«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ ԲԱՆԸ ՉՀԱՍՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

«ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ ԲԱՆԸ ՉՀԱՍՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
23.09.2011 | 00:00

Սեպտեմբերի 26-ին Բաքվում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որը նախաօլիմպիական է, վարկանիշային ու չափազանց կարևոր ոչ միայն այս, այլև մրցակցային, հոգեբանական առումներով: Այս օրերին Աբովյանի մարզաբազայում նախապատրաստական հավաքն ավարտին հասցնող Հայաստանի ազգային հավաքականը, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ընտրանու գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ղեկավարությամբ, վերջին շտկումներն է անում, և նրա հետ զրույցը, բնականաբար, հավաքականի կազմի, տղաների պատրաստվածության, թիմում տիրող մթնոլորտի, լուծելիք խնդիրների, առաջնությունից ունենալիք ակնկալիքների շուրջ էր:
-Առաջնություն ենք մեկնում ութ մարզիկով: 49 կգ քաշային կարգը կներկայացնի մեր փորձառու բռնցքամարտիկներից Հովհաննես Դանիելյանը, ով բարձր կարգի մրցաշարերի, առաջնությունների մասնակցելու ահռելի փորձ ունի: Նրա վերջին նվաճումը եղել է Եվրոպայի 2010 թվի բրոնզե մեդալը, մինչ այդ եղել է աշխարհամասի 2008 թ. հաղթողը: Ի տարբերություն վանաձորցու, պակաս փորձառու է գյումրեցի Հովհաննես Բաչկովը (56 կգ), սակայն լավ առումով ամբիցիոզ է, տեխնիկապես գրագետ, կամային և մեծ հույսեր ներշնչող: 60 կիլոգրամում մեր ներկայացուցիչը աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթող, ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Վլադիմիր Սարուխանյանն է, 64-ում` աշխարհամասի անցած տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը: 69 կգ քաշային կարգում այս անգամ էլ կփորձարկենք Վանաձորի պատվիրակ Սամվել Մաթևոսյանին, ով պատանիների ու երիտասարդների մեջ իրեն փայլուն է դրսևորել, սակայն դեռևս հապաղում է մեծահասակների մրցաշարում իր ունեցած հնարավորությունները լիապես բացահայտելու հարցում: 75 կգ քաշային կարգում ռինգ կհանենք 2008-ի աշխարհի գավաթակիր, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանին, 81-ը կներկայացնի Եվրոպայի անցած տարվա երրորդ մրցանակակիր Արթուր Խաչատրյանը, իսկ գերծանր քաշը ներկայացնելու պատիվը վստահել ենք երևանցի, բավականին խոստումնալից Արմեն Սիմոնյանին:
-Հունիսին Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության համեմատությամբ հավաքականում փոփոխությունները շա՞տ են:
-Առանձնապես չէ: Ավելացել է Անդրանիկ Հակոբյանը, ով այն ժամանակ վատառողջ էր, 75-ից նորից 81 է վերադարձել Արթուր Խաչատրյանը, փորձարկում ենք մեր գերծանրքաշայինին, մասնակից չունենք 52 կգ քաշային կարգում:
-Եկեք փորձենք գնահատել աշխարհամասի առաջնությանը մեր տղաների մասնակցությունը:
-Եթե ճիշտ գնահատենք, և իրողություններն էլ ճիշտ ընթացք ունենային, պիտի բերեինք չորս մեդալ:
-Սակայն իրականում ստացվեց մեկը:
-Այո, ունեցանք մեկը: Ընդ որում` Վլադիմիր Սարուխանյանի մեդալը կարող էր լինել շատ ավելի բարձր հարգի, եթե կիսաեզրափակիչում նրա մրցակիցը չլիներ թուրք Ֆաթիհ Քելեշը, կամ Թուրքիան ունենար մեդալի հավակնորդ ևս մեկ մարզիկ: Բոլոր մասնագետների կարծիքով` Վլադիմիրն իր քաշային կարգում ամենաուժեղն էր, սակայն, ինչպես տեսնում եք, ուժեղ լինելը դեռևս չի նշանակում հաղթել: Ցավոք, մեծ սպորտն ունի նման «թերություններ», իսկ բռնցքամարտն առավել քան սուբյեկտիվ տարրեր պարունակող մարզաձև է: Ինչ վերաբերում է մրցաշարին ամբողջական գնահատական տալուն, ճիշտն ասած, ինձ այդքան էլ չէր հետաքրքրում դրա արդյունքը, թեպետ, ինչ խոսք, լավ կլիներ, որ մեդալներ լինեին: Ինձ համար Եվրոպան ավելի շուտ նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությանն ընդառաջ, և կարծում եմ, որ մասնակցությունը բավարար էր: Դառնալով փոքր-ինչ ընդմիջված մտքիս, ասեմ, որ Սարուխանյան Վլադիմիրն ինձ ուրախացրեց նաև մեկ այլ առումով. նա թիմի կազմում առաջին անգամ էր մասնակցում և ցույց տվեց մարտական անհաշտ բնավորություն: Այս տղան շատ վստահ ու համարձակ, տեխնիկապես ու ֆիզիկապես լավ պատրաստված բռնցքամարտիկ է, և նրա համար բացարձակապես նշանակություն չունի, թե մրցաշարը որտեղ է անցկացվում, ով է մրցակիցը: Սա կամային բարձր որակներ ունեցող մարզիկի հատկանիշ է:
-ՈՒնե՞նք նրա նման երկրորդը, երրորդը…
-Ինչո՞ւ ոչ: Հենց թեկուզ Խաչատրյան Արթուրը, Անդրանիկ Հակոբյանը, ով նման խոշոր մրցաշարերում միշտ լավ է հանդես գալիս, երեքից պակաս մարտ չի անցկացնում, իսկ աշխարհի վերջին առաջնությանը վեց մարտ է ունեցել: Վերջապես թիմում կա Հրաչիկ Ջավախյան, ով, եթե լավ է պատրաստված լինում, բոլորի համար էլ դժվար մրցակից է:
-Հրաչիկը հիմա ի՞նչ մարզավիճակում է:
-Թիմում վերջերս ինչ-որ վիրուս հայտնվեց, բոլորը գրիպով հիվանդացան (հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 19-ին- Մ. Հ.), սակայն, կարծես թե այն նահանջում է: Դուք էլ տեսաք, որ այսօր բոլորը մարզադահլիճում էին: Համոզված եմ, որ մինչև առաջնությունն ամեն ինչ կընկնի տեղը: Համենայն դեպս, այդ ակնկալիքն ունեմ:
-Նկատի ունենալով առաջնության անցկացման վայրը, ի՞նչ եք կարծում, հոգեբանական առումով բարդույթներ կլինե՞ն:
-Կարծում եմ, որ կլինեն, բայց տղաները փորձառու են, նորեր չկան, որ առանձնապես անհանգստանանք: Երկրորդ, ի վերջո, ռինգում դու ես ու քո մրցակիցը: Հո մրցակցող երկրորդը չի՞ հայտնվելու: Ինչ վերաբերում է գոռալ-ճչալուն, ինչքան ուզում են թող գոռան, ճչան... Դժվարություն, իհարկե, կա, բայց որտե՞ղ չկա դժվարություն: Չեմ կարծում, որ դա վճռորոշ կլինի: Բոլորն էլ հրաշալի գիտեն` ուր են գնում, ինչի են գնում:
-Վիճակահանության հետ կապված տագնապ չունե՞ք:
-Շատ բաներ են խոսում դրա առնչությամբ, ընդհուպ ինչ-որ տեղից կառավարվելու մասին: Չեմ ուզում վրաս պատասխանատվություն վերցնել, եղածը հաստատել կամ հերքել:
-Եկեք ինչի գնալու մյուս կողմն էլ ներկայացնենք:
-Բացի այն, որ աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է, շահեկան մի կողմ էլ ունի. այն թույլ է տալիս մեկից ութերորդ տեղերը գրաված մարզիկներին ձեռք բերել օլիմպիական ուղեգիր, ուժեղ մարզիկների ցրում է կատարում:
-՞...
-Կազմակերպիչներն այնպես են արել, որ նախնական մարտերում ուժեղներն իրար դեմ չելնեն: Այստեղ ամենամեծ հնարավորությունն ստացել է Անդրանիկ Հակոբյանը, ով երկրորդն է աշխարհում: Նրանից հետո գալիս են Ջավախյան Հրաչիկը, Սարուխանյան Վլադիմիրը, Դանիելյան Հովհաննեսը: Այս տղաներն ունեն լավ հնարավորություն: (Ընթերցողին առավել իրազեկելու համար նշենք, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, տարբեր մրցաշարերում ունեցած մասնակցություններից հավաքած միավորների հիման վրա է կատարվում հաշվարկը- Մ. Հ.)։
-Աստված մի արասցե, բայց թե աշխարհի առաջնությունում ունեցած վրիպումն ընդմի՞շտ է փակելու օլիմպիադային մասնակցելու դուռը:
-2012-ի համար նախատեսված է ևս մեկ վարկանիշային մրցաշար, որի հաղթողները, մրցանակակիրները միայն օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կունենան, այն էլ այն դեպքում, եթե եվրոպական ութ տեղերն արդեն լրացված չլինեն: Ի դեպ, այդ մրցաշարն անցկացվելու է Թուրքիայում:
-Բոլոր դեպքերում…
-Բոլոր դեպքերում պիտի աշխատենք բանը չհասցնել Թուրքիային:
-Կարո՞ղ ենք համարել, որ օլիմպիադայի կտրվածքով հավաքականի դռներն այլևս փակ են այլ մարզիկների համար:
-Իհարկե` ոչ: Խիզախելու տեղ ու հնարավորություն բոլորն էլ ունեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ