ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
20.09.2011 | 00:00

ՈՒշուի աշխարհի 11-րդ առաջնությունը տեղի է ունենալու Անկարայում` հոկտեմբերի 9-15-ին։ Նշենք, որ ուշուի 2010-ի Եվրոպայի առաջնությունը դարձյալ անցկացվում էր Թուրքիայում։ Այս տարի Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայանալու է ամբողջական թիմով, և ինչպես նշում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի տեխնիկական խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆԸ, մեր մարզիկները պատրաստվում են պայքարելու մեդալների համար։ Սակայն ֆեդերացիան, ունենալով նախորդ տարվա Եվրոպայի առաջնության տխուր փորձը, երբ բացահայտ խտրականության էին ենթարկվում հայ մարզիկները, մեծ մտավախություններ ունի։
«Նախորդ տարի՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, մենք զգացինք, որ կար ուժեղ քաղաքական ճնշում, որպեսզի Թուրքիայում չհնչի հայկական հիմնը, և չբարձրանա ՀՀ պետական դրոշը։ Մրցումների ամբողջ ընթացքում տպավորությունն այն էր, որ մրցավարական անձնակազմը կաշառված է։ Դեպքեր եղան, երբ որոշումներ էին կայացվում ուշուի մրցումների պատմության մեջ չլսված կանոնակարգային կոպիտ խախտումներով։ Եղան դեպքեր էլ, երբ հայ մարզիկը, թուրք մարզիկի հետ մենամարտելով, ստանում էր մրցավարական ոչ արդար գնահատական։ Օրենքի սահմաններում կատարվում էր բողոքարկում, բողոքարկման հանձնաժողովը բավարարում էր բողոքը հօգուտ Հայաստանի թիմի, դրա մասին տեղեկացվում էին տեխնիկական խորհուրդը, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, որից հետո արդյունքի փոփոխություն չէր կարող տեղի ունենալ։ Սակայն երեկոյան մենք տեղեկանում ենք, որ արդյունքը նորից է փոխվել հօգուտ թուրք մարզիկի։ Հայկական կողմը բողոքարկումը շարունակում է տեխնիկական խորհրդում, որտեղ տեխնիկական խորհրդի և ՌԴ ֆեդերացիայի նախագահը հաստատում է, որ տեղի է ունեցել կոպիտ կանոնադրական խախտում, որն ուղղվելու է, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Այնուհետև բողոքարկում ենք Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին, ով նույնպես խոստանում է որոշումը փոխել, բայց դարձյալ տեր չի կանգնում իր խոստմանը։ Այսինքն՝ երեք ատյաններում տեղի է ունենում կոպիտ խախտում, որը մեր մարզաձևի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ երբեք չի եղել»,- ասում է Տիգրան Չոբանյանը։ Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնությանը Հայաստանին հաջողվեց վաստակել երկու ոսկե և տասը բրոնզե մեդալ, որոնցից հինգ բրոնզե մեդալակիրները կարող էին շատ ավելի բարձր տեղեր գրավել, եթե չլիներ մրցավարական կողմնակալ վերաբերմունքը։
Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը՝ Հայաստանի հավաքականն ուշուի աշխարհի առաջնությանը ներկայանալու է բավականին լավ պատրաստված թիմով։ Բացի այդ, մրցավարական ցանկացած խախտում արժանանալու է հայկական կողմի համապատասխան հակազդեցությանը։
Նշենք, որ աշխարհի առաջնությունը տեղի է ունենում մեծահասակների տարիքային խմբում։ Հայաստանի հավաքականը ներկայանալու է լիարժեք կազմով՝ ուշուի երկու ուղղություններով (մենամարտային ուշու և վարժահամալիրային ուշու)։ Վարժահամալիրային ուշուում Հայաստանը կունենա երկու մասնակից, իսկ մենամարտային ուշուում՝ վեց։
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը, մեր երկիրն այս տարի ուշուի աշխարհի առաջնությանը ներկայանալու է նաև երեք մրցավարներով։ Երեքն էլ ունեն բարձրագույն կարգի մրցավարների կոչումներ, բոլորն էլ վերահաստատել են այդ կոչումները 2010-ին, որոնք չորս տարի ուժի մեջ են։ Այնպես որ, Անկարայում իրավունք չունեն թույլ չտալու, որ մեր մրցավարները մասնակցեն մրցավարությանը։ Ֆեդերացիայում հույս ունեն, որ սա էլ որոշակիորեն կօգնի, որպեսզի մեղմացվեն մրցավարական անարդարությունն ու կողմնակալ վերաբերմունքը մեր թիմի նկատմամբ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ