ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ` ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ` ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
29.07.2011 | 00:00

Պաշտոնապես հայտնի դարձավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերջնական ցանկը, համաձայն որի` օգոստոսի 25-ին կհայտարարվի, թե 2010-2011 սեզոնի արդյունքով ում է վիճակված լինելու աշխարհամասի թիվ մեկ ֆուտբոլիստ: Լավագույն եռյակին` Չավի Էռնանդես, Լիոնել Մեսի (երկուսն էլ ներկայացնում են կատալոնյան «Բարսելոնը»), Կրիշտիանու Ռոնալդու (Մադրիդի «Ռեալ»), որոշել է ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաները ներկայացնող 53 մարզական լրագրողներից կազմված ժյուրին: Հարցման արդյունքով չորրորդն է ճանաչվել «Բարսելոնի» ևս մեկ ներկայացուցիչ` Անդրես Ինիեստան, ով քվեարկության արդյունքով առաջ է անցել Ֆալկաոյից («Պորտու», Պորտուգալիա) և ՈՒեյն Ռունիից («Մանչեստր Յունայթեդ», Անգլիա):
Քվեարկության վճռական փուլը կհամընկնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը: Այն կայանալու է Մոնակոյում:
Թեպետ ֆուտբոլային աշխարհն ավելի քան քաջատեղյակ է ՈՒԵՖԱ-ի վարկածով որոշվելիք լավագույն թեկնածուներից յուրաքանչյուրին, համենայն դեպս, մեկ անգամ էլ հիշենք նրանցից յուրաքանչյուրի մատուցած ծառայությունը:
Մեսին ու Չավին անցած սեզոնում «Բարսելոնին» օգնեցին հաղթելու Չեմպիոնների լիգայում: Ընդ որում` առաջինն ակումբի 55 պաշտոնական խաղերում խփել է 53 գնդակ: Դրանցից 31-ը Մեսին հեղինակել է Պրեմիեր լիգայում, 12-ը` Չեմպիոնների լիգայում և այս վերջին արդյունքով դարձել մրցաշարի նոր ռեկորդի հեղինակ: Իր հերթին «Ոսկե խաղակոշիկի» տիրակալ Կրիշտիանու Ռոնալդուն 40 գոլով դարձել է ազգային առաջնության թիվ մեկ ռմբարկու և Իսպանիայի առաջնության արծաթե մեդալակիր: Ինչ վերաբերում է Չավի Էռնանդեսին, նրա ամպլուայի ֆուտբոլիստների մեջ խաղը կառուցելու հմտությունն է վարպետության բարձրագույն նշանը:
Դառնալով օգոստոսի 25-ին կայանալիք քվեարկությանը` այն, այսպես ասած, լինելու է կենդանի ռեժիմով: Լավագույնը որոշվելու է, ինչպես ասացինք, արդեն իսկ ընտրված ուժեղագույն եռյակից: Ցուցակում առաջին տեղի համար սահմանված է հինգ, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` երեք և մեկ միավոր (ի դեպ, միավորների բաշխման նույն սկզբունքն է գործել և չորսից տասներորդ տեղերը գրավածների համար): Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին ընտրելիս հաշվի է առնվում միայն ներկայացրած ակումբը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ