ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՔԱՅԼՈՂ ԼԵԳԵՆԴԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՔԱՅԼՈՂ ԼԵԳԵՆԴԸ
13.01.2012 | 00:00

Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» շնորհման հանդիսությունը: Ինչպես և սպասվում էր, 2011-ի մրցանակակիր դարձյալ դարձավ Լիոնել Մեսին: Ասում ենք` դարձյալ, որովհետև այդպես էր թե՛ 2010-ին, թե՛ 2011-ին: Անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ նույնը չի լինելու նաև առաջիկա տարիներին, որովհետև համաշխարհային ֆուտբոլը, ի դեմս հրաշագործ արգենտինացու, ունի մի ֆուտբոլիստ, ով իր մարզաձևում նույնն է, ինչ ֆրանսիական Սևր քաղաքում պահպանվող մետրի էտալոնը:
Իհարկե, Մեսիի երջանկությունն է, որ «Բարսելոնի» նման հեքիաթային թիմում խաղալու հնարավորություն ունի, որտեղ գրեթե ցանկացած անուն համաշխարհային ֆուտբոլի քայլող լեգենդ է, սակայն նույն կերպ «Բարսելոնի» երջանկությունն էլ է, որ իր խաղակազմում ունի Մեսի, ով քսանչորս տարեկանում աշխարհի հնարավոր բոլոր տիտղոսներն արդեն նվաճել է, բացառությամբ իր երկրի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսի:
Սակայն միայն այս խնդիրը չէ, որ ծառացած է ֆուտբոլային հրաշքի առաջ: Երրորդ անգամ տիրանալով «Ոսկե գնդակին»` նա ընդամենը կրկնեց հոլանդացիներ Յոհան Կրոյֆի, Մարկո վան Բաստենի և ֆրանսիացի Միշել Պլատինիի ռեկորդը: Ի դեպ, այս եռյակում Պլատինին մի փոքր առանձնահատուկ դիրքում էր, մինչև Մեսիի այս յուրօրինակ թագադրությունը: Հիմա արգենտինացու խնդիրը «ոսկե գնդակին» ոչ միայն չորրորդ անգամ տիրանալն է առհասարակ, այլև անընդմեջ, որին արդեն Աստծո կամեցողությամբ ու մեր ցանկությամբ կարող են հետևել հինգերորդը, վեցերորդը… ու այսպես շարունակ:
Մեսիի մասին կարելի է երկար գրել ու խոսել, հիշատակել նրա բացառիկ նվիրվածությունը «Բարսելոնին» (ի դեպ, շատ սիրուն ու միևնույն ժամանակ շատ ազդեցիկ պատմություն կա այս առնչությամբ, սակայն դրա մասին մեկ այլ առիթով), բացառիկ համեստությունը, ամեն գոլից հետո Բարձրյալին շնորհակալ լինելը, մարդկային բնավորության ընդօրինակման արժանի ու միաժամանակ ուսանելի լինելը, սակայն բավարարվենք այսքանով, որովհետև ցյուրիխյան հանդիսության ժամանակ հիշատակման արժանի այլ բաներ էլ են եղել: Որոշվեցին աշխարհի լավագույն տասնմեկ ֆուտբոլիստները (իրենց իսկ` ֆուտբոլիստների առաջարկած տարբերակով)` Իկեր Կասիլյաս, Դանիել Ալվես, Նեմանյա Վիդիչ, Հերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խաբի Ալոնսո, Չավի, Անդրես Ինիեստա, Լիոնել Մեսի, ՈՒեյն Ռունի, Քրիստիանո Ռոնալդու, լավագույն մարզիչները` Պեպ Գվարդիոլա («Բարսելոն»), Նորիո Սասակի (Ճապոնիայի կանանց ազգային հավաքական): Առանձնահատուկ մեծարվեց «Մանչեստր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով ֆուտբոլում ներդրած բացառիկ ավանդի համար արժանացավ ՖԻՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակին: Արդար խաղի մրցանակը հանձնվեց Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիային, 2011-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակ ճանաչվեց բրազիլացի Նեյմարը, լավագույն կին ֆուտբոլիստուհի` ճապոնուհի Խոմարե Սավան, լավագույն խաղարկող` Չավին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ