ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պայմանները բարելավվում են, կարևորը հիվանդության նվազումն է

Պայմանները բարելավվում են, կարևորը հիվանդության նվազումն է
11.08.2009 | 00:00

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ազգային ծրագիրը նոր թափ է հավաքում։ Հուլիսի 31-ին, կամ էլ, ճիշտ է ասել, ստեղծման օրից 40 տարի հետո առաջին անգամ հիմնանորոգվեց Աբովյանի հակատուբերկուլյոզային հանրապետական դիսպանսերի մի թևը, որում տեղակայվեց դեղորայքակայուն հիվանդների բաժանմունքը։ Իհարկե, կարելի էր ևս տասը տարի սպասել և կառույցի 50 տարվա հոբելյանին այն վերակառուցել։ Սակայն, հուրախություն բոլորի, այդ առումով հոբելյանը չկայացավ, քանի որ 2007-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` դիսպանսեր այցելելուց հետո «Գլոբալ ֆոնդի» հետ հաստատվեց «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ազգային ծրագիրը, որի շրջանակներում վերազինվեց և կառուցվեց նշված 90-մահճակալանոց բաժանմունքը։ Յուրաքանչյուր պալատ նախատեսված է 1-ից մինչև 3 հոգու համար և հագե-ցած է անհրաժեշտ արդի պարագաներով ու սարքավորումներով։ «Սա առաջին քայլն է. երկու տարվա ընթացքում հակատուբերկուլյոզային դիսպանսերը վերջնական կվերանորոգենք»,- շնորհանդեսին վստահեցրեց առողջապահության նախարարը և նշեց, որ միջազգային կառույցների վերը նշված ծրագրի ղեկավարի և հիվանդանոցի տնօրենության աջակցությամբ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հիվանդները (որոնք 1-2 ամիս անցկացնում են հիվանդանոցում) իրենց ճնշված չզգան և ստանան անհրաժեշտ բարձրակարգ բուժսպասարկում։ Անշուշտ, մասնագետների գնահատմամբ, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ազգային ծրագիրն այս պահի դրությամբ խիստ կարևոր է։ Կարծում ենք, կարևորն այն է, որ տուբերկուլյոզի դեմ պայքարի հարցում նախարարությունը չի սահմանափակվում միայն շինարարական աշխատանքներով, և վերը նշված ծրագիրը շատ լայնածավալ է ու երկարաժամկետ։ Ինչպիսի արդյունքներ կգրանցվեն ծրագրի շրջանակներում, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ, շնորհանդեսին երկու առանձնազրույց ունեցանք։ Նախ` «Բաղրամյանշին» ՍՊԸ-ի ղեկավար ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել ինչ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որքան գումար է ծախսվել, շինարարական աշխատանքների ընթացքում նկատվե՞լ է նախարարության աջակցությունը և արդյոք, որպես շինարար, իրենք առաջին անգամ շնորհանդեսի՞ն չեն տեսնում նախարարին։
-Վերանորոգվել է մոտ 2500 քմ մակերես, միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվել են ինժեներական, ինչպես նաև մյուս ենթակառուցվածքները, մասնավորապես կենտրոնացված ջեռուցման, տաք ջրի մատակարարման, սառը օդամատակարարման և օդափոխության համակարգեր։ Տեղադրվել են հակահրդեհային սարքեր։ Աշխատանքներն իրականացվել են բարձրորակ նյութերով` սկսած հարդարումից, վերջացրած ինժեներական կոնստրուկցիաներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 280 մլն դրամ։ Հետագայում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար լրացուցիչ գումար է ավելացվել։
Շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում փոխհամագործակցություն է եղել նախարարության հետ։ Պետք է ընդգծեմ, որ այն իրականացվել է արագ արձագանքման սկզբունքով. ցանկացած նախագծային փոփոխություն, որն առաջ էր գալիս շինարարության ընթացքում, նախարարությունն անմիջապես ստուգում էր, մասնավորապես «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ծրագրի ղեկավար Վահան Պողոսյանը, և լուծումները համատեղ գտնվում էին։ Ընդհանրապես, նախարարության վերահսկողությունը շատ խիստ է եղել։ Ինչ վերաբերում է նախարարին, ապա սա առաջին դեպքը չէ, որ հանդիպում ենք նրան. շինարարության ընթացքում նա բազմիցս է եկել շինհրապարակ և ոչ միայն ծանոթացել, այլև կոնկրետ մասնակցել է նախագծային փոփոխություններին։ Կարող եմ ասել, որ նախարարը լավ հասկանում է շինարարությունից և, որպես երկրորդ մասնագիտություն կարող էր շինարար լինել։
Աբովյան քաղաքի ՀՀՏԴ-ի նոր` դեղորայքակայուն տուբերկուլյոզի (ԴԿՏ) բաժանմունքի բացման արարողության ժամանակ առիթ ունեցանք հարցազրույց ունենալու ԲԱՍ-ի («Բժիշկներ առանց սահմանի») առաքելության ղեկավար ՍՏՈԲԴԱՆ ԿԱԼՈՆԻ հետ` Հայաստանում ԴԿՏ-ի իրավիճակի վերաբերյալ:
-Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք ծրագրի առաջընթացից: Դա բավականին դժվար և ծավալուն աշխատանք է, մենք բոլորս շարունակաբար աշխատում ենք նրա հաջող իրականացման համար: Կարող ենք ասել, որ ներկայումս ԴԿՏ-ի բուժման հիմքերը ստեղծված են, սակայն իրական մարտահրավերները դեռևս առջևում են:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Ենթակառուցվածքը, դեղամիջոցները և իրականացումը կարևոր բաղադրիչներից են, որոնք առկա են: Այլ կենսական հարցեր կան, ինչպես, օրինակ` կադրերի հզորացումը, աշխատանքների իրականացման պլանավորումը և այլն: Այս ամենն ընթացքի մեջ է, սակայն մշակման կարիք ունի:
-Ծրագիրը նախատեսում է բուժսարքավորումների արդիականացում: Սկսվա՞ծ է այդ փուլը:
-Ինչ վերաբերում է լաբորատորիային, այն ունի ամենաառաջավոր սարքավորումները:
-Դեղորայքակայունության առաջացման հարցում մասնագետների տեսակետները տարբեր են: Մասնագետների մի զգալի հատվածը կարծում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաստատած բուժումն առաջացնում է դեղորայքակայուն տուբերկուլյոզ, այլ կերպ ասած, լիարժեք չի գործում բուժման համար: Ի՞նչ կասեք այս առումով:
-Ո՛չ, դեղորայքակայունության առաջացման պատճառը ԱՀԿ-ի ռազմավարությունը չէ: Տուբերկուլյոզը գլոբալ առումով արհամարհված հիվանդություն է, որը, սովորաբար, ախտահարում է խոցելի բնակչությանը` հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամբողջ աշխարհով մեկ մեծ ուշադրություն չի դարձվել տուբերկուլյոզին, մասնավորապես նոր դեղամիջոցներ չեն ստեղծվել դեղագործական ընկերությունների կողմից: Եթե խոսենք կոնկրետ Հայաստանի, ընդհանրապես հետխորհրդային տարածքների մասին, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում տուբերկուլյոզը կտրուկ գլուխ բարձրացրեց։ Դա պայմանավորված էր նրանով, որ համակարգը հանկարծակի կոտրվեց, և մարդիկ հանկարծ է՛լ ավելի խոցելի դարձան։ Իհարկե, այդ ժամանակահատվածում կային և՛ մասնագետներ, և՛ դեղամիջոցներ, սակայն դեղամիջոցների քանակը բավարար չէր։
-Բոլոր դեպքերում, չե՞ք կարծում, որ ԱՀԿ-ի թելադրած ծրագիրն է, որ դեղորայքակայունություն է ստեղծում հիվանդների մոտ, քանի որ այդ ծրագրերով բուժումն անհատական մոտեցում, ըստ մասնագետների, չի ենթադրում։ Մինչդեռ Դուք Ձեր խոսքում նույնպես նշեցիք, որ սոցիալ-հոգեբանական մոտեցումը տվյալ հիվանդության բուժման հարցում կարևոր է։
-Դեղորայքակայունության բուժումն անհամապատասխան է լինում: Ես կասեի, որ հնարավոր չէ ցուցաբերել անհատական մոտեցում ծրագրային մակարդակում: Այդուհանդերձ տուբերկուլյոզը կարող է արդյունավետ ձևով վերահսկվել, եթե իրականացվում են ԱՀԿ «ԴՈԹՍ» ռազմավարության սկզբունքները, սակայն դրանք կիրառելը պահանջում է մեծ ներդրումներ, պարտավորություններ, իսկ արդյունքները տեսանելի են դառնում մի քանի տարի անց:
Դեղորայքակայունության առաջացման պատճառները բազմագործոն են և ունեն ուժեղ սոցիալական արմատներ: ՈՒստի տուբերկուլյոզի արդյունավետ բուժման համար պահանջվում է բազմակողմանի մոտեցում, այն է` ոչ միայն դեղամիջոցների և բժշկական հաստատությունների առկայություն, այլև սոցիալ-հոգեբանական աջակցություն և բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի մասնակցություն: Տեղական հասարակական կազմակերպությունները և համայնքը նույնպես ունեն իրենց դերն ու պատասխանատվությունը:
-Նախարարությունը որքանո՞վ է նպաստում ծրագրի իրականացման գործընթացին:
-Անցյալում ծրագրի փորձարարական փուլում նախարարությունն օժանդակել է` տրամադրելով առողջապահական կառույցներ և կադրեր, մինչդեռ ԲԱՍ-ը տրամադրել է մասնագիտական խորհրդատվություն, դեղամիջոցներ, սպառման պարագաներ և տնտեսական աջակցություն: Այժմ մենք ընդլայնման փուլում ենք, որն աստիճանաբար պիտի տարածվի ամբողջ երկրով, և նախարարությունը, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, պիտի տրամադրի դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և հոգա այլ կարիքներ:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ