ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՇՓՈԹԱԾ ՄԱՐԶԱԶԳԵՍՏԸ, «ՊԱՌՎԻ ՈՒԼԵՐՆ» ՈՒ ԷԼԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԲԱՆԵՐ

ՇՓՈԹԱԾ ՄԱՐԶԱԶԳԵՍՏԸ, «ՊԱՌՎԻ ՈՒԼԵՐՆ» ՈՒ ԷԼԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԲԱՆԵՐ
15.04.2011 | 00:00

Հայկական ռադիոյին հարց են տալիս. «Կարո՞ղ է Թբիլիսիի «Դինամոն» հաղթել Բրազիլիայի հավաքականին»: Ռադիոն պատասխանում է. «Կարող է: Եթե հագնի Երևանի «Արարատի» մարզազգեստը»:
Ես այս անեկդոտը հիշեցի, երբ տեսա «Բարսելոնի» հետ պատասխան խաղում «Շախտյորի» ֆուտբոլիստների մարզազգեստը: Այն կասկածելիորեն շատ էր հիշեցնում մրցակցի ավանդական կապտանռնագույնը: Հետո առանձնապես ջանքեր չպահանջվեցին հիշելու համար, որ Միրչո Լուչեսկուն եղել է Հայաստանում («Փյունիկի» հետ մեզ համար այդ տխուր ֆուտբոլային պատմությունը չհիշենք) և, շատ հնարավոր է, որ լսած լինի հիշատակածս անեկդոտը: Սակայն, եթե «Բարսելոնը» Բրազիլիայի հավաքականը չէ ու, մեր մեջ ասած, նրանից պակաս թիմ էլ չէ, Լուչեսկուի սխալն այն էր, որ «Շախտյորին» շփոթել էր «Արարատի» հետ ու անեկդոտն էլ չափազանց բառացիորեն ընկալել: Իսկ եթե ավելի լուրջ` ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ առաջին խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո` 1:5, «Շախտյորն» ընդամենը տեսական հնարավորություն ուներ մրցակցի դեմ խաղում, սակայն դրության ողջ ողբերգությունն այն էր, որ ոչ մեկը չէր հավատում այդ տեսությանը, այդ թվում` «Շախտյորի» ամենամոլի երկրպագուները, որոնք, համոզված եմ, մարզադաշտ էին եկել ֆուտբոլային վիրտուոզների, առաջին հերթին, Մեսիի խաղը դիտելու, ով էլ, իրեն բնորոշ պատվախնդրությամբ, երկրպագուներին հուսախաբ չարեց` չեմպիոնների լիգայում խփելով իր հերթական գոլը: Այնպես որ, ուկրաինական թիմին պատասխան խաղում մնում էր միայն «թուլանալ և հաճույք ստանալ»: Ավելիին պատրաստ չէր, որովհետև «քաշային» տարբեր կատեգորիաներ են ներկայացնում, և սույն փաստն իրենք էլ հրաշալի հասկանում էին:
Բնականաբար, հարց է առաջանում` իսկապե՞ս անպարտելի է «Բարսելոնը»:
Պատասխան` իհա՛րկե ոչ, սակայն մեկ անհրաժեշտ հավելումով` եթե թիմն ինքը կամենա պարտվել կամ, ծայրահեղ դեպքում, ֆուտբոլիստներն այդ օրը, մեկ մարդու նման, ձախ ոտքի վրա արթնացած լինեն: ՈՒզես, թե չուզես, սա է այսօրվա իրողությունը, և դա քաջ գիտեն նրանց բոլոր մրցակիցներն անխտիր: Այնպես որ, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվելը «Շախտյորի» համար երազային հաշիվ էր, թեպետ... Թեպետ մեր Հենրիխ Մխիթարյանը, եթե մի փոքր հաջողակ լիներ, Վալդեսն էլ` մի փոքր անփույթ ու մի քիչ էլ «հարգալից» իր երիտասարդ կոլեգայի նկատմամբ (ի՞նչ է, ինքը ջահել չի՞ եղել), մեր տղան կարող էր Եվրոպայի լիգայում գոլերի իր հաշիվը բացել: Ափսոս:
«Չելսին» «Մանչեստր յունայթեդի» հետ խաղում կարողացավ մի պահ հաշիվը հավասարեցնել, սակայն սըր Ալան Ֆերգյուսոնի տղաները բառացիորեն հաջորդ րոպեին վերականգնեցին ունեցած առավելությունը, Ռոման Աբրամովիչին` «Չելսիի» սեփականատիրոջը, հասկացնելով, որ թեպետ փողը լավ բան է, իսկ ավելի շատ փողն ավելի լավ բան, սակայն ամեն ինչ չէ, որ այս աշխարհում գնվում է ու վաճառվում, մանավանդ երբ դիմացինդ գնվող տեսակից չէ ու պատվախնդրության իր ավանդական, դասական պատկերացումներն ունի: Իսկ այս խաղի հեռարձակման մեջ ամենազավեշտալին մեր հանրային հեռուստաընկերության մեկնաբանի հիշատակած «պառվի ուլերն» էին, որ խաղը հեռարձակող հաղորդակը շարքից հանեցին: Շատ ափսոս, որովհետև «Շախտյոր»-«Բարսելոն» խաղի կանխատեսելիության ֆոնի վրա շատերը, հաստատ, «Չելսի»-«Մանչեստր յունայթեդ» դիմակայությանն էին առավելություն տվել: Այնպես որ, չկա միայն «հայի չուզողություն» հասկացություն: «Պառվի ուլերն» էլ որ չուզեցին` չուզեցին:
«Շալկե-04»-«Ինտեր» դիմակայությունում առանձնապես հետաքրքիր բան չկար: Իտալական թիմը պիտի փորձեր սեփական դաշտում կրած խայտառակ պարտության տպավորությունը գոնե փոքր-ինչ մեղմել, սակայն գերմանական «սապոգը» խիստ հիմնավոր էր անցել իտալացիների վրայով, և այս անգամ էլ իր թավ հետքը թողեց: Երկու խաղում երկու պարտություն` գոլերի 3:7 հարաբերակցությամբ: Սա չափազանց տխուր ցուցանիշ է ցանկացած թիմի համար, էլ ուր մնաց թե «Ինտերի»:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում «Ռեալը» նորից արեց իր սև գործը «Տոտենհեմի» նկատմամբ` ապացուցելով, որ իր համար գոյություն չունի մրցակցի դաշտ հասկացությունը: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ առաջին խաղում անգլիական թիմի կրած պարտությունն այնքան շոշափելի էր, որ պատասխան խաղում 1:0 հաշիվը կարելի է համարել միանգամայն գոհացուցիչ արդյունք:
Այսպիսով, չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակից թիմերի թիվը նորից կիսով չափ կրճատվեց, և առաջիկայում ֆուտբոլասերներին սպասում է չափազանց գեղեցիկ ֆուտբոլ:
Բարի վայելում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ