեր ասելիքը: Սպասում էի Սլովակիայի ընտրանու հետ խաղին` մտածելով` տղա ե՞ք, թուր կեծակին քաշեք, ընկեք ավելի բարձր խաղամակարդակ ունեցող թիմի ջանին, հաղթեք, ես էլ ասեմ` այ մալադե՜ց (օտար բառի համար ներող եղեք):
Խաղի մանրամասներին չեմ անդրադառնում, 4:0 հաշվով հաղթելու մասին բան չեմ ասում, դիտմամբ չեմ հիշատակում գոլերը խփած Յուրա Մովսիսյանի, Հենրիկ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Արթուր Սարկիսովի անունները, որովհետև այս ամենի անհրաժեշտությունը մի տեսակ չեմ տեսնում: Այդ օրը թիմ էինք, հավաքականություն, բռունցքված միասնություն, իսկ մի բան ակնհայտ է` երբ մենք (նաև` ազգ, ժողովուրդ) եղել ենք այդպիսին, մեզ կոտրող, ծնկի բերող չի եղել:
Արտագնա երկու խաղ, վեց միավոր, խփած յոթ գնդակ ու «չոր» պահած դարպաս` հե՜յ գիտի, հա՛, մեկ էլ ե՞րբ էինք նման բան տեսել: Էսքանից հետո ո՞նց շուռ չգաս ու չասես` ա՜յ տղերք ջան, ա՛յ բալեք ջան, բա որ կարող եք էսպես խաղալ, ինչո՞ւ չէիք խաղում: Չիմանաք, թե պատասխանը չգիտեմ: Լավ էլ գիտեմ: ՈՒրախությունից եմ էսպես ասում ու միաժամանակ պարտավորության լուծը դնում ուսներիդ: Եվ ավելացնում` հերն էլ անիծած, եթե չկարողանաք Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալ: Սրանով կյանքը չի պրծնում: Կարևորն այն է, որ ճիշտ ճանապարհին եք: ՈՒ, էլի մի բան, ինչ անում եք, արժանապատվորեն արեք: Ճիշտ է, նյութը մի տեսակ ավելի խրատական ստացվեց, քան վերլուծական, բայց դե ոչինչ, մեկ-մեկ էսպես էլ է լինում:
Որպես ավարտ, հավելեմ, որ փայլուն շրջագայություն ունեցավ նաև մեր երիտասարդական հավաքականը` հաղթելով Անդորրայի իր հասակակիցներին (1:0) ու ոչ-ոքի խաղալով ենթախմբում ակնհայտ ֆավորիտ համարվող չեխերի հետ (1:1): Սա նույնպես հրաշալի է ու խոսում է ընտրած ուղու ճիշտ լինելու մասին: Բոլոր դեպքերում չեմ կարծում, որ հայկական ֆուտբոլն անցյալին պահ տված իր հմայքը կատարելապես ցուցանելու գործում շատ կուշանա:
Հուսանք ու հավատանք:
Առաջն Աստված:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ