ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԶԱՎԵՇՏԱԼԻ ԳՈԼԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՎԵՇՏԱԼԻ ԳՈԼԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
15.06.2010 | 00:00

Հունիսի 11-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում A խմբի ՀԱՀ-Մեքսիկա խաղով մեկնարկեց Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մեկնարկային խաղի առաջին խաղակեսում մեծ էր մեքսիկացիների առավելությունը, սակայն, բոլորի համար անսպասելի, հաշիվը բացեցին տանտերերը. 55-րդ րոպեին աչքի ընկավ Ս. Շաբալալան: Խաղավարտից 11 րոպե առաջ մեքսիկացիներին փրկեց «Բարսելոնի» պաշտպան Ռաֆայել Մարկեսը: Երեկոյան կայացած երկրորդ խաղում հանդիպեցին աշխարհի նախկին չեմպիոններ Ֆրանսիան և ՈՒրուգվայը: Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, և գոլային պահեր գրեթե չեղան` 0-0:
Երկրորդ օրը պայքարի մեջ մտան B խմբի թիմերը: Շատ լավ տպավորություն թողեց Հարավային Կորեայի հավաքականը, որը գեղեցիկ ոճով 2-0 հաշվով հաղթեց հույներին: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Դիեգո Մարադոնայի գլխավորած Արգենտինայի հավաքականի խաղը Նիգերիայի ընտրանու հետ: Հզոր հարձակման գիծ (Լիոնել Մեսի, Կառլոս Տևես, Գոնսալո Իգուաին) ունեցող հարավամերիկացիները, այնուամենայնիվ, աչքի ընկան ընդամենը մեկ անգամ, և 6-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Գաբրիել Հայնցեն:
C խումբ. ամերիկացիների հետ խաղում Անգլիայի հավաքականից բոլորը հաղթանակ էին ակնկալում: Եվ այդ հաղթանակը կկայանար, եթե անգլիացիները չունենային դարպասապահի խնդիր: Այս էլ որերորդ անգամ մառախլապատ Ալբիոնի հավաքականը տուժում է դարպասապահի վատ խաղի պատճառով: 40-րդ րոպեին, երբ հաշիվը 1-0 էր (4-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Սթիվեն Ջերարդը), ամերիկացի Քլինտ Դեմպսին տուգանային հրապարակի մատույցներից կատարեց ոչ ուժեղ հարված: Թվում էր, թե դարպասապահ Ռոբերտ Գրինը հեշտությամբ կտիրի գնդակին, սակայն կատարվեց անհավանականը. գնդակը դիպավ նրա ձեռնոցին և հանգիստ գլորվեց դարպասը (լուսանկարում հենց այդ պահն է): Այս զավեշտալի գոլի շնորհիվ ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց մեկ միավոր: Գրինից հետ չմնաց նաև նույն խմբում ընդգրկված Ալժիրի հավաքականի դարպասապահ Ֆաուզի Շաուշին: Սլովենիայի հետ խաղն անցնում էր ձանձրալի պայքարում, և թվում էր, թե կարձանագրվի գոլազուրկ ոչ-ոքի, սակայն 79-րդ րոպեին Ռոբերտ Կորենի ոչ ուժեղ հարվածից հետո գնդակը, դիպչելով դարպասապահի ձեռքին, հայտնվեց ցանցում. 1-0:
D խմբի բացահայտ ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է, որն արդեն առաջին խաղում ապացուցեց իր բարձր կարգը` 4-0 հաշվով ջախջախելով Ավստրալիայի ընտրանուն: Այդ օրը գերմանացիների կազմում խաղադաշտ մտած հինգ հարձակվողներից չորսը դարձան գոլի հեղինակ։ Խմբի մյուս խաղում Գանայի հավաքականը, 85-րդ րոպեին Ասամոա Գյանի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ, առավելության հասավ սերբերի նկատմամբ:
Երեկ սկսվեցին E խմբի խաղերը: Հոլանդիա-Դանիա խաղում ևս գրանցվեց զավեշտալի գոլ: Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին հոլանդացիները ձախ թևից գնդակն ուղարկեցին դարպասապահի հրապարակ, և, անսպասելի, դանիացիների պաշտպան Սիմոն Պոուլսենը գլխով հարվածեց սեփական դարպասի ուղղությամբ: Գնդակը դիպավ մյուս պաշտպան Դանիել Ագերի մեջքին և հայտնվեց դարպասում: Խաղավերջում «նարնջագույնները» ևս մեկ անգամ գրավեցին դանիացիների դարպասը. 85-րդ րոպեին Էլերո Էլիայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, և Դիրկ Կույտը գրավեց անպաշտպան դարպասը` 2-0: Խմբի մյուս խաղի 39-րդ րոպեին Մոսկվայի ԲԿՄԱ-ում խաղացող ճապոնացի Կեյսուկե Հոնդան գրավեց կամերունցիների դարպասը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ