ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԿՐԿԻՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԿՐԿԻՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ
05.11.2010 | 00:00

Մարզական ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, և ցավալին այն է, որ Հայաստանում դրանց մի մասը կայացած չի կարելի համարել: Հետևաբար, լուրջ աշխատանքի, առավել ևս մրցումներում տվյալ մարզաձևերի ներկայացուցիչների ցույց տված արդյունքների գոհացնող լինելու մասին խոսք լինել չի կարող:
Մարզական որոշ ֆեդերացիաների նախագահները տևական ժամանակ չեն անցկացնում կազմակերպության նախագահության նիստեր, չենք ասում համաժողովների մասին: Նույնիսկ ֆեդերացիաներից շատերը չունեն իրենց շտաբ-բնակարանները: Սակայն այս ամենը խոսակցության այլ թեմա է: Մինչդեռ Հայաստանում կան նաև ֆեդերացիաներ, որոնք գործում են արդյունավետորեն, իսկ դրանց աշխատանքային փորձն արժանի է ընդօրինակման: Մասնավորապես, այս առումով առանձնանում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, որի նախագահը ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, Հայաստանի հանդբոլի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանն է: Մարզասերները տեղյակ են, որ այս կազմակերպությունը հետևողականորեն ձգտում է այնպես անել, որ Հայաստանի պատիվը պաշտպանեն նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները: Ավելի սուր մրցակցություն է առաջանում տարբեր տարիքի հավաքականներում տեղ գրավելու համար: Արդյունքում` Հայաստանի հավաքականներն ավելի ուժեղ կազմերով են ներկայանում հեղինակավոր ստուգատեսներին: Ֆեդերացիան պարբերաբար նախագահության նիստեր է հրավիրում, լսում կազմակերպության տարբեր հանձնաժողովների հաշվետվությունները: Իսկ այդպիսի հետևողականությունը չի կարող չծառայել նպատակին, չնպաստել առաջընթացին: Իսկ մի շարք հարցերի հետաքրքիր լուծումները հենց քննարկումների արդյունքում են ծնվում:
ՈՒշագրավ է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության արտագնա նիստն անցկացվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Առաջիկայում ևս մեր հանրապետության տարբեր մարզերում նախատեսվում են նման միջոցառումներ: Իսկ նպատակը մեկն է` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հայացքներն ուղղել հանդբոլին, անել հնարավորը, որպեսզի այս մարզաձևի զարգացմանն առավել ուշադրություն դարձվի: Առանց դրա հնարավոր չէ, որ այն մասսայականություն ստանա: Ի դեպ, չորս մարզերի` Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի փոխմարզպետները ոչ միայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ են, այլև իրենց մարզերի հանդբոլի ֆեդերացիաներն են գլխավորում, այդ կազմակերպությունների նախագահներն են:
Եվ ահա Հրազդանում, նախքան նիստի սկսվելը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին ընդունեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ներկա էր նաև Կոտայքի փոխմարզպետ, Կոտայքի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վալերի Բակլաջյանը: Զրույցի ընթացքում քննարկվեց, թե առաջիկայում ինչ կարելի է անել Կոտայքի մարզում հանդբոլն է՛լ ավելի աշխուժացնելու համար: Մարզպետը խոստացավ աջակցել: Իսկ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստն ընթացավ գործնական մթնոլորտում, շոշափվեցին մի շարք խնդիրներ, դրանց լուծման համար գործնական առաջարկներ կատարվեցին, նաև կազմակերպական հարցեր քննարկվեցին:
Նախ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն անդրադարձավ բոլոր այն մրցաշարերին, որոնք կազմակերպվել են ընթացիկ տարում: Տեղեկացվեց, որ ամեն բան արվել է բարձր մակարդակով: Հաշվետվություն տրվեց նաև Վանաձորում սեպտեմբերին կազմակերպված Հայաստանի վարչապետի գավաթի երկրորդ խաղարկության միջազգային մրցաշարի մասին: Բանախոսն ընդգծեց, որ այն հավուր պատշաճի է անցկացվել, և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել այդ գործում: Նշվեց, որ առաջիկայում Երևանում մեկնարկելու է Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնությունը: Ստուգատեսը կարևոր է, քանի որ հաջորդ տարի մեր երկրի այդ տարիքի հանդբոլիստուհիները մասնակցելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, և պետք է մրցության բովում ստուգվեն խաղացողների կարողությունները, թեկնածուներ ընտրվեն այդ տարիքի Հայաստանի հավաքականի համար: Ստուգատեսում, որը կայանալու է 2011-ին` Իսրայելում, մեր թիմի հակառակորդներն են լինելու Իսրայելի, Ռումինիայի, Հոլանդիայի ուժեղ հավաքականները:
Մինչև 17 տարեկան մարզուհիների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներին խանգարող հանգամանքներ չկան, պարապողներն ապահովված են մարզադահլիճներով, մարզագույքով, գնդակներով: ՈՒրախացնում է, որ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիներից հինգը պատրաստակամություն են հայտնել խաղալու Հայաստանի դրոշի ներքո, և դա կարող է նպաստել, որ մեր թիմն ավելի ուժեղ կազմով ներկայանա մրցավայր: Ընդ որում, սելեկցիոն լուրջ աշխատանք է կատարվել, և մեկ տասնյակ թեկնածուներից ընտրվել են առայժմ միայն հինգը: Դա բարդ գործընթաց է, քանի որ աղջիկները սովորում են, դժվար է նրանց դասերից կտրելը, մրցումների տանելը: Բացի այդ, ծնողները ոչ այնքան հեշտությամբ են համաձայնում, որ երեխաներն իրենցից հեռու խաղերի մեկնեն: Եվ դա բնական է: Դժվար է նաև, քանի որ ընտրյալները Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են: Մասնավորապես, դարպասապահ Մարգո Թերզյանը (հասակը` 175 սմ) Նորմանդիայից Է: Մյուսները խաղահրապարակի տարբեր գծերի հանդբոլիստուհիներ են: Մարի-Ասթրիդ Միրաքյանը (175 սմ), որը շատ բարձրակարգ մարզուհի է, ներկայացնում է Վուարոն քաղաքը: Լիոնից, Փարիզից, Մարսելից են Նոյեմի Մուրադյանը (174 սմ), Ֆամի Աբրահամյանը (171 սմ), Սաշա Բոյաջյանը (174 սմ): Ի դեպ, նոյեմբերի 5-ին Ֆրանսիայից Երևան է ժամանելու Պատրիկ Օթամյանը: Նա Հայաստանի հավաքականի մարզիչներից է, և հստակեցվելու է, թե ինչպես են առաջիկայում համակարգվելու նախապատրաստական աշխատանքները: Հնարավոր է, որ Հայաստանի հավաքականը համալրվի դրսից հրավիրված նոր խաղացողներով: Իսկ նպատակն այն է, որ Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները մեր երկիրն արժանավայել ներկայացնեն Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ս. Գրիգորյանը, անդրադառնալով վանաձորյան միջազգային մրցաշարին, հայտնեց, որ այն բացառիկ էր այն առումով, որ այդ օրերին Հայաստան էին այցելել մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Այս մարզաձևի Հայաստանի ներկայացուցիչները նախկինում երբեք չէին արժանացել այդպիսի ուշադրության: Ասվեց, որ փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ հայկական հանդբոլը վերջին շրջանի առաջընթացի շնորհիվ սկսել է հետաքրքրել նաև օտարներին: Իսկ դրա ամենավառ արտահայտությունն այն էր, որ, «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, հաղթելով հեղինակավոր պրոֆեսիոնալ ակումբներում հանդես եկող խաղացողներով համալրված Իրանի, Վրաստանի հավաքականներին, գրավել է երկրորդ տեղը և զիջել է միայն Բելառուսի ուժեղ ընտրանուն: Ի դեպ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն այն տեսակետը հայտնեց, որ մեր երկրի հավաքականն ի վիճակի էր նաև այդ թիմի նկատմամբ առավելության հասնելու, եթե հակառակորդի հետ չմրցեր մեկնարկային հանդիպումում, հոգեբանորեն վստահություն ձեռք բերած լիներ, հավատար իր հնարավորություններին: Այդուհանդերձ, կարևորվեց, որ մեր ազգային թիմը ներուժ ունի և պետք է հետևողականորեն շարունակել աշխատանքը, որպեսզի Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներով համալրված Հայաստանի հավաքականը նոր հաջողությունների հասնի: Այդ նպատակով ծրագրվում է, որ 2011-ին թիմը շարունակի մարզումները, ուսումնամարզական հավաք անցկացնի, Եվրոպայում որևէ միջազգային մրցաշարի մասնակցի: Ս. Գրիգորյանը նաև անսպասելիորեն մեկ հայտարարություն արեց: Նա նշեց, որ 2011-ին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացնելու, որպեսզի հյուրընկալի «Չելենջ տրոֆի» հեղինակավոր մրցաշարի մասնակիցներին: Այդ ստուգատեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և շատ դժվար կլինի այդ իրավունքին արժանանալ, սակայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան միջազգային ատյաններում հեղինակություն է վայելում, և մեր երկրի ներկայացուցիչների այդ մրցությունում հաղթելու հնարավորությունները բարձր են դասվելու: Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ նախկինում Հայաստանում այդպիսի խոշորամասշտաբ հանդբոլի ստուգատես չի անցկացվել, և եթե հաջողվի այդ անել, ապա հիրավի մեծ ձեռքբերում կհամարվի: Տեղեկացվեց, որ այժմվանից աշխատանք է տարվում համապատասխան մրցավայր ընտրելու, իսկ այդ հարցի հետ կապված խնդիրները վերջնականորեն կհստակեցվեն հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, երբ նրանք պայմաններին ծանոթանալու նպատակով այցելեն Հայաստան: Հնարավոր է, որ մրցաշարը կազմակերպվի մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում, կամ էլ ֆուտբոլի Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Արևշատյանը ցավով նշեց, որ մեր երկրում հանդբոլի երիտասարդ բարձրակարգ մրցավարներ գրեթե չկան: Սակայն աշխատանքներ են կատարվում, որ այդ ուղղությամբ հետաքրքրություն դրսևորողներն արժանի հետնորդները դառնան միջազգային կարգ ունեցող, արդեն տարիքն առած մեր մասնագետների: Նշվեց, որ երիտասարդ մրցավարների համար ուսումնական պարապմունքներ են կազմակերպվում, նախատեսվում է նաև նրանցից շնորհալիներին ուղարկել միջազգային սեմինարների մասնակցելու: Իսկ հիմնական բացը համարվեց այն, որ երիտասարդ մրցավարներն օտար լեզուների իմացության հարցում կաղում են: Այդ խնդիրն էլ կարգավորելու համար առաջիկայում նախատեսվում է նրանց հնարավորություն տալ մասնակցելու օտար լեզուների ուսուցման դասընթացների:
Նիստում հանգամանորեն քննարկվեցին «Սմարթ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերը: Երկու անգամ անընդմեջ հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է մանկապատանեկան հանդբոլը զարգացնելու այս ծրագիրը: Իսկ էությունն այն է, որ պարապմունքները կազմակերպվում են հանրակրթական դպրոցներում և դրանք վարում են հանդբոլում մասնագիտացած ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Վերջիններիս վարձատրության, պարապմունքների կազմակերպման մեթոդիկայի հետ կապված բոլոր հարցերը լուծված են: «Սմարթ» ծրագրի պատասխանատու Արմեն Գևորգյանը, անդրադառնալով դրական այն փաստին, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում 12 խմբեր են գործում, նշեց նաև բարդությունների մասին: Անպատասխանատվություն դրսևորած մասնագետներից մեկն ազատվել է այդ պարտականությունները կատարելուց, և նրա փոխարեն աշխատանքում ներգրավվել է այլ մարզիչ: Իսկ դժվարությունն այն է, որ աղջիկների խմբերը քիչ են: Այդուհանդերձ, առաջիկայում կշարունակվի եռափուլ ծրագրի երկրորդ փուլը: Ի դեպ, այս տարվանից առաջին անգամ առանձին «Սմարթ» ծրագիր կիրականացնի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Այդ ամենի մտահղացողը` կազմակերպության նախագահ Ս. Գրիգորյանը, վստահեցրեց, որ ամենայն աջակցություն կլինի: Այնպես որ, առաջիկայում` նոյեմբերի սկզբին, հանդբոլի նորաստեղծ մեկական, ընդհանուր հաշվով յոթ, խմբեր կգործեն Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում: Թե որ քաղաքների կրթօջախներում դրանք կլինեն, կորոշեն հանդբոլի մարզային ֆեդերացիաները։ Ներկայացվեց և քննարկվեց 2011-ի Հայաստանի հանդբոլի միջոցառումների օրացուցային պլանը: Լրացումներով այն կհաստատվի տարեվերջին: Նախատեսվում է կատարել 46 մլն դրամի ծախս: Ընդ որում, պետությունն աջակցության կարգով այդ ֆինանսների կեսից էլ պակաս է նախկինում հատկացրել` 18 մլն դրամ: Այսինքն, ֆեդերացիան հիմնականում իր ուժերով է աշխատանքներն իրականացնում:
Քանի որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան աստիճանաբար ավելացնում է աշխատանքների ծավալը, ապա կազմակերպական որոշ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն էր առաջացել` կապված կադրերի հետ: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Աննա Մելքոնյանն այսուհետ կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էրիկ Արևշատյանն այլ աշխատանքի է անցել: Ֆեդերացիայի նախագահի հավաքականների գծով տեղակալի պաշտոնը վստահվեց Արսեն Հակոբյանին: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն դարձավ Սարգիս Բալյանը: Կազմակերպությունը կունենա նաև ավագ մասնագետ: Ներկայացված բոլոր առաջարկները նախագահության անդամները հաստատեցին քվեարկությամբ:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ