ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՅԴ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՏԱՍՆՅԱԿԸ

ԱՅԴ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՏԱՍՆՅԱԿԸ
07.12.2010 | 00:00

Ամեն տարեվերջի հրապարակվում է Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակը: Իսկ որոշողը մեր երկրի մարզական լրագրողների ֆեդերացիան է: Գործնականում առանց որևէ սահմանափակման քվեարկել կարող է ցանկացած լրագրող, որը մարզական թեմաներով է գրում: Բայց այսպիսի ժողովրդավարությունը երբեմն անկանխատեսելի հետևանքների է հանգեցնում: ՈՒշագրավն այն է, որ միշտ էլ արդյունքների հրապարակումից հետո դժգոհություններն անպակաս են: Բանն այն է, որ լավագույններն ընտրվում են քվեարկության հետևյալ կարգով: Յուրաքանչյուր լրագրող ներկայացնում է տասը լավագույնների իր տարբերակը: Ընդ որում, ամեն լրատվամիջոցից կարող է լինել մի քանի քվեարկող: Այն մարզիկը, ում անունը ներկայացված քվեաթերթիկում գրված է առաջինը, ստանում է 10 միավոր: Երկրորդ մարզիկին տրվում է 9 միավոր, և այլն: Փաստորեն, 10-րդ տեղում հայտնված մարզիկն ունենում է 1 միավոր: Հետո հաշվարկ է կատարվում, գումարվում են բոլոր քվեաթերթիկների միավորները: Քվեարկության արդյունքով էլ որոշվում է Հայաստանի լավագույն թիմը կամ հավաքականը: Որպես կանոն, հիմնականում պայքարում են օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները, սակայն դա դոգմա չէ: Հարցման ամեն մասնակից ազատ է իր ընտրությունում: Թերևս դա է պատճառը, որ երբեմն այնպիսի ցուցակներ են ներկայացվում, որոնց նայելիս պարզ չէ` խնդա՞լ, թե՞ լալ: Պատճառները երկուսն են: Պարզապես խանգարում է չիմացությունը: Ցավոք, հայկական տարբեր լրատվամիջոցներում մարզական թեմաներով երբեմն գրում են սպորտի մասին աղոտ պատկերացում ունեցողները, կամ էլ այնպիսիք, ովքեր հետաքրքրվում են միայն 1-2 մարզաձևով, հիմնականում` ֆուտբոլ, շախմատ: Ընդ որում, այս մարզաձևերն էլ միայն առաջին հայացքից են մատչելի, իրականում խոր իմացություն են պահանջում: Առավել մտահոգողն այն է, որ գտնվում են լրագրողներ, որոնք իրենց միամիտի տեղ դնելով, փորձում են հաճոյանալ այս կամ այն մարզական ֆեդերացիայի ղեկավարությանը: Եվ այդպիսի խաղերի հետևանքը լինում է այն, որ անգամ ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներ են հայտնվում ցուցակում, կամ էլ նախապատվությունը տրվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակիցներին: Իսկ բոլորին է հայտնի, թե ինչ վիճակ է հայկական ակումբային ֆուտբոլում, քանի մարդ է մարզադաշտ հաճախում Հայաստանի առաջնության, գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքին հետևելու: Այդպիսիների թիվը քիչ է, քանի որ խաղամակարդակն է ցածր: Եվ բավական է, որ նմանօրինակ մի քանի ոչ նորմալ քվեարկող լինի, և ամեն բան պղտորվում է, իրար է խառնվում: Թերևս այդ է պատճառը, որ կազմակերպիչները հնարավորն անում են քվեարկությունը թափանցիկ դարձնելու համար: Եվ այդ նպատակով հետագայում ամեն բան հրապարակվում է: Մասնավորապես, տարիներ ի վեր «Ֆուտբոլ+» թերթում ներկայացվում է, թե ով ինչպես է քվեարկել: Սակայն փորձը ցույց է տվել, որ դա էլ գործին քիչ է օգնում:
Ինչևէ, ինքնին հարցեր կարող են առաջանալ` ինչպիսի՞ն է եղել մրցաշրջանը, արդյոք շա՞տ են արժանավորների ցուցակում հայտնվելու հավակնող թիմերը, հավաքականները, մարզիկները: Այդ առումով 2010-ի մրցաշրջանն արտասովոր չէ: Եղել են թիմային հաջողություններ, նաև ձախողումներ, Հայաստանի շուրջ մեկուկես տասնյակ մարզիկ-մարզուհիներ էլ աչքի են ընկել խոշորամասշտաբ ստուգատեսներում: Այնպես որ, ընտրություն կատարելու հնարավորություն կա:
Եթե խոսքը թիմերի մասին է, ապա առաջինն ուրախանալու առիթ էր տվել տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը: Գարնանը Երևանում անցկացված աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչները, տպավորիչ երեք հաղթանակ տանելով և վճռական հանդիպումը տանուլ տալով, ի վերջո, բավարարվել էին 2-րդ տեղով: Սակայն հետո պարզվել էր, որ փնթի աշխատանք է կատարվել, և մեր թիմի կազմում անդրօվկիանոսյան այնպիսի հոկեյիստներ են հրավիրվել հանդես գալու, ովքեր իրավունք չեն ունեցել: Եվ Հայաստանի ներկայացուցիչները տհաճ պատմության մեջ էին հայտնվել: Փոխարենը, Երևանում միանգամայն նորմալ էր անցել բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը, որի ժամանակ Հայաստանի հավաքականում նույնպես անդրօվկիանոսյան խաղացողներ կային, ընդ որում, նրանցից մեկն ամենևին էլ մեր հայրենակիցը չէր: Իսկ Հայաստանի ներկայացուցիչները, ի վերջո, գրավել էին 2-րդ տեղը: Տպավորությունը լավ էր, քանի որ տևական ընդմիջումից հետո մեծ բասկետբոլը վերադարձել էր Հայաստան: Նույնը կարելի է ասել նաև հանդբոլի մասին: Այս մարզաձևի խոշոր միջազգային մրցաշար էր կազմակերպվել Վանաձորում, խաղարկվել էր Հայաստանի վարչապետի գավաթը, և, մեր երկրի ներկայացուցիչները, տպավորիչ հաղթանակներ տանելով Իրանի, Վրաստանի ուժեղագույն հավաքականների նկատմամբ, զիջելով միայն Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկին` Բելառուսի ընտրանուն, բավարարվել էին 2-րդ տեղով: 2010-ին մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, և Հայաստանի ներկայացուցիչները առաջատարների խմբում են: Այսպիսի բան վերջին տարիներին չի եղել: Այդուհանդերձ, զավեշտական կլինի այս մրցաշարը դեռ չավարտված եզրահանգումներ կատարել և գնահատականներ տալ: Այնպես որ, Հայաստանի հավաքականի գնահատականը կարող է տրվել միայն այս ստուգատեսի ավարտից հետո, որը կլինի հաջորդ տարի: Իրենց լավագույնս են դրսևորել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները և շախմատի «Միկա» կանանց ակումբը, որոնք աշխարհի գավաթի խաղարկության երևանյան մրցաշարում ու Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել են 3-րդ մրցանակակիր: Լավագույնի կոչման հավակնորդ է նաև շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին, որը Թուրքիայում օրերս կայացած շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայում տպավորիչ հաղթանակ է տարել: Ինչ վերաբերում է Հայաստանի լավագույն մարզիկին, ապա առանց հարցում անցկացնելու էլ պարզ է, որ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը շրջանցելու է բոլոր մրցակիցներին: Ընդ որում, տասնյակում հավակնում են լինել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մեդալների տիրացած մի խումբ ծանրորդներ` Գևորիկ Պողոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը, Սմբատ Մարգարյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և ուրիշներ: Նրանց լուրջ մրցակից է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Լևոն Արոնյանը, որի համար այս մրցաշրջանը ևս արգասաբեր է: Մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից կարելի է հատկապես առանձնացնել բռնցքամարտիկներին և հունա-հռոմեական ոճի ըմբիշներին: Կաշվե ձեռնոցի մեր վարպետներից Հրաչյա Ջավախյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Խաչատրյանը և Հովհաննես Դանիելյանը` բրոնզե մեդալակիր: Հունա-հռոմեական ոճի ըմբիշներից էլ Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը հռչակվել են աշխարհի փոխչեմպիոն, Ռոման Ամոյանը` բրոնզե մեդալակիր: Այնպես որ, սպասենք ևս մի քանի օր և պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի մրցաշրջան 2010-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ