ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՎԱՏԱՆՔ ԵՎ ՍՊԱՍԵՆՔ, ՈՐ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԻՆՔ ԿԶԲԱՂՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐՈՎ

ՀԱՎԱՏԱՆՔ ԵՎ ՍՊԱՍԵՆՔ, ՈՐ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԻՆՔ ԿԶԲԱՂՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐՈՎ
17.09.2010 | 00:00

ՀՀՇ-ի քաղաքական և տնտեսական լիդերների` պետական գույքի ապապետականացման և հողի սեփականաշնորհման խայտառակ քաղաքականության պատճառով այսօր մենք ունենք այն, ինչ փաստացի ունենք: Արդեն երկու տարի է, ինչ ընտրվել եմ Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ և, մոտիկից շփվելով գյուղի հոգսերին, տեսնում եմ հողի սեփականաշնորհման քաղաքականության ծանր հետևանքները և մոտ ապագայում սպասվելիք ողջ կրախը, եթե այսօրվա իշխանությունները ձևականորեն` ոչ, բայց իրականում շարունակեն ՀՀՇ-ի գյուղատնտեսական կործանարար քաղաքականությունը: Այգեստան գյուղն ունի ընդամենը 436 հեկտար մշակովի հողատարածք, որից 106 հեկտարը տնամերձ է, 38 հեկտարը` համայնքային, իսկ մնացած 292 հեկտարը` 0,15 հեկտարից մինչև 0,7 հա, սեփականաշնորհված հողատարածքներ են: Կոնկրետ փաստերով նշեմ, թե նշված հողերից որքանը չի մշակվում, և որոնք են խանգարող պատճառները:
Մինչ հարցին պատասխանելը նշեմ, որ խորհրդային տարիներին անհնար էր պատկերացնել որևէ այգեստանցու, որ չմշակեր տնամերձ հողամասը, ավելին, վստահորեն կարելի է ասել, որ 0,1-0,15 հա տնամերձ հողամասը գյուղացու ապրուստի հիմնական միջոցն էր: Տուն կառուցելու նպատակով, այն էլ երկար տարիներ հերթի կանգնելուց հետո, գյուղացին մինչև երկու հազար ռուբլի կաշառք էր տալիս 0,1 հա տնամերձ հողամաս ստանալու համար: Այսօր շատ գյուղացիներ տարիներ շարունակ չեն մշակում տնամերձ հողամասերը: Պատճառները, հիմնականում, սրանք են.
ա) ջրի պրոբլեմ,
բ) ստացված ապրանքի ինքնարժեքի և նրա շուկայական գնի (որը, մեր կարծիքով, արհեստականորեն է ստեղծվում) տարբերությունը, որի արդյունքում փաստորեն գյուղում առկա 106 հա տնամերձ հողամասերի 30 %-ից ավելին չի մշակվում:
Սա դեռևս ամբողջ չարիքը չէ: Մեծագույն չարիքն այն է, որ տասնյակ հեկտար վարելահողեր տարիներ շարունակ չեն մշակվում: Վերոհիշյալ երկու պրոբլեմները կարելի է մեխանիկորեն գրել այս հարցի տակ և ավելացնել, որ շատ ընտանիքներ պարզապես մեկ տասնյակից ավելի տարի չեն մշակում իրենց հողերը, որովհետև գնացել են արտերկիր, իսկ շատ ընտանիքներ էլ չեն մշակում, որովհետև տանը մնացել են միայն ծերերը:
Փաստորեն, այն բարեբեր հողերից, որոնցից խորհրդային տարիներին երկու բերք էին ստանում, այսօր մեկ բերք էլ չեն ստանում: Եվ գործող կառավարությունն այդ ուղղությամբ որևէ բան չի մտածում, իսկ ավելի ճիշտ` չտեսնելու է տալիս առկա պրոբլեմը: Տեղին է հարցնել. եթե այս երկրում ցանկացած հարցի համար մեղադրում ենք հանրապետության նախագահին, ապա ինչո՞ւ է կազմվում կառավարություն, նշանակվում նախարարներ, մարզպետներ, ընտրվում գյուղապետեր և հողի պրոբլեմների հետ կապված մեծ ու փոքր այլ պաշտոնյաներ:
Սկսեմ առաջին դեմքից։
Հանրապետության նախագահը պետք է տեղեկացված լինի այս երկրում կատարվող մեծ ու փոքր, անգամ չնչին թվացող բոլոր դեպքերին: Հանրապետության նախագահը գոնե տարին մեկ անգամ, առանց նախազգուշացնելու տեղական իշխանավորներին, պարտավոր է շրջել գյուղատնտեսական շրջաններով, որպես հասարակ մահկանացու հանդիպել հողի մշակի հետ, լսել նրա պրոբլեմների մասին և տալ դրանց հնարավոր լուծումը: Մեզ համար հող չմշակելը մեծագույն հանցագործություն է: Դա ապագա ընտրություններում նախագահի ամենամեծ հաղթաթուղթը կլինի, այլ ոչ թե հանուն «Հայլուրի» շքախմբով գնալ-նկարահանվելը և օր օրի աճող պրոբլեմները չտեսնելու տալը:
Կառավարությունը չպետք է ձևականորեն լսի այս կամ այն նախարարի հաշվետվությունը և բավարար կամ անբավարար գնահատի այն, որի արդյունքում ոչինչ չի փոխվում, քանզի այդ քննարկումները չեն լուծում առաջացած պրոբլեմները և նման են իսկ և իսկ ծածկադմբոցի: Եթե գյուղնախարարի, ջրային պետական կոմիտեի և շատ շատերի աշխատանքը տարեվերջում գնահատվում է բավարար, ապա տեղին է հարցնել` իսկ անբավարարը ո՞րն է, կատարյալ խայտառակությո՞ւնը... և մի՞թե այսօր կատարյալ խայտառակ վիճակում չեն մեր գյուղատնտեսության և շատ այլ նախարարություններ:
Կոնկրետ նշեմ որոշ հարցեր, որոնք մենք բարձրացնում ենք կառավարության առջև, սակայն դրանք այդպես էլ որևէ լուծում չեն գտել:
Այգեստան գյուղի հողի հարկի պարտքը տարիներ շարունակ կուտակվել և ներկա պահին շուրջ 50 միլիոն դրամ է: 2009 թվականին մի քանի հայց ներկայացրի ՀՀ վարչական դատարանի Վեդի նստավայր: Այն ողջ քաշքշուկը, որ առաջացնում էր դատավոր Ա. Պողոսյանը, թողնենք մի կողմ, միայն կարող եմ ասել, որ Պողոսյանը հայցադիմումում որոնում էր թերություններ, որպեսզի հետագայում ընթացք չստանար նման կարգի հայցերի քննարկումը: Ա. Պողոսյանը, հավանաբար, հավես չուներ նման կարգի հազարավոր հայցեր քննարկելու: Դրանից նրան ի՜նչ օգուտ, երբ առանց քննարկումների էլ նա էս երկրի խեղճ ու կրակ բյուջեից կարող էր ստանալ իր բարձր աշխատավարձը: Եթե Պողոսյանի մտածելակերպով մոտենանք հարցին, ապա որևէ հայցադիմում անհնար էր դատարանում շահել: Պողոսյանն անգամ իր պահվածքով հուշում էր պատասխանողներին: Ինչպե՞ս: Ասենք, ժամանակին ընտանիքի 6 անդամներին տրվել է երկու հողաբաժին: Ընտանիքի 6 անդամներից մեկը Ֆրանսիայում է, մյուսը` Ռուսաստանում, երրորդը` Բելգիայում կամ բանակում: Բոլորի անունով պետք է հայցադիմումն ուղարկես և հավաստես, որ նրանք ստացել են: Հողը մշակում են ծնողները: Դատարանում ծնողն ասում է, թե ես իմ հողաբաժինն եմ մշակում, մյուս բաժինների հետ գործ չունեմ: Իրավաբանորեն մերժումը հայցադիմումի նրանց մասով ճիշտ կլինի, բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` խաբեություն: Դատարանը մերժում է հայցի գումարը, եթե ներկայացրել ես (կան մարդիկ, որ 15-20 տարի ոչ մի լումա հարկ չեն տվել) անցած տարիների հարկի վերաբերյալ հայցապահանջ: Նշեմ, որ ոմանց մոտ այդ գումարը հասնում է անգամ 500-600 հազար դրամի։ Դատարանը մերժում է հայցը, պատճառաբանելով, թե հարկերի մասին ՀՀ օրենքը հարկային վաղեմությունն ընդունում է մինչև երեք տարվա համար: Երբ դատավորին հիշեցնում ես ՀՀ հողի հարկի մասին օրենքը, նա պատճառաբանում է, թե դա իրեն չի վերաբերում, թող օրենսդիրը ճշտի, թե ինչն ինչ է: Այդ մասին գրել եմ ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլև փոխվարչապետի հետ Արարատի մարզում կայացած հանդիպմանը տողերիս հեղինակը բարձրացրել է քննվող հարցը, բայց առայսօր սայլը տեղից չի շարժվում: Ավելին ասեմ, նման մի հայցի մերժումը բավարար էր, որ ամբողջ գյուղը խոսեր և հրաժարվեր նախորդ տարիների հարկերը վճարելուց: Ավելին: 2009 թվականի ապրիլի 7-ին ՀՀ նախագահը ստորագրում է ՀՀ օրենքը հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին, որտեղ հոդված 1-ում գրված է. «Սույն օրենքը տարածվում է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վրա»: Այնուհետև շարունակվում է (մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) «առանց հաշվարկված տույժերի և տուգանքների վճարած ֆիզիկական անձինք ազատվում են տույժերի և տուգանքների վճարումից»:
Այստեղ են ասել` աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Բա մեկը չեղա՞վ կառավարությունում կամ թեկուզ հենց օրենսդիր մարմնում ասելու, որ ինչու ենք նախագահին դնում անհարմար վիճակի մեջ, ինչ ենք թուղթ ու թանաք փչացնում, եթե նույնիսկ չազատեք տույժ ու տուգանքից, ինչ պետք է անեք, եթե արդեն Հայաստանում ձևավորվել է հարկերի վերաբերյալ երեք տարվա վաղեմության դատական նախադեպ: Ավելին, նորից նշեմ, հայցադիմում եմ ներկայացրել ներկա պահին դատարան մի հարկ չվճարողի նկատմամբ և, ղեկավարվելով օրենքով, տույժ ու տուգանքների գումարներ եմ մտցրել հայցի մեջ: Հավատացած եմ, որ հայցադիմումն այդ մասով հաստատ մերժվելու է, որովհետև նախագահի 2009 թվականի ապրիլի 7-ին ստորագրած օրենքը հիմա էլ երկարացվել է մինչև 2011 թվականի հուլիսի 11-ը: Տեղին է հարցնել, հարգելի կառավարություն, ինչո՞ւ ենք թուղթ մրոտում և հանձնարարություն տալիս մարզպետարանների ֆինվարչություններին հաշվելու, թե որքան են գյուղացիների ապառքները: Այս օրինակը հիշելիս միշտ մտաբերում եմ խորհրդային տարիներին խանութներում կուտակված միլիարդավոր ռուբլիները, երբ պետությանը թվում էր, թե ինքը միլիարդներ ունի, բայց իրականում ոչինչ էլ չուներ, խլամից բացի: Հիմա մեր կառավարությանն է. թվում է, թե հարկատուներն իրեն միլիարդներ են պարտք, իսկ իրականում … հարցրեք նախադեպ ստեղծած դատավորներին: Փաստորեն, կառավարությանը ոչ նախադեպն է հետաքրքրում և ոչ էլ առաջացած հարցի օրենսդրական հարթեցումը, այլ տեղերում կատարվող անիմաստ աշխատանքը:
Ցանկացած հայցադիմում, դատարան ներկայացնելու դեպքում, կապված է քննարկվող հայցապահանջի հետ էական որևէ նշանակություն չունեցող, բայց ֆորմալ քաշքշուկի հետ: Հայցապահանջի գնից ելնելով պետք է մուծվի պետական տուրք: Թե որքան թուղթ ու թանաք պետք է ծախսվեն, պարզից էլ պարզ է: Կա հարցի լուծման ավելի հեշտ ձևը. կասեն ոմանք, և կառավարության իրավաբանական ծառայությունն էլ խորհուրդ տվեց որպես իրենց առջև բարձրացված հարցի պատասխան, թե դատարան ներկայացրեք հայցադիմում վճարման կարգադրություն արձակելու մասին: Սկզբից ևեթ գիտեի, որ դա հարցի լուծումը չէ, բայց և այնպես լսեցի կառավարությունից տրված խորհուրդը և պետական տուրքից խուսափելու համար գնացի նշված ճանապարհով: Դատարանում մի երկու ամիս տևող քաշքշուկից հետո պարզվեց, որ պետք է հայցապահանջի հետ ներկայացվի վարչական ակտ: Դատավոր Արթուր Պողոսյանին հարցրի, թե ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» արտասահմանյան ինչ-որ երկրից արտագրած ՀՀ օրենքի 53 հոդվածում գրված են վարչական ակտի հասկացությունը և տեսակները, այն է` բարենպաստ, միջամտող և զուգորդվող: Հիմա նշված ակտերից ո՞րը պիտի գրվի գյուղացու կողմից հողի հարկը չվճարելու դեպքում: Իսկ ես գիտե՞մ, որ քեզ ասեմ, եղավ պատասխանը, որը և տեղին էր: Վարչական ակտը ենթադրում է տուգանք, նախազգուշացում օրենքի այս կամ այն պահանջը չկատարելու, խախտելու համար: Այդ մասին նորից գրեցի կառավարություն, խնդրելով պարզաբանել թե ինչպես պետք է գրվի վարչական ակտը հողի հարկը չմուծելու պարագայում: Նամակս շրջագայեց ՀՀ արդարադատության նախարարությունով, որտեղից ստացվեց բարձրացված հարցի հետ որևէ կապ չունեցող պատասխան: Կառավարության հետ շարունակվող նամակագրության այս մի էջն էլ շրջեցինք: Բայց քանի որ ի ծնե համառ եմ և հայի եզակի` շուտ չհանձնվող, տեսակից, շարունակեցի հետագա պայքարը դատարանի և կառավարության հետ:
Դատարանը (ասեմ, որ դատավորի վարքագծի մասին կառավարությանն ուղղած նամակներիս պատասխանը լիարժեք թե ոչ լիարժեք ստանում էի, դատավորի վարքագծի, կոնկրետ երկու գործով կայացրած դատարանի վճիռները կոնկրետ մեկնաբանություններով ուղարկեցի ՀՀ նախագահին, որտեղից առայսօր որևէ պատասխան չի ստացվել, թեպետ անցել է ավելի քան վեց ամիս) իր վճիռներում կասկածանքի տակ էր առնում գյուղապետարանի ներկայացած հաշվարկները և մեկ էլ այն, թե գյուղապետարանը չի կարողանում ապացուցել, թե պատասխանողը որքան հող ունի: Եվ այստեղ ինչն է զարմանալի. այն պատասխանողները, ովքեր գալիս էին դատարան և ընդունում էին հայցն ամբողջությամբ, թեպետ դատարանը հայցի գումարը երեք տարվա պարտքից ավելի չէր բավարարում, ինչ-որ ձևով վճիռ կայացվում էր հօգուտ գյուղապետարանի, իսկ ընդհանրապես դատարան չներկայացողների հայցերը մերժվում էին: Պարզվեց, որ կադաստրից ստացված հողի հարկի տվյալների հիման վրա մեր հաշվարկը հիմք չէ, պետք է կադաստրից ստանայինք այդ նույն ինֆորմացիան և մեկ էլ տեղեկանք, որ այսինչ այսինչյանն իր ընտանիքի այսքան անդամներով ստացել է այսքան բաժին սեփականաշնորհված հողամաս: Երբ հերթական նամակն էի գրել կառավարություն և հայտնել դժգոհությունս և այն, որ կադաստրից համապատասխան հարցում ստանալու համար պահանջվում են (հաշվել էի գումարը) մեծ գումարներ, և որ գյուղապետարանն ի վիճակի չէ ամեն անգամ նման գումարներ փոխանցելու: Այս նամակս էլ շրջագայեց Երվանդ Զախարյանի հաստատությունով, և ստացվեց մի գեղեցիկ պատասխան` անշարժ գույքի կադաստրից համապատասխան տեղեկությունն արժե մեկ հազար դրամ: Որպեսզի պարոն Զախարյանին չասենք, թե գեղարվեստորեն խաբում եք, նշեմ մի քանի օրինակ: Վահագն Վիրաբի Հախնազարյանի անունով տեղեկատվություն ստանալու համար գյուղապետարանը վճարել է 9400 դրամ, Բալաբեկյան Ֆելիքսի անունով` 6000 դրամ, և այդպես շարունակ: Տեղին է հարցնել, ինչո՞ւ պետք է գյուղացին վերջին հաշվով վճարի այդքան գումար: Մինչև հարցի վերջնական ամփոփումը կուզենայի ևս մի քանի հարց բարձրացնել կառավարության առջև:
Գյուղացին ստացել է հող և ստանալուց մեկ-երկու տարի հետո, հասկանալի պատճառներով, հեռացել է Հայաստանից, և, բնականաբար, հողը չի մշակվում, հարկ չի գանձվում: ՈՒմի՞ց և ինչպե՞ս գանձես: Որտե՞ղ գտնես մեկնողի հասցեն և ուղարկես հայցադիմումի պատճենը: Կամ էլ ծախել է իր հողը, սակայն չունի պետական գրանցում, առնողն էլ խուսափում է հողի հարկը տալուց, պատճառաբանելով, թե ինքը չի գնել: Նման հարցերը բազմաթիվ են: Արդյունքում հարյուրավոր հեկտար հողեր չեն մշակվում, բայց պետությունը ենթադրյալ ունի նրանցից հողի հարկ գանձելու սպասում: Ո՞րն է ելքը: Ելքը` փոքր-ինչ հետո, շարունակեմ շարադրել պրոբլեմները:
Պրոբլեմն այն է, որ երկրի օրենսդիրները դեսից-դենից թխելով օտար օրենքները, փորձում են այն ոչ թե կիրառելի դարձնել, այլ հարմարեցնել մեր հագին: Ոչ մի եվրոպական երկրում չես տեսնի, որ քաղաքացին թողնի իր հողը, չմշակի, չվաճառի կամ չհանձնի որևէ մեկի տնօրինությանը և հեռանա երկրից: Այսինքն, աշխարհի ամենաթանկ կապիտալը տասնյակ տարիներ հենց այնպես թողնվի բախտի քմահաճույքին:
Հողի սեփականաշնորհումից հետո երկրում առաջացած բազմաթիվ պրոբլեմները հրատապ լուծման կարիք ունեն, որովհետև ժողովրդի պարենապահովման հարցն այսօր երկրի թիվ մեկ խնդիրն է: Ժամանակն է ժողովրդին կերակրելու բնական սնունդով և ոչ թե դեսից-դենից ներկրվող փտած սննդով:
Կառավարությունը պետք է տեղերում անցկացնի գույքագրում` պարզելու, թե որքան հողակտորներ ինչքան ժամանակ չեն մշակվում: Նրանց, ովքեր տարիներ առաջ մեկնել են արտերկիր, ստացել են քաղաքացիություն, ոչ միայն չեն մշակում հողը, այլև հողի վարձը չեն տալիս, պետք է զրկել սեփականության իրավունքից: Զրկման մեխանիզմը պետք է լինի շատ պարզ: Ճիշտ է, ըստ ՀՀ Սահմանադրության ոչ ոք չի կարող զրկվել սեփականության իրավունքից, դա պետք է լինի դատարանի վճռով: Թող այդպես լինի, բայց մեխանիզմը պետք է պարզ ու կիրառելի լինի: Հողը տասը տարուց ավելի թողած-գնացած քաղաքացու հասցեն որտեղի՞ց իմանաս, որ նրան հայցադիմումի օրինակ ուղարկես: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի ընդունվի օրենք հողի չմշակելու դեպքում, ասենք երեք և ավելի տարի, վերցվի մեխանիկորեն (մեր կարծիքով` դա սեփականության հատուկ տեսակ է, մոտեցումն էլ պետք է յուրովի լինի), թող սեփականատերը մտահոգվի և դիմի դատարան իր իրավունքը հողի նկատմամբ վիճարկելու համար: Դատարանին որևէ տեղ չպիտի թողնվի (օրենքը պետք է մշակվի հստակ) գյուղապետարանների կողմից ներկայացվող տվյալները կասկածանքի տակ առնելու և ավելորդ գումարներ մուծելու կադաստր ինչ-որ թղթեր ստանալու համար, որոնց արժեքը, վերջին հաշվով, վճարում է պատասխանողը: Հարկերի երեք տարվա վաղեմության վերաբերյալ դատարանների ստեղծած նախադեպի կապակցությամբ կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ընդունի` հողի հարկի վերաբերյալ դա կիրառելի՞ է, թե՞ ոչ:
Մեր կարծիքով` չպետք է պարտադիր լինի արենդային հողերի վերաբերյալ նոտարական գրանցումը: Դարձյալ Արևմուտքից ներմուծված այդ դրույթը մեզ համար ընդունելի չէ, որովհետև մեր գյուղացին երկու հազար, երբեմն էլ հազար մետր հող է վերցնում մշակելու համար: Արևմուտքում ոչ մեկը հազար կամ երկու հազար քառակուսի մետր հող չի վերցնում արենդայով մշակելու համար: Անհեթեթություն է նաև այդքան մետրի համար սեփականության իրավունքի վկայական հանել և հետո տալ արենդայով:
Վաղը, եթե գյուղապետարանները ծախելու լինեն այդ հողակտորները, ասենք, մեկը գնում է հինգ և ավելի հեկտար, կստացվի, որ ապագա սեփականատերը պետք է ունենա առնվազն մի տասը-քսան սեփականության վերաբերյալ վկայական, որոնցից յուրաքանչյուրի համար նա պետք է վճարի առանձին-առանձին:
Հարցերը շատ են, և միանգամից չես սպառի կուտակվածը: Հավատանք և սպասենք, որ ամենօրյա հեռուստաելույթների փոխարեն կոնկրետ անձինք կզբաղվեն կոնկրետ գործերով:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ