Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ԵՐԲ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ՉԿԱ

ԵՐԲ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ՉԿԱ
23.11.2010 | 00:00

Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում նոր մրցաշրջանում Երևանի «Հատիս» թիմի բասկետբոլիստուհիների մրցելույթներին Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Փաստորեն, թիմը լեգեոնականներ է հրավիրում միայն այդ ստուգատեսին մասնակցելու համար, իրականում, հայկական բասկետբոլի հետ այն ոչ մի առնչություն չունի: Մասնավորապես, մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» ակումբի հետ վերջին խաղի ժամանակ մեր թիմի կազմում հայտավորված 12 խաղացողներից չորսը հայեր էին, սակայն նրանցից Աննա Բաղդոյանը, Հասմիկ Միքայելյանը, Անի Պետրոսյանն այդպես էլ խաղահրապարակ դուրս չեկան, իսկ Քրիստինե Քեփենեկյանը թեև մասնակցեց խաղին, սակայն նա օվկիանոսի այն կողմից է եկել խաղալու: Այսինքն, մեր թիմը հիմնականում հրավիրված, բարձր վճարվող բասկետբոլիստուհիներից է կազմված, սակայն եվրոպական ստուգատեսում անցկացրած երեք խաղում էլ պարտվել է, ընդ որում, երկու անգամ անհաջողությունն արձանագրվել է մեր խաղահրապարակում: Ի դեպ, այս մրցաշրջանում բասկետբոլի սիրահարներին անակնկալ էր սպասում, պահանջվում էր տոմսերի համար վճարել: Մասնավորապես, Նովոսիբիրսկի հետ խաղի տոմսերն արժեին 2-5 հազար դրամ, և դժվար է ասել, թե դա որքանով էր մատչելի մարզասերներին։ Հավանաբար, կոմերցիոն նպատակով լրագրողներին այս անգամ էլ ամենավատ տեղերն էին տրամադրել: Այդ հատվածը գտնվում է խաղահրապարակից դուրս, և շատ վատ է երևում, թե ինչ է կատարվում հանդիպման ժամանակ: Բացի այդ, լրագրողներն աշխատում են համակարգիչների օգնությամբ, և պայմաններ չկան, որ նրանք անձնական համակարգիչները գործի դնեն, էլ չենք խոսում էլեկտրական վարդակների բացակայության մասին: Կարճ ասած, «Մամուլի օթյակ» հասկացությունը գոյություն չունի, ավելի շուտ ձևական է, լրագրողները նստում են հանդիսականների կողքին, իսկ այդպիսի պայմաններում դժվար է աշխատելը: Ցավալին այն է, որ «Հատիսն» այս մրցաշրջանում եվրոպական ստուգատեսում ոչնչով չուրախացրեց, մինչդեռ շատ է խոսվել այն մասին, որ աստեղային թիմ է ստեղծվում, առանց ֆինանսներ խնայելու հրավիրվել են բարձրակարգ բասկետբոլիստուհիներ: Սակայն արդյունքներն այլ բան են վկայում: Վերջին հանդիպմանը նախորդած երկու խաղերից հետո թվում էր, թե հետևություն արվել է: Մասնավորապես, հայկական ակումբ էին հրավիրվել Հորվաթիան ներկայացնող բասկետբոլիստուհի Իվանա Պոդրուգը և ամերիկուհի Օլիմպիա Սքոթը: Մեր թիմի խաղը վառ տպավորություն չթողեց, թեև հանդիպումը լարված էր: Ի դեպ, մրցակիցն արդեն ապահովել էր հաջորդ փուլում հանդես գալու իրավունքը և Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել ընդամենը 10 խաղացողով, ընդ որում` առանց 4 փորձառուների: Նրանց փոխարեն խաղահրապարակում իրենց կարողությունները փորձեցին երիտասարդները, և անգամ այդ կազմով թիմը հաղթեց «Հատիսին»:
Իսկ ի՞նչ կարծիքի են երկու թիմերի գլխավոր մարզիչները:
ԲՈՐԻՍ ՍՈԿՈԼՈՎՍԿԻ («Դինամո-ԳՈՒՎԴ»)- Չեմ կարող շնորհավորել տանտերերի թիմին հաղթանակի կապակցությամբ, բայց կարող եմ շնորհավորել այն բանի համար, որ մեր հակառակորդը շատ մարտունակ էր, լավ խաղ ցուցադրեց: «Հատիսը» հանդիպման ընթացքում պարտվում էր 22 միավորի տարբերությամբ, բայց խաղացողները չընկճվեցին ու կարողացան հավասարեցնել հաշիվը, նույնիսկ առաջ անցնել: Իսկ ընդհանուր հաջողությանը խանգարեցին հիմնախնդիրները: Թիմում հրավիրված խաղացողներ կան, որոնք այդպես էլ չէին հասցրել մերվել կոլեկտիվին: Մասնավորապես, ուժեղ խաղացող է Օլիմպիա Սքոթը: Բարձրակարգ են նաև օտարերկրացի մյուս խաղացողները: Մենք էլ ունենք լեգեոնականներ, և հիմնականում նրանց` Աննա Դաբովիչի, Շինա Մոշի դիպուկ նետումների շնորհիվ հաջողվեց կորզել հաղթանակը: Ռուսական բասկետբոլի հիմնախնդիրն այն է, որ մեր թիմում նույնպես եղանակ ստեղծողը տարբեր երկրներից հրավիրված խաղացողներն են: Կարծում եմ, որ «Հատիսի» կազմում նույնպես արդարացված է լեգեոնականների առկայությունը։ Բարձրակարգ խաղացողներ կան, ովքեր հանդիսականներին գրավում են իրենց խաղով, տրամադրում, որ նրանք մարզասրահ այցելեն: «Հատիսը» լավ թիմ է, սակայն զգացվում է մրցաշարերի մասնակցելու փորձի պակասը։ Եթե Ռուսաստանի կանանց բաց առաջնություն անցկացվեր, և «Հատիսը» մասնակցեր դրան, ապա շատ ավելի լավ կխաղար Եվրագավաթի խաղարկությունում։
ԳԻԱ ՂԱԶԱՆՉՅԱՆ («Հատիս»)- Սա այս մրցաշրջանի մեր ամենալավ խաղն էր, թեև պարտվեցինք: Պատճառն այն է, որ մեր թիմի կազմում չգտնվեցին այնպիսի խաղացողներ, ովքեր կարողանային չեզոքացնել մրցակցի էքստրա կարգի բասկետբոլիստուհիներ Շինա Մոշի և Աննա Դաբովիչի գրոհները, որոնք միասին 68 միավոր վաստակեցին: Այս խաղում էլ մեր բասկետբոլիստուհիների 3-միավորանոց նետումները ցածր արդյունավետություն ունեին, նպատակին չէին հասնում: Մեր թիմը չնչին հնարավորություն ունի խմբից դուրս գալու, սակայն այդպիսի հեռանկար կա, քանի որ այս փուլում մի քանի թիմեր ավելի անհաջող են հանդես գալիս: Բոլոր խմբերից պայքարը շարունակելու է 32 ակումբ: Ներկայումս մենք 32-րդ ենք: Իսկ հույսը մնում է այն, որ նոյեմբերի 25-ին Իսրայելում լավ խաղանք տեղի «Էլիցուրի» հետ և առավելության հասնենք:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ