ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ԲԱՆՈՂ ԵԶՆ ԷԼԻ ԿԲԱՆԻ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ ՉԷ՞ ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ԷՆԵՐԳԻԱՆ»

«ՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ԲԱՆՈՂ ԵԶՆ ԷԼԻ ԿԲԱՆԻ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ ՉԷ՞ ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ԷՆԵՐԳԻԱՆ»
22.04.2011 | 00:00

«Հայաստան» մարզական միության Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցն այս տարի կդառնա 45 տարեկան: Իր գոյության ընթացքում այն կյանքի ուղեգիր է տվել շատուշատ մարզիկների, ովքեր հանրապետությունը փառքով ու պատվով են ներկայացրել աշխարհի խոշորագույն մարզապալատներում, հեղինակավոր առաջնություններում ու մրցաշարերում` իրենց անունները ոսկե տառերով գրելով համաշխարհային սպորտի տարեգրությունում:
Երկրներ կան, որոնք օլիմպիական խաղերի մասնակից նույնիսկ մեկ մարզիկ չունեն (էլ չենք ասում` մրցանակակիր), մինչդեռ այս մարզադպրոցը չորսն ունի, որից երկուսը` մեդալակիր: Հիշենք` ազատ ոճի ըմբշամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ, Սեուլի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյան, «Պեկին-2008»-ի երրորդ մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, նույնպես սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյան, պրոֆեսիոնալ բռնցքամարտում այսօր էլ փայլող, երեք վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճած Վախթանգ Դարչինյան, համբավավոր, նույնպես օլիմպիական բռնցքամարտիկ Լեռնիկ Պապյան։ Տարիներ շարունակ այս հրաշալի քառյակը հիացմունքի մեջ է պահել մարզասերներին:
Անդրադառնալով մարզադպրոցի անցած ուղուն` կառույցի տնօրեն, հանրապետության վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿՅԱՆՆ օրինական հպարտությամբ է նշում, որ միայն երրորդ հազարամյակում իրենց դպրոցի սաները տարբեր գույնի 18 մեդալ են բերել հանրապետություն. Հրաչիկ Ջավախյանի հետ նրանց թվում են բռնցքամարտիկներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ Սամվել Մաթևոսյանը` պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր, Տիգրան Միսակյանը` պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Ռաֆայել Սիմոնյանը` նույն առաջնության բրոնզե մեդալակիր, սամբիստ Միհրան Ղազարյանը` պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ձյուդոյիստ Տիգրան Վարոսյանը, պատանիների «Օլիմպիական օրեր» խաղերի արծաթե մեդալակիր Գագիկ Հարությունյանը և ուրիշներ: Մարզադպրոցի 14 սաներ ներկայումս հանրապետության տարբեր տարիքային խմբերի հավաքականների անդամ են: ՈՒշադրության արժանի ևս մի քանի տվյալ. այս տարիներին մարզադպրոցն ունեցել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 29-ական մասնակից, որոնցից 5-ը` աշխարհի, 6-ը Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են, 17-ը` մրցանակակիրներ: Թվերն այս շատ ավելի տպավորիչ են, երբ հաշվի ենք առնում նաև ԽՍՀՄ առաջնություններին մասնակցությունը` 92 մասնակից, որից` 6 հաղթող, 18 մրցանակակիր:
Մարզադպրոցում ներկայումս 22 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ ազատ ոճի ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի, սամբոյի 42 խմբերում պարապում է 470 մարզիկ, ինչը խոշոր հաշվով նշանակում է նույնքան կոփված, ֆիզիկապես պինդ դեռահաս, պատանի ու երիտասարդ` գծագրվող ու արդեն իսկ գծագրված ապագայով, առողջ կենսադիրքորոշումով: Ռուդոլֆ Խաչիկյանը հիմնականում գոհ է մարզիչների աշխատանքից, թեպետ մեր հանդիպման ժամանակ բավականին զայրացած էր ըմբշամարտի մարզիչների վրա.
«Ըմբշամարտն էս դպրոցի հիմքն է, բա կարելի՞ է դիրքերը զիջել,- նեղսրտած ասում էր նա։- Ի՞նչ է, մյուս մարզիչները մերոնցից ավելի լավ պայմաններո՞ւմ են աշխատում, թե՞ ավելի շատ աշխատավարձ են ստանում: Մի քիչ էլ նամուսի հարց կա, բա չեն նախանձո՞ւմ բռնցքամարտիկների ձեռքբերումներին»:
Տնօրենին առավել տեսանելի են կառույցի ուժեղ և թույլ կողմերը, դրանք շտկելուն միտված քայլերը, բայց որ դպրոցի բռնցքամարտիկները հաճելիորեն առանձնանում են մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից, փաստ է: Ռուդոլֆ Խաչիկյանի վկայությամբ` բռնցքամարտիկների «ավարի» առյուծի բաժինը ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Միսակյանինն է, ում, ի դեպ, հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան ճանաչել է անցած տարվա լավագույն մարզիչ, իսկ տարվա լավագույն մարզադպրոց է ճանաչել Վանաձորի կառույցը, թեպետ այն համալիր է: Քանի որ խոսեցինք լավագույններից, միջանկյալ հիշատակենք` լավագույն մրցավար ճանաչված Վարդան Բաղդասարյանն էլ է այս կառույցի սան: Ի դեպ, նա նաև միջազգային կարգի մրցավար է, և առաջին տարին չէ, որ հանրապետությունը բարձր մակարդակով ներկայացնում է միջազգային ասպարեզում:
Հարկ է նշել, որ այս մարզադպրոցն աչքի է ընկնում ոչ միայն մարզական նվաճումներով։ Հանրապետությունում այն նաև խոշոր մրցաշարերի կազմակերպիչ է և լավագույնս է օգտագործում ունեցած շենքային պայմանները: Հիշատակենք տասը տարի շարունակ անցկացված ազատամարտիկների հուշամրցաշարը, ավանդական սպորտլանդիաները, անցած տարի կազմակերպված ՀՀ վարչապետի գավաթի խաղարկումը և, վերջապես, Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարը, որն անցկացվում է արդեն քանի տարի և աշխարհի ըմբշամարտիկների մեջ լավագույններից մեկի համարում ունի: Խոշորամասշտաբ մրցումների անցկացման համար ժամանակին մարզադպրոցի տնօրենությունը հոգացել է մարզական կատեգորիայի 45-տեղանոց հյուրանոց ունենալու մասին, հեռանկարային սաների համար ստեղծել է հրաձգարան, գնել պնևմատիկ հրացաններ։
«Էրեխեք են, պարապմունքի գալուց թող կրակեն, կրակել սովորեն, որ վաղը-մյուս օրը բանակ գնալուց պլշած աչքերով չնայեն զենքին»,- ասում է մարզադպրոցի տնօրենը:
Լավ բաներ շատ կան այս մարզադպրոցում, հատ-հատ ամեն մեկի մասին չես խոսի, բայց որ դարդ ու ցավ էլ քիչ չունի, փաստ է:
«Մի դարդ չէ, որ ասեմ ու պրծնեմ,- շարունակում է նա:- Լա՜վ, ասենք թե հանրապետական կառույց ենք ու «Հայաստան» մարզական ընկերության խողովակով ֆինանսավորվում ենք պետբյուջեից, բայց դա նշանակում է, որ Վանաձորի քաղաքապետարանը գույքահարկի տակ մեզ պիտի ճռռացնի՞: Շնորհակալ ենք պետությանը, բայց նա մեզ գումար տալիս է ինչի՞ համար` աշխատավարձի, կենսաթոշակային ֆոնդի, կոմունալ ծախսերի դիմաց վճարումների: Միայն սրանց համար: Բա ուսումնամարզական գործընթացի կազմակերպո՞ւմը, բա երեխեքին մրցումների ուղարկե՞լը: Գնում եմ Երևան, սրան-նրան խնդրում, որ մեզ մոտ միջոցառում անցկացնեն` գումար վաստակենք, մեր հոգսերը հոգանք: Էսպես կլինի՞: Այսինքն, արդեն եղել է, բայց ինչքա՞ն պիտի շարունակվի: Էս քաղաքի երեխեքը չե՞ն մեզ մոտ պարապողները, էս քաղաքի երեխեքին մենք չե՞նք փողոցից կտրողը, երկրի համար լիարժեք քաղաքացի դարձնողը: Նույնիսկ քաղաքի հավաքականին, որի 11 անդամներից 6-ը մեր սաներն են և դեռ ավագ մարզիչն էլ` վրադիր, էդ հավաքականի համար ճանապարհածախսի գումար չեն տալիս, բայց որ մենք մրցումներ ենք անցկացնում, հանրապետությունից, արտերկրից եկածները դրամ ու դոլար են ծախսում` քաղաքի բյուջեն լցնում, էստեղ մեզ մոռանում են` մեր ունեցած մասնակցությամբ ու դերով:
Երկրորդ լուրջ հիմնախնդիրը բացօթյա մարզումների համար մեր ունեցած կից մարզահրապարակներն են, որ երկրաշարժից հետո քարուքանդ են եղել, ու մինչև հիմա չենք կարողանում խելքի բերել: Դիմել ենք` ում հարկն է: Հանձնարարականները տրված են, սակայն գործընթացը դանդաղում է: Հասկանում եմ` օբյեկտիվ պատճառներով, սակայն համբերելու ուժ չկա: Երկրաշարժին հաջորդած քսանից ավելի տարիները մեջս վախ են մտցրել: Մտածում եմ` չլինի՞ թե անհարկի ձգձգվի: Ես մի բան հաստատ գիտեմ` աշխատող մարդու մեջքը չպիտի կոտրես, վիզն էլ ծուռ թողնես: Հասկանալի է` բանող եզն էլի կբանի, բայց ափսոս չէ՞ քամուն տված էներգիան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ