ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԱՅԴ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԹՂԹԵՐԸ` ԴԵՐԻՎԱՏԻՎՆԵՐԸ

ԱՅԴ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԹՂԹԵՐԸ` ԴԵՐԻՎԱՏԻՎՆԵՐԸ
18.06.2010 | 00:00

Տնտեսական ներկա ճգնաժամի պատճառների շուրջ դատողություններով ու խորհրդածություններով լեցուն են թերթերն ու ամսագրերը։ Դրանց մեծ մասը, որպես ճգնաժամի թիվ մեկ մեղավոր, մատնացույց է անում ԱՄՆ-ի հիպոթեքային շուկան։ Առավել «առաջացած» հրապարակումներում շատ է խոսվում նաև ոչնչով չապահովված դոլարի անվերջանալի էմիսիայի մասին։ Այն իմաստով, թե հենց դոլարն ու դրա էմիսիան էլ տնտեսական փլուզման բուն պատճառն են։ Բայց դոլարը դրա պատճառը չէ, այլ հետևանքը։ Իրական պատճառը «Դաշնային պահուստի համակարգն է»։ Համաձայնեք` ամերիկյան նախագահների դիմանկարներով կանաչավուն թղթերն իրենք իրենց չեն տպվում, ինչ-որ մեկը որոշում է, չէ՞, թե երբ ու որքան է պետք թողարկել դրանք։ ՈՒ հենց այդ բարի քեռիներն էլ դրոշմել են չափ ու սահման չունեցող դոլարներ` դրանով իսկ դժվար կացության մեջ դնելով աշխարհի բոլոր երկրների տնտեսությունները։
Բոլորիս քաջ ծանոթ «ինֆլյացիա» բառն ու հասկացությունը, պարզվում է, մշտապես գոյություն չի ունեցել։ Հին, բարի ժամանակներում ինֆլյացիա չի եղել։ Այն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ աշխարհի տնտեսական համակարգն ստացել է այսօր մեզ հայտնի տեսքը, այսինքն, երբ փողն սկսել են տպել «հենց այնպես»։ 18-րդ դարից սկսած մինչև Առաջին աշխարհամարտն ԱՄՆ-ում և եվրոպական երկրների մեծ մասում գները գործնականում չեն փոխվել։ 1870-ից մինչև 1913 թվականն ԱՄՆ-ում կյանքը թանկացել է տարին ընդամենը 0,2 տոկոսով։ Պատճառն այն է, որ գները սահմանվում էին «ոսկե» և «արծաթե» փողերով։ Ասենք, կովը կամ ձին 100 կամ 200 տարի շարունակ արժեցել են որոշակի քանակի թանկարժեք մետաղ` եվրոպական միապետների կիսադեմերով։ Այսօր էլ դրանք նույնքան արժեն։ Պատահական չէ, որ կարդալով ռուս գրականության դասականների գործերը, զարմանքից պապանձվում ենք, տեղեկանալով Մոսկվայում կամ Պետերբուրգում մթերքի, խմիչքի կամ վարձով տրվող բնակարանների գներին. դրանք կոպեկներ արժեին։
1913-ին, երբ հիմնվեց պահուստային համակարգը, ԱՄՆ-ի մեկ բնակչին ընկնող դրամի չափը 148 դոլար էր։ 1978-ին այն հասել էր արդեն 3691 դոլարի։ Եթե 1913-ի դոլարի արժեքն ընդունենք որպես միավոր, ապա 1978-ին այն մոտ 12 ցենտ էր, իսկ 2006-ին սպառողական գները ԱՄՆ-ում գրեթե 15 անգամ ավելի էին, քան 1939-ին։ Այսպիսով, հարյուրամյակներ շարունակ գները մնացել են անսասան, ոչ մի ինֆլյացիա չի եղել։ Փոխարենը, ԴՊՀ-ի ստեղծման հետ ծնունդ առած ինֆլյացիան հետագա բոլոր տասնամյակներում այլևս չի վերացել։ Հակառակը, այն գնալով վերածվել է առավել լուրջ տնտեսական գործոնի։ Երբեմն այն վտանգել է անգամ մի ամբողջ շարք պետությունների գոյությունը։ Եվ խոսքն ամենևին էլ Խորհրդային Միության մասին չէ։ 1971-ին ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը պետական վերահսկողություն սահմանեց աշխատավարձերի և գների վրա։ Այսօր այդ մասին հիշել չեն սիրում։ Սակայն այն ժամանակ ԱՄՆ-ի տնտեսությունն իսկապես էլ գտնվում էր այն աստիճան աղետալի վիճակում, որ ստիպված էին կիրառել միանգամայն «սոցիալիստական» միջոցառումներ։ Հարց է առաջանում` ինչո՞ւ ինֆլյացիան առաջացավ ու սկսեց ահագնանալ հենց միայն ԴՊՀ-ի լույս աշխարհ գալուց հետո։ Այն պարզ պատճառով, որ դոլարը շատ արագ վերածվեց համաշխարհային արժույթի, և ամերիկյան տնտեսության ներքին խնդիրները դարձան բոլորի համընդհանուր սեփականությունը։
«Որպեսզի բարձրացնեն գները, ԴՊՀ-ից պահանջվում է ընդամենն իջեցնել տոկոսադրույքը։ Դրա հետևանքով տնտեսության մեջ ներարկվում են մեծ քանակությամբ ներդրումային միջոցներ, և ֆոնդային շուկան վերելք է ապրում։ Այնուհետև, երբ գործարարներն արդեն ընտելանում են նման պայմաններին, Դաշնային պահուստը կարող է ամեն պահի ընդհատել նրանց թվացյալ բարգավաճումը` անսպասելիորեն բարձրացնելով տոկոսադրույքի չափը։ Որպես լծակ կիրառելով տոկոսադրույքների փոփոխման քաղաքականությունը, այն կարող է շուկան ճոճել հետ ու առաջ կամ էլ լուրջ փոփոխություններ առաջացնել տնտեսության մեջ` դրանց կտրուկ բարձրացմամբ։ Ամեն դեպքում ԴՊՀ-ն տիրապետում է ֆինանսական քաղաքականության մեջ գալիք փոփոխություններին վերաբերող ներքին ինֆորմացիային և նախապես է տեղյակ ֆինանսական իրավիճակի ինչպես դրական, այնպես էլ բացասական տատանումներին»,- այդ կազմակերպության գործողությունների մասին ասում էր կոնգրեսական Չարլզ Լինդբերգը, որը ժամանակին ԴՊՀ-ի ստեղծման ամենակատաղի հակառակորդներից էր։
Իր «Տնտեսական աքցան» գրքում, որը լույս է տեսել դեռևս 1921-ին, նա նշել է այն երեք սկզբունքները, համաձայն որոնց ԴՊՀ-ն հարուցում է տնտեսական ճգնաժամեր։ Դրանք համապարփակ սկզբունքներ են` այստեղ թվարկվելու արժանի.
1) հնարավոր բոլոր միջոցներով փողի զանգվածի ավելացում (ինչքան շատ, այնքան լավ),
2) վարկային իրարանցման հարուցում, բնակչության և բիզնեսի խրախուսում վարկեր վերցնելու համար (ինչքան շատ, այնքան լավ),
3) փողի զանգվածի կտրուկ պակասեցում` պարտքերը վերադարձնելու պահանջի հետ համատեղ։
Նույնիսկ ամենաանուղղելի թերահավատն այս և 2008-2009 թթ. նախորդած իրադարձությունների միջև կգտնի հայելային նմանություններ։ Եկեք վերհիշենք հիպոթեքային ճգնաժամն ԱՄՆ-ում։ Որպեսզի այն իրականություն դառնար, սկզբում պետք է սկսվեր ներդրումային իրարանցում, իսկ անշարժ գույքի գները սրընթաց աճ արձանագրեին։ Իրարանցում առաջ բերելու համար ԴՊՀ-ն, ճիշտ և ճիշտ իրեն այդքան ատող անձնավորության դեղատոմսի համաձայն, իջեցրեց բանկային տոկոսադրույքները. 2001-ի 6 տոկոսի փոխարեն այն 2003-ին իջավ մինչև 1 տոկոս։ Միայն 2005-ի ընթացքում ամերիկացիները 750 մլրդ դոլարի վարկեր վերցրին։ ԱՄՆ-ի ազգաբնակչությունը, ինչպես և 1930-ական թվականներին, հաճույքով կուլ էր տալիս հեշտ փողեր աշխատելու խայծը։ 2005-ի սեպտեմբերի երկրորդ կեսից ԴՊՀ-ն սկսեց բարձրացնել տոկոսադրույքները։ 2006-ին այն հասավ 5 տոկոսի։ Այսինքն, ԱՄՆ-ում ծածուկ կերպով սկսում էին հող նախապատրաստել հետագա ճգնաժամի համար։ Դրա լիակատար պատրաստության համար հարկ եղավ մի քանի տարի։ Ամեն ինչ պետք է սկսվեր մանրուքներից, սահուն կերպով շարժվելով դեպի այն սահմանագիծը, որտեղից արդեն ճգնաժամին պետք է տրվեր վերջնական փուլ անցնելու ազդանշան։
Սակայն մեծապես թերագնահատած կլինեինք ԴՊՀ-ի սեփականատերերի մտավոր ընդունակությունները և խորապես կխոցեինք նրանց ինքնասիրությունը, եթե նրանց տնօրինած ֆինանսական լծակների ողջ զինանոցը հանգեցնեինք միայն բանկային տոկոսադրույքների ծորակի բացմանը կամ փակմանը։ Նրանք իրապես ընդունակ են շատ ավելիին։ Այն վիրտուալ ֆինանսական բուրգը կամ լաբիրինթոսը, որ նրանք արմատավորել են ամերիկյան իրականության մեջ, ավելի հեռու է կյանքից, քան նույնիսկ Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթում ծավալվող իրադարձությունները։ Նրանք ելնում են այն կանխադրույթից, որ 20-րդ, առավել ևս 21-րդ դարում միայն ապուշներն ու հնամենի տգետներն են դրամ ներդնում այնպիսի մի հետամնաց ոլորտում, ինչպիսին իրական նյութական արժեքներ արարող արտադրությունն է։ Իրական փողեր կարելի է աշխատել միայն այնտեղ` վիրտուալ ֆինանսների հրաշքներով լեցուն աշխարհում։ Եվ այդ ամենը պտտվում է մի առանցքի շուրջը, որը կրում է քիչ հասկանալի «դերիվատիվներ» անունը։ Այդ թղթերին մի առանձնակի գորովանքով էր վերաբերվում հանրահայտ, անգամ հռչակավոր Ալան Գրինսպենը, որը 19 տարի շարունակ` 1987-ից մինչև 2006-ը, գլխավորել է ԴՊՀ-ն։ Նա դրանք անվանում էր «նոր եզակի միջոց վարկային շուկայում իրացվելիության բարձրացման համար», «արդյունավետ գործիք ռիսկային մենեջմենթի համար», «ռիսկերի կախարդական զատիչ», «լրացուցիչ ֆինանսավորման հուսալի աղբյուր»։
Իսկ, այ, ԱՄՆ-ում հրատարակվող «Էկոնոմիստ» ամսագիրն իր 1994-ի մայիսի 14-20-ի համարում խորհրդանշորեն ներկայացնելով այն հիմնական սպառնալիքները, որոնք ապագայում սպասում են արևմտյան տնտեսությանը, որպես ամենամեծ վտանգ նշել է հենց դերիվատիվները։ Դրանք պատկերված են դիվային, մահաբեր հրեշի տեսքով, ինչպես առասպելական արքայօձը, որը կարող է սպանել ընդամենը հայացք նետելով։
Ի վերջո, ի՞նչ են դերիվատիվները։ Դրանք ոչ իրական, վիրտուալ արժեքներ են, որոնք շուկայում շրջանառվում են արտադրության ստեղծած իրական արժեքների հետ համահավասար։ Դերիվատիվները շատ բարդ ֆինանսական գործիքներ են, որոնք իրենց արժեքն ստանում են իրենց հիմքում ընկած այլ արժեքներից` լինեն դրանք ձեռնարկության բաժնետոմսեր, բանկային տոկոսադրույքներ, թե մուրհակների կամ արտարժույթի կուրսեր, որոնք որևէ անմիջական կապ չունեն իրական արտադրության հետ։ Դրանց բառացի թարգմանությունը շատ համահունչ է նրանց բուն էությանը` «ածանցյալներ»։ Եվ ժամանակակից ամերիկյան տնտեսության մեջ հենց դերիվատիվներն են ֆինանսական խարդախ գործարքներ իրականացնելու հիմք ծառայում։ 2008-ի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում դերիվատիվների արժեքը 16,4 տրիլիոն դոլար էր, իսկ ողջ աշխարհում` 58 տրիլիոն։ Թեև ընդամենը երկու տարի առաջ դրանց արժեքը ողջ աշխարհում գնահատվում էր 20 տրիլիոն, իսկ 2004-ին` 6 տրիլիոն դոլար։ Ինչպես տեսնում եք, աճը վիթխարի է։ Սակայն այն ավելի առարկայական պատկերացնելու համար դիտարկենք համեմատության մեջ։ 2007-ին ԱՄՆ-ի ներքին համախառն արդյունքը հավասար էր 13,8 տրիլիոն դոլարի, իսկ ողջ աշխարհի համանման ցուցանիշը 54,3 տրիլիոն դոլար էր։ Ամերիկյան «հիպոթեքայինների» պարտքերը խղճուկ գրոշներ են թվում այն հսկայական գումարների համեմատ, որոնք մեկը մյուսին էին վաճառել ու վերավաճառել ամերիկյան ֆինանսիստները, աստիճանաբար այդ սարդոստայն ներքաշելով մնացած ողջ աշխարհը։ Ստացվել է հրաշքներով լի մի իրավիճակ. դու վաճառել ես ինձ մի թուղթ, ըստ որի, իմ «դերիվատիվների» շուրջ ծագած խնդիրների դեպքում վճարում ես դու, ես վաճառել եմ քեզ համանման մի արժեթուղթ, որ քո թղթերի հետ ծագած նմանատիպ խնդիրների դեպքում վճարեմ ես։ ՈՒ քանի որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները բազմիցս առել ու ծախել էին այդ թղթերը, բոլորի խնդիրները ծագեցին միաժամանակ։
Սկսվեց բորսային տենդը, բայց դա դեռևս ճգնաժամ չէր։ Այն կարելի էր հաղթահարել սովորական ճանապարհով, որով ֆինանսիստները միշտ լուծում են իրենց խնդիրները` վարկեր վերցնելով։ Բայց հենց այդ պահին ԴՊՀ-ն փակեց ծորակը։ Ինչպե՞ս դա արեց։ Շատ պարզ, քանի որ դաշնային պահուստը վարկեր է տրամադրում, այսպես կոչված, «դիսկոնտային պատուհանի» միջոցով (դա մի մեխանիզմ է, որը կոմերցիոն բանկերին և ներդրումային ընկերություններին հնարավորություն է ընձեռում պարտք վերցնելու անմիջականորեն ԴՊՀ-ից- Ռ. Ա.)։ Ընդ որում, ԴՊՀ-ն միայնակ է որոշում` ում տալ փող, ում` ոչ։ «Յուրային» բանկերն ստացան գումարներ, մնացածների խնդրանքները մերժվեցին։ Կրկին, ինչպես և Մեծ ճգնաժամի տարիներին, ստեղծվեց մի իրավիճակ, երբ պարտք վերցնել հնարավոր չէր, իսկ պարտքերը պետք էր վերադարձնել։ Միայն այս անգամ ոչ թե մասնավոր ներդրողները, այլ բանկային հսկաները նետվեցին վաճառելու իրենց տնօրինած ակտիվները։
Կարո՞ղ էր, արդյոք, ամերիկյան պետությունն ինքը ստեղծել մի իրավիճակ, որը սպառնում էր փլուզել երկրի տնտեսությունը։ Չարժե գլուխ կոտրել այս հարցի վրա, քանզի ամերիկյան պետությունն այստեղ ոչ մի դեր չի խաղում։ Միացյալ Նահանգներում այնպիսի եզակի տնտեսական համակարգ է կերտված, որ պետությունը լոկ կողմնակի դիտորդ է, և ամենևին էլ` ո՛չ խաղի մասնակից։ Այն վաղուց արդեն «սեփականաշնորհված է» և շատ օրինակելի վարք է դրսևորում` ոչ մի բանով չխանգարելով ԱՄՆ-ի իրական տերերին։
ԴՊՀ-ն կառավարությունից անկախ կազմակերպություն է։
Ֆինանսական հաշվառման ստանդարտների խորհուրդը նույնպիսի անկախ կառույց է։
Իսկ պետությունը, ամերիկյան նախագահները, սենատորներն ու կոնգրեսականներն այդ ամենը, ասես, չեն էլ նկատում։
Եվ դուք դեռ հավատո՞ւմ եք, թե ճգնաժամը ծագեց ինքն իրեն։
Ժամն է խոսելու նաև այն մասին, թե ինչ նպատակով կազմակերպեցին այն այս անգամ։ Սակայն դա կանենք կարճատև դադարից հետո, քանի որ հաջորդ հոդվածում, ինչպես խոստացել էի, կանդրադառնամ ԱՄՆ-ի պետական պարտքի առաջացման պատճառներին։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ