ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌԻՆԳՈՒՄ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

ՌԻՆԳՈՒՄ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
15.02.2011 | 00:00

Մեր մի շարք հայրենակիցներ իրենց կարողություններն են փորձում տարբեր երկրների պրոֆեսիոնալ ռինգերում: Ոչ բոլորին է հաջողությունն ուղեկից, այդուհանդերձ, ծառացած խնդիրները նրանք փորձում են լուծել, չընկճվել։
Մասնավորապես, Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող միջին քաշային կարգի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ներկայումս ձգտում է վերագտնել իր լավագույն մարզավիճակը և, «Super Six Classics» մրցաշարի շրջանակում Անդրե ՈՒորդի հետ հանդիպում անցկացնելուց առաջ, կիրակի օրը Մուլհայմ քաղաքի մարզապալատի ռինգում մրցեց հորվաթ Ստեֆան Բոժիչի հետ: Քիչ էին կասկածները, որ Արթուրը կհաղթի: Ի դեպ, հանդիպումից առաջ նրա մարզիչ ՈՒլի Վեգները լրագրողներին հրապարակավ հայտնել էր, թե գերադասում է, որ իր սանը ռինգում 10 ռաունդ անցկացնի, որ ավելի սառնասիրտ դառնա: Ըստ նրա, Արթուրը մեկ ռաունդ պետք է ուսումնասիրի մրցակցին, դրանից հետո միայն մտածի հարձակվելու մասին, մրցակցի որովայնին հասցրած հարվածների օգնությամբ փորձի շարքից հանել նրան: Դա էր ռազմավարական այն ծրագիրը, որը պետք է հնարավորություն տար երկու անընդմեջ պարտություն կրած հայ բռնցքամարտիկին ի վերջո հաղթանակի հասնել:
Սակայն մրցամարտն այլ սցենարով ընթացավ: Արդեն երկրորդ ռաունդում Բոժիչի ձախ ձեռքը կոտրվեց, և նա անկարող էր շարունակել հանդիպումը: Այսպես էլ Աբրահամը հեշտ` տեխնիկական հաղթանակ տարավ։ Դժվար է ասել` լա՞վ էր դա, թե՞ վատ, քանի որ իրականում կարողությունները լիովին ստուգելու համար ռինգում քիչ ժամանակ անցկացրեց: «Ցանկանում էի բոլորին ապացուցել, որ 2011-ին լավագույն մարզավիճակս կվերագտնեմ: Դժբախտաբար, այս անգամ ինձ չհաջողվեց շատ բան ցուցադրել: Ցավում եմ, որ իմ մոլի երկրպագուների սպասելիքները չարդարացան: Այդուհանդերձ, պետք է առաջիկայում լրջորեն նախապատրաստվեմ ՈՒորդի հետ մրցամարտին»,- հանդիպումից հետո ասել է Արթուրը:
Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող կիսածանրքաշային կարգի հանրածանոթ բռնցքամարտիկ Կարո Մուրադն էլ հաղթեց Քրիստիան Կրուսին:
Եթե մեր հայրենակից բռնցքամարտիկների համար նոր մրցաշրջանը հուսադրող է, ապա առայժմ անցանկալի վիճակում է հայտնվել Գերմանիայում հանդես եկող թեթևքաշային պրոֆեսիոնալ կին բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը: Տարեսկզբից Սյուզին մտածում է «ՈՒնիվերզում» ակումբից հեռանալու մասին: Փաստորեն, արդեն երկար ժամանակ մարզուհու հետագա ճակատագիրն անորոշ է: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հուլիսին լրացել էր այդ ակումբի և ZDF-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը, իսկ Կենտիկյանի մասնակցությամբ բռնցքամարտի հանդիպումները հեռարձակող մեկ այլ կազմակերպություն չէր գտնվել: Եվ եթե պահանջարկ չկա այդ մրցամարտերը հեռուստատեսությամբ ցուցադրելու, ուրեմն ռինգ մտնելն էլ անիմաստ է դառնում: Թերևս, այդ է պատճառը, որ Կենտիկյանի 40-ամյա մարզիչ Մահոմեդ Շաբուրովին 2010-ի վերջին ակումբի ներկայացուցիչները տեղյակ էին պահել, որ Սյուզիի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մտադրություն չունեն: Ակամա 23-ամյա մարզուհին անգործության է մատնվել: Հիշեցնենք, որ նա վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2010-ի հուլիսին:
Ի դեպ, հունվարի 29-ին Կենտիկյանը Համբուրգում պետք է մրցեր բրեմենցի մի մարզուհու հետ, սակայն նա մտադրությունը փոխեց և հրաժարվեց ուժերը չափելուց:
Մինչդեռ Սյուզին տենչում է ռինգ դուրս գալ: Նա լրագրողներին հայտնել է, որ իր մեջ զգալի էներգիա է կուտակվել, և ցանկանում է այն պարպել ռինգում: Մարզուհին ցավով է նշել, որ հեռուստաընկերություններին չի հետաքրքրում կանանց բռնցքամարտը, և վճարելու ցանկություն ունեցող առայժմ չի գտնվել: Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե ամեն բան անհույս կորած է, պարզապես, մրցամարտ կազմակերպելու համար, անհրաժեշտ է, որ համաձայնություն կայանա շահագրգիռ տարբեր օղակների միջև, նաև ֆինանսական առումով առաջարկը պետք է բավարարի մարզուհուն, նրա ակումբին: Օրինակ, Կենտիկյանի մասնակցությամբ հանդիպումները հետաքրքրում են SAT 1 և RTL հեռուստաընկերություններին, սակայն նրանք չեն ցանկանում վեցանիշ գումար վճարել: SAT 1-ի ներկայացուցիչները պատրաստ են Կենտիկյանի հետ պայմանագիր կնքելու, բայց դեմ են որևէ գործարք կատարելուն «ՈՒնիվերզումի» հետ, այդ է պատճատը, որ Սյուզին մտադիր է փոխել ակումբը: Մարզուհին որոնումների մեջ է: Նա ասել է, որ թևաթափ չի լինում, քանի որ շատ երկրպագուներ ունի, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնելու: Նա չի կասկածում, որ իրեն մեծ ապագա է սպասում: Իսկ առայժմ, օգտվելով հարկադիր պարապուրդից, 23-ամյա մարզուհին ինքնակենսագրական գիրք է գրել` «Ինձ ոչ մի բան նվեր չի տրվել» վերնագրով: Կենտիկյանը կարծում է, որ թեև կյանքում շատ բանի է հասել, սակայն կարոտ է նոր հաջողությունների, և ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ