ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ՍՊՈՐՏՈՒՄ ԷԼ ԵՆ «ՔԱՇՈՒՄ»

ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ՍՊՈՐՏՈՒՄ ԷԼ ԵՆ «ՔԱՇՈՒՄ»
18.05.2010 | 00:00

Արգելված դեղամիջոցների օգտագործումը սպորտում դարձել է չարիք: Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարզիկները մահանում են մրցումների, ավելի հաճախ` վազքերի, ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Իսկ դա հիմնականում արգելված դեղամիջոցների օգտագործման հետևանք է: Դոպինգը դարձել է չարիք, և դրա դեմ պայքարը որքան էլ ուժեղացվում է, այդուհանդերձ, պատկերը դեռևս մնում է անմխիթար: Մարզիկներից ոմանք ամեն գնով ցանկանում են իրենց լավագույնս դրսևորել, հաղթել, փառքի բարձունքին հայտնվել և բարեկեցիկ ապրել: Այս նպատակը նրանց միջոցների մեջ խտրականություն չդնելու փաստի առջև է կանգնեցնում: Ի դեպ, մի շարք երկրներում արգելված դեղամիջոցներ օգտագործած մարզիկներին ու նրանց հետ համագործակցողներին բանտ են նստեցնում: Սակայն դա էլ չի փրկում:
Հետաքրքիր է, այս առումով ի՞նչ է արվում մեր երկրում: Ցավոք, երկար ժամանակ չի հաջողվում ընդունել Հայաստանի հակադոպինգային կանոնները: Ընդ որում, դրանք քննարկվել և հավանության են արժանացել Միջազգային օլիմպիական կոմիտեին կից գործող Հակադոպինգային միջազգային կազմակերպությունում: Ի դեպ, նույն բանն անել չի հաջողվում զգալի թվով երկրների, այդ թվում` Ռուսաստանին: Փաստորեն, ներկայումս մեր երկրի մասնագետները փորձում են առաջնորդվել սոսկ աշխատանքային այն կանոններով, որոնք ընդունված են հակադոպինգային «ՎԱԴԱ» միջազգային կազմակերպության կողմից, որին, արդեն երկու տարի, անդամակցում է Հայաստանը և հասցրել է հեղինակություն ձեռք բերել: Հայաստանի մասնագետներին վստահում են միջազգային խոշոր ստուգատեսների սպասարկումը, և գնահատականները միշտ բարձր են: Այս տարի սեպտեմբերի 26-28-ին էլ Ծաղկաձորում անցկացվելու է Արևելյան Եվրոպայի երկրների հակադոպինգային համադաշնության համաժողովը: Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ այս ուղղությամբ մեր երկրում աշխատանքներն աստիճանաբար առաջ են շարժվում: Ամենախանգարող հանգամանքն այն է, որ պետական բյուջեով նախատեսված չեն ֆինանսներ` փորձաքննություն իրականացնելու համար: Ընդ որում, տարբեր երկրներում տարբեր մարզաձևերի ազգային առաջնությունների ժամանակ մարզիկ-մարզուհիները փորձաքննության են ենթարկվում, իսկ մեր երկրում, փաստորեն, այդպիսի հնարավորություն չկա: Այդուհանդերձ, Հայաստանի մասնագետներին հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այնքան են վստահում, որ հանձնարարում են մեր մարզիկների ստուգումները Հայաստանում անցկացնել: Մասնավորապես, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկել է ստուգել միջազգային կարգ ունեցող մեր երկրի չորս ըմբիշների, թեև այդ նպատակով սովորաբար այլ երկրների մասնագետներ են գործուղվում։ Ամենից հաճախ ստուգվում են Հայաստանի ծանրորդները, յուրաքանչյուր ամիս 2-3 ծանրորդ է փորձաքննության ենթարկվում: Ընդ որում, այդ ամենը կատարվում է ըմբշամարտի և ծանրամարտի միջազգային ֆեդերացիաների հանձնարարությամբ: ՈՒշագրավն այն է, որ եթե ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստանի հակադոպինգային մասնագետներին պարտադրում են փորձանմուշներն ուսումնասիրության ուղարկել Մոսկվայի լաբորատորիա, ապա ծանրորդների հարցերով զբաղվում են Քյոլնի լաբորատորիայի մասնագետները: Ընդ որում, ոչ մի արդյունք թաքցնել հնարավոր չէ: ՈՒսումնասիրությունների պատասխանները ոչ միայն մեր մասնագետներին են ուղարկվում, այլև համապատասխան միջազգային ֆեդերացիաների ղեկավարներին:
Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են տարբեր տարիքային խմբերում աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, խոշորամասշտաբ այլ ստուգատեսներ կազմակերպվում, և հակադոպինգային աշխատանքն էլ կատարում են մեր երկրի ներկայացուցիչները: Եվ եղել են դեպքեր, երբ կարգազանցներ են ի հայտ եկել, մասնավորապես, 2009-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ բացահայտվել էր, որ Հնդկաստանը ներկայացնող մի բռնցքամարտիկ արգելված դեղամիջոց է օգտագործել, բայց քանի որ նա մրցաշարում ամնհաջողության մատնվածների թվում էր, այս միջադեպն այդպես էլ մեծ ուշադրության չարժանացավ: Իսկ ահա ՄՀՀ-ում այս տարվա փետրվարին անցկացված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության մրցաշարի մասնակիցներից կարգը խախտել էր թուրք Ռահման Բիլիչը: Հայաստանի հակադոպինգային մասնագետների աշխատանքի արդյունքում բացահայտվել էր, որ նրա օրգանիզմում առկա է սիբուտրամին դեղամիջոցը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) արդեն քննարկել է այդ մարզիկի հարցը և նրան որակազրկել երկու տարով: Ի դեպ, Թուրքիայի հավաքականը եզրափակիչում զիջել էր միայն Իրանի ներկայացուցիչներին և բավարարվել երկրորդ տեղով, իսկ երրորդը Հայաստանի հավաքականն էր: Սակայն այս խախտումը չանդրադարձավ թիմային արդյունքների վրա: Բանն այն է, որ, ՖԻԼԱ-ի կանոններով, պետք է հավաքականի կազմում առնվազն երկու որակազրկվող լինի, որպեսզի արդյունքները չեղյալ հայտարարվեն: Թուրք ըմբիշի օգտագործած արգելված դեղամիջոցը միզամուղ է, և հնարավոր է, որ այն եղած լինի նրա ստացած սննդային հավելումների մեջ: Իսկ ընդհանրապես, միզամուղ դեղամիջոցները մարզիկները հիմնականում օգտագործում են արգելված դեղամիջոցների հետքերը կորցնելու կամ էլ քաշ գցելու համար: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պարբերաբար Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների անդամներին զգուշացնում են, որ սննդային հավելումներ օտագործելիս զգուշություն հանդես բերեն, որպեսզի դրանցում արգելված դեղամիջոցներ չլինեն:
Հետաքրքիր է, թե ՀԱՕԿ-ը և սպորտի, երիտասարդության հարցերի նախարարությունը օգտագործո՞ւմ են մեր մասնագետների հնարավորությունները: «Քանի որ փորձաքննություն իրականացնելու համար ֆինանսներ չեն նախատեսված, դրանով էլ հարցը փակվում է: Օրինակ, ցանկալի կլիներ ստուգել Հայաստանի ծանրամարտի, աթլետիկայի և այլ մարզաձևերի առաջնությունների մասնակիցներին: Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ խնդրանքով դիմում են, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարենք, բայց առայժմ դրա հնարավորությունը չկա»,- պարզաբանեց Արեգ Հովհաննիսյանը:
ՈՒշագրավն այն է, որ դոպինգի ստուգում է անցկացվում նաև խաղային մարզաձևերում, իսկ ամենից շատ` ֆուտբոլում: Սակայն այս ամենին Հայաստանում նայում են մատների արանքով: Հովհաննիսյանը հայտնեց, որ մեկ անգամ հետաքրքրվել են, թե ինչ գումար կպահանջվի ֆուտբոլային մեկ թիմ ստուգելու համար, սակայն գումարի մասին իրազեկվելուց հետո այլևս ոչ մի դիմող չի եղել: Իսկ խոսքն ընդամենը 400 հազար դրամի մասին է: Այժմ Հայաստանի հակադոպինգային կազմակերպության մասնագետները փորձում են մասնակիորեն կանոնակարգել այդ ուղղությամբ աշխատանքը, իսկ դրա համար անհրաժեշտ է համաձայնության գալ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի թեկուզ եվրոպական ակումբային գավաթային մրցաշարերի շրջանակում Հայաստանում անցկացվող խաղերի ժամանակ այդ աշխատանքը մեր երկրում իրականացվի այնպես, ինչպես մյուս երկրներում:
Ինքնին հարց կարող է առաջանալ` հնարավոր չէ՞, որ Հայաստանում ևս ստեղծվի հակադոպինգային լաբորատորիա: Պարզվում է, որ դա անիմաստ է: Լաբորատորիայի սարքավորումների արժեքը հասնում է 4,5 մլն դոլարի, բացի այդ, անհրաժեշտ են նաև տարբեր դեղամիջոցներ` աշխատանքներն իրականացնելու համար: Արտոնագիր ստանալու համար էլ լաբորատորիան պետք է 8 տարի աշխատի փորձնական հիմունքներով: Ընդ որում, յուրաքանչյուր տարի անհրաժեշտ կլինի առնվազն 2,5 հազար փորձանմուշ ստուգել, իսկ այդպիսի պատվերներ տարածաշրջանի երկրներից դժվար թե ստացվեն:
Ինչևէ, 2010-ին Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը սեփական ծրագրով մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անցկացրած մրցույթին և արժանացել 20 հազար դոլար դրամաշնորհի: Մինչև հունիսի 1-ը ֆինանսները կհատկացվեն: Նախատեսվում է այդ միջոցներով կահավորել Հայաստանի հակադոպինգային ծառայության Ավանի նոր բաժանմունքը: Ի դեպ, Հայաստանում արտոնագրված հակադոպինգային 6 մասնագետ կա, որոնք բոլորն էլ միջազգային կարգ ունեն:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ