ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
28.10.2011 | 00:00

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի պատանեկան օլիմպիադայում մեր պատվիրակներն առաջին երեք օրվա հինգ հանդիպումներում հաղթանակներ են տոնել Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին թիմի (3,5:0,5), Մոլդովայի (4:0), մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Հնդկաստանի (3:1), Վրաստանի (4:0) ընտրանիների նկատմամբ, զիջել Ռուսաստանի հավաքականին (1,5:2,5): Չնայած պարտությանը` հայ շախմատիստները տասնվեց միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Օլիմպիադայում մեր թիմը հանդես է գալիս միջազգային վարպետ Կարեն Գրիգորյան, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Կ. Հարությունյան, Արման Միքայելյան, Զոհրակ Ապրեսյան կազմով: Ինչպես անցած տարի, հավաքականի մարզիչն է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, ում գլխավորությամբ հայկական ընտրանին անցած տարի դարձել է պատանեկան օլիմպիադայի չեմպիոն: Ի դեպ, հաղթական այդ կազմից երկուսը` Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, այսօրվա հավաքականում են:
Հիշեցնենք` մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է տասը տուրից:
Օլիմպիադային մասնակցում է 26 թիմ, 122 շախմատիստ:
Երեկ մեր մրցակիցն էր Ադրբեջանի ընտրանին, որը մինչ այս հանդիպումը չորրորդ հորիզոնականում էր:

ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում նոյեմբերի 3-ին կմեկնարկեն շախմատի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի թիմային առաջնությունները: Տղամարդկանց մրցավեճին կմասնակցի աշխարհի 38, կանանց պայքարին` 28 երկիր:
Առաջնությանը Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան մարտական կազմով նախապատրաստված մեր հավաքականը (մարզիչ` գրոսմայստեր Արշակ Պետրոսյան) վարկանիշով չորրորդն է, այս ցուցանիշով զիջում է միայն Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Ադրբեջանի ընտրանիներին: Հիշեցնենք, որ տղամարդկանց մեր ընտրանին ամիսներ առաջ կայացած աշխարհի վերջին թիմային առաջնության չեմպիոնն է:
Կանանց ընտրանին հանդես կգա Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Նելլի Աղինյան կազմով: Թիմի միակ նոր դեմքն ազգությամբ ռուս Մարիա Կուրսովան է, ով վերջերս ամուսնացել է գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Բնականաբար, նա առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Հիշեցնենք, որ կանանց մեր ընտրանին «Եվրոպա-2003»-ի չեմպիոնն է, 2007-ի բրոնզե մեդալակիրը: Վերջին առաջնությունում այն հինգերորդն է եղել:

ԲԱ ՀԵՏՈ՞
Մեկը ծանոթի տունն է փնտրում, մոտենում է թաղում հավաքվածներին.
-Տղերք ջան, Սամոյենք էստե՞ղ են ապրում:
-Էստեղ են ապրում, բայց դա ապրել է՞, որ ապրում են,- հետևում է պատասխանը:
Այս անեկդոտն ակամա հիշեցի, երբ նայում էի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մինչև 19 տարեկանների Հայաստան-Անդորրա ենթախմբային եզրափակիչ խաղը: Սակայն, ինչպես ասում են, ոչ բարով նայեի: Հա՜, բան չունեմ ասելու, հաղթեցինք, ենթախմբից էլ դուրս եկանք, նվաճեցինք էլիտ խմբում հանդես գալու իրավունքը: Սակայն ուզում եմ հարցնել. «Դա խաղ է՞ր, որ տղաները խաղացին մեր գլխին»:
Դառնանք ողորմի տանք խաղի մրցավարի անցավորաց, ում թեթև ձեռքով 11-մետրանոցից գոլ խփելու հնարավորություն ստացանք, բայց և հարցնենք թիմի մարզչին էլ, տղաներին էլ.
-Բա հետո՞, մենք հլա ջհաննամը, դուք ձեզնից գո՞հ եք: Էդ ի՞նչ երեսով մարզադաշտից դուրս եկաք: Էդ ի՞նչ հակաֆուտբոլ էր:
Եվ իսկապես էլ` տպավորությունն այն էր, թե տասնմեկ պատահական մարդ է դուրս եկել խաղադաշտ, ու բոլորն իրար առաջին անգամ են տեսնում:
Չափից ավելի խի՞ստ է ասածս:
Ցավոք` ոչ:
Ցավով եմ գրում այս ամենի մասին, որովհետև հոկտեմբերի 26-ին տեսածս համեմատության եզր իսկ չունի ո՛չ ազգային հավաքականի, ո՛չ երիտասարդականի խաղերի հետ, որոնցում խաղի հետ միտք էլ ես տեսնում, տրամաբանություն էլ, գրագիտություն էլ: Մի՞թե կարելի է այդպիսի անկապ ֆուտբոլ խաղալ կամ, որ ավելի տրամաբանական կլինի այս պարագայում, նման անկապ խաղ կառուցել:
Բոլոր դեպքերում անհարմար էր, որ միացյալ ջանքերով Անդորրայի մարզչին առիթ տվեցինք ասելու` ես նոր հասկացա, թե Իռլանդիայի խաղից հետո ինչ զգացումներ էին ապրում հայերը:

ՁԵՌՔ ՉԻ ՏԱԼԻՍ
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ, նախկինում իտալական ֆուտբոլի վառ անհատականություն ԴԵՄԻՏՐԻՈ ԱԼԲԵՐՏԻՆԻՆ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն արգելելու է խաղերի ժամանակ շարժական կապի միջոցներից օգտվելը, ու դա բացատրել նրանով, որ դրանցով մարզիչները խաղի ժամանակ հնարավորություն կստանան դիտելու խաղային դրվագների կրկնությունը, այդ թվում` դանդաղեցրած տարբերակով:
ՖԻՖԱ-ի անհանգստությունը հասկանալի է մի շարք պատճառներով, և դրանց մեջ հատկապես երկուսն են առավել առաջնային: Մեկն այն է, որ կողքից խաղին միջամտությունը կարող է դառնալ էական ու կրքեր բորբոքող, իսկ մյուսը, որ պլանավորված ստվերային գործարքներից ձեռքերն այսուհետ տաքացնել չի լինի: Վկան` ժամանակ առ ժամանակ ջրի երես դուրս եկող փաստերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ