ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ, Ի՞ՆՉ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ, Ի՞ՆՉ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ
14.09.2010 | 00:00

Ռուսական ռազմաբազաների` Հայաստանում տեղակայման ժամկետի երկարացման պայմանագիրը անչափ հետաքրքիր ուսումնասիրության նյութ է: Գեոքաղաքական: Ներքաղաքական: Տիեզերակարգային: Եռաչափումի այդ բարդ համակարգում են բանալիները, հասկանալու` կարո՞ղ էր նաև այլ կերպ: Թե հենց միայն այդպես: Սկսենք վերջից:
Երեք նախագահները` այդ չափումներում.
2012-ը և ընդհանրապես 21-րդ դարը շատ հետաքրքիր են ստացվելու: Պնդումը, որ այն որոշիչ է լինելու տիեզերակարգը փոփոխելու առումով` սկսած կատակլիզմներից, գլոբալ տաքացումից, բոլորի մոտ բացվող ենթագիտակցությունից` կիբեր ու վիրտուալ ոլորտներում «կռիվն» առավել իրական դարձնելու ու մնացածի առումով, արդեն իրականության է վերածվում: Սպասվող ու արդեն իսկ կատարվող այդ փոփոխություններն էլ բերելու են համընդհանուր փիլիսոփայության փոփոխության, որի գիտակցումը նույնպես թափանցում է աշխարհաքաղաքական ընկալումների, զարգացումների խաղի ոլորտ:
Հայաստանյայց իշխանությունները պատրա՞ստ են դրան: Դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է` ազգը շատ հին է, ու եթե անգամ օրվա իշխողներին (բոլոր երեք նախագահներին էլ) լքած լիներ ներհայեցության պարտադրանքը, նախնիներն ու դարերն աղաղակելու էին նրանց գենի մեջ` ցանած-հնձածի ձայներով:
Այսպիսով, 21-րդ դարը սպիրալի արագ բացման դարաշրջան է. բացվելու է ինչպես դարերի, այնպես էլ վերջին` մեր անկախության տարիների սպիրալը. հատակում քնածն ի դերև հանելու, հինգերորդ ռասայից` վեցերորդը (այս ռասայում ազգը, մարդը, անհատն առավել հոգի` ենթագիտակցություն են, քան մարմնավոր կերպեր) ապահովելու համար: Սա անչափ բարդ թեմա է, և հիմնականում` ոչ քաղաքական: ՈՒստի կենտրոնանանք բուն խնդրի` ռազմաբազաների ժամկետի երկարացման վրա` տալով շատերիս անհանգստացնող հայտնի հարցը` ունե՞ր այն այլընտրանք:
Ո՛չ: Անկախ նրանից` «սիրելի՞» է պատասխանը շատերիս համար, թե՞ ոչ: Այլընտրանք չկար:
Չկար այլընտրանք նախ ներքին` ենթագիտակցական, փոփոխվող փիլիսոփայության տեսանկյունից: Ռազմաբազան նյութական ինչ-որ բան լինելուց առաջ նախ էներգետիկա է, որ առարկայացել է բազայի տեսքով: Այն մեր, որպես հասարակության, ներքին դարավոր կախվածության արտահայտությունն էր, որ կրել ենք մշտապես անպետության, անպաշտպանության, 600-ամյա մեր դեգերումներում` հանդեպ Ռուսիա և նրա «օրհնաբեր ոտ», և ազատվել դրանից, ինչպես տեսնում եք, դեռ չի տրված մեզ (կտրվի՞, թե՞ ոչ, նույնպես բարդ հարց է):
Այդ նույն շղթայական ռեակցիայի հանգույն (գեոպոլիտիկան ու ներքաղաքական բաղադրիչները քննարկելու ենք այս շարքի հաջորդ նյութերում) լիբերալ, արևմտամետ համարվող, «սովետը քանդած», ի շրջանս յուր վերադարձող Լևոնը 1995-ին Ռուսաստանի հետ ստորագրեց Մեծ պայմանագիրը: 25 տարով (Սերժի ստորագրածը մեկ տարով պակաս է):
Քոչարյանն աչքի լույսի պես պահեց սույն պայմանագիրը: Չենք խոսում այն մասին, թե ինչպես պայմանագրից դուրս նա «ողջը» տվեց Ռուսաստանին (ու թե Սերժն այդ ավերակաց վրա ինչպե՞ս էր թագավորելու, լոկ Քոչարյանին հայտնի կլինի, ներառյալ մարտի մեկը, որի կազմակերպման գործում, ըստ փորձագետների, անպակաս չէր նույն «օրհնված ոտի» ակտիվ մասնակցությունը):
Ասել է` ամենաարմատական արևմտամետն իսկ այդ պայմաններում անկարող կլիներ պորտալարը կտրել Ռուսաստանից` առկա բոլոր ենթակառուցվածքներում Քոչարյանի օրոք Ռուսիո ձեռք բերած մոնոպոլիայի պատճառով:
Էլ չենք խոսում գեոքաղաքական և ԱՊՀ-ական արդի տենդենցների մասին:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա, մասնակի բացառություններով, երբեք ու ոչ մի անգամ ժողովուրդն իր ընդերքում, իրական արժեհամակարգում չպատկերացրեց իրեն որպես Ռուսաստանից «դուրս» հավաքականություն (մասնակի դրսևորումներն ու փոփոխությունները որակ չդարձան, որպեսզի ճեղքում ապահովեին):
Սերժն էլ եկավ ու Ռուսաստանի գոյությունը մեզանում երկարացրեց, որպես համընդհանուր որոնումի արդյունք:
Ընդ որում, ամենևին էլ էական չեն պայմանագրում ֆիքսված ժամկետն ու ռազմաբազաների` այստեղ գտնվել-չգտնվելու հանգամանքը: Նույն տիեզերակարգի համաձայն` առկա փաստաթուղթը, որպես էներգետիկա, իսկ բազաները, որպես դրանց առարկայացում, ոչ ևս կլինեն Հայաստանում այն պահին, երբ մեր մտքում ու սրտում այդ բազաները տարհանած լինենք ու մեզ ազատած լինենք Ռուսաստանի «օրհնաբեր ոտի» մենթալ պլանից:
Միայն այդ ժամանակ առարկայական հարթության վրա հնարավոր կլինի այլևս տարհանել, չերկարացնել, դրանց դիմաց 100 դրամ կամ իրական փոխհատուցում պահանջել:
Փոքր-ինչ քաղաքականացնելով նյութի այս միստիկ ենթագլուխը, ասենք նաև, որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե, առավել ևս, Քոչարյանը հաստատապես շատ կցանկանային իրենք ստորագրած լինել այդ պայմանագիրը: Հազար ու մի պատճառով: Ընդ որում, այս ամենում հետաքրքիրն այն է, որ պայմանագրի ստորագրմամբ վերջիններս նույնպես էներգաթափ եղան, ու կորցրին իրենց էներգետիկան, որովհետև հենց այդ պայմանագրի երկարացումն էր նրանց համար «բրենդ» ծառայում` «տարածաշրջանի բանալիներն» իր ձեռքում պահած Ռուսաստանի համար` ապակայունացնելու, ինտրիգացնելու հայոց ներքին կյանքը (սրա մասին` հաջորդ նյութում):
Բայց քանի որ հայոց մեջ գործում է հաջորդ միստիկ օրինաչափությունը` Սերժ Սարգսյանն ավարտելու է (միստիկ ու քաղաքական առումներով) երկու նախորդ նախագահների գծած շրջանակը` բոլոր առումներով, նրան «տրվեց» պայմանագրի երկարացման «ծիսակարգը»:
Ասել ենք` երրորդ նախագահի գործունեությանն անվերջ ուղեկցելու է ամեն բան լույսի մեջ բերելու, անցումն ապահովելու օրենքը, ինչպես նաև, որպես նոր «պոլյուսն» առաջացնողի, նոր գիտակցությունը և փոփոխվող փիլիսոփայությունը հայաստանյայց արմատների մեջ «դնելու հեղափոխականությունը»:
Վերջին մտքի` «նոր պոլյուս, նոր գիտակցականություն, հեղափոխականություն» ֆրազների հետ կապված` «ներվայիններին խնդրում ենք լքել դահլիճը», որպեսզի կարողանանք ասել նաև, որ գիտակցված թե ոչ, ուզում ենք, թե ոչ, Սերժ Սարգսյանը զգում է փոփոխվող աշխարհի ու «պոլյուսի» անհրաժեշտությունը:
Այլ հարց է, որ այդ փոփոխությունն ու «հեղափոխականությունը», նրբորեն ձևակերպած` «պերվոպրոխոդեցությունը» ոչ թե նրա սրտի, այլ գիտակցության միջով է անցնում, ինչն էլ պատճառն է նրա «չհաղթանակների», որն էլ նրան դարձնում է բավականին հետաքրքիր ֆիգուր` տված կռվի առումով:
Թե՛ հայ-թուրքականում սկսած նրա պարտիան, թե՛ Արևմուտքի հետ սկսած գրագետ ու ճշգրիտ խաղը, թե՛ Վրաստանի նկատմամբ ահավոր առողջ մոտեցումը (երբ Հայաստանը չճանաչեց Օսիայի և Աբխազիայի անկախությունը. չմոռանանք, որ հենց Վրաստանն ու «վիզկապակեր» Սահակաշվիլին են պատճառը, որ Վլադիմիր Պուտինն առանձնապես ոգևորված չէ մեր Սերժ Սարգսյանով ու նրա մատրոսովականությամբ` նույնիսկ երկարացված ռազմաբազաների պայմանագրի առկայության պայմաններում), մի խոսքով` նա արեց այն, ինչ հռչակել ու չէր արել Տեր-Պետրոսյանը, ինչի գիտակցումը չուներ Քոչարյանը:
Էլ չենք խոսում Տիգրան Սարգսյանին, որպես «մնայուն արժեք»` վարչապետ պահելու անհողդողդության մասին, երբ Սերժ Սարգսյանը կարող էր վարչապետ նշանակել (չէ, ոչ Քոչարյանին, պարզապես Ռուսաստանի սիրելի մեկ այլին, ասենք` Ռուբեն Վարդանյանին` «Տրոյկա դիալոգի», որը համարվում է Դմիտրի Մեդվեդևի սիրելին, կամ Արմեն Դարբինյանին, որը նույնպես սիրելի է Ռուսաստանին. այո, նրանց անուններն այս օրերին լավ էլ շրջանառության մեջ են, որպես ապագա վարչապետացուների) ու ներիշխանական կեղեքիչ ամբիցիաներին, «դավանափոխություններին ու դավաճանություններին» վերջ դներ, իր ոտքերի տակ օճառ դնելու մեջ հմտացածներին իսպառ անկյուն քշեր:
Ընդ որում, երբ ընդհանուր ծավալով դիտարկում ես ողջ փաթեթը` գեո-ներ-քաղաքական, ինչպես նաև` տիեզերակարգային առումներով, ապա ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման հարցը նույնպես «հեղափոխականության» շարքում է հայտնվում: Գիտենք` պայմանագիրը վաղուց էր պատրաստ: Ռուսաստանն էլ անվերջ «խեղդում» էր, որ այն ստորագրվի: Սերժն ասում էր` դեռ ժամանակը չէ:
ՈՒ հիմա, միստիկայից անցում կատարելով բուն քաղաքական պրոցեսներին, հարցնենք` ճիշտ ժամանա՞կն էր պայմանագիրն ստորագրելու, թե՞...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ