«Հեղափոխություն չի նշանակում բռնություն, այլ իրերի դրվածքի կտրուկ փոփոխություն։ Մեզ մոտ հեղափոխությունը խառնում են իշխանափոխության հետ, մինչդեռ կարող է լինել իշխանափոխություն, բայց դա հեղափոխության չբերի, անգամ ոչ մի փոփոխության»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, նոր` «Հայաստան. ո՞րն է ելքը. հեղափոխությո՞ւն, թե՞ հեղափոխական տրանսֆորմացիա» խորագրի շրջանակում, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, հընթացս նշելով, թե 88-ից ի վեր Հայաստանում իրականացվել է երկու հեղափոխություն։ Քաղաքական գործչի համոզմամբ` առավել էականը 2003-2005-ին էր, որը կարելի է որակել որպես հակահեղափոխություն։ «Այդ թվականներին կատարվեց այն, ինչը մեզ հասցրեց այսօրվա վիճակին։ Կատարվեց օլիգարխիկ հեղափոխություն։ Հայաստանը ոչ միայն անցավ օլիգարխիկ կառավարմանը, այլև օլիգարխիկ հասարակության ձևին։ Այսինքն, արժեհամակարգը լրիվ փոխվեց։ Ըստ էության, սրանով գործի դրվեց երկրի ինքնաոչնչացման ծրագիրը»,- նշեց բանախոսը, շեշտելով, որ երկրի տնտեսությունը բաժանվեց մի քանի հարուստների միջև։ «Երկիրը դիտվեց մի ֆիրմա, որը տրվել է որոշ մարդկանց հարստանալու համար։ Այս մեխանիզմը սկսեց ոչնչացնել տնտեսությունը»։
Պետության «ոչնչացման» հաջորդ գործոնը, Աշոտ Մանուչարյանի հավաստմամբ, պետական համակարգի անցումն էր տնտեսավարող սուբյեկտներին։ «Պետական ամեն մի ծառայող վերածվում է գործիքի` այս կամ այն մարդու համար եկամուտ ապահովելու համար, այսինքն, պետությունն իր վերահսկողական ֆունկցիան կորցնում է»,- ասաց նա` արձանագրելով այդ տարիների ևս մի «ոչնչացում»` կրթություն-գիտություն-արդյունաբերություն եռամիասնության փլուզումը։ Մինչ այսօր, բանախոսի կարծիքով, այս «ծրագիրը» շարունակվում է։
Առկա իրավիճակում քաղաքական գործիչը երկու ելք է նախանշում` հեղափոխություն և հեղափոխական տրանսֆորմացիա։ Ընտրությունը մեր ձեռքում է, ու մենք պիտի տնօրինենք մեր ճակատագիրը։ «Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ երկրում ցանկացած պահի հնարավոր է ցանկացած փոփոխություն։ Օրինակ, Ղարաբաղում ֆորսմաժոր չունեցանք, որովհետև Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշակի էր։ Դրա փոփոխության դեպքում հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ` անկանխատեսելի հետևանքներով»,- նախընտրական շրջանում ֆորսմաժորային իրավիճակի հավանականությունը այսպես մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի ազդեցությանը։
«Այն գնահատականները, թե իբր այստեղ Ռուսաստանի անծայրածիր իշխանություն է, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Ռուսաստանն ունի իր դիրքերը, մեծ հնարավորությունները, բայց Արևմուտքի ազդեցությունն այստեղ ավելի մեծ է ու սրընթաց աճում է։ Ռուսաստանը շարունակում է պարտվել։ Քաղաքական տեխնոլոգիաների կիրառման առումով Ռուսաստանը բավականին «դմբո» է։ Մարտի 1-ի արդյունքներից լրիվ օգտվեց Արևմուտքը, Ռուսաստանն ունեցավ միայն կորուստներ, թեև մարտի 1-ի արտաքին պատասխանատուն Ռուսաստանն է։ Ռուսաստանը կատարում է «մալչիկ դլյա բիտյա» դերը։ Այս տարածքում բավականին անգրագետ է գործում Ռուսաստանը։ Ի դեպ, Չինաստանը ևս սկսում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում։ Ի՞նչ հետևանքների կբերի նոր գերտերության առկայությունը, որը միայնակ չէ, այլ իր դաշնակից Իրանի հետ, պետք է միայն պատկերացնել։ Մենք մեր ճակատագիրը չենք ուզում տնօրինել։ Արտահերթ, թե հերթական ընտրությունները պետք է միայն մենք կազմակերպենք»,- հավաստիացրեց բանախոսը` այս իրավիճակում մեծ անելիքներ ակնկալելով ոչ թե քաղաքական ուժերից, այլ քաղաքացիական հասարակարգից։
Սակայն քաղաքական գործիչն ամենից առաջ կարևորում է այն մտավորականների դերը, ովքեր ո՛չ ընդդիմությունում են, ո՛չ էլ իշխանությունում, ինչպես նաև երիտասարդների ներուժի օգտագործումը, որոնք դեռևս չեն ուզում երկրի պատասխանատվությունն իրենց ուսերին վերցնել։ ՈՒստի, ըստ Աշոտ Մանուչարյանի, հարկավոր է նրանց «բուդդիստական ապտակով» ոտքի հանել։
«Այսօրվա ընդդիմության որակը որոշվելու է այն երիտասարդներով ու մտավորականներով, ովքեր այդ կառույցում առկա են։ Եթե այս երկու խմբերը նրանց մեջ որակ կազմեն, իրոք, հնարավորություն կունենան հեղափոխություն անելու։ Իսկ զուտ քաղաքական հատվածի որակները դրական հեղափոխության վստահություն չեն ստեղծում»,- ընդգծեց նա։
Ակումբի հյուրը հիշեց աստվածաշնչյան ճշմարտությունը. «Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը` Աստծո արքայություն»։ Առիթը լրագրողների հետաքրքրությունն էր` Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ վերջին զարգացումների առնչությամբ։ «Հայաստանում ինչ կատարվում է, մենք դրա տերը չենք։ Այստեղ անպայման արտաքին գործոնը ներկա է։ Այն բոլոր օլիգարխները, ովքեր երազում են 2012-ին հայտնվել խորհրդարանում, կարող են հայտնվել նաև բանտում։ Չեմ կարծում, որ Արևմուտքը Հայաստանի համար մտածում է Վրաստանից տարբերվող մի վիճակ»,- ասաց Մանուչարյանը, արձանագրելով, որ նոր խորհրդարանում այսօրվա օլիգարխների համար տեղ չի լինելու, քանի որ նոր Ազգային ժողովը ձևավորվելու է Արևմուտքի ազդեցությամբ։ Անհեթեթություն համարելով այսօրվանից կանխատեսել ապագա խորհրդարանի կազմը` քաղաքական գործիչը նկատեց, որ դեռևս հայտնի չէ` տրանսֆորմացիան ինչ արդյունքի կհանգեցնի 2012-ին։ Այդուհանդերձ, համադրելով իշխանության թևից հնչող տեսակետները, ակումբի հյուրը վստահեցրեց, որ ամեն դեպքում խորհրդարանում կլինեն երիտասարդացված ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, բայց դեռ հարց է` ինչպիսի՞ «Օրինաց երկիր» կլինի։
Այս պարագայում արդյոք օլիգարխներն իշխանության դեմ դուրս չե՞ն գա` հարցրին լրագրողները, և Մանուչարյանը Բերեզովսկու ու Խոդորկովսկու օրինակները բերեց, որոնցից մեկը փախուստի մեջ է, մյուսը` բանտում։ «Երբ օլիգարխը խնդիր է ունենում պետության հետ, դեմ է դուրս գալիս պետությանը, հայտնվում է շատ ծանր իրավիճակում»,- ամփոփեց քաղաքական գործիչը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ