ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՊԶՈՆ»` ԴԱՍԱԿԱՆ «ԿՈԶԱ ՆՈՍՏՐԱ»

«ՊԶՈՆ»` ԴԱՍԱԿԱՆ «ԿՈԶԱ ՆՈՍՏՐԱ»
15.10.2010 | 00:00

Երեկ աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Նյու Յորքում և Լոս Անջելեսում ձերբակալվել է մի հանցավոր սինդիկատի 40-ից ավելի անդամ։ Սինդիկատի կորիզը կազմում են հայաստանցի ներգաղթյալները կամ այդ երկրի քաղաքացիները։ Բացի այդ, մեղադրանքներ են ներկայացվել մի շարք կասկածյալների` Օհայոյի, Նյու Մեքսիկոյի և Ջորջիայի նահանգներում։ Նրանք մեղադրվում են հազարավոր բժիշկների ու հիվանդների անձնական տվյալները գողանալու մեջ, որոնք օգտագործել են զառամյալների բժշկական օգնության «Մեդիքեր» համակարգից միլիոնավոր դոլարներ «դուրս քաշելու» համար։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշնային դատախազ Փրիթ Բհարարան։
Դատախազ Բհարարայի տվյալներով` խոսքը զառամյալների բժշկական օգնության դաշնային ծրագրում պատմության մեջ խոշորագույն խարդախության մասին է։ Հետաքննությունն սկսելու խթան է հանդիսացել «Մեդիքերի» մոտավորապես 2900 խնամարկյալների անձնական տվյալների գողությունը, որոնք բուժման կուրս էին անցնում Կալիֆոռնիայի նահանգի Օրենջի կոմսության տարածաշրջանային բուժկենտրոնում։ Բացի այդ, հանցագործներն այնքան էլ չեն մտահոգվել հաշիվներին գոնե փոքր-ինչ օրինականություն հաղորդելով, որոնք նրանք դուրս էին կորզում «Մեդիքեր» ծրագրով։ Օրինակ, հերձողները հաշիվներ էին ներկայացրել կենդանի հիվանդների ընդունելության, իսկ ակնաբույժները պահանջել էին իրենց վճարել միզապարկի հետազոտման համար։ Մեղադրյալները, օգտագործելով իրենց գողացած տվյալները, բացել էին 118 կեղծ բժշկական կլինիկա ամերիկյան 25 նահանգներում։ Նրանք «Մեդիքեր» համակարգի միջոցով վճարման էին ներկայացրել շուրջ 100 մլն դոլարի հաշիվ` բժշկական ծառայությունների համար, որ իրականում ոչ ոք չէր ցուցաբերել և ոչ ոք չէր ստացել։ Բհարարայի ասելով` հանցագործները հասցրել էին խարդախությամբ ստանալ 35 մլն դոլար` մինչ կհասցնեին նրանց ձերբակալել։ «Հանցագործների տեսակետից,- մամուլի ասուլիսում ասել է ՀԴԲ-ի Նյու Յորքի բաժանմունքի տնօրեն Ջենիս Ֆեդարչիկը,- «Մեդիքեր» համակարգից միջոցների կորզման սխեման «հիանալի» էր նրանով, որ այն վիրտուալ է եղել։ Հանցագործների կողմից վճարման ներկայացված հաշիվների հետևում չեն եղել ո՛չ իրական բժիշկներ, ո՛չ իրական հիվանդներ։ Ամեն ինչ հիմնված է եղել երևութականության, գողացված անձնական տվյալների վրա»։ Կեղծ կլինիկաները գոյություն են ունեցել միայն թղթի վրա, որպես հասցեներ ավելի հաճախ նշված են եղել փոստարկղերը։ Հավանաբար, հենց դրանով է բացատրվում քրեական ձեռնարկության բարձր շահութաբերությունը, քանի որ այն մեծ ծախսեր չի պահանջում։ Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյմոնդ Քելլիի ասելով` Նյու Յորքում խմբավորումը ղեկավարվել է մի ոչ մեծ գրասենյակից, որը գտնվել է Բրուքլինի Քոնի Այլենդի շրջանի ավտոնորոգման արհեստանոցում։ Դաշնային դատախազ Բհարարան բացահայտված հանցավոր խումբն անվանել է «միջազգային», ընդգծելով, որ նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, կանոնավորապես այցելել են այդ երկիր, այնտեղ անշարժ գույք ձեռք բերել` ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցներով։ Բհարարան այդ խմբավորումը համեմատել է «դասական «Կոզա Նոստրայի» հետ, ավելացնելով, սակայն, որ «անլեգալ եկամուտների, աշխարհագրական ընդգրկման և հավակնոտության տեսակետից ավանդական մաֆիան կարող էր նախանձել հայ-ամերիկյան այդ խմբավորմանը»։
Հետաքննության տվյալների համաձայն, հայկական մաֆիայի ղեկավարը եղել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` «Պզո» մականունով։ Ինչպես հաղորդում է «Криминальная Россия» ինտերնետային կայքը, 44-ամյա Ղազարյանը ձերբակալվել էր Երևանում 2009-ի ապրիլի 7-ին` ԱՄՆ-ից վերադառնալուց հետո։ «Օպերատիվ տվյալների համաձայն,- գրում է «Криминальная Россия»-ն,- «Պզոն» կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար է, որն զբաղվել է զենքի, թանկարժեք քարերի և հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառությամբ, թմրամիջոցների մաքսանենգությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու շորթումներով»։ Այսօր Նյու Յորքում հրապարակված մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ Ղազարյանն ԱՄՆ է գաղթել 1996 թվականին և այստեղ գտնվել է փախստականի կարգավիճակով, «չնայած նա կանոնավորապես մեկնել է Հայաստան ու Ադրբեջան»։ Ջենիս Ֆեդարչիկի փոխանցմամբ` Ղազարյանը դարձել է 1995-ին այստեղ ձերբակալված Վյաչեսլավ Իվանկովից (այս տարի սպանվեց Մոսկվայում) հետո ԱՄՆ-ում ձերբակալված առաջին եվրասիական օրենքով գողը և առաջին օրենքով գողը, որին ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց համար քրեական և քաղաքացիական-իրավական խիստ պատիժներ նախատեսող օրենքի շրջանակներում։ Բացի այդ, հայկական հանցավոր խմբավորման գործունեությունն անմիջականորեն ղեկավարել են Դավիթ Միրզոյանը` Լոս Անջելեսում, և Ռոբերտ Թերջանյանը` Նյու Յորքում։ «Միրզոյան-Թերջանյան կազմակերպությունը», ինչպես այն անվանում են մեղադրական եզրակացության մեջ, զբաղվել է խարդախությամբ, ռեկետով, անձնական տվյալների գողությամբ, կանխավճարման քարտերի կեղծմամբ, փողերի լվացմամբ, թմրամիջոցների վաճառքով, շորթումներով, ծխախոտի և անգամ կեղծված «վիագրայի» անօրինական տարածմամբ։ Մեղադրական փաստաթղթերում ասվում է նաև, որ հանցագործները մոլորության մեջ են գցել ԱՄՆ-ի ներգաղթի ծառայություններին և օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների միջոցով այնպես դասավորել, որ այդ կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված անձանց, դրանով ամերիկյան իշխանություններին զրկելով նրանց հայրենիք արտաքսելու հնարավորությունից։
Դատախազ Բհարարան հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Հայաստանի կամ այլ երկրների իրավապահ մարմիններն արդյոք ամերիկյան իշխանություններին աջակցե՞լ են այդ գործի հետաքննության ընթացքում։ Հետաքննությունը տևել է մոտ մեկ տարի, մինչդեռ, դատախազության տվյալներով, հայկական մաֆիան ԱՄՆ-ում ձևավորվել է առնվազն չորս տարի առաջ։
Հետաքննության ընթացքում բացահայտված փաստերը կարող էին «դրվել մի հիանալի կինոնկարի սցենարի հիմքում,- ասել է դատախազ Բհարարան,- բայց սա կինո չէ։ Սա իրողություն է, որին մենք բախվել ենք և մեր ունեցած բոլոր ռեսուրսներն ու մեզ մատչելի բոլոր միջոցներն օգտագործում ենք` պատասխանատվության ենթարկելու այդ ենթադրյալ միջազգային գանգստերներին։ Այսօր առաջադրված մեղադրանքները պետք է համոզիչ ահազանգ դառնան նրանց համար, ովքեր հարստություն են դիզում առողջապահության ամերիկյան համակարգի հաշվին և յուրացնում ամերիկացի հարկատուների փողերը, որոնք նախատեսված են ծերերի համար։ Դուք կպատժվեք ձեր հանցանքների համար»։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ