ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՏՆԻ Է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՏՆԻ Է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ
09.12.2011 | 00:00

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային վերջին հանդիպումները, որոնցում որոշվեցին մեկ ութերորդ եզրափակիչին մասնակցելու իրավունք ձեռք բերած մինչ այդ դեռևս անհայտ վեց, ինչպես նաև Եվրոպայի լիգա գործուղվող ութ թիմերը:

ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ԵԹԵ ՈՉ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ
A խմբից իր հարցերը վաղօրոք լուծած գերմանական «Բավարիային» հավասարապես կարող էին ընկերակցել ինչպես իտալական «Նապոլին», այնպես էլ անգլիական «Մանչեստր Սիթին»: Չնայած վերջինիս նկատմամբ ունեցած մեկ միավորի առավելությանը, ավելի վստահ լինելու համար «Նապոլիին» սկզբունքորեն հաղթանակ էր պետք, որպեսզի կախվածության մեջ չլիներ «Մանչեստր Սիթի»-«Բավարիա» հանդիպման արդյունքից: Ի պատիվ իրեն` իտալական ակումբը ոչ մի միավոր չունեցող «Վիլյառեալի» դաշտում կարողացավ հաջողությամբ լուծել իր առջև ծառացած խնդիրն ու հաղթել 2:0 հաշվով: Սա ավելի քան տեղին էր, որովհետև իր հերթին «Մանչեստր Սիթին» էլ կարողացավ հաղթահարել գերմանական արգելքը (2:0), ինչը, սակայն, բավարարեց ընդամենը Եվրոպայի լիգայում մրցելույթները շարունակելուն:
Շատ ավելի խճճված իրավիճակ էր B խմբում, որտեղ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն էր պահպանում ռուսական ԲԿՄԱ-ն` հարցերը վաղապես լուծած իտալական «Ինտերին» նրա իսկ դաշտում հաղթելու դեպքում, սակայն պայմանով, որ թուրքական «Տրաբզոնսպորը» ոչ-ոքի ավարտի հանդիպումը ֆրանսիական «Լիլի» հետ: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: ԲԿՄԱ-ն հաղթեց 2:1 հաշվով, իսկ թուրքական ակումբը Ֆրանսիայում միավորները կիսեց մրցակցի հետ (0:0): «Զենիթից» հետո մոսկովյան ակումբը դարձավ փլեյ-օֆ դուրս եկած ռուսական երկրորդ թիմը, ինչն աննախադեպ երևույթ է այս երկրի համար:
D խմբում գործնականում լուծված էր իսպանական «Ռեալի» ու հոլանդական «Այաքսի» մասնակցության հարցը մեկ ութերորդին: Վերջինիս այդ իրավունքից զրկելու համար ֆրանսիական «Լիոնը» ոչ միայն պիտի չորս ու ավելի գնդակի տարբերությամբ արտագնա խաղում հաղթեր Զագրեբի «Դինամոյին» (Հորվաթիա), այլև, սրան գումարած, «Այաքսն» իր դաշտում գնդակների նույն տարբերությամբ պարտվեր «Ռեալին»: Առաջին հայացքից որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ամեն ինչ հենց այդպես էլ ստացվեց: «Ռեալը», կազմում չունենալով յոթ հիմնական խաղացողի (Իկեր Կասիլյաս, Մարսելո, Սերխիո Ռամոս, Սամի Խեդիրա, Պեպե, Լասանու Դիարա, Քրիշտիանու Ռոնալդու` Մորինյոն նրանց չէր տարել Ամստերդամ)` «Այաքսին» հաղթեց 3:0 հաշվով, իսկ «Լիոնը» Զագրեբում դարձավ ֆուտբոլային կատարյալ հրավառության հեղինակ` յոթ գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը, սեփականն ընդունելով մեկը: Արդյունքում Եվրոպայի լիգա «գործուղվեց» Ամստերդամի «Այաքսը»:

ԵՐԲ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԳԼԽԻՑԴ ՎԵՐ ԹՌՉԵԼՈՒ
G խմբում հանդես եկող «ԱՊՕԵԼ»-ը, որ արդեն իսկ կիպրական ֆուտբոլի համար պատմական հաջողության էր հասել, մեկ ութերորդի իրավունքը նվաճածի դիրքերից ընդունեց ուկրաինական «Շախտյորին», որի հետ մրցավեճում ընդամենը լոկալ խնդիր ուներ լուծելու` նվաճել նաև խմբի հաղթողի կոչումը, ինչը, ի դեպ, նրան անգամ պարտվելու դեպքում ապահովում էր «Պորտու»-«Զենիթ» դիմակայությունում նաև ոչ-ոքի արդյունքը: Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ամենամեծ անակնկալը չկարողացավ կոտրել ուկրաինական «Շախտյորի» դիմադրությունը և խաղը տանուլ տվեց 0:2 հաշվով: Փլեյ-օֆ դուրս գալու համար «Պորտուին» անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Չնայած խաղային ահռելի առավելությանը` պորտուգալական թիմը սեփական հարկի տակ անկարող եղավ առավելության հասնելու ռուսական ակումբի նկատմամբ, որի կազմում պարզապես հրաշքներ գործեց դարպասապահ Մալաֆեևը` անխոցելի պահելով դարպասը:
Սկզբունքորեն անհավանականության տեսությունից էր, որ C խմբում անգլիական «Մանչեստր Յունայթեդի» հետ հավասար ինը միավոր, սակայն գնդակների առավել լավ հարաբերակցություն ունեցող պորտուգալական «Բենֆիկան», այն էլ սեփական հարկի տակ, կարող էր տանուլ տալ ոչ մի միավոր չվաստակած ռումինական «Օցելուլին», որքան էլ թիմը վաղօրոք լուծել էր փլեյ-օֆ դուրս գալու խնդիրը: Այնպես որ, այստեղ տքնելու խնդիր ուներ անգլիական ակումբը, որ հյուրընկալվել էր շվեյցարական «Բազելին»: Սակայն շատ ավելի լուրջ խնդիր ուներ «Բազելը», որովհետև միայն հաղթանակն էր նրա առաջ բացում մեկ ութերորդ եզրափակիչ տանող ճանապարհը: Շվեյցարական ակումբը կարողացավ գլխից վեր թռչել ու հաղթել մրցակցին. գրանցվեց 2:1 հաշիվ: Պարտության պատճառով անգլիական ակումբը 2005-2006-ի սեզոնից հետո առաջին անգամ է, որ չկարողացավ դուրս գալ չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակիչ: Ինչ վերաբերում է խմբի մյուս հանդիպմանը, «Բենֆիկան» այն շահեց նվազագույն հաշվով` 1:0:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՔՈ ՁԵՌՔՈՒՄ Է» ԵՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՆ
F խմբում երկրորդ ուղեգրի համար պայքարը (ճիշտ է` հեռակա) ծավալվեց ֆրանսիական «Մարսելի» ու հունական «Օլիմպիակոսի» միջև, քանի որ անգլիական «Արսենալը» դեռևս նախորդ տուրում էր լուծել խմբի առաջատարի իր հարցերն ու մրցակիցների համար դարձել անհասանելի: Դորտմունդի «Բորուսիայի» (Գերմանիա) հետ արտագնա խաղում, հնարավոր բոլոր տհաճ անակնկալներից խուսափելու համար, «Մարսելին» միայն հաղթանակ էր պետք: Ֆրանսիական ակումբը դրսևորեց կամային բարձր հատկանիշներ և, 0։2 հաշվով պարտվելու պարագայում, կարողացավ երեք գնդակ խփել մրցակցի դարպասն ու խաղը շահել 3:2 հաշվով: «Օլիմպիակոս»-«Արսենալ» դիմակայությունում գրանցվեց 3:1 հաշիվ:
E խմբի առաջին եռյակը ներկայացնող գերմանական «Բայերից», անգլիական «Չելսիից» ու իսպանական «Վալենսիայից» ամենախոշոր խնդիրն ուներ վերջինս, որին «Չելսիի» հետ խաղում միայն ու միայն հաղթանակ էր պետք` չեմպիոնների լիգայում մրցելույթները շարունակելու համար: Արտագնա խաղում «Վալենսիան» չկարողացավ լուծել խնդիրն ու պարտվեց 0։3 հաշվով: Ինչ վերաբերում է հարցերը նախապես լուծած «Բայերին», գերմանական ակումբը ոչ-ոքի` 1:1 խաղաց բելգիական «Գենկի» հետ նրա իսկ հարկի տակ` խմբում առաջին հորիզոնականը զիջելով անգլիական թիմին:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ, ԵՐԲ ԼԱ՜ՎՆ Է, Է՛ԼԻ

Ինչ վերաբերում է H խմբին, այստեղ առաջին երկու տեղերը գրաված թիմերը` իսպանական «Բարսելոնն» ու իտալական «Միլանը», վաղօրոք էին հայտնի, այնպես որ, մարզական առումով, անգամ չեխական «Վիկտորիա»-«Միլան» հանդիպումը հետաքրքրություն չէր ներկայացնում, էլ ուր մնաց «Բարսելոն»-ԲԱՏԷ (Բելառուս) դիմակայությունը, քանզի ամենացանկալի երազի մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ բելառուսական թիմը կարող էր հաղթել «Բարսելոնի» նման գրանդ ակումբին, նույնիսկ երբ այն հանդես էր գալիս երկրորդ կազմով (վիճակագրության սիրահարների համար ասենք, որ կատալոնյան թիմի միջին տարիքն այս խաղում ընդամենը 19,6 էր): Այս պարզ ճշմարտությունը հավաստեց նաև խաղի արդյունքը` 4:0: «Վիկտորիա»-«Միլան» դիմակայությունում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
Այսպիսով, Եվրոպայի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում կխաղան իսպանական «Բարսելոնն» ու «Ռեալը», գերմանական «Բավարիան» ու «Բայերը», իտալական «Միլանն» ու «Ինտերը», անգլիական «Չելսին» ու «Արսենալը», ֆրանսիական «Լիոնն» ու «Մարսելը», ռուսական «Զենիթն» ու ԲԿՄԱ-ն, պորտուգալական «Բենֆիկան», շվեյցարական «Բազելը», Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ը, իսկ Եվրոպայի լիգա «գործուղվեցին» անգլիական «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին», հոլանդական «Այաքսը», իսպանական «Վալենսիան», պորտուգալական «Պորտուն», հունական «Օլիմպիակոսը», թուրքական «Տրաբզոնսպորը» և չեխական «Վիկտորիան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ