ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՀՆՉԵՑ, ԵՌԱԳՈՒՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ, ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՀՆՉԵՑ, ԵՌԱԳՈՒՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ, ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ»
14.12.2010 | 00:00

Թուրքիայում օրերս կայացած շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները փոքր սխրանք գործեցին. տանելով 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի` 30,5 միավորով վստահորեն գրավեցին առաջին տեղը, և, ի պատիվ մեր երկրի ներկայացուցիչների հաղթանակի, հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց մեր եռագույնը: Վերադարձից հետո զրուցեցինք Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրոսմայստեր ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-Օլիմպիադան անցկացվեց Բուրդուր քաղաքում: Այն 70-80 հազար բնակիչ ունեցող փոքր, կոկիկ, մաքուր քաղաք է: Դժվարանում եմ ասել` այդ քաղաքում հայեր բնակվո՞ւմ են, թե՞ ոչ: Իջևանել էինք «Գրանդ օզերեն օթել» փոքրիկ հյուրանոցում: Մրցումներն անցկացվում էին մարզապալատում, 22 թիմ էր մասնակցում: Երեք հավաքական էր մրցասպարեզ հանել Թուրքիան, երկու հավաքական` Թուրքմենստանը:
-Մասնակիցների թիվը քիչ չէ՞ր:
-Անկասկած: Թերևս պատճառն այն է, որ եվրոպական որոշ երկրներ չեն ցանկանում Թուրքիա պատվիրակներ գործուղել: Նախկինում մի քանի անգամ շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադան կազմակերպվել է Թուրքիայում և` ո՛չ բարձր մակարդակով։ Սակայն այս անգամ ամեն բան տեղը տեղին էր, կացարանները, սնունդը նորմալ էին:
-Հայաստանը ո՞րերորդ անգամ էր մասնակցում այս ստուգատեսին:
-Չորրորդ: Բանն այն է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշ ժամանակ խուսափում էր կազմակերպվող ստուգատեսներին թիմեր ուղարկելուց: Դեպքեր են եղել, որ դրանք անցկացվել են հեռավոր երկներում, զգալի ֆինանսներ են պահանջվել: Տասներկու տարի առաջ դարձյալ Թուրքիայում կազմակերպված շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները հաղթել էին: Անցյալ տարի մերոնք երրորդն էին, նախկինում էլ մեկ անգամ 5-րդ տեղ են գրավել:
-Այս տարի որևէ առաջադրանք դրվա՞ծ էր:
-Խնդիր կար խաղալ հաղթելու համար: Տրամադրվածությունն այդպիսին էր: Տեղյակ էինք, որ մեծ թվով երկրներից մասնակիցներ չեն լինելու: Ի դեպ, Հայաստանի հավաքականն օլիմպիադայում իր վարկանիշով երրորդն էր և զիջում էր Ռուսաստանի, Հնդկաստանի ներկայացուցիչներին:
-Օլիմպիադայում շախմատիստուհիների թիմեր չկայի՞ն:
-Ոչ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների թիմային մրցումներ չեն անցկացվում: Պարզապես, հավաքականների կազմերում կային աղջիկներ, որոնք այդ իրավունքը նվաճել էին լավ խաղալու շնորհիվ:
-1998-ի պատանեկան օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի թիմի խաղացողները ներկայումս հայտնի գրոսմայստերներ են: Ի՞նչ կասեք Հայաստանի ներկայիս պատանեկան հավաքականի շախմատիստների մասին: Հնարավո՞ր է, որ տարիների ընթացքում նրանք էլ մեր երկրի ազգային հավաքականում խաղան:
-Ինչպես հիշում եք, այդ թիմի կազմում էին նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը: Առաջին երեքը 2008-ին` Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն դարձան, իսկ Հակոբյանը բրոզե մեդալի տիրացավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Չէի ասի, որ Բուդուրում չեմպիոն դարձած մեր երկրի պատանի խաղացողների ներուժն ավելի բարձր է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելու համար մեծ մրցակցություն կա, մեր առաջատարների խաղամակարդակը շատ բարձր է: Այնպես որ, մեր պատանի շախմատիստները դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն` այդ իրավունքին արժանանալու համար:
-Բնութագրեք Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներին` ըստ խաղատախտակների:
-Կարեն Գրիգորյանն անցկացրած 10 պարտիաներում վաստակեց 9 միավոր և առաջին խաղատախտակի առջև հանդես եկողների պայքարում գրավեց առաջին տեղը: Ընդ որում, դա լավագույն ցուցանիշն է ողջ օլիմպիադայում: Նա վերջին շրջանում լուրջ հաջողության էր հասել` Եվրոպայի առաջնությունում մինչև 16 տարեկանների պայքարում գրավել էր երկրորդ տեղը: Ընդհանրապես, Կարենը կայուն խաղ է ցուցադրում, նրա վարկանիշը վերջին մեկ տարում 200 կետով բարձրացել է, գործակիցն է 2454: Դա բավականին բարձր ցուցանիշ է 15-ամյա շախմատիստի համար: Ի դեպ, նա կարող է հաջորդ տարի էլ այս ստուգատեսին մասնակցել: Գրիգորյանը մի քանի անգամ լրացրել է միջազգային վարպետի նորման: Հովհաննես Գաբուզյանն էլ շատ լավ հանդես եկավ երրորդ խաղատախտակի վրա (9 հնարավորից` 8 միավոր)` ցույց տալով լավագույն արդյունքը: Նա էլ վերջին մեկ տարում զգալի առաջընթաց է գրանցել: Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մինչև 6-րդ տուրը նա 1-ին տեղում էր, հետո փչացրեց գործերը: Այս երկու մարզիկներն էլ Երևանից են: Իսկ չորրորդ խաղատախտակի վրա առաջին տեղը գրաված Դավիթ Շահինյանը (9-ից` 7,5 միավոր) Վանաձորից է: Այդ է պատճառը, որ, ի տարբերություն հավաքականի մյուս անդամների, ես նրան ավելի վատ էի ճանաչում: Սակայն Դավիթը նույնպես փայլուն անցկացրեց օլիմպիադան: Նա շատ համարձակ էր խաղում: Երկրորդ խաղատախտակի վրա այնքան էլ հաջող չխաղաց երևանցի Ռոբերտ Աղասարյանը` 9-ից` 4,5 միավոր: Թերևս, նա լարվածությանը չդիմացավ: Մարզասերները տեղյակ են, որ Ռոբերտը նախկինում եղել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն` 10 և 12 տարեկանների պայքարում:
Մեր հավաքականի 5-րդ խաղացողը Տիգրան Պետրոսյանն էր: Նա երեք պարտիա խաղաց և 1,5 միավոր վաստակեց: Նա ավելի շատ պարտիաներ կարող էր անցկացնել, բայց 3-րդ և 4-րդ խաղատախտակների առջև նրա թիմակիցները հաջող էին հանդես գալիս, իսկ նման դեպքերում գերադասելի է տեղաշարժեր չկատարել: Կարևորն այն է, որ բոլորին էլ խաղալու հնարավորություն տրվեց:
-Իսկ ի՞նչ սկզբունքով էր կատարվել հավաքականի անդամների ընտրությունը:
-Դա որոշվում է շախմատիստների գործակիցներով: Պարզապես, նպատակահարմար չէ, որ վճռորոշ համարվեն Հայաստանի առաջնությունում պատանի մարզիկների ցույց տված արդյունքները, քանի որ հնարավոր են պատահականություններ: Չի բացառվում, որ մարզիկը Հայաստանի առաջնությանը լավ չմասնակցի, սակայն մյուս մրցաշարերում լավ խաղա:
-Բայց կա մեկ նրբություն: Պատանիները քիչ են խոշորամասշտաբ մրցաշարերի մասնակցում, և հաճախ անհատական գործակիցները նրանց ներուժին չեն համապատասխանում:
-Համաձայն եմ, սակայն ընտրություն կատարելու մի տարբերակ անհրաժեշտ էր, որ կիրառվեր: Հավելեմ, որ Հայաստանի չեմպիոնը պարտադիր ընդգրկվում է հավաքականի կազմում, եթե անգամ ցածր գործակից է ունենում:
-Վերջերս Հայաստանի պատվիրակներն այնքան էլ հաջող չմասնակցեցին աշխարհի պատանեկան առաջնությանը: Սամվել Տեր-Սահակյանը 18 տարեկանների մրցաշարում գրավեց 2-րդ տեղը, մյուսներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Ինչո՞ւ մերոնք այդ ստուգատեսում չկարողացան լավագույնս դրսևորել իրենց: Գուցե մասնակիցների կազմն ավելի՞ ուժեղ էր, քան օլիմպիադայում:
-Օլիմպիադայի մասնակիցներից աշխարհի առաջնությունում հանդես էր եկել միայն Գաբուզյանը, որն այս տարվա Հայաստանի մինչև 16 տարեկան շախմատիստների չեմպիոնն է, երկրորդ տեղում Աղասարյանն էր: Իսկ Գրիգորյանը, մասնակցելով մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությանը, 2-րդ տեղն էր գրավել: Ի դեպ, օլիմպիադայում չեմպիոն դարձած մեր շախմատիստներից չորսը Եվրոպայի առաջնությունում առաջին տասնյակում էին` Շահինյանը, Գաբուզյանը, Աղասարյանը, Գրիգորյանը:
-Օլիմպիադայում որևէ խնդիր չծագե՞ց:
-Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերն ուժեղ էին, և երկուսին էլ հաղթեցինք 3:1 հաշվով: Ի դեպ, 2-րդ տուրում մենք խաղացինք ռուսաստանցիների հետ, և նրանք, թերևս, մի փոքր թերագնահատել էին մեր ուժերը: Ընդ որում, այդ օրը մենք մրցեցինք նաև Պորտուգալիայի ուժեղ թիմի հետ և 4:0 հաշվով դժվարությամբ հաղթեցինք: Դրանից հետո ինքս հավատում էի, որ չեմպիոն կդառնանք, բայց այդ մասին տղաներին ասել չէի ցանկանում, որ նրանք զգոնությունը չթուլացնեն: Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ հաղթանակը հեշտորեն է տրվել, սակայն մինչև վերջին օրը լարվածություն կար: Այդ է պատճառը, որ վերջին տուրում ոչ-ոքի (2:2) խաղացինք Թուրքիայի երկրորդ թիմի հետ:
-Մեր հավաքակա՞նն առաջարկեց խաղաղ դաշն կնքել:
-Այո, տղաները հոգնած էին, բացի այդ, սխալ տեղեկություն էր տարածվել, թե մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն ապահովել ենք չեմպիոնի կոչումը: Սակայն եթե Հայաստանի հավաքականը պարտվեր 0:4 հաշվով, հնարավոր է, որ Ռուսաստանի թիմից հետո հայտնվեր երկրորդ տեղում: Մեր բոլոր շախմատիստները վերջին տուրից առաջ գիշերը շատ անհանգիստ էին քնել, պատրաստվել էին խաղին, ուստի հրահանգ տվեցի` առաջարկել ոչ-ոքի։ Իհարկե, խոշոր հաշվով մերոնք չէին զիջի, սակայն հնարավոր էր` թույլ խաղային, իսկ վերջին տուրում պարտվելը, այն էլ` Թուրքիայի ներկայացուցիչներին, պատվաբեր չէր լինի անգամ չեմպիոնների համար:
-Թուրքիայում որևէ անսպասելի բան տեղի չունեցա՞վ:
-Ոչ, ընդունելությունը նորմալ էր, Հայաստանի օրհներգը հնչեց, եռագույնը բարձրացվեց, թուրքերն էլ ծափահարեցին:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ