«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԹԵՊԵՏ ԱՎԱՐՏԸ ՀՆՉԵՂ ԷՐ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ԺԱՄՆ Է ԿՈՉՆԱԿԻ

ԹԵՊԵՏ ԱՎԱՐՏԸ ՀՆՉԵՂ ԷՐ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ԺԱՄՆ Է ԿՈՉՆԱԿԻ
20.09.2011 | 00:00

Ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի բուխարեստյան առաջնության վերջին օրը մրցաբեմ ելան գերծանր քաշայինները: Սպասվում էր, որ գյումրեցի հսկա, տասնյոթամյա Գոռ Մինասյանը կմեղմի մինչև 20 տարեկանների մեր ընտրանու չափազանց դժգույն մրցելույթի տպավորությունը, իսկ մինչև 23 տարեկանների մեջ մրցակցող Հայկ Հակոբյանը կավելացնի մեր մյուս հավաքականի մեդալների աղքատիկ պաշարը:
Պոկում վարժությունում մեդալների համար պայքարը ծավալվեց Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Աբուևի, վրացի Լաշա Տալախաձեի և գյումրեցի Գոռ Մինասյանի միջև, ով, ի դեպ, ամենակրտսերն էր իր հիմնական մրցակիցների մեջ: Մինչ Գոռն ու Մագոմեդը ձախողեցին մեկական մոտեցում, ինչը հավասար ուժեր ունեցող մրցակիցների պայմաններում տեմպից լրջորեն հետ ընկնել է նշանակում, վրացի ծանրորդը փայլուն աշխատեց և, 185 կիլոգրամը սանձահարելով, դարձավ վարժության առաջատար` վեց կիլոգրամով առաջ անցնելով Գոռ Մինասյանից, յոթ կիլոգրամով` Մագոմեդ Աբուևից: Սա չափազանց թեժ պայքար էր, և սպասվում էր, որ պոկում վարժությունում այն ավելի կթեժանա:
Այդպես էլ եղավ:
Գոռը նախնական պատվերն իջեցրեց (իջեցվեց) երեք կիլոգրամով (նույնը արվել էր նաև պոկում վարժության ժամանակ) ու գլխավերևում վստահ պահեց 202 կգ կշռող ծանրաձողը: Փոխարենը վրացին հինգ կիլոգրամով ավելացրեց նախնական պատվերը և սանձահարեց 205-ը: Այս նույն քաշը բարձրացրեց նաև Աբուևը: Արդեն առաջին իսկ մոտեցումից հետո մենք հայտնվեցինք հետապնդողի դերում, ինչը, կարծես, հակացուցված է մեր այս մարզիկի պարագայում, ով վարժվել է եղանակ ստեղծողի, նախահարձակ լինողի, ոչ թե պոչից հանդես եկողի դերին, որքան էլ այդ պոչը մեդալ ապահովող լինի: Սակայն եկեք մարզչական կորպուսին թողնենք իրենց իմանալիքն ու անցնենք առաջ:
Պատանիների Եվրոպայի առաջնությունում Գոռը պոկում վարժությունում սանձահարել էր 209 կիլոգրամը, և այստեղ երկրորդ մոտեցման համար պատվիրված 210-ը փոքր-ինչ տագնապեցնող էր: Հուրախություն մարզասերներիս` քաշը սանձահարվեց: Տակտիկական սուր մրցապայքարում երկրորդ մոտեցման համար թե՛ ռուս, թե՛ վրացի մարզիկները կանգնեցին 212-ի վրա ու հաղթահարեցին ահռելի ծանրությամբ ծանրաձողը: Արդեն այդ պահի դրությամբ երկամարտի հաշվարկով մենք երրորդն էինք: Սակայն մեր հսկան արեց հաջորդ անակնկալը. նա իր կամքին ենթարկեց 216 կիլոգրամն ու արծաթին կառչած դիրքերից սպասում էր ոչ այնքան ռուս և վրացի ծանրորդների դիմակայությանը, որքան Աբուևի մրցելույթին, ում, 217 կիլոգրամը բարձրացնելով, վրացի ծանրորդն առաջադրել էր բավականին բարդ խնդիր: Ոսկին խլելու համար Աբուևը գնաց գրոհելու 224 կիլոգրամ կշռող ծանրաձողն ու չկարողացավ, ինչի արդյունքում պատվո պատվանդանին մարզիկները կանգնեցին Լաշա Տալախաձե (402 կգ), Գոռ Մինասյան (395 կգ), Մագոմեդ Աբուև (390 կգ) հերթականությամբ:
Անկախ ամեն ինչից, Գոռ Մինասյանի ելույթը պիտի գնահատել գերազանց: Դա ոսկուն համարժեք ելույթ էր, և, հավատացեք, նրա նվաճած երեք արծաթն էլ ոսկու փայլ ու գին ունեին: Սրանից զատ, ևս մի կարևոր հանգամանք, որը չի կարող չուրախացնել. մեր պատանի դյուցազնն այս մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցելույթներն ավարտել է բարելաված արդյունքներով: Ասել է թե, գյումրեցի հսկան շարժվում է վերընթացով, և դա անկախ մրցակցային տարում ունեցած նրա ծանրաբեռնվածությունից, առաջնությունների միջև ընկած ժամանակահատվածի սեղմությունից: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ընթացիկ մրցաշրջանում աշխարհի ու Եվրոպայի պատանիների ռեկորդակիրը դարձել է աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, աշխարհի պատանիների ոսկե մեդալակիր (պոկում վարժություն), հիմա էլ` այս վերջինը: Կեցցե՛ս, Գոռ: Բազուկդ պինդ լինի, մեջքդ` ձիգ, ոգիդ` հաղթատենչ:
Գոռի հաղթական ոգին չէր կարող դրականորեն չազդել նրա համաքաղաքացի, մինչև 20 տարեկանների աշխարհամասի անցած տարվա չեմպիոն Հայկ Հակոբյանի վրա, ում գլխավոր մրցակիցը, դատելով նախնական պատվերներից, ռուս Եվգենի Պիսարևն էր:
Պոկում վարժությունում մեր ծանրորդի նախնական պատվերն ամենաբարձրն էր` 185 կիլոգրամ, սակայն, հետևելով այս առաջնության ընթացքում մեր մարզչական կորպուսի մարտավարմանը, դժվար չէր գուշակել, որ այն կնվազեցվի: Այդպես էլ եղավ: Բարեբախտաբար, վարժությունում ծավալված մրցակցությունը ցույց տվեց, որ 181 կիլոգրամը բավարար եղավ փոքր ոսկուն տիրանալու համար, թեպետ ռուս մարզիկը փորձեց սանձել 188-ն այն բանից հետո, երբ Հայկը երկու անգամ ձախողեց 187-ի վրա գրոհը:
Ինչևէ: Կարևորն այն էր, որ զարգացումները մեզ համար դրական ընթացք ունեցան, թեպետ չհաջողվեց ամրության լուրջ պաշար ստեղծել, ինչն այնքան անհրաժեշտ էր հրում վարժությունից առաջ, մանավանդ որ ռուս ծանրորդի նախնական պատվերը հինգ կիլոգրամով ավելի էր մերինից, և առաջին վարժությունից հետո Պիսարևին մեկ կիլոգրամով գերազանցելը հեշտ պայքար չէր խոստանում մեզ: Միջանկյալ ասենք, որ ռուս մարզիկին 180-ն ապահովեց ընդամենը չորրորդ տեղ: Այդ նույն քաշով արծաթե ու բրոնզե մեդալակիրներ դարձան բելառուս Դմիտրի Վորնիկն ու Գերմանիան ներկայացնող Ալեքսեյ Պրոխորովը, ինչը, սակայն, չէր նշանակում, որ երկամարտի ոսկու համար գոնե Պրոխորովը լուրջ հավակնորդ էր: Մեդալակիրներից ամենավտանգավոր հակառակորդը բելառուս ծանրորդն է, ինչպես նաև պոկում վարժության երկու մոտեցումները ձախողած (170 և 185 կգ) և ընդամենը 176 կիլոգրամով բավարարված չեխ Ջիրի Օրսագը, ով հայտնի է ոչ միայն հզոր ներուժով, այլև անկանխատեսելիությամբ:
Հրում վարժությունը մեր մարզիկը 215-ի փոխարեն սկսեց 212 կիլոգրամից: Ակնհայտ էր, որ այս քայլին դիմելով` մեր մարզական կորպուսը նախընտրեց նախ ապահովել երկամարտի մեծ մեդալը (անկախ դրա գույնից) և նոր միայն փորձել «խաղեր» տալ, թեպետ 212-ը փաստացի նշանակում էր հրաժարում ոսկու համար պայքարից, եթե հանկարծ մեր մարզիկը ձախողեր փորձերից մեկնումեկը: Ցավոք, այդ մեկնումեկը եղավ առաջին իսկ մոտեցումը: Եվ հենց այստեղ է, որ «բացվեց» չեխ Օրսագի ախորժակը, որն իր նախնական 210-ը փոխեց այնքան, մինչև հասցրեց 217-ի` ընթացքում Պիսարևին էլ ստիպելով նահանջել նախնական 220-ից ու առաջին մոտեցման համար պատվիրել 215 կիլոգրամ: Պայքարի հետագա ընթացքը ցույց տվեց, որ չեխի արածը... Ինտրիգի մեջ ընթերցողին ավելի երկար թողնելու համար այստեղ ժամանակավորապես առկախենք ասելիքը:
Երրորդ մոտեցումով մեր ծանրորդը բարձրացրեց 217 կգ` երկամարտում հավաքելով 398 կիլոգրամ: 217-ին մոտեցումը հաջողությամբ ավարտեց և չեխ մարզիկը` երկամարտում մեզնից հետ մնալով չորս կիլոգրամով, սակայն այդ պահի համար արդեն մեծ բրոնզը ձեռք գցած: Չկամենալով փոքր ոսկին որևէ մեկին զիջել` Պիսարևը գրոհեց 220-ը ու, թեպետ բարձրացրեց այն, սակայն կուլ տվեց չեխ ծանրորդի սկսած մեծ խաղի խայծը: Արծաթին տիրանալու համար վերջինիս անհրաժեշտ էր բարձրացնել 222 կգ կշռող ծանրաձողը, սակայն, ինչպես պարզվեց, այդ օրը ոչ արծաթն էր նրա մանկության լուսե երազանքը, ոչ էլ մենք էինք նրա հիմնական մրցակիցը: Օրսագը գնաց գրոհելու 224-ը և մեծ ոսկին բառացիորեն տարավ Պիսարևի քթի տակից: Ռուսը, բնականաբար, չհանդուրժեց իր իրավունքների ոտնահարումը, ու, երրորդ մոտեցումով, ինչն ակներևորեն պիտի լիներ նրա երկրորդ մոտեցումը, եթե չտրվեր մրցակցի խաղին, գլխավերևում պահեց 225 կիլոգրամը: Հետևեց չեխի հուժկու դիմադարձությունը և, 229 կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահելով, մարզիկն առարկայնորեն ցույց տվեց, թե ով է իրականում «զորահանդեսի հրամանատարը»:
Այս բացառիկ լարված ու գեղեցիկ մրցամարտի ու ընդհանրապես առաջնության ավարտը կրկին ցույց տվեց, որ ուժեղների այս մարզաձևը միայն ուժի ցուցադրություն չէ, ինչպես միամտորեն կարծում են գործից անտեղյակ մարդիկ: Այն հավասարապես և՛ մարտավարություն է, և՛ ռազմավարություն, և՛ փիլիսոփայություն, և՛ հոգեբանություն, և՛ գեղագիտություն, և՛ պոեզիա (բնութագրականներն ինքներդ շարունակեք):
Բուխարեստյան այս առաջնությունն էլ դարձավ պատմություն: Ասելու շատ բան կա, և թեպետ այն նյութի շրջանակներում է, սակայն չափազանց ծավալուն է այս նյութի մեջ ներառելու համար: Եվ այդուհանդերձ, որպես ավարտ, չեմ կարող չասել` եթե մենք չենք ուզում այդ պատմության հետնախորշերում հայտնվել, պիտի սառը գլխով ու անմիջապես անցնենք լուրջ վերլուծությունների: 20, 23 տարեկանները մեր ազգային հավաքականին ամենամոտ կանգնածներն են, և ոչ մեկն իզուր իրեն թող չկերակրի մեր նվաճած ոսկե մեդալով: Խնդիրը բնավ էլ այդ մեդալի (մեծ ոսկե մեդալի) միակը լինելը չէ: Եթե բանը հասավ դրան, ապա Գոռ Մինասյանի մեծ արծաթը... Բայց, կարծես, մենք այս նյութի վերջակետն ենք ուշացնում: Խոսելու համար դեռ առիթներ կլինեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ