ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր Աբրահամը ցանկանում է ավելի շատ տապակած կարտոֆիլ ուտել

Արթուր Աբրահամը ցանկանում է ավելի շատ տապակած կարտոֆիլ ուտել
30.06.2009 | 00:00

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Շաբաթ օրը ուշ երեկոյան Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» մարզասրահում իր հոբելյանական` 30-րդ հաղթանակը տոնեց Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ` պաշտպանելով միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նրա մրցակիցն ազգությամբ թուրք, նույնպես Գերմանիան ներկայացնող Մահիր Օրալն էր:
Նախատեսվում էր, որ Արթուրը պետք է հանդիպի պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ, սակայն այն բանից հետո, երբ բանակցությունները մտան փակուղի, IBF-ը հավանության արժանացրեց Օրալի թեկնածությունը:
Արթուրը մենամարտը սկսեց գրեթե ինչպես միշտ. համարյա չէր գրոհում, ասես հետախուզում էր մրցակցին, ուսումնասիրում նրա հնարավորությունները և ոճը: Թուրք մարզիկը դրսևորում էր թվացյալ ակտիվություն: Այդպես շարունակվեց մինչև 3-րդ ռաունդի վերջին րոպեն, երբ Արթուրն ակտիվացավ, և նրա հարվածներից մի քանիսը հասան մրցակցի դեմքին:
Մարտից հետո աշխարհի չեմպիոնը կասի. «Ես ուշ մեկնարկեցի, սակայն նման բան ինձ հետ հաճախ է պատահում, մինչև որ իրոք մտնում եմ պայքարի մեջ: Ահա թե ինչու մարտի առաջին րոպեներին ես թույլ տվեցի մրցակցին գրոհել: Մահիր Օրալի համար դա բացառիկ հնարավորություն էր, որից նա ցանկացավ օգտվել: Բայց հետո սկսեցի գրոհել և գտա ճիշտ պատասխանը նրա գործողություններին»:
Եվ, իրոք, սկսած չորրորդ ռաունդից, Արթուրի առավելությունը գնալով մեծանում էր, և երբ մրցափուլի ավարտին մնում էր մոտ կես րոպե, թուրք բռնցքամարտիկն առաջին անգամ հայտնվեց հատակին. Աբրահամի մի քանի հարվածները ցնցեցին նրան, իսկ աջ ձեռքի ուժգին հարվածից հետո նա հայտնվեց նոկդաունում: Թվում էր, թե մարտն այդքանով կավարտվի, սակայն գոնգն օգնության հասավ Արթուրի մրցակցին:
Հաջորդ ռաունդում հայ մարզիկի հարվածից հետո Օրալը ևս մեկ անգամ հայտնվեց հատակին, սակայն մրցավարը նոկդաուն չարձանագրեց, համարելով, որ նա սայթաքել է: Արթուրը շարունակում էր գրոհել և հարվածների տարափ տեղալ մրցակցի գլխին ու իրանին: 6-րդ ռաունդի վերջին րոպեին հետևեց ևս մեկ ուժգին հարված, և թուրքը երկրորդ անգամ հայտնվեց նոկդաունում: Աբրահամի առավելությունը բացահայտ էր: 7-րդ ռաունդը և 8-րդի մեծ մասն անցան համեմատաբար հանգիստ պայքարում, Օրալը փորձեց ակտիվություն դրսևորել, բայց ապարդյուն: 8-րդ փուլի վերջին րոպեին հայ մարզիկը կրկին անցավ բուռն գրոհների և մի քանի ուժգին հարված հասցրեց մրցակցին:
9-րդ ռաունդի վերջում Արթուրի առավելությունն այնքան բացահայտ էր, որ պարզ դարձավ` սա վերջի սկիզբն է. մրցակիցն այդպես երկար դիմանալ չէր կարող: Դա զգաց նաև ռինգի մրցավարը` ընդմիջմանը մոտենալով թուրք մարզիկին և հետաքրքրվելով նրա ինքնազգացողությամբ: Եվ երբ սկսվեց 10-րդ ռաունդը, Արթուրն անմիջապես անցավ գործի, և վայրկյաններ անց թուրքը ծունկը դրեց հատակին. նոկդաուն: Հետագա կես րոպեի ընթացքում նույնը կրկնվեց ևս երկու անգամ, և երբ երրորդ անգամ մրցավարը հաշվում էր, թուրք բռնցքամարտիկի մարզիչները, ի նշան պարտության, սրբիչ նետեցին ռինգ: Արթուրի հոբելյանական հաղթանակը բավական գեղեցիկ ու տպավորիչ էր: Այդ 30 հաղթանակներից 24-ը 29-ամյա «Արքա» Արթուրը տարել է նոկաուտով:
Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտարարեց, թե կցանկանար փոխել քաշային կարգը. «Ես մեծ հաճույքով կտեղափոխվեի հաջորդ քաշային կարգ: Այնտեղ շատ ուժեղ և ինձ համար հետաքրքիր մրցակիցներ կան, որոնց հետ կարող են կայանալ իրոք թեժ և անզիջում մարտեր: Բացի այդ, մենամարտերի արանքում կարող եմ ինձ թույլ տալ ավելի շատ տապակած կարտոֆիլ ուտել»,- կատակել է աշխարհի չեմպիոնը: Նրա ներկայացուցիչ Վիլֆրիդ Զաուերլենդը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կուսումնասիրի իրավիճակը և Արթուրի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի:
Չի բացառվում, որ Արթուրը հանդիպի WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Քելլի Պավլիկի հետ, որը տարբեր պատճառաբանություններով ամիսներ շարունակ խուսափում է Արթուրի հետ հանդիպելուց: «Քելլի Պավլիկը դուրս չի գալիս իմ գլխից, ես ցանկանում եմ նրա հետ հանդիպել: Ես ցանկանում եմ լինել միջին քաշի բացարձակ չեմպիոն,- Օրալի հետ մարտից առաջ հայտարարել էր Արթուր Աբրահամը:- Բայց ինձ թվում է, որ ինչպես Պավլիկը, այնպես էլ Ֆելիքս Շտուրմը խուսափում են ինձանից: Ես պատրաստ եմ մենամարտելու Պավլիկի հետ ցանկացած վայրում, լինի դա ԱՄՆ-ը, թե նրա սեփական տունը: Օրալից հետո իմ մրցակիցը լինելու է Լորենցոն, բայց եթե Պավլիկի հետ միավորիչ մենամարտի հնարավորություն լինի, մենք անպայման կընդունենք այն»: Արթուրը նշել է նաև, որ իր համար շատ կարևոր է Պավլիկի հետ մենամարտն անցկացնել հենց ԱՄՆ-ում, քանի որ ինքը շատ է ցանկանում հայտնվել աշխարհի լեգենդար բռնցքամարտիկների շարքում: Իսկ Նահանգներում նա հնարավորություն կունենա ցուցադրելու իր ոճն ամերիկացիներին:
Նշենք, որ հուլիսի 12-ին իր հերթական մարտը կանցկացնի հայազգի ևս մեկ հռչակավոր բռնցքամարտիկ` Վախթանգ Դարչինյանը: Նա չեմպիոնական երեք գոտիները կպաշտպանի գանացի Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ