ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
25.02.2011 | 00:00

Հայաստանի բռնցքամարտիկները քրտնաջանորեն նախապատրաստվում են սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ին Բաքվում կայանալիք այդ մարզաձևի աշխարհի առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է «Լոնդոն-2012»-ի ամառային օլիմպիական խաղերի տասը ուղեգիր: Անգլիա կմեկնեն այդ ստուգատեսում 1-8-րդ տեղերը գրավողները, նաև երկուսը` լրացուցիչ ցուցանիշներով: Այդ դեպքում էլ կարևորվելու է հունիսի 10-19-ին Սոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվելու են նաև օլիմպիական վարկանիշային միավորներ: Ընդ որում, դրանք հաշվի առնելով էլ անցկացվելու է աշխարհի առաջնության մասնակիցների վիճակահանությունը: Այս ամենը նոր է որոշվել: Բայց հավանականությունը մեծ է, որ Հայաստանը պատվիրակներ չուղարկի սահմանակից երկիր: Բանն այն է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը ձգձգվում է, Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են մնալ հակամարտող կողմեր, իսկ այդպիսի պայմաններում մեր բռնցքամարտիկներին ոչ բարյացակամ տրամադրված երկիր մեկնելու համար անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Վերջերս Ստամբուլում կայացած սիրողական բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության գործկոմի նիստում էլ մեր երկրի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը բարձրացրել է անվտանգության երաշխիքների խնդիրը, սակայն դա այն հարցն է, երբ ամիսներ են պահանջվում, որ կազմակերպիչները որևէ բան խոստանան: Դա է ցույց տվել անցյալի դառը փորձը, երբ սահմանակից երկրում նախկինում կազմակերպվել են տարբեր մարզաձևերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, միայն Հայաստանի համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների տևական բանակցություններից, միջազգային մարզական կազմակերպությունների ղեկավարների միջամտությունից հետո են ադրբեջանցիները տեղի տվել: Ընդ որում, նրանք չեն էլ թաքցնում, որ անցանկալի է Հայաստանի ներկայացուցիչների մուտքն իրենց երկիր: Ամեն դեպքում, առայժմ Բաքու չգնալու մասին ոչ մի խոսք չկա: Դժվար չէ հասկանալ, որ այդ քայլով ստիպված կլինենք շատ բանի վրա խաչ քաշելու: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանն արդեն քիչ հնարավորություններ կունենա օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի ուղեգրեր նվաճելու: Մինչդեռ, հսկայական փողեր են ծախսվում մեր մարզիկներին նախապատրաստելու համար: Նրանք ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, միջազգային մրցաշարերում ստուգում իրենց կարողությունները, և եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու, օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հնարավորություն չի լինելու, մի տեսակ ամեն բան աննպատակ է դառնում: Դա հոգեբանորեն է ազդում նաև մարզիկների վրա, և նրանք իրենց մարզական կարիերայի համար նոր հեռանկարներ են սկսում որոնել: Մասնավորապես, ներկայումս լուրեր են շրջում այն մասին, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մի քանի պրոումոթերական ընկերությունների հետաքրքրում է Հայաստանի հավաքականի երիտասարդ, հեռանկարային բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը: Ի դեպ, մարզիկը ներկայումս հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ ԱՄՆ-ում է: Թե ինչ է որոնում Հովհաննիսյանն օվկիանոսի այն կողմում, կարելի է միայն ենթադրել: Ամեն բան սպասելի է, երբ պարզ չէ, թե Հայաստանի բռնցքամարտի հավաքականին ինչ է սպասում առաջիկայում, չկա պաշտոնական որևէ հայտարարություն` մերոնք ի վերջո աշխարհի առաջնությանը մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ