ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԿԱՐԵԼԻ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԱՐԳևՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«ԿԱՐԵԼԻ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԱՐԳևՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
22.03.2011 | 00:00

Ապրիլի 3-11-ին Գերմանիայի Բեռլին քաղաքի մարզապալատում կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսին նախապատրաստվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երևանում անցկացվեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որից անմիջապես հետո մերոնք իրենց կարողությունները փորձեցին Իրանի Թեհրան քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին ահա թե ինչ ասաց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
-Հայաստանի առաջնությունը կարևոր էր այն առումով, որ ձմեռային շրջանի մարզումներից հետո մարմնամարզիկները պաշտոնական փորձության ենթարկվեցին: Ի դեպ, մեծահասակների պայքարում հանդես էր գալիս 13 բազմամարտիկ, և բոլորն էլ աշխատում էին լրիվ ծանրաբեռնվածությամբ` 6 մրցաձևում: Իսկ մրցասպարեզ էր դուրս եկել 37 մարմնամարզիկ: Մրցավարների առջև խնդիր էր դրվել ամենայն խստապահանջություն դրսևորել, միավորներ չշռայլել, որպեսզի հստակեցնենք, թե մեր մարմնամարզիկներն ինչպիսի միավորներ կարող են ստանալ միջազգային մեկնարկներում: Ինքս այնքան էլ գոհ չեմ, քանի որ, այնուամենայնիվ, գնահատականները բարձր էին: Մասնավորապես, բազմամարտում առաջին տեղը բաժանած Վահագն Ստեփանյանը և Հարություն Մերդինյանը հավաքեցին 86,15 միավոր: Այդպիսի արդյունք աշխարհի առաջնությունում ցույց տալու դեպքում կարելի է տեղ զբաղեցնել 24 լավագույնների շարքում և մասնակցել եզրափակչին: Իմ կարծիքով, մեր մարմնամարզիկների ներկայիս ներուժն այդպիսին չէ: Հայաստանի առաջնությունում իր պատրաստականության մակարդակով հույսեր ներշնչեց Արթուր Դավթյանը` 85,9 արդյունքով գրավելով 3-րդ տեղը: 18-ամյա այդ մարմնամարզիկը մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց է ունեցել: Արթուրը շուրջ 0,6 միավոր ավելի է հավաքում, վարժությունները մաքուր է կատարում: Նա անցյալ տարվա Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է հենացատկերում, իսկ այս տարի պետք է մեծահասակների պայքարին մասնակցի: Այդ է պատճառը, որ ավելացվել է հենացատկերի վրա նրա կատարած վարժության բարդությունը` 16,6: Անցյալ տարվա նույն ցուցանիշը 16,2 էր: Նա Եվրոպայի չեմպիոն դաձավ 15,425 արդյունքով:
-Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այս մրցաձևում մրցանակակիր դառնալու համար մոտավոր հաշվարկով ինչպիսի՞ գնահատական է անհրաժեշտ ունենալ:
-15,8-15,9 միավոր:
-Հայաստանի առաջնությունում այնպիսի պատկեր չէ՞, որ առաջատարները մրցակիցներ չունեն:
-Այժմ մրցակցություն կա: Միայն այն փաստը, որ երիտասարդ մարմնամարզիկը խառնվում է փորձառուների պայքարին, արդեն շատ բան է ասում: Ընդ որում, մինչև վերջին մրցաձևը Արթուր Դավթյանն առջևում էր: Նրա մրցակիցները նժույգաթափերում հաջող հանդես եկան, և դա օգնեց Ստեփանյանին և Մերդիյանին` շրջանցելու նրան: Իսկ Դավթյանը թեև նժույգաթափերում սայթաքում թույլ չտվեց, սակայն նրա վարժությունների բարդությունը ցածր էր, և ստացավ 14,2 միավոր: Դա Մերդինյանի նախասիրած մրցաձևն է և պատահական չէր, որ նա արժանացավ 15,2 գնահատականի: Իսկ Ստեփանյանը ստացավ 14,8 միավոր: 17-ամյա Վահան Վարդանյանը նույնպես բարձր արդյունք ցույց տվեց (83,5) և հանգրվանեց 4-րդ տեղում: Նա 2010-ին Սինգապուրում կայացած պատանեկան առաջին օլիմպիական խաղերում հավաքել էր 82,5 միավոր: Այսինքն` առաջընթացը նույնպես ակնառու է:
-Հայաստանի առաջնությունն ի՞նչ ցույց տվեց, խանգարե՞լ է մեր մարզիկներին ձմեռային շրջանում ցուրտ պայմաններում պարապելը:
-Չէի ասի, թե նախապատրաստվելուն խանգարող բաներ են եղել, բայց այժմ պակասում են վարժասարքերը: Մրցումներ անցկացնելու համար դրանք բավարար են, սակայն մարզումների համար` ոչ, իսկ դա վնասվածքների պատճառ է դառնում: Չկա նորմալ փոս` մարմնամարզական ներքնակներով: Մարզիկների անվտանգությունն ապահովող ամրափոկերը խորհրդային ժամանակներից են ժառանգություն մնացել, այժմ դրանք նպատակահարմար չէ օգտագործել: Իսկ պատանիների, երիտասարդների հետ ուսուցողական աշխատանքների ժամանակ այս ամենը դժվարություններ է առաջացնում: ՈՒստի երկյուղում ենք: Այնքան էլ շատ շնորհալի պատանի մարմնամարզիկներ չունենք, որ նրանցից մեկը կամ երկուսը վնասվածք ստանան, և դա աննկատ մնա: Եվ հնարավորն արվում է, որ որևէ մեկը վնասվածք չստանա: Իսկ բարդ տարրեր և կապակցություններ կիրառելու համար պետք է համարձակ քայլերի դիմել: Ինքս առաջին հերթին պատանիների առողջության մասին եմ մտածում:
-Իսկ Իրանում կայացած միջազգային մրցաշարն ի՞նչ տվեց մեր մարմնամարզիկներին:
-Հայաստանի ներկայացուցիչները մրցակցությունից դուրս էին: Հարություն Մերդինյանը (84,7), Վահագն Ստեփանյանը (84,3), Արթուր Դավթյանը (83,3) բազմամարտում գրավեցին առաջին երեք տեղերը: Այսինքն, նրանց ցույց տված արդյունքներն ավելի ցածր էին, քան Հայաստանի առաջնությունում, սակայն կային տարբեր խնդիրներ: Մասնավորապես, զուգափայտերի վրա վարժությունր կատարելիս Ստեփանյանի մատը դուրս էր ընկել, ես եմ օգնել այն տեղը գցելու, և նա շարունակել է մրցումները: Այդուհանդերձ, մրցավարությունը ռեալ էր: Ստուգատեսն էլ գերազանց պայմաններում էր անցկացվում: Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Ստեփանյանը լավագույնն էր օղակների, զուգափայտերի վրա, Մերդինյանը` նժույգի, պտտաձողի վրա վարժություններում, Դավթյանը` ազատ վարժություներում, հենացատկերում:
-Ի՞նչ է տալու մերոնց Եվրոպայի առաջնության մասնակցությունը:
-Մարմնամարզությունում օլիմպիական խաղերի համար վարկանիշային է միայն աշխարհի առաջնությունը: Այն կայանալու է հոկտեմբերին 1-17-ին` Ճապոնիայում: Իսկ Եվրոպայի առաջնությանը մրցափորձ ձեռք բերելու համար ենք մեր մարզիկներին գործուղում: Մերդինյանը և Դավթյանը պետք է մասնակցեն: Հետաքրքրում է, թե բազմամարտում նրանք քանի միավոր կկարողանան հավաքել: Ավելի շատ մասնակիցներ ունենալու հնարավորություն չկա: Եթե երրորդ մարմնամարզիկը մրցասպարեզ դուրս գա, արդեն պարտավորված կլինենք Հայաստանից երկու մրցավար գործուղել, իսկ դա ֆինանսների հետ է կապված, ավելորդ շռայլություն անելու հնարավորություն չունենք: Խնայում ենք միջոցները, որպեսզի աշխարհի առաջնությանը ներկայանանք երեք մարզիկով: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են լինելու նրանք, քանի որ մինչ այդ մեր մարզիկներին տարբեր մեկնարկներ են սպասում, այդ թվում` Եվրոպայի առաջնությունը:
-Աշխարհի առաջնության մրցավայրը կարո՞ղ է փոխվել:
-Հնարավոր է: Ի դեպ, այդ երկիրը ներկայումս շատ է տուժել տարերային աղետից, և շատ բան անորոշ է: Սակայն եթե մրցավայրը փոխվի, դա ավելի ձեռնու է: Բանն այն է, որ Ծագող արևի երկիր հասնելու համար մեծ փողեր են պահանջվում: Բացի այդ, ժամային տարբեր գոտիներում ենք, և կլիմայափոխվելու համար էլ մեր մարմնամարզիկները դժվարություններ կկրեն: Այդուհանդերձ, դեռևս ոչ մի խոսակցություն չկա այն մասին, որ մրցավայրը կարող է փոխվել:
-Եվրոպայի առաջնությունում մեր մարմնամարզիկներից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ:
-Անցյալ տարի Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչները հաջող էին հանդես եկել: Վահագն Դավթյանը մեծահասակների առաջնությունում 4-րդ տեղ էր գրավել օղակների վրա վարժություններում: Արթուր Դավթյանը ոսկե և բրոնզե մեդալակիր էր դարձել երիտասարդների պայքարում: Բայց այս տարի երիտասարդների մրցումներ չեն կայանալու, քանի որ դրանք կազմակերպվում են երկու տարին մեկ: Այդուհանդերձ, այն հանգամանքը, որ մեր մարմնամարզիկը մոտ է եղել մեդալի տիրանալուն մեծահասակների առաջնությունում, հույսեր է ներշնչում, որ կարելի է պայքարել պարգևների համար: Ի դեպ, նախորդ տարվա հաջողությունից հետո ավելի է մեծացել ուշադրությունը, մեր մարզիկներից թոշակ են ստանում Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Վահան Վարդանյանը, Հարություն Մերդինյանը: Վերջինս շատ լավ է իրեն զգում նժույգաթափերի վրա: Եթե նա աշխարհի առաջնությունում 6-րդ տեղ է գրավել, ուրեմն, 0,2 միավոր ավելի ստանալով կարող է բարձունքի հասնել:
-Եվրոպայի առաջնությունում ի՞նչ կարգավիճակով եք ներկայանալու:
-Մրցավարի, իսկ հավաքականը մրցահարթակ դուրս կբերի մարզիչ Սոս Սարգսյանը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ