ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ Շ.Հ.Շ.

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ Շ.Հ.Շ.
06.09.2011 | 00:00

Երբ Սերգեյ Սարաջյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կառավարման ղեկը 10 տարի վստահաբար վարելուց հետո «իր դիմումի համաձայն» «հանձնեց ժամանակի մարտահրավերներին», խարխլվող կրթահամակարգի բարենորոգման անհրաժեշտությունը գիտակցող ոլորտի գործիչներն «ըմբռնումով» ընդունեցին կատարված փաստը: ՈՒսումնական գծով պրոռեկտոր Շահեն Հակոբի Շահինյանի (Շ.Հ.Շ.) կարճատև պաշտոնակատարության ընթացքում, ասենք, չհասցրին էլ «իրավահաջորդի» կանխատեսումներում տևականորեն տարուբերվել: Շուտով (համատարած շշունջների համաձայն, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Սմբատյանի ամենազոր «բարի կամքով») հիմնովին նախապատրաստվեցին Շ.Հ.Շ.-ի «հաղթաթղթերը»: «Ի վերուստ» կանխորոշվածությունը նկատի առնելով` որևէ մեկը մտքի ծայրով իսկ չանցկացրեց իր կամ անհամեմատ արժանավոր մեկ ուրիշի թեկնածությունն առաջադրել: Քանի որ չգտնվեց ծառայողի ընտանիքում ծնված 48-ամյա երևանցու ջութակի նվագով ԵՊԿ օպերային ստուդիայի և հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ ու կամերային տարաչափ նվագախմբերում հանդես գալիս երբևէ տպավորված որևէ երաժիշտ կամ արվեստասեր, խնամքով կազմակերպվեց ԵՊԿ լարային թիվ 2 ամբիոնում աշխատելիս 2004-ին հրատարակած «Մենանվագներ ջութակի և ալտի համար» փոխադրությունների ժողովածուի հիման վրա 2008-ին ստացած դոցենտի գիտական կոչման հապճեպ «պրոֆեսորացումը» հայտաժամկետից 2 օր առաջ` օգոստոսի 23-ին: Երբ ամենքին, հատկապես ԵՊԿ-ում, պարզ դարձավ, որ այլընտրանք չի կարող լինել «այլկուսակցական» Շ.Հ.Շ.-ին (չշփոթել ՀՀՇ-ի հետ), համընդհանուր համակերպման տրամադրություն հաստատվեց: Ազդեցիկ թիմային կամքին բացահայտ հակառակվելն այլևս անհեթեթ դոնքիշոտություն կլիներ: Կարելի էր նույնիսկ տուրք չտալ «դեմոկրատական խաղերին» և գոհանալ «կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի միակ հավակնորդի» թեկնածության պաշտոնական վավերացմամբ: Սակայն «կոնսշոուն» ամենայն մանրամասնությամբ կայացվեց սեպտեմբերի 3-ին, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի հեղինակած «պարտիտուրով» և «գլխավոր դիրիժորությամբ»: Ափսոս, որ հանդիսանքն անցավ ԵՊԿ չորրորդ հարկի կիսադատարկ սրահում (ներկա էին հիմնադրի ու լիազոր մարմնի առաջադրած խորհրդի 24 անդամներից 19-ը, հատուկենտ «երախտագետ» դասախոսներ և ուսանողներ ու ԶԼՄ-ների մի խումբ հրավիրված ներկայացուցիչներ), «կերպավորման» տարաչափ ունակությունների տեր «դերասանախմբով»: «Նորանկախական» կադրային նորաոճ մարտավարության «գիտական հիմնավորումը» ընտրասպարեզում այսպես ձևակերպեց «հիմնադրի կողմից առաջադրված խորհրդի անդամ», ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. «Ես լիազորված եմ նաև կրթության և գիտության նախարարի կողմից հանդես գալու: Երկար տարիներ ճանաչում եմ Շահենին, բայց մտածում էի, թե ինչ կարգի ռեկտոր պիտի ընտրենք: Մշակույթի կադրերը մատակարարվում են 3 բուհերի կողմից: Նախկին կողմնորոշիչներն այժմ իրենց չեն արդարացնում: Հեղինակություններն անհրաժեշտ էին խորհրդային կրթահամակարգերում. պետությունն էր մշակում ծրագիրը և ընտրում այն իրականացնելուն բարենպաստ հեղինակավոր անհատականությանը: Հիմա հարկավոր է ճկուն կազմակերպիչ, եռանդուն մեկը, որն ունակ է մտահղանալու և իրականացնելու միջազգային կրթամշակութային շուկայում մրցունակ կառուցողական ծրագրեր»:
Իր հերթին պարոն Սմբատյանը դրվատեց պետական ներկայիս մշակութային քաղաքականությունը. «Ես եղել եմ նախարար, ԵՊԿ ռեկտոր, կերազեի այն ժամանակ այսպիսի վերաբերմունքի արժանանալ պետության, նախարարության կողմից: Կյանքը թելադրում է նոր որակով ընկալել, տեսնել ներկա փոփոխությունները: ԵՊԿ սաներից կազմված Երիտասարդական նվագախումբը երբ ելույթներ է ունենում արտերկրում, այլազգիներից որևէ մեկը չի հավատում, որ այսօր աշխարհում կարող է գոյություն ունենալ մի ազգ ներկայացնող մեծ երաժշտախումբ»:
Ցավոք, «գլխավոր դերակատար» հավակնորդը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացման և բարեփոխումների հայեցակարգի» տեքստի (hիմնադրույթների) թերիմացությամբ ու կաղլիկ լեզվամտածողությամբ, անկողմնակալ մասնակիցներից որևէ մեկին հարգանք ու հավատ չներշնչեց նորօրյա մարտունակ առաջնորդի իրեն վերագրված բացառիկ հատկությունների տեսակարար կշռի նկատմամբ: Նախ, Շ.Հ.Շ.-ն համոզմունք հայտնեց, որ մեր երկրի ամրության կարևորագույն հիմնասյուները երկուսն են` բանակն ու երաժշտարվեստը: Ապա վստահեցրեց, որ Բոլոնիայի գործընթացին (ըստ նրա, 2004-ից մինչ օրս մեր գլխավոր ձեռքբերմանը) անմնացորդ ինտեգրվելով, դասախոսական ներկա կազմի արմատական վերաորակավորմամբ և բարեկարգ հանրակացարանի կառուցմամբ կարելի է շատ շուտով տարածաշրջանի առաջատար բարձրագույն երաժշտակենտրոնի հեղինակությունն ապահովել ԵՊԿ-ի համար` գանձանակը հարստացնելով օտարազգի ուսանողների քանակական աննախադեպ աճով, չարդարացված շռայլությունների բացառմամբ ու կոռուպցիոն ռիսկի նվազմամբ:
Աշխատավարձերի «լրջագույն հարցի» հաղթահարման իրատեսական երաշխիք համարեց Երիտասարդականի 70 երաժիշտների կայուն ֆինանսավորումը (հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանի որդու` Սերգեյի գլխավորած նվագախումբը վայելում է պետության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի բացառիկ հովանավորությունը)։ Ըստ «պարտիտուրի» հավուր պատշաճի ելույթ ունեցողները փորձում էին հիմնավորել 1921-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ հիմնադրված մեր բարձրագույն երաժշտակրթարանի նորատիպ այս առաջնորդի արժանավորությունը: Եվ, մինչև երեքրոպեանոց փակ գաղտնի քվեարկության «խաղարկումը», գրեթե բոլորն իրենց պարտքն էին համարում բարձրաձայն շնորհավորել («գլխավոր դիրիժորը» քանիցս «զգաստացրեց» կենացասացներին` հիշեցնելով, որ շնորհավորասեղանը նրանց է սպասում երկրորդ հարկում):
19 քվեաթերթիկից մեկն անվավեր ճանաչվեց. ըստ երևույթին, խղճի խայթ զգալով, վախվորած Միստր X-ը (ոչ մի «թթու» խոսք չհնչեց Շ.Հ. Շ.-ի հասցեին) գերադասել էր ձեռնպահ մնալ (թերթիկում միայն «կողմ» և «դեմ» էր նկատի առնված):
Գուցե գտածո կամ դրածո Շ.Հ.Շ.-ին «ամենաինտերակտիվ մեթոդներով, լավատեսություն ներշնչող հավատով սատարելու պատրաստ ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունները» զորեղացնե՞ն «արարիչ հոր» կայուն լծակները: (Իհարկե, ոչ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի տարբերակով. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով գործող ռեկտոր Վարդևան Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին, բայց, «այլընտրանք չունենալով», կրկին առաջադրվել ու, «զարմանալիորեն», ընտրվել էր նույն պաշտոնում:) Չէ՞ որ մեր օրերում ցանկացած հրաշալի նախաձեռնություն դատապարտված է ձախողման, եթե համապատասխան նյութական ռեսուրսներ չեն գտնվում կյանքի կոչելու համար:
ՈՒշիմ հանդիսանքատես` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ