ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՌԱԳՈՒՅՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ

ԵՌԱԳՈՒՅՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ
25.01.2011 | 00:00

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ` կաշվե ձեռնոցի մեր վարպետները հունվարի 8-23-ին ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Փաստորեն, մեր առաջատար մարզիկները շունչ քաշելու ժամանակ չեն ունենա, փետրվարի 6-19-ին ուսումնամարզական պարապմունքներ կանցկացնեն Աբովյանում: Այս ծանրաբեռնվածությունն իր պատճառներն ունի: Փետրվարի 20-26-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի մարզապալատում կայանալու է միջազգային ներկայացուցչական մրցաշար, որտեղ Հայաստանը ռինգ դուրս կբերի 11 բռնցքամարտիկի: Այսինքն, մասնակիցներ կունենանք բոլոր քաշային կարգերում: Մարտի 11-17-ին էլ Չեխիայի ՈՒստինանադլաբեն քաղաքում նախատեսված միջազգային մրցաշարում մերոնք կփորձեն իրենց կարողությունները, որից հետո Հայաստանի հավաքականը կրկին ուսումնամարզական հավաք կանցկացնի մեր երկրում և կնախապատրաստվի ապրիլի 11-17-ին Երևանում կայանալիք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սահմանած մրցանակների խաղարկությանը: Այս միջազգային մրցաշարն առաջին անգամ 2010-ին անցկացվել էր Երևանի մարզահամերգային համալիրում, մասնակցել էին 12 երկրների ներկայացուցիչներ: Ընդ որում, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լրջորեն է նախապատրաստվում, և արդեն հրավերներ են ուղարկվել տարբեր երկրների բռնցքամարտի ֆեդերացիաների: Սպասվում է, որ այս տարի ավելի շատ երկրներ կարձագանքեն:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը փորձառու մասնագետ է, քաջատեղյակ է մեր բոլոր մարզիկների հնարավորություններին։ Փաստորեն, կարիք չկա Հայաստանի հավաքականի թեկնածուներ փնտրելու, մարզիչն արդեն առանձնացրել է այն կորիզը, որը կարող է ընդգրկվել մեր երկրի ազգային թիմի կազմում: Հայաստանի առաջնությունից հետո նախատեսվում է հուլիսի 14-31-ին ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում, իսկ օգոստոսին կաշվե ձեռնոցի հայ վարպետները, ամենայն հավանականությամբ, դրսում համատեղ ուսումնամարզական պարապմունքներ կանցկացնեն Ղազախստանի, ՈՒզբեկստանի կամ Ռուսաստանի հավաքականների հետ: Մնում է, որ մերոնք հաջող մասնակցեն աշխարհի առաջնությանը: Ընդ որում, սկզբում նախատեսվում էր, որ այն կայանալու է Կորեայում, հետո մրցավայրը տեղափոխվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այժմ կրկին խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալի Կորեան, սակայն սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արել: Առաջնությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 14-30-ին: Այդ ստուգատեսում, մեդալներից բացի, խաղարկվելու են նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդպիսի իրավունքի են արժանանալու միայն այն մարզիկները, ովքեր կկանգնեն պատվո պատվանդանին, այսինքն` 1-3-րդ տեղերը գրավողները:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը հայտնեց, որ առայժմ խոսակցություն չկա այն մասին, թե հնարավոր է Հայաստանը պատվիրակներ չուղարկի Ադրբեջան: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, իսկ թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ: Բանն այն է, որ այդ երկրի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, կա նաև 2010-ի դառը փորձը, երբ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բաքվում աշխարհի առաջնության ժամանակ հոգեբանորեն ճնշված էր վերադարձել Հայաստան: Մեր եկրի պատվիրակությանը մեկուսացված, բանտախցի նմանվող կացարաններում էին տեղավորել, վատ սնունդ հրամցրել, մրցումների ժամանակ էլ տրիբունաներից անվայել խոսքեր էին հնչել, մարզիկների վրա տարբեր առարկաներ նետել: Այդ է պատճառը, որ վստահորեն չի կարելի ասել, թե մեր երկրից մասնակիցներ կլինեն այդ ստուգատեսում: Կասկած լինել չի կարող, որ կազմակերպիչները հնարավոր ամեն բան անելու են, որ Հայաստանի եռագույնը Բաքվում չբարձրացվի: Այնպես որ, կարելի է չկասկածել` Ադրբեջան չգնալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները շատ բան չեն կորցնի: Մեր պատվիրակության` Ադրբեջան մեկնել-չմեկնելու հարցը, ամենայն հավանականությամբ, կորոշվի միայն ստուգատեսի շեմին: Ի դեպ, երկար ժամանակ հայտարարվում էր, որ օրերս Բաքվում կազմակերպված ձյուդոյի «Մաստերս» շարքի մրցաշարին Հայաստանից պետք է մասնակցի Հովհաննես Դավթյանը, սակայն վերջին պահին մարզիկը հրաժարվեց մրցավայր ուղևորվելուց:
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներին ևս նոր տարում լուրջ փորձություններ են սպասում: Մարտին կայանալու է Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այդ ստուգատեսի արդյունքով կհամալրվի մեր երկրի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի օգոստոսի 11-21-ին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ի դեպ, նախատեսված էր, որ այդ ստուգատեսը կանցկացվի Երևանում, սակայն մեր մայրաքաղաքը չի հյուրընկալի այդ ստուգատեսի մասնակիցներին, քանզի մտավախություն կա, որ միջոցառման կազմակերպումը կարող է խանգարել տարվա հիմնական ստուգատեսին` աշխարհի առաջնությանը մեր մարզիկների նախապատրաստությանը:
Հարց է ծագում` իսկ դա բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի համար բացասական հետևանքներ չի՞ ունենա: Կարելի է ասել, որ այդպիսի վտանգ չկա: Օրինակ, Ֆրանսիան 2010-ին մեկ ամիս առաջ էր հրաժարվել աշխարհի պատանեկան առաջնության անցկացումից, և այն կայացավ Բաքվում: Ընդ որում, այդ ստուգատեսը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: Հավելենք, որ ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունն էլ կկայանա մարտին: Այս տարիքի մեր երկրի ներկայացուցիչներն էլ նախապատրաստվելու են հուլիսի 22-31-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ի դեպ, այս տարիքի միջազգային մրցաշարեր գրեթե չեն անցկացվում: Միայն Բաքվում է կազմակերպվում ավանդական մրցաշար, որին մենք պատվիրակներ չենք ուղարկում: Այդ է պատճառը, որ հոկտեմբերին կանցկացվի հայկական բռնցքամարտի երախտավոր Էդվարդ Արիստակեսյանի պատանեկան միջազգային մրցաշարը: Երկար տարիներ միջազգային այդ ստուգատեսում ուժերն են չափել մեծահասակները: Սակայն անցյալ տարի այն ընդհանրապես չկազմակերպվեց, փոխարենը, չգիտես ինչու, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո նոր միջազգային մրցաշար անցկացվեց։ Պարզ չէ, թե մեկը մյուսին ինչով էր խանգարելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի մեծահասակների այսօրվա հավաքականին, ապա այն համալրել են դրսից հրավիրված մարզիկներ: Պարապմունքներին մասնակցում է Գյումրիում ծնված, սակայն վերջին տարիներին Սոչիում բնակվող Վլադիմիր Սարուխանյանը, որը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի պատանիների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Սարուխանյանը 20 տարեկան է, հանդես կգա 60 կգ քաշային կարգում: Մարզվում է նաև ՈՒկրաինայից ժամանած ծանրքաշային Արմեն Սիմոնյանը: Այս բռնցքամարտիկն էլ երիտասարդ է, դարձել է ՈՒկրաինայի առաջնության հաղթող, ուժեղագույնն է ճանաչվել միջազգային մի շարք մրցաշարերում:
Սոչիում բնակվող, Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Էդիկ Համբարձումյանի հարցն էլ հստակեցվել է: Ինչպես հայտնի է, այդ մարզիկը տատանվում էր, ցանկանում էր տեղափոխվել Ռուսաստանի հավաքական: Այդ է պատճառը, որ Համբարձումյանը նախկինում ուսումնամարզական հավաքներ է բաց թողել: Այժմ որոշել է, որ մնում է Հայաստանի հավաքականում, և Ծաղկաձորում մարզվողների թվում էր: Պարզապես Էդիկը հանդես կգա 69 կգ քաշային կարգում, իսկ 64 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Ջավախյանն է հանդես գալու, որը նախկինում մասնակցում էր 60 կգ քաշայինների պայքարին:
Լյովա Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ տարբեր տարիքային խմբերի Հայաստանի հավաքականների մարզչական կազմերում էական փոփոխություններ չկան: Ռաֆայել Մեհրաբյանը շարունակում է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, նրան օգնում է Կարեն Աղամալյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը` Ֆեդյա Ալեքսանյանը: Արման Հարությունյանն էլ գլխավորում է կադետների հավաքականը: Չի բացառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվի նաև Աշոտ Ավետիսյանը, որը, ճիշտ է, երկար ժամանակ աշխատել է Հայաստանի ներքին գործերի համակարգում, սակայն բռնցքամարտիկ է եղել և դարձել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն: Արշավիր Գրիգորյանն էլ, հնարավոր է, աշխատի կադետների հավաքականի մարզիչ: Հավելենք նաև, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առանձնացրել է 2010-ի մրցաշրջանի 5 լավագույններին: Այդ պատվին են արժանացել Հրաչյա Ջավախյանը, Հովհաննես Դանիելյանը, Արթուր Խաչատրյանը, Անդրանիկ Հակոբյանն ու Վլադիմիր Հայրապետյանը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ