ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ»

«ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ»
12.11.2010 | 00:00

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Եվ ահա այդ մարզաձևի մարզուհիների Սիսիանի հավաքականն այս տարի դարձավ չեմպիոն: Վճռական նշանակություն ունեցավ հաղթանակը Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Նժդեհ» թիմի նկատմամբ: Ի դեպ, վերջինիս գլխավոր մարզիչն այժմ արդեն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ ԽԱՉԻԿ ԱՍՄԱՐՅԱՆՆ է: Նրան հարցրինք` իր թիմի պարտությունը կապ ունի՞ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարի փոփոխության հետ:
-Այդ մասին ոչինչ չեմ ցանկանում ասել: Ի դեպ, վճռական խաղում, որն անցկացվեց մայրաքաղաքի խուլ-համրերի դահլիճում, «Նժդեհը» 2:3 հաշվով պարտվեց Սիսիանի հավաքականին: Խաղին ներկա էր նաև Սյունիքի մարզպետը: Կողմնակալ մրցավարությունն անգամ չպետք է նպաստեր, որ «Նժդեհը» պարտվի: Իմ սաները պարզապես իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Դրանից առաջ, այս տարվա առաջնությունում մեր թիմը նույն հակառակորդին հաղթել էր Սիսիանում և զիջել Երևանում: Ընդամենը չորս թիմ էր մասնակցում առաջնությանը: Երրորդ մրցանակակիր դարձավ քրեակատարողական հիմնարկների վարչության հավաքականը: Փաստորեն, դա վերակազմավորված Արթիկի նախկին հավաքականն է: Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները երրորդ փուլին չմասնակցեցին, որպեսզի միայն ուժեղագույնները շարունակեն պայքարը չեմպիոնի կոչման համար: Այդ թիմն առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի առաջնությանը: Ի դեպ, «Նժդեհը» 2003-ից անընդմեջ դառնում էր Հայաստանի չեմպիոն:
-Փաստորեն, Դուք կարծում եք, որ «Նժդեհը» Հայաստանի առաջնության ամենաուժեղ թիմն է:
-Այո։ Սեպտեմբերին մեր թիմը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում միջազգային ներկայացուցչական մրցաշարի մասնակցեց և գրավեց երկրորդ տեղը:
-Վոլեյբոլիստների Հայաստանի առաջնությունո՞ւմ էլ այդպիսի լարվածություն կար:
-ՖԻՄԱ-ն, որի գլխավոր մարզիչը որդիս` Կարեն Ասմարյանն է, հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ մրցանակակիրը Արմավիրի «Արազափ» թիմն է: Այն տևական ընդմիջումից հետո էր Հայաստանի առաջնությանը մասնակցում: Սակայն այս թիմը նախկինում խաղացել է ուժեղագույնների խմբում և նույնիսկ Հայաստանի չեմպիոն է դարձել: Երրորդ տեղում ՀԷՑ-ի հավաքականն է: Այս թիմը ստեղծվել է նախկինում Արաբկիրի համայնքը ներկայացնող կոլեկտիվի բազայի վրա:
-Անցանկալի իրադարձություններ չկատարվեցի՞ն:
-Ստեփանակերտի ներկայացուցիչները Երևան չժամանեցին` վերջին հանդիպումներին մասնակցելու: Արցախցիները կարող էին պայքարել միայն 6-րդ տեղի համար: Նրանք երեք խաղ չանցկացրին: Առաջնությանն ընդամենը 7 թիմ էր մասնակցում:
-Ոմանք կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ եթե Խաչիկ և Կարեն Ասմարյանները չլինեն, Հայաստանում վոլեյբոլը կդադարի գոյություն ունենալուց:
-Ինքս մարզիչ եմ և մտադիր չեմ առաջիկայում հեռանալ այս աշխատանքից: Իսկ թողել եմ միայն ղեկավար պաշտոնը: Ինչ վերաբերում է վճռական խաղում մեր թիմի կրած պարտությանը, ապա պետք է փորձենք հաջորդ տարի ավելի ուժեղ լինել և կրկին չեմպիոն դառալ: Պետք է ապացուցենք, որ պատահականություն է եղել այս տարվա պարտությունը:
-Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում միշտ էլ ներքին խլրտումներ, հակամարտություններ եղել են: Այժմ իրավիճակը կարելի՞ է շտկված համարել:
-Դա հնուց է գալիս: ՈՒշագրավ է, որ անկախացումից հետո Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահներն էլ ժամկետից շուտ հրաժարվել են իրենց պաշտոնից: Այդպես են վարվել Ռ. Ղուկասյանը, Ռ. Ջանիբեկյանը: Ես էլ կամովին հեռացել եմ այդ աշխատանքից: Դրա համար պահանջվեց, որ կազմակերպության արտահերթ համաժողով հրավիրվի: Փաստորեն, Ջանիբեկյանի հրաժարականից հետո ես մեխանիկորեն էի ստանձնել ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, քանի որ մինչ այդ փոխնախագահ էի: Ինքս առաջարկում էի համաժողով հրավիրել և նախագահ ընտրել: Բայց Հայաստանի պետական մարզական կառույցի ղեկավարները համամիտ չէին և առաջարկում էին սպասել: Խնդիր էր դրվել այդ պաշտոնը վստահել այնպիսի մեկին, որը շատ փող ունի: Ես դրան դեմ չէի: Հարցն այն է, թե ովքեր են կանգնած ֆեդերացիայի նորընտիր նախագահի կողքին: Բոլոր նրանք են, ովքեր նախկին երեք նախագահների պաշտոնավարության ընթացքում այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ աշխատելը գրեթե անհնար է դարձել: Ստացվում է, որ առաջին նախագահը վատն էր, երկրորդը վատն էր, երրորդը` նույնպես: Եվ ահա այժմ նույն մարդիկ ֆեդերացիայի չորրորդ նախագահի շուրջն են համախմբվել: Արդյո՞ք նույն բանը չի շարունակվի:
-Բայց չէ՞ որ նախագահի տեղակալներից մեկը Ձեր որդին` Կարեն Ասմարյանն է:
-Նրան չէին կարող չընդգրկել ղեկավար կազմում: Եվս մեկը կա ֆեդերացիայի նախագահության կազմում, որն ալիքները խառնելուց հեռու է մնում, բայց երկու մարդ ոչինչ անել չեն կարող, առավել ևս, որ ֆեդերացիայի նախագահը գործից ոչինչ չի հասկանում:
-Սուրիկ Խաչատրյանը վոլեյբոլիստ չի՞ եղել:
-Ոչ: Նախագահի տեղակալը Գոռ Ալեյանն է, գլխավոր քարտուղարը` Ռազմիկ Սուլթանյանը: Փաստորեն, այժմ ամբողջ աշխատանքն իր վրա է վերցրել վերջինս, քանի որ մյուսները զբաղված են տարբեր գործերով:
-Իսկ այս ընթացքում որևէ բան փոխվե՞լ է:
-Պարզապես, Հայաստանի առաջնության ավարտից հետո ֆեդերացիայի նախագահը նվերներ հանձնեց աչքի ընկած թիմերին:
-Դրամական պարգևնե՞ր էլ կային:
-Ոչ, դրամական մրցանակները սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է սահմանում: Առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր խաղացողը ստանում է 10 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցնողը` 7 հազար դրամ, երրորդ տեղը զբաղեցնողը` 5 հազար դրամ: Ամեն տարի մեր երկրի առաջնության ավարտից հետո անցկացվում էր ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Անկախացումից հետո ամեն տարի նոյեմբերին այդ մրցաշարը կազմակերպվել է: Նախապատրաստական աշխատանք էր կատարվել, որպեսզի թիմերը խաղան այդ ստուգատեսում: Այժմ խոսակցություններ են ականջիս հասել, որ այդ մրցումները չպետք է անցկացվեն: Պատճառաբանությունն այն է, որ փող չկա: Ի դեպ, ամեն տարի դեկտեմբերին կազմակերպվել է նաև Սերգեյ Արակչյանի հուշամրցաշարը: Նախկինում երկու անգամ էլ կազմակերպվել է Նինա Յասակովայի հուշամրցաշարը: Իսկ թե գավաթի խաղարկության մրցաշարը չի անցկացվելու, ուրեմն վերջինս էլ չի լինելու: Այդուհանդերձ, հնարավոր է, որ Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան որևէ մրցաշար կազմակերպի: Բայց ամեն բան մշուշոտ է, քանի որ Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանն էլ, ասես, մտորումների մեջ է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչպե՞ս պետք է աշխատի, եթե այդ գործի մեջ նախկինում չի եղել:
-Համաժողովի ժամանակ նա ասաց, որ ինքն իր թիմում այնպիսի մասնագետների է ընդգրկել, ովքեր քաջահմուտ են և իրեն կօգնեն ճիշտ աշխատելու հարցում:
-Ինչպե՞ս բացատրել, որ նոր նախագահ է նշանակվում այնպիսի մարդ, ով ի վիճակի է կարգավորելու ֆեդերացիայի ֆինանսական հարցերը, սակայն պարզվում է, որ փող չկա անգամ նախատեսված միջոցառումներն անցկացնելու համար:
-Ի՞նչ ասեմ, այդպես է ստացվում:
-Հայկական վոլեյբոլի ներկայիս իրական պատկերն ինչպիսի՞ն է:
-Չի կարելի ասել, որ մարզաձևն ամբողջովին մեռած է: Աշխատանք կատարվում է: Նախկինում կապը թույլ է եղել վոլեյբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների հետ: Կարեն Ասմարյանն արդեն երկու անգամ մասնակցել է այդ կազմակերպությունների համաժողովներին: Դրանք անցկացվել են Իտալիայում և Սլովենիայում: Սերտացել է կապը Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որը մեր կոորդինատորն է:
-Հույս կա՞, որ առաջիկայում մեր երկրի հավաքականները, ակումբային թիմերը կմասնակցեն եվրոպական ստուգատեսների:
-Ոչ, դեռ վաղ է այդ մասին խոսելը: Այդ հարցով արդեն ֆեդերացիան պետք է զբաղվի:
-Վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները ե՞րբ են հանդես եկել եվրոպական ստուգատեսներում:
-1992-ին մեր վոլեյբոլիստուհիները Վիեննայում մասնակցել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Վատ են հանդես եկել: Ինչ վերաբերում է վոլեյբոլիստներին, ապա 1992-ին մերոնք պետք է Իսրայելում մասնակցեին Եվրոպայի առաջնությանը, սակայն թիմը մրցավայր չմեկնեց: Փող չկար: Հայաստանի չեմպիոն «Նաիրիտը» պետք է խաղար: Իսկ չգնալու համար Հայաստանը որակազրկեցին և 10 հազար դոլար տուգանք նշանակեցին: Այդ պարտքը փակվել է:
-Ինչպիսի՞ բյուջե կունենա ֆեդերացիան 2011-ին:
-Այս տարի հատկացվել էր 8 մլն դրամ` դասական և լողափնյա վոլեյբոլի համար: Նոր ֆինանսավորումը, հավանաբար, այդքան էլ լինի:
-Եթե փող լինի, Հայաստանում վոլեյբոլը կզարգանա՞:
-Պետք է երեխաներից սկսել, պատանեկան խմբերի հետ տարվող աշխատանքից: Սակայն դրա համար բարձրակարգ մարզիչներ են անհրաժեշտ: Մենք դա էլ չունենք: Ինչպես նաև բարձրակարգ մրցավարներ չունենք: Ստացվում է, որ ոչինչ էլ չունենք:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ