ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼԸ` ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼԸ` ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ
18.01.2011 | 00:00

«ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ ՏԵՂԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՄ ԷԼ ՄՏԱԾՈՒՄ»
Հունա-հռոմեական ոճի գերծանրքաշային ըմբիշ Յուրի ՊԱՏՐԻԿԵԵՎԸ Հայաստանի հավաքականի հիմնական հույսերից մեկն է լինելու «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերում: Կրասնոդարում բնակվող և հիմնականում այնտեղ մարզվող հսկան վերջերս Հայաստանում էր և սիրով համաձայնեց պատասխանել «Իրատես de facto»-ի հարցերին:
- Գո՞հ ես 2010-ին ցույց տված քո արդյունքից:
-Ընդհանուր առմամբ նորմալ է, իհարկե, ցանկալի էր, որ Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում առաջինը լինեի, բայց արժանացա միայն արծաթե մեդալի: Պարզապես, եզրափակչի մրցակիցս` կուբացի Ալեքսանդրո Լոպեսը, փայլուն մարզավիճակում էր: Մինչ այդ Հայաստանի հավաքականի կազմում դարձել էի աշխարհի գավաթի թիմային խաղարկության 3-րդ մրցանակակիր: Լրջորեն էի նախապատրաստվել նաև Բաքվում անցկացված Եվրոպայի առաջնությանը, բայց մրցագորգ դուրս գալ չստացվեց, քանի որ վերջին պահին որոշվեց, որ Հայաստանի պատվիրակությունն Ադրբեջան չի մեկնելու: Այդուհանդերձ, 2010-ի վերջին, ընդգրկվելով Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում, զբաղեցրի 4-րդ տեղը:
-Հայաստանում շա՞տ ես լինում:
-Անցյալ տարի Հայաստանում չորս ամիս մարզվել եմ:
-Ինչո՞ւ մշտական բնակության չես տեղափոխվում Երևան:
-Դիմել եմ, բայց բնակարանի հարցը չի լուծվել: Գիտեմ, որ աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին որպես պարգև նաև բնակարան են նվիրում, այնպես որ, 2011-ին այդ ուղղությամբ պետք է ավելի լրջորեն մտածել: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն սկսել եմ դեկտեմբերից և Հայաստանի հավաքականի կազմում ուսումնամարզական հավաքի եմ մասնակցել Ծաղկաձորում:
-Ծաղկաձորում ի՞նչն էր հիմնական ուշադրության «թիրախը»:
-Ֆունկցիոնալ և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը: Մարզչիս` Սամվել Գևորգյանի հետ այն կարծիքին ենք, որ իմ հիմնական մրցակցին` կուբացի Լոպեսին հաղթելու համար դիմացկունության պակասն է ինձ խանգարում:
-Իսկ մրցընկերներ ունեի՞ր:
-Ոչ, այդ ուղղությամբ առանձին աշխատանք է նախատեսված: Մինչև հունվարի վերջ կմարզվեմ Կրասնոդարում, ապա կմեկնեմ հանգստի: Տանն ամեն բան նորմալ է, աղջիկս մեծանում է: Հունվարի 31-ին կլրանա նրա 3 տարին:
-Իսկ ընտանիքում համալրում չի՞ նախատեսվում:
-Երկրորդ երեխայի մասին կմտածենք օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո:
-2011-ին ե՞րբ առաջին անգամ մրցագորգ դուրս կգաս:
-Կրկին Հայաստանի հավաքականն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը, որը կայանալու է փետրվարին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Առայժմ պարզ չէ` մեր ընտրանին առաջի՞ն, թե՞ երկրորդ կազմով է մասնակցելու: Մարտի վերջին և ապրիլի սկզբին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, ձգտելու եմ միայն չեմպիոն հռչակվել: Անցյալում չորս անգամ դարձել եմ Հին աշխարհամասի չեմպիոն: Այնպես որ, երկրորդ, երրորդ տեղերն զբաղեցնելու մասին չեմ էլ մտածում: Աշխարհի առաջնություններում միայն երիտասարդների աշխարհի չեմպիոն եմ դարձել, մեծահասակների մրցումներում երկու անգամ արժանացել եմ բրոնզե, մեկ անգամ` արծաթե պարգևների:
-Վնասվածքներից չե՞ս դժգոհում:
-Ըմբիշների համար վնասվածքը սովորական բան է: ՈՒսս մի թեթև ցավում էր աշխարհի առաջնությունից առաջ, հիմա ամեն բան լավ է:
-Տարեվերջին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացած Հայաստանի տասը լավագույն մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ, դրամական պարգևից բացի, ստացար նաև «Լադա» մակնիշի ավտոմեքենա: Ի՞նչ ես անելու այն:
-«Ֆոլկսվագեն» մակնիշի ջիպ եմ վարում, իսկ «Լադան» որպես տաքսի կօգտագործեմ: Սա, իհարկե, կատակ է: Կմտածեմ, տեսնենք, թե ինչ կարելի է անել:

«ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ՄՇԱԿԵԼ` ԿՈՒԲԱՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Զրուցեցինք նաև Պատրիկեևի մարզիչ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
-Լավ նախապատրաստվելուն խանգարող որևէ հանգամանք չկա,- հավաստիացրեց նա:- Նոր մեթոդներ ենք փորձում մշակել` կուբացի մարզիկին հաղթելու համար: Մեծածավալ աշխատանք է կատարվում: Թերևս, երիտասարդ ըմբիշներն այնպիսի ջանասիրությամբ չեն մարզվում, ինչպես Պատրիկեևը:
-Գուցե հոգեբանական պատրաստականության պակա՞սն է բացը:
-Հոգեբանական որևէ բարդություն չկա, ուղղակի վերջին փուլում ինչ-որ բան խանգարում է։ Այս անգամ ամեն բան պետք է նորմալ լինի: Երկար ժամանակ է, որ Պատրիկեևը Հայաստանի հավաքականում է, և հասունացել է, որ դառնա աշխարհի առաջնության, օլիմպիական խաղերի չեմպիոն: Այդ ստուգատեսներում նա ապացուցել է, որ ուժեղագույն եռյակում տեղ զբաղեցնելն իր համար դժվար չէ: Յուրիի ներկայացրած բոլոր պահանջները, այդ թվում` ֆինանսական, կատարվում են: Նույնիսկ նրա ցանկությամբ մրցընկերներ են հրավիրվում Իսրայելից, Բելառուսից` համատեղ պարապմունքների համար: Ընդ որում, այդ մարզիկները Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են և վճարվում են:
-Իսկ Պատրիկեևը լա՞վ է վարձատրվում:
-Նա պայմանագիր ունի Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Եթե բարձր արդյունքներ է ցույց տվել, ապա ամսական վարձավճարն էլ բարձր է: Կարող եմ ասել միայն, որ այն 4 հազար դոլարից ավելի է: Բայց Կրասնոդարում կամ արտասահմանյան այլ երկրում առանձին պարապմունքներ անցկացնելու ժամանակ Յուրին ինքն է հոգում իր ծախսերը: Պայմանավորվածությունն այդպիսին է:
-Դժվար չէ՞, որ նա հիմնականում Կրասնոդարում է պարապում, հսկողության պակաս չի՞ զգացվում:
-Նա շատ կարգապահ է և մարզական ռեժիմը պահպանում է: Բացի այդ, շարունակ կապի մեջ ենք, և առանց խորհրդակցելու Յուրին ինքնուրույն ոչ մի քայլի չի դիմում: Նա փորձառու ըմբիշ է և ինքն էլ լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել: Ընդ որում, ֆեդերացիան գործուղում է, և դրսում եղած ժամանակ ես նրա կողքին եմ լինում: Պատրիկեևի միակ եկամուտը սպորտն է, և դրանով է բացատրվում այն բարեխղճությունը, որ նա դրսևորում է: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ամռան վերջին` Թուրքիայում, ընդ որում, այն վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Այդ պատվին են արժանանալու 1-6-րդ տեղերն զբաղեցնողները: Աշխարհի առաջնությունից զատ, կազմակերպվելու է վարկանիշային երկու միջազգային մրցաշար:
-Ձեր մյուս սանը` աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 2010-ի Հայաստանի լավագույնների տասնյակում ավելի բարձր` 3-րդ հորիզոնականում է:
-Թերևս, պատճառն այն է, որ նա շատ մոտ էր աշխարհի չեմպիոն դառնալուն, և եզրափակիչ գոտեմարտի միայն վերջին վայրկյաններին, հաղթանակը գրպանում համարելով, թույլ տվեց թուրք մրցակցին շրջանցել իրեն: Երկուսի միջև ես տարբերություն չեմ դնում, քանի որ նրանք անում են ամեն բան, որ բոլոր մրցաշարերում հաղթեն: Արսենն էլ ուժեղ ըմբիշ է, և ոչինչ չի խանգարում նրան աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ