ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԱՆԹԱԳԱԿԻՐ ԱՐՔԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

ԱՆԹԱԳԱԿԻՐ ԱՐՔԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ
14.06.2011 | 00:00

ՀՈՎԻՎՅԱՆԸ ՀՈՎԻՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ-1


Այսօր էլ նրա մասին պատմությունները լսելիս կարող է թվալ, թե Պելեի ու Գարինչայի ժամանակների Բրազիլիայում ես գտնվում։ Միայն Հովիվյանի խաղը տեսնելու համար էին շատերը մարզադաշտ հաճախում։ Եվ նրա հեռացումից հետո եղան ֆուտբոլասերներ, ովքեր, առհասարակ, դադարեցին ֆուտբոլով հետաքրքրվելուց։ Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագրեր ստացվեցին Բրազիլիայից։ Շնորհավորում էին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան և նշանավոր «Սանթոս» ակումբը` Պելեի հարազատ թիմը։ Սակայն մեր հանրապետությունում այդպես էլ նրա հոբելյանները չեն հիշում։ Բայց նա խաղում էր ժողովրդի և ոչ թե ֆեդերացիաների կամ շնորհավորանքների համար։
«ՄԱՆՉՍ, ԴՈՒՆ ՊԻՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԹԱՍ»
Իմ, ներեցեք, եթե անհամեստ կհնչի, անսովոր ֆուտբոլային ձիրքի մասին առաջին տպավորությունս այն էր, որ բակային խաղերում բոլորն էին ուզում ինձ թիմակից ունենալ։ Սովորաբար խաղում էի երկու-երեք տարով մեծ խաղընկերների հետ։ ՈՒ մի օր, երբ 15 տարեկան էի, մեր տուն եկան հայ ֆուտբոլասերները և ասացին հորս. «Վարդան, քո տղան անպատճառ պետք է ֆուտբոլ խաղա։ Արա ամեն բան, որ նա խաղա Հայաստանում»։ Հայրս, մի շատ հայրենասեր, 1915-ին Տրապիզոնից ներգաղթած մարդ, ասաց ինձ. «Մանչս, դուն պիտի Հայաստան երթաս»։ Եվ ուրախ էի, և տագնապած։ Հայաստանում չէի եղել երբևէ։ Բայց հորս խոսքը խնդրանք չէր, այն հնչեց որպես պատգամ և հրաման։
1956-ին արդեն խաղում էի Վրաստանի առաջնությանը մասնակցող Սուխումի «Դինամոյի» կազմում։ Հետո ինձ և Բարկայային հրավիրեցին հռչակավոր Թբիլիսիի «Դինամո»։ Թբիլիսիում մնացի մեկ ամիս և յոթ օր։ Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ կերազեր այդ թիմում խաղալ։ Բայց հորս պատգամը սրտումս էր։ ՈՒ սկսվեցին անկարգություններս. բաց էի թողնում մարզումները, խախտում մարզական ռեժիմը։ Մեր հաստիքը 1300 ռուբլի էր։ ՈՒ ահա ռոճիկի օրը 1300 ռուբլու կեսը ստացանք, մյուս կեսը յուրացնում էին։ Սակայն սա հրաշալի առիթ էր, վերագրեցի դա այն հանգամանքին, որ ինձ որպես հայի են թերավճարում։ Եվ հեռացա։ «Դինամոյի» ղեկավարներից եկան իմ հետևից Սուխում, թե կներեք, թյուրիմացություն է եղածը։ Եվ մնացած փողն էին բերել։ Հայրս էր նրանց դիմավորողն ու ճանապարհողը։ Թիմը շրջագայության էր մեկնում Բիրմա։ Եկել էին ինձ հետները տանելու։ Չմեկնեցի և հրավեր ստացա Քութայիսի «Լոկոմոտիվից»։ 1957 թվականն էր։ Մարզիչ Անդրո Ժորդանիան հրավիրեց։ Երևանի «Սպարտակի» հետ զույգ էինք կազմել ԽՍՀՄ «Բ» խմբի առաջնությունում։ Եվ հայ ֆուտբոլիստների հետ հեռակա շփման մեջ էի։
Եվ ահա անսպասելի Երևանից հեռագիր եկավ, որում ասվում էր, որ հանդիսանում եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող։ Իսկ ես տասնամյակը չէի ավարտել։ Հորս իղձն իրականացավ, եկա Երևան։
1957-ին մասնակցեցի միջազգային ընկերական հանդիպման Ֆինլանդիայի հավաքականի հետ։ Իմ առաջին խաղն էր հայ ֆուտբոլասերների առջև։ Հաղթեցինք 4։0 հաշվով։ Եվ հնչեց աստեղային ժամս, ուժգին հարվածեցի, մոտ 30 մետրից։ Գնդակը դիպավ մրցակցի դարպասի ձողափայտին և նույնքան էլ հետ թռավ։ Ինձ ճանաչեցին և գնահատեցին։
Որպես մարզիչ այն տարիներին թիմում աշխատում էր նշանավոր Սմիսլովը։ Նա նախ երկու ֆուտբոլիստի հեռացրեց թիմից։ Համոզվել էր, որ նրանք ավելի շուտ առևտրական էին։ Եվ ամեն բան կարգի ընկավ։
1959-ը շատ հաջող մրցաշրջան էր։ Հրաշալի ֆուտբոլիստներ էին խաղում Երևանի «Սպարտակում»` Զատիկյան, Սեմերջյան, Փոլադյան, Համբարձումյան, Սուփրիկյան, Անտոնյան։ ՍՍՀՄ առաջնության «Բ» խմբի մրցաշարում, ուր հանդես էին գալիս ներկա չափանիշներով միջին ուժի պրոֆեսիոնալ թիմեր, ողջ մրցաշրջանում չունեցանք պարտություն։ Այդ տարի էր, որ Սերգեյ Զատիկյանը ոչ մի գոլ բաց չթողեց։ Թերթերում նկարել էին նրա պաշտպանած դարպասը` վրան կողպեք։ Ես չգիտեմ, արդյոք համաշխարհային ֆուտբոլում նման երկրորդ օրինակը կա՞։ Մի խոսքով, այն տարիներին Երևանի թիմը լավագույններից էր երկրում։
Այն տարիներին, հասկանալի է, տեղեկություններն ուշ էին հասնում և, ֆեդերացիայից ներքին կարգով մրցավարներին հրահանգել էին աչքի ընկնող ֆուտբոլիստների մասին հայտնել հավաքականի և առաջատար ակումբների ղեկավարությանը։ Եվ ահա Մոսկվայի «Սպարտակը» ուղևորության մեկնեց Հարավային Ամերիկա։ «Սպարտակն» ազգային հավաքականի հիմքն էր, բացակայում էր միայն Լև Յաշինը։ «Սպարտակի» պետ Նիկոլայ Ստարոստինին հրավիրում են Կենտկոմ և նվազագույն խնդիր առաջ քաշում` հաղթել Բրազիլիայում կամ ՈՒրուգվայում։ Հակառակ պարագայում ուղևորությունը չեղյալ կհամարվի։ «Սպարտակը» խաղալու էր նաև Վենեսուելայում և Կոլումբիայում։ Այդ տարիներին համաշխարհային ֆուտբոլի անվիճելի առաջատարը Բրազիլիան էր։ Շատ ուժեղ էին ՈՒրուգվայն ու Հունգարիան։
Մի խոսքով, Ստարոստինի առաջարկով Մոսկվայի «Սպարտակն» ուժեղացվեց չորս ֆուտբոլիստով. Յուրի Վոյնով, ով Շվեդիայի աշխարհի առաջնությունում ճանաչվեց լավագույն կիսապաշտպան, Վիկտոր Պոնեդելնիկ, Իգոր Չիսլենկո և Սարգիս Հովիվյան։ Խաղացի բոլոր յոթ խաղերը։ Բրազիլական և մյուս երկրների մարզական թերթերն արժանի գնահատական տվեցին մեր խաղին, նաև իմ։ Ես, ի դեպ, թիմի ռմբարկուն էի, չորս գոլ էի խփել։
Խաղերի ժամանակ, հիշում եմ, հետևիցս կանչում էին «Պելե» և «Գարինչա»։ Գուցե տեղաբնակ հայերն էին, գուցե բրազիլացի և ուրուգվայցի երկրպագուները, դժվարանում եմ ասել։
Բայց ուշագրավ դրվագներն այդ անմոռաց շրջագայությունից շատ են։ Կոլումբիայի չեմպիոնի հետ հանդիպումից առաջ մեր հանդերձարան մտավ ՍՍՀՄ դեսպանատան աշխատողը և հետաքրքրվեց, թե ով է խաղալու աջ եզրում։ Տեղեկանալով, որ խաղալու եմ ես, ասաց. «Սարգիս, քեզ դժվար պայքար է սպասում։ Աջ եզրայիններին հսկող սևամորթ պաշտպանը ռետինի նման է ձգվում»։ Մենամարտը սկսվեց։ Հայտնի հնարքս կիրառելով` անցնում եմ նրան և հետ թողնում 3-4 մետր։ Բայց կարծես գետնի տակից բուսնում էր և սահանկումով հանում գնդակը դաշտից։ Ես ներքուստ եզրակացրի, որ սխալն իմ մեջ է, իսկ նա թույլ է, պետք է այլ կերպ նրան շրջանցել։ Եվ հերթական հնարքի ժամանակ ցույց տվեցի, որ փորձում եմ նույն ձևով անցնել, սակայն մի պահ կանգնեցրի գնդակն ու մյուս կողմով պոկվեցի առաջ։ Հակառակորդս փռվեց դաշտում։ Հրաշալի մենամարտ էր։ Երկու անգամ նրանից անցա։ ՈՒ նկատելով, որ Սիմոնյանը «բացվել» է գոլի համար, փոխանցում կատարեցի։ Նիկիտան իր գոլը խփեց, հետո ասաց, որ ինձ մի փոխանցում է մնում պարտք։ Հաջորդ խաղին պարտքը մարեց և մի գոլային փոխանցում կատարեց դեպի ինձ։ Գոլը խփեցի և արդեն ես էի նրան փոխանցում պարտք։ Սա, իհարկե, ինչ-որ չափով կատակ էր։ ՈՒղղակի մենք ապրում էինք մեկս մյուսով և թիմային ընդհանուր հաջողությունը վեր էր ամեն ինչից։ Մի խոսքով, խաղից հետո այցելեց դեսպանատան նույն աշխատակիցն ու գովելով ինձ ասաց, որ դեռ ոչ մի հարձակվողի չի հաջողվել սևամորթ պաշտպանին իր կամքը թելադրել։
Հետդարձի ճանապարհին, Հարավային Ամերիկայից Փարիզ, Փարիզից էլ մինչև Մոսկվա ինքնաթիռում Սիմոնյանը, Սալնիկովը և, իհարկե, Ստարոստինը համոզում էին տեղափոխվել երկրի լավագույն թիմը` «Սպարտակ»։ Խոստանում էին բնակարան Մոսկվայում և մշտական տեղ ազգային հավաքականում։ Չհամոզեցին։ Հորս խոսքը և իմ ցանկությունն ավելի զորեղ էին։
«ՀԵՆՑ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԵՆՔԻ ՎՐԱ ԾՆՎԵՑ 73-Ի «ԱՐԱՐԱՏԸ»
Առհասարակ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ ժողովրդականություն ունեինք մենք, հետևյալը պատմեմ։
1960-ին էր, «Ա» խմբի առաջնության մրցաշրջանի առաջին խաղում ընդունել էինք Մոսկվայի հռչակավոր «Դինամոյին» մեծն Յաշինի գլխավորությամբ։ Պարտվեցինք 0։4 հաշվով։ Շատ անսպասելի էր։ Մենք հիանալի մարզավիճակում էինք, երկու նոր, թիմին անհրաժեշտ ֆուտբոլիստ էինք ներառել հիմնական կազմում` Սուփրիկյանին և Ֆելիքս Հարությունյանին Լենինականից, ու տրամադրություններս պարզապես մարտական էին։
Երկրորդ խաղում, բնականաբար, սպասում էինք դատարկ տրիբունաներ։ Սակայն տրիբունաները լեփ-լեցուն էին, ասեղ գցելու տեղ չկար։ Գիտեք, ո՛չ մենք, ո՛չ ֆուտբոլասերները ծանոթ չէին մեծ ֆուտբոլին, ինչն էլ խաղաց իր դերը։ Սակայն ժողովուրդը հիանալի գիտեր, որ մենք պատրաստ ենք երկրի լավագույն թիմերի հետ պայքարի, մեզ հավատում էին։ Եվ սկսվեց մեր հաղթարշավը` 4։1 հաշվով հաղթեցինք «Սպարտակին», Թիֆլիսի շատ ուժեղ թիմին` 5։1, նաև Ռոստովի, Քիշնևի, Խարկովի թիմերին։
Առհասարակ ֆուտբոլի շուրջ ազգային համերաշխության յուրահատուկ մթնոլորտ կար, որը շատ դժվար բաներ էր մոռանալ տալիս։ Ֆուտբոլասերները հավաքվում էին անգամ մարզումների ժամանակ։ Իսկ խաղերին շատերը հետևում էին Սարի թաղի բլրից։ Հին ֆուտբոլասերները, անկասկած, պիտի որ հիշեն. Սարի թաղով անցնում էր երկաթգիծը։ Խաղի ժամանակ գնացքը կանգ էր առնում, սպասում էր մեր խփած գոլին, շչակով շնորհավորում մեր ընդհանուր հաղթանակը և շարունակում ճանապարհը։ Այո, ֆուտբոլը տոն էր։ Հենց այս ամենի հենքի վրա ծնվեց 73-ի «Արարատը»։ Մի խոսքով, այդ տարի 24 թիմերի մեջ գրավեցինք 9-րդ, իսկապես պատվավոր տեղը։ Անկասկած կարող էինք ավելի բարձր տեղ գրավել։ Սակայն մեզ մոտ բացակայում էր մեծ ֆուտբոլի համար խիստ անհրաժեշտ բարձր կարգապահությունը։ Հետո մենք չունեինք բարձրակարգ կապիտան, թիմի ավագ, ինչպիսին եղավ Հովհան Զանա-զանյանը։ Թիմի ավագը Հարություն Քեհեյանն էր։ Նրանք երկուսն էլ հունաստանահայ էին, սակայն շատ տարբեր միմյանցից։ Հովհանը միավորում էր թիմը մեկ գաղափարի շուրջ, հարթում էր բոլոր տարաձայնությունները, առաջ էր մղում տղաներին։ Քեհեյանը պարզապես կապիտանի թևկապն էր կապում։ Ոչ ավելի։
Իմ ասածն այժմ կարող է ոմանց զարմացնել, բայց հավատացնում եմ. եթե Զանազանյանը լիներ 60-ականների Երևանի «Սպարտակի» ավագը, ԽՍՀՄ առաջնություններում կգրավեինք մրցանակային տեղ։ Զարմանալ պետք չէ, Սերգեյ Զատիկյանը, Գրիգոր Համբարձումյանը, Մանուկ Սեմերջյանը և Վալտեր Անտոնյանը միջազգային չափանիշի վարպետներ էին։
Ի դեպ, երբ Բրազիլիայում հետևում էինք երկրի չեմպիոն «Բոտաֆոգոյի» խաղին «Ֆլումինենսեի» հետ, ինչ-որ շատ ծանոթ բան նկատեցի աշխարհահռչակ պաշտպան Նիլտոն Սանթոսի կիրառած զարմանահրաշ հնարքներում։ Քիչ անց կռահեցի. չէ՞ որ այդ ամենը ոչ պակաս վարպետությամբ Երևանում կատարում էր Մանուկը։
Սակայն նաև չար մարդիկ էին իրենց սև գործն անում. ոմանց ամենևին ձեռնտու չէր Հայաստանի առաջատար թիմի հաղթական վիճակը։
ՈՒ ահա հեռագիր Մոսկվայից. «Срочно призвать в ряды Красной Армии гражданина Овивяна»։ Հանրապետության զինկոմիսար գնդապետ Ասլանյանը հեռագիրը ձեռքին ընդունելության եղավ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի մոտ։ Բայց Թովմասյանի աթոռն արդեն երերում էր ու նա ասաց. «Мне сейчас не до Овивяна»։ 1960 թ. նոյեմբեր ամիսն էր, Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակը։ Հայաստանի մեկ ֆուտբոլիստի պետք է արժանացնեին վաստակավորի կոչման։ Պարզվում է, որ երեք թեկնածու էին առաջադրել` Զատիկյանը, Սեմերջյանը և ես։ Բայց կոչման արժանացավ Քեհեյանը, ում խաղի մակարդակը չէր համապատասխանում այդ բարձր կոչմանը։ Ես շատ երիտասարդ էի, դեռ կհասցնեի, բայց Սերգեյն ու Մանուկն այդպես էլ այդ բարձր կոչմանը չարժանացան։
Իմ առջև մի խնդիր էր ծառացած` ինչպես խուսափել զորակոչից, մնալ խաղալու Երևանում։ Այդ տոնական օրերին Թիֆլիսից ընկերս էր ժամանել։ Նրա հետ մի պլան մշակեցինք։ Ես պիտի նրան ապտակեի, նա պիտի միլիցիա մտներ ու բողոքեր իմ խուլիգանական արարքից։ Բնականաբար, ինձ պիտի 15 օրով մեկուսացնեին ու խնդիրը կլուծվեր, ես կմնայի Երևանում։ ՈՒրեմն կապիտան Մալյանի մոտ ենք, ընկերս ներկայացրել էր «պատմությունը»։ Ինձ ներս կանչեցին։ Կապիտանը, ուշադիր նայելով ինձ, ոտքի կանգնեց ու իմանալով, որ «խուլիգանը» ես եմ, դիմեց ընկերոջս` քեզ դեռ քիչ է խփել, խուլիգանն էլ դու ես։ Այսինքն, ֆուտբոլասեր էր, ինձ ճանաչել էր։ Մի խոսքով, պատմեցինք եղելությունը, խնդրեցինք գոնե մի շաբաթով ինձ մեկուսացնել։ Հրաժարվեց, պատճառաբանելով, որ եթե «լավ տղերքը» լուրն առնեն, միլիցիայի բաժինն էլ, իրեն էլ օդ կբարձրացնեն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5303

Մեկնաբանություններ