ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
25.10.2011 | 00:00

Արմինե Սինաբյանի արծաթե մրցելույթը
Հոլանդական Ռոտերդամ քաղաքում ավարտված բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հաղթանակ տոնելով չեխ Մարտինա Շմորանցովայի նկատմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Արմինե Սինաբյանը մտել էր եզրափակիչ` հնարավորություն ստանալով պայքարելու աշխարհամասի չեմպիոնի կոչման համար: Ցավոք, մինչև 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհին վճռական մարտում զիջեց թուրք բռնցքամարտիկ Գյուլզում Թաթարին ու բավարարվեց արծաթե մեդալով, ինչը նույնպես փոքր արդյունք չէ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ աշխարհամասի առաջնությանը կանանց մեր ընտրանին (մարզիչներ` Սամվել Սողոմոնյան, Արսեն Դավթյան) մասնակցում էր չորս մարզուհիներով, և որ մեր մյուս երեք մարզուհիները` Հայկուհի Նահապետյանը, Կարինե Գևորգյանն ու Աշխեն Սիմոնյանը, ռինգը լքել են մեկ ութերորդ եզրափակիչից:

«ՈՒլիսը»` չեմպիոն
Թեև ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտին դեռ երկու տուր կա, արդեն հայտնի է չեմպիոնը: Այդ թիմը Երևանի «ՈՒլիսն» է (գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան), որը մայրաքաղաքային մյուս թիմի` «Արարատի» նկատմամբ ամսի 22-ին «Հրազդան» մարզադաշտում կարողացավ հաղթանակի հասնել 2:1 հաշվով:
Հարկ է նշել, որ առաջնությունում «ՈՒլիսի» հաղթանակը բավականին հետաքրքիր էր այն առումով, որ վերջին տասը տարում ֆուտբոլասերները վարժվել էին հաղթողի պատվանդանին տեսնելու միայն Երևանի «Փյունիկին»:
Սակայն «ՈՒլիսի» հաղթանակով առաջնությունը չի կորցրել իր հետաքրքրությունը: Մրցանակային մյուս երկու տեղի համար անհաշտ պայքար են մղում «Փյունիկը», «Գանձասարը», «Բանանցն» ու «Միկան», որոնցից առավել շահեկան վիճակում են առաջին երկուսը. նրանք ունեն 42-ական միավոր, «Բանանցն» ու «Միկան» նրանց զիջում են երկու միավորով: Վիճակագրության սիրահարներին տեղեկացնենք, որ 26-րդ տուրի խաղերում «Բանանցը» 3:2 հաշվով հաղթել է «Իմպուլսին», իսկ «Միկան» (նույնպես սեփական հարկի տակ) 1:0 հաշվով առավելության է հասել «Գանձասարի» նկատմամբ: «Փյունիկը» մրցակցի` «Շիրակի» հարկի տակ բավարարվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Սպասենք հոկտեմբերի 26-ին
Սերբիայում ավարտվեց մինչև 17 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Իններորդ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին երեք խաղից մեկում տոնեց հաղթանակ (ՈՒելսի հավաքականի նկատմամբ` 3:2), մյուս երկուսում պարտություն կրեց և դուրս մնաց մրցապայքարից: Մեր պատանիները պարտվել են Սերբիայի (1:2) և Լիտվայի (0:4) ընտրանիներին:
Թեև Հունաստանի ընտրանու հետ պայքարում պարտություն կրեց նաև մեր 19 տարեկանների հավաքականը (1:2), սակայն երրորդ տուրում ենթախմբի ակնհայտ հետնապահ Անդորրայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում այն երկրորդ տեղը գրավելու իրական հնարավորություն է պահպանում: Սլովակիա-Անդորրա խաղում առավել ուժեղ էին սլովակ պատանիները (1:0):
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընթացող այս հանդիպումները, ինչպես հայտնի է, անցկացվում են մեզ մոտ:
Ենթախմբի եզրափակիչ խաղերը կայանալու են հոկտեմբերի 26-ին:

Որակազրկում մինչև 2015 թիվը
Արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չորս տարով որակազրկել է թվով տասը մարզիկի, այդ թվում` Կազանի ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունում մեր տղամարդկանց ու կանանց ընտրանիներին բրոնզե ու արծաթե մեդալներ բերած Գևորիկ Պողոսյանին ու Էլեն Գրիգորյանին (94 և 53 կիլոգրամ քաշային կարգեր)։
Խնդրին արագորեն արձագանքել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Բողոքարկման հիմնավորումն այն է, որ որակազրկման որոշումն ընդունվել է ծանրորդներից վերցված մեզի A խմբի նմուշների պատասխանների հիման վրա, և հարց է բարձրացվել հակադոպինգային համաշխարհային կազմակերպության լաբորատորիայում հետազոտել նաև նախապես վերցված B խմբի նմուշները, քանի որ եղածը հնարավոր է թյուրիմացություն լինի: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի բողոքարկման համար հիմք են ծառայել նաև մարզիչների հավաստիացումները:
Ցավոք, նման կարգի «թյուրիմացություններն» այնքան էլ թյուրիմացություն չեն լինում: Համենայն դեպս, սպասենք մինչև դեկտեմբերի 10-ը, երբ հայտնի կդառնան լաբորատոր հետազոտման արդյունքները: Ինչ վերաբերում է հետին թվով հավաստիացնող մարզիչներին, չենք կարծում, որ առանձնապես խելամիտ էր նախաօլիմպիական տարում նման «խիզախման» գնալն ու ոսկու գին ունեցող աշխարհի այս առաջնությանն ընդառաջ մեր հավաքականներին նման առաջնակարգ երկու մարզիկից զրկելը:
Ոչ որպես մխիթարություն, այլ որպես փաստ ենք հիշատակում, որ մինչև 2015 թիվը որակա-զրկված մարզիկների մեջ է նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, չին Լի Հուն:

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում
Վանաձորում ավարտվեց հայ անվանի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին չորս երկրի հավաքականներ: Ավանդաբար այս մրցաշարը կարևորում են հրավիրյալ երկրների բարձրակարգ մարզիկները, նրանց մեջ քիչ չեն օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձածները:
Այս անգամ մրցաշարի հաղթող են դարձել վրացի ըմբիշներ Գեորգի Էդիշերաշվիլին, Դավիթ Մոնձանաշվիլին, Գյուրջե Գոգչելիձեն (55, 96 և 120 կգ քաշային կարգեր), Հայաստանի հավաքականը ներկայացնող Դավիթ Սաֆարյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (66 և 84 կգ), ՈՒկրաինայի ընտրանու կազմում հանդես եկած 74 կգ քաշային Գիվա Չուխվաձեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ