ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ «ՀԱՏԻՍԸ»

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ «ՀԱՏԻՍԸ»
09.11.2010 | 00:00

Մեր թերթի ընթերցողներին տեղյակ ենք պահել, որ բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում կայացած հանդիպումում Երևանի «Միկան» պարտվել էր Իսրայելի «Էլիցուրին»` 82:59 (19:21,11:19, 20:15,19:27) հաշվով: Փաստորեն, այդ անհաջողությունից հետո մեր երկրի ներկայացուցիչները հայտնվեցին դժվարին դրությունում, քանի որ մինչ այդ արտագնա խաղում զիջել էին Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» ակումբին: Երևանյան հանդիպումից հետո զրուցեցինք «Էլիցուրի» և «Հատիսի» գլխավոր մարզիչներ ԱԴԱՆ ԻՆԲԱՐԻ և ԳԻԱ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ: Հետաքրքիր էր, թե նրանք ինչպես են գնահատում կատարվածը, թիմերի հետագա հնարավորությունները:
«ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՍԱ ԼԱՎ ՍԿԻԶԲ ԷՐ»
-Շատ ծանր խաղ էր,- զրույցի սկզբում խոստովանեց Ադան Ինբարը:- Երկու կողմերն էլ կարող էին հաջողության հասնել: Երևանյան թիմը լավ խաղաց: Մեզ հաջողվեց բեկում մտցնել 4-րդ խաղափուլում, իսկ մեր մրցակիցներն ավելի լավ գործեցին հատկապես երրորդ խաղափուլում: ՈՒրախ եմ, որ խաղավերջում կարողացանք ճիշտ որոշումներ կայացնել, որն էլ նպաստեց, որ այս հանդիպումում հաղթենք:
-Ասացիք ճիշտ որոշումներ կայացնելու մասին: Որո՞նք են դրանք:
-Ես նկատի չունեմ ինձ, այլ խաղացողներին, ովքեր կարողացել են ճիշտ խաղալ: Հատկապես կարևոր էր, որ նրանք արդյունավետ էին գործում և տիրում «Հատիսի» օղակից հետ եկած գնդակներին: Գլխավորը, որ իմ սաները պաշտպանությունում էլ սխալներ քիչ էին թույլ տալիս:
-Ձեր թիմի կազմում երկու սերբ բասկետբոլիստուհի կա: Նրանք առաջին խա՞ղն էին անցկացնում:
-Նատաշա Իվանկևիչը և Հայդանա Ռադունովիչն առաջին անգամ էին կրում «Էլիցուրի» մարզազգեստը:
-Հանդիպման ժամանակ զգացվում էր, որ մրցավարությունից դժգոհ եք: Իրո՞ք այդպիսի բան կար:
-Մրցավարության մասին խոսել չեմ սիրում: Կարծում եմ, մրցավարները խաղի մի մասն են միայն: Անկասկած, այս խաղը սպասարկող մրցավարները սխալվում էին:
-Ի՞նչ եք կարծում, այս խմբում ո՞ր թիմերն ավելի մեծ հնարավորություններ ունեն առաջին երկու տեղերն զբաղեցնելու:
-Կարծում եմ` ընտրական մրցաշարում սա ամենից ծանր խումբն է: Չեմ կասկածում, որ եթե F խմբի երեք թիմերը հանդես գային այլ խմբերում, ապա բոլորն էլ հեշտորեն կհաղթահարեին նախնական փուլի արգելքը և պայքարը շարունակելու իրավունք կվաստակեին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ «Հատիսը» շատ լավ թիմ է, բարձրակարգ խաղացողներ և մարզիչ ունի: Կարծում եմ, թիմը կանի ամեն հնարավորը, որ կարողանա հաղթահարել նախնական փուլի արգելքը:
-Հնարավորություն ունեցե՞լ եք ուսումնասիրելու «Հատիսի» խաղը:
-Դիտել ենք «Հատիսի» մասնակցությամբ մի քանի խաղերի տեսագրությունը: Այնպես որ, հարգալից ենք վերաբերվել մրցակցին և լրջորեն նախապատրաստվել: Իսրայելում նոյեմբերի 25-ին կայանալիք պատասխան խաղին նույնպիսի պատասխանատվությամբ ենք նախապատրաստվելու:
-Ձեր գլխավորած թիմի կազմում կա՞ն այնպիսի խաղացողներ, ովքեր հանդես են գալիս Իսրայելի ազգային հավաքականում:
-Իհարկե: «Էլիցուրը» Իսրայելի լավագույն թիմն է: Այդպիսի պատվի են արժանանում Լեյնե Սելվուն, Օրնիտ Շվարցը, Շիրան Զաիրուն, իսկ Ռիվի Գրինբոյմը նախկինում է հանդես եկել ազգային հավաքականում:
-Եթե «Էլիցուրը» Իսրայելի լավագույն թիմն է, ապա ընթացիկ առաջնությունում ինչո՞ւ է 4-րդ տեղում:
-Իսրայելի առաջնությունը նոր է սկսվել: Մեր թիմը երեք խաղ է անցկացրել, որից երկուսում հաղթել է մրցակիցներին և մեկ պարտություն է կրել: Այդ է պատճառը, որ այդ դիրքում ենք: Ընդհանրապես, առաջատարների խմբում ենք:
-Իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունում Իսրայելն այլ թիմ ներկայացնո՞ւմ է:
- «Էլիցուրը» միակ թիմն է, որը ներկայացնում է Իսրայելը եվրոպական ստուգատեսում:
-Կարելի է ասել, որ այս հաղթանակից հետո «Էլիցուրն» արդեն խմբից դուրս է եկել, կատարել է առաջադրանքը:
-Սա կարևոր հաղթանակ էր մեր թիմի համար: Բայց մարզիչը միշտ պետք է ձգտի առավելագույն բարձր արդյունքի հասնելու: Մենք ոչ թե հաջորդ փուլ ենք անցել, այլ պարզապես այս մրցաշարում սա լավ սկիզբ էր:

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՐ ԹԻՄԸ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԻ»
-Այս անգամ մեր թիմին չհաջողվեց հաղթել,- իր հերթին ասաց Գիա Ղազանչյանը։- Մենք դիտել էինք մրցակցի խաղը, ուսումնասիրել թույլ և ուժեղ կողմերը: Անծանոթ էին միայն սերբ խաղացողները, ովքեր իրավունք չունեն հանդես գալու Իսրայելի առաջնությունում: Այդ երկրում կա լեգեոնականներ ունենալու սահմանափակում: Ինչ վերաբերում է խաղին, ապա հավասար պայքար էր ծավալվել: Այդ հավասարակշռությունը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև առաջին վրիպումը թույլ տվեց մեր թիմի կենտրոնականը: Հետո սկսեցին նույն բանն անել բոլոր խաղացողները: Ցավալի է, որ սխալվում էին այն բասկետբոլիստուհիները, ովքեր պետք է օգնեին թիմին հաջող խաղալու: 17 րոպեի ընթացքում բարձրահասակ Էրիկա Դևիսը միայն մեկ անգամ կարողացավ տիրանալ մրցակցի օղակից հետ եկած գնդակին, իսկ հակառակորդ թիմի խաղացողներն ավելին էին անում, արդյունավետ էին խաղում: Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մերոնք երկու տասնյակից ավելի փորձեր արեցին երեք միավորանոց նետումներ կատարելու, սակայն դրանցից միայն 3-ը, թե 4-ը հասան նպատակին:
-Իվա Սերդարը նախորդ մրցաշրջանում սպասելիքները չարդարացրեց: Այս խաղում էլ նա լավ մարզավիճակում չէր, մարտականություն չէր դրսևորում: Դա ակնառու էր: Ինչո՞ւ էր այդ խաղացողը հայտնվել թիմում:
-Իվան այս տարի ավելի վատ էր պատրաստ, քան նախորդ տարի: Նա նախկինում իրեն շատ լավ է դրսևորել: Իսկ թե ինչու է նա թիմում, պարզապես պատճառն այն է, որ երկար ենք մտածել, սակայն կենտրոնում խաղացող մեկ այլ բասկետբոլիստուհու չենք գտել: Ցանկանում էինք հրավիրել ամերիկացի մի բասկետբոլիստուհու: Կուրսկում վերջերս կայացած միջազգային մրցաշարի ժամանակ նա մեզ հետ էր, սակայն բասկետբոլի Եվրոպայի ընկերակցությունը նոր կարգ է սահմանել, ըստ որի սահմանափակում է մտցվել և չի թույլատրվում Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում ցանկացած թվով ամերիկացի բասկետբոլիստուհիների ընդգրկել: Այդ է պատճառը, որ մեր ընտրած ամերիկացի բասկետբոլիստուհու ծառայություններից ստիպված էինք հրաժարվել: Բայց նոր հրավիրված Քուաննա Ջանեյը նույնպես լավ խաղացող է: Էրիկա Դևիսը փորձառու է: Փաստորեն, դա էր ուժեղ լեգեոնականներ ունենալու մեր հնարավորությունը:
-Մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարել էիք, որ ներկայիս թիմն ավելի ուժեղ է, քան այն թիմը, որը խաղում էր նախորդ մրցաշրջանում: Սակայն տպավորությունն այդպիսին չէր:
-Կարծում էինք, որ մեր թիմն աստիճանաբար կավելացնի, կբարձրացնի խաղամակարդակը և ավելի լավ հանդես կգա: Սակայն իրականում փոփոխությունները թիմի օգտին չեն կատարվել:
-Դուք այն կարծիքին եք, որ թիմը պատրա՞ստ է այս մրցաշարում խաղալու: Այս հանդիպումը հակառակն ապացուցեց: Անհամաձայնություն կար խաղացողների միջև, ոչ բոլոր գործողություններն էին ստացվում:
-Եթե թիմը պարտվել է, բնական է, որ պատրաստ չի եղել: Ինչ խոսք, լավ չէ, որ մրցակցին զիջել ենք 13 միավորի տարբերությամբ: Ինձ փոքր-ինչ սփոփում է այն, որ մեր թիմն այս խաղն ավելի լավ անցկացրեց, քան հանդես էր եկել նախորդ հանդիպման ժամանակ: Ընդ որում, Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմը շատ ավելի թույլ է, քան «Էլիցուրը»: Վերջինիս կազմում չորս խաղացող կա, ովքեր վերջերս հանդես են եկել բասկետբոլի Ամերիկայի ազգային ընկերակցության առաջնությունում: Ընդ որում, Տանաշա Վրիգթը և Լե Քոյե Վիլինգհեմը մեկ ամիս առաջ ավարտված ազգային ընկերակցության առաջնությունում չեմպիոն են դարձել «Սիեթլ» թիմի կազմում: Շեյ Դորոնը ևս նախկինում ազգային ընկերակցության առաջնությունում է խաղացել: Դա եղել է երկու տարի առաջ:
-Ձեր կարծիքով` Իսրայելի ներկայացուցիչները այս մրցաշարում հաղթողի հավակնո՞րդ են համարվում:
-Թիմն ուժեղ է, սակայն դեռևս անհամաձայնություն է նկատվում խաղացողների գործողություններում: Թերևս, պատճառն այն է, որ սերբուհիները հանդես չեն եկել Իսրայելում:
-Հույս կա՞, որ Իսրայելում «Հատիսը» կկարողանա հաղթել «Էլիցուրին»:
-Ավելի ճիշտ կլինի սպասենք նոյեմբերի 18-ին Երևանում ռուսական թիմի հետ կայանալիք հանդիպմանը, հետո միայն մտածենք, թե ինչ ենք անելու: Մեր թիմի համար մեծ նշանակություն ունի, թե ինչքան շուտ կապաքինվի իսրայելցիների հետ հանդիպման ժամանակ ոտքի վնասվածք ստացած Էրիկա Դևիսը:
-Եթե «Հատիսը» երեք թիմերի մասնակցությամբ ընտրական մրցաշարում վերջին տեղը գրավի, հույս կա՞, որ այն պայքարը շարունակելու իրավունք կստանա:
-Շատ կարևոր է, որ մեր թիմը մեկ հաղթանակ տանի: Եթե այդպես ստացվի, կարծում եմ, որ մեր թիմը կշարունակի պայքարը: Բանն այն է, որ ընտրական 10 խմբերում 3-րդ տեղեր գրաված 7 լավագույն արդյունք ունեցող թիմերը շարունակելու են պայքարը:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ