ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆ ՉՎՆԱՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՄ ԱԳՐԵՍԻՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱ

ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆ ՉՎՆԱՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՄ ԱԳՐԵՍԻՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱ
25.10.2011 | 00:00

Կուդո (ազատ ուղի) ոճը ստեղծվել է 1981-ին` արևելյան մարտարվեստի ճապոնացի մեծ վարպետ (սև գոտի 8-րդ դան) Ազումա Տակաշիի կողմից: Հայաստան այն ներթափանցել է 2006-ին: 2007-ին հիմնվել է կուդո ոճի հայաստանյան մասնաճյուղը, նախագահ է ընտրվել ԿԱՐԵՆ ԲԱՂՅԱՆԸ, որն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:
-Կուդոն ճապոնական մարզաձև է և բնորոշ է տվյալ երկրի ավանդույթներին, գաղափարախոսությանը, նաև պաշտամունքին: Որքա՞ն է այն համահունչ մեր ազգային նկարագրին:
- Մենք երեխաներին չենք դաստիարակում ավանդական ճապոնական հոգեբանությամբ, այլ, օգտագործելով նրանց մարզումների առանձնահատկությունները, մեծացնում ենք առողջ և խելացի երեխաներ: Իհարկե, նրանց գաղափարախոսությունը, կյանքի հանդեպ վերաբերմունքն ուրիշ են: Այստեղ հոգու դաստիարակության վրա է շեշտը դրվում: Մարզիկը մարզվում է ոչ միայն մրցումներում հաղթելու համար, այլև հաղթահարելու առաջին հերթին իր թուլությունները, վախը, ծուլությունը, ինչը բոլորին էլ բնորոշ է: Երեխան կարող է ծուլությունը հաղթահարել ամեն անգամ պարապմունքի գալուց առաջ, երբ ցանկություն է լինում տանը պառկելու, հեռուստացույց նայելու, համակարգչից օգտվելու կամ բակում նստելու: Այսինքն, ֆիզիկական մարզումներին համահունչ մարզվում է նաև նրա հոգեբանությունը: Երեխան կտրվում է փողոցից, բացասական սովորություններից, ձևավորվում են դիմացկունություն, կամք, հայրենասիրություն, ընկերասիրություն, ազնվություն, հոգատարություն, սովորելու, բարձունքներ հաղթահարելու ցանկություն, հարգանք: Սրանք հատկանիշներ են, որ հատուկ են նաև մեր ազգային հոգեկերտվածքին: Մարզումներին զուգահեռ հետաքրքրվում ենք նաև նրանց ուսման առաջընթացով, վարքագծով: Այսինքն, մարզելով իր մարմինը և հոգին` նա մարզում է բնավորությունը, ինքն իրեն: Այլ խոսքով` առողջ մարմնում առողջ հոգի:
-Եթե հաղթում ես հակառակորդիդ ո՛չ միայն ֆիզիկապես, սա չի՞ խոսում ներքին ատելության մասին, այսինքն, հաղթելու համար պիտի սովորես ատե՞լ:
-Կուդոյում գործում է հետևյալ կարգախոսը` հակառակորդներ` մրցագորգի վրա, ընկերներ` մրցագորգից դուրս:
-Սպորտը կարո՞ղ է վնասել մարմինը:
-Սիրողական սպորտաձևն այդքան վնաս չէ մարզիկի օրգանիզմին, չնայած չնչին վնասվածքներից չես կարող խուսափել: Պրոֆեսիոնալ մարզիկը մարզվում է ավելի, քան ստանդարտ սիրողական սպորտաձևով զբաղվողները, առաջ անցնելով իր իսկ հնարավորություններից: Բայց դրան համահունչ պետք է ունենալ հանգստանալու կոնկրետ մշակված գրաֆիկ, որպեսզի ուժերը վերականգնվեն: Ամեն դեպքում, ցանկացած մարզիկ գիտի, որ հնարավոր չէ զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով ու չունենալ վնասվածքներ, մկանների ձգումներ, կոտրվածքներ: Եթե ուզում ես պրոֆեսիոնալ լինել, որոշ բաներ պետք է զոհես:
-Ինչո՞վ է տարբերվում կուդոն արևելյան մյուս մարզաձևերից:
-Մենամարտերն անցկացվում են լրիվ կոնտակտ, այսինքն` մարտի ժամանակ իրական հարվածներ են հասցնում իրար` թե՛ ձեռքերով, թե՛ ոտքերով: Թույլատրվում են նաև հարվածներ գլխով, արմունկով, ինչպես նաև գցումներ և ցավեցնող ու խեղդող հնարքներ, բայց դա չի նշանակում, թե մարզիկներն իրար կանխամտածված վնասում են, որ հասնեն հաղթանակի: Գոյություն ունեն որոշ սահմանափակումներ: Արգելվում են ուղիղ հարվածներ ծնկին, աճուկին և ընկած մարտիկին, մեջքին և ծոծրակին, ինչպես նաև մատներով հարվածներ: Մենամարտի ժամանակ հստակ մշակված օրենքներն ու մրցավարի կողմից դրանց խիստ պահպանումը, ինչպես նաև մարտիկների տրամադրվածությունը թույլ են տալիս խուսափել վնասվածքներից: Բացի այդ, մարտիկներն օգտագործում են պաշտպանիչ հանդերձանք: Դեմքը և գլխի առավել վտանգավոր հատվածները պաշտպանվում են Ճապոնիայում մշակված սաղավարտով (NHG ):
-Ի՞նչ տարածում ունի այս մարտաձևը մեզ մոտ:
-Երևանում ունենք մեծ դպրոց, Քաջարանում` մասնաճյուղ, շուտով մասնաճյուղ կբացվի նաև Արմավիրում:
-Կա՞ տարիքային սահմանափակում, և ի՞նչ հեռանկար ունի այս մարտարվեստը Հայաստանում: Մեր մարզիկները կարո՞ղ են մասնակցել միջազգային մրցումների:
-Տարիքային սահմանափակումներ չկան, սակայն ասեմ, որ մեզ մոտ մարզվում են հիմնականում 6 և ավելի բարձր տարիքի երեխաներ, թեև կուդոյով կարող են մարզվել նաև ավելի բարձր տարիքում: Հիմա ունենք մարզիկներ, որոնք պատրաստվում են այս տարի մասնակցելու ՌԴ մրցաշարերին: 2013-ին կմասնակցեն Ճապոնիայում կայանալիք կուդոյի աշխարհի 4-րդ առաջնությանը: Կարծում եմ` կունենանք լավ արդյունք: Փոխադարձ այցելությունների, մրցումների ժամանակ երեխաները փորձ են ձեռք բերում, ինչը շատ կարևոր է:
ՈՒզում եմ նշել նաև հայազգի մարտիկների մասին, ովքեր ապրում են ՌԴ-ում, սակայն բարձր են պահում հայ ազգի պատիվը: Հատկապես Էդգար Կոլյանը, որը 2005-ին դարձավ աշխարհի 2-րդ առաջնության չեմպիոն` Հայաստանի դրոշի ներքո, մոսկվաբնակ Քրիստինե Ստեփանյանը, որը մրցաշարերի ժամանակ միշտ գրավում է մրցանակային տեղեր, թեև մենամարտում է հիմնականում տղաների հետ: Բացի այդ, նպատակ կա ստեղծելու պրոֆեսիոնալ լիգա, որպեսզի մարզիկները հնարավորություն ունենան մասնակցելու ավելի պրոֆեսիոնալ մարտերի և, ըստ այդ մարտերի անցկացման կանոնակարգի, ունենան մրցանակային ֆոնդ: Այժմ կուդոյի միջազգային ֆեդերացիայի նպատակը կուդոն օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելն է: Հուսով ենք, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի այլ սպորտաձևերի կողքին: Կարծում եմ` կուդոն իրոք գեղեցիկ և պրակտիկ սպորտաձև է:
-Ի՞նչն է մտահոգիչ թվում Ձեզ այսօրվա մեր իրականության մեջ:
-Այսօր կարևոր է երեխաներին փողոցից կտրելը, ինտերնետից, սերիալներից, պարապությունից հեռու պահելը: Երեխաներին պետք մարզադահլիճ բերել: Մեր ազգին ֆիզիկական պատրաստվածություն շատ է պետք: Մեր փոքրիկները պետք է մեծանան առողջ և ամուր: Ներդաշնակ հոգի և մարմին ասվածը լրիվ բացակայում է: Սպորտով չեն զբաղվում, չեն կարդում:
-Կարծես մեզանում ընդունված է, որ մարզիկներն այնքան էլ կրթված չպետք է լինեն:
-Լավ մարզիկ և խելացի մարդ լինելը, իմ կարծիքով, չեն հակասում իրար:
-Հայաստանում անծանոթ է կուդոն: Ինչպե՞ս պետք է ծնողը կողմնորոշվի` ո՛ր սպորտաձևն է անհրաժեշտ իր երեխային:
-Ասեմ, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում շատ մեծ տարածում ունի կուդոն, ստանում է պետական աջակցություն և համարվում է սպորտաձև, ինչպես ըմբշամարտը, թենիսը, ֆուտբոլը: Հայաստանում մարտարվեստներն այնքան շատ են, որ դժվար է տարբերակելը: Կարծում եմ` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ունենա բաժին, որը կզբաղվի միայն մարտարվեստներով, որպեսզի կանոնակարգվի ամեն ինչ: Սակայն դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրոք մտածում են աշխարհի տարբեր մրցաշարերում մեր եռագույնը բարձր պահելու մասին: Ռուսաստանի մարտարվեստի միությունը զբաղվում է մարտարվեստների պրոպագանդայով, մրցումների անցկացումով և այլն: Փառատոների ժամանակ բոլորը հրավիրվում են, ցուցադրում իրենց ունակությունները։ Մեզ մոտ ծնողները շատ քիչ են տեղեկացված մարտարվեստների մասին: Չգիտեն` ո՞ւմ վստահեն իրենց երեխային, ո՞վ է տվյալ մարզիչը, կրթվա՞ծ է, նորմալ դաստիարակություն կարո՞ղ է տալ` և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, որպեսզի երեխան չվնասվի մարզումների ժամանակ կամ ագրեսիվ դաստիարակություն չստանա: Այս հարցերն այսօր կանոնակարգված չեն, և դա ամենամեծ խնդիրն է:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ