«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՄԻՇԱ ԱԼՈՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ Է, ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

ՄԻՇԱ ԱԼՈՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ Է, ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
11.10.2011 | 00:00

Բաքվում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Ճիշտ է, մեր հավաքականի համար այն ավարտվել էր շատ ավելի վաղ (այդ մասին արդեն գրել ենք), սակայն դա չի նշանակում, որ մարզաձևի տարվա խոշորագույն միջոցառումը, որպես այդպիսին, դադարել էր գոյություն ունենալուց: Հակառակը: Անհրաժեշտ է ճիշտ հետևություններ անել, տեսնել որտեղ էր մեր բացթողումը, գտնել իրավիճակը շտկելու ուղիները: Սա ավելի քան օրախնդիր է, որովհետև մարզաձևում ունենք հրաշալի ավանդույթներ, դրանք կորցնելը կլինի պարզապես անհեթեթություն հենց թեկուզ միայն այն առումով, որ սպորտը վաղուց դարձել է աշխարհին արագ հասանելի դառնալու ամենադյուրին ձևը: ՈՒրեմն, որպես դաս, չպիտի քիթ կախել ու պիտի փորձել հասնել ժառանգության շարունակականության: Իսկ այժմ այն մասին, թե ուժերի ինչ հարաբերակցություն վեր հանեց Բաքուն, ովքեր են համաշխարհային բռնցքամարտի առաջատարներն այսօր, ում հետ ենք գործ ունենալու ապագայում:
49 կգ քաշային կարգում, այս էլ արդեն հինգերորդ տարին, իր անվիճելի առաջատար լինելն ապացուցեց օլիմպիական ու աշխարհի չեմպիոն, չին Զո Շիմինը, ով կիսաեզրափակիչում հաղթեց Ռուսաստանի հավաքականը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Հայրապետյանին` նրան բաժին թողնելով բրոնզե մեդալը, ապա և կորեացի Յոնգ Շինին: Եթե պարզ խոսելու լինենք, դժվար էլ է հավատալ, որ Լոնդոնի օլիմպիադայի ոսկե մեդալը նա կարող է զիջել որևէ մեկին, իհարկե, եթե մեր հայրենակիցը չկարողանա գտնել նրա հակաթույնը: Ահա այսպիսի ընդգծված լիդերություն ամենաթեթև քաշային կարգում:
52-ում եզրափակիչ էր դուրս եկել Ռուսաստանի ազգային հավաքականը ներկայացնող մեր մյուս հայրենակիցը` Միշա Ալոյանը: Այստեղ նրա մրցակիցը ուելսցի Էնդրյու Սելբին էր: Ի հաշիվ շարժունակության, գործողությունների բազմազանության, ֆիզիկական ու տեխնիկատակտիկական առավել հիմնավոր պատրաստվածության, Միշան կիսաեզրափակիչում 17:13 հաշվով հաղթել էր ամերիկացի Ռաշի ՈՒորենին` շատ ու շատ առումներով ավելի ուժեղ մրցակցի, քան եզրափակիչ դուրս եկած ուելսցին: Պատահական չէ, որ ռուս անվանի մասնագետները սպասվելիք հանդիպումում առավելությունը միանշանակ տալիս էին հայազգի մարզիկին: Այդպես էլ եղավ: Իր նախավերջին մարտում ուզբեկ Յասուբեկ Լատիպովին հաղթած ուելսցին չկարողացավ դիմակայել մեր մարզիկին, և Միշա Ալոյանն իրավամբ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Եզրափակիչում ամենամեծ թվով մարզիկներով ներկայացված էր ՈՒկրաինայի հավաքականը: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վասիլի Լոմաչենկոն` 2008-ի օլիմպիական չեմպիոնը, եզրափակիչ հասավ` բավական նյարդեր քայքայելով: Բանն այն է, որ դեռևս մեկ քառորդում մրցավարները նախապատվությունը տվել էին նրա բրազիլացի մրցակցին, սակայն ուկրաինական պատվիրակությունը բողոքարկման արդյունքում հասավ փաստվածի վերանայման, և շնորհալի մարզիկը հնարավորություն ստացավ շարունակելու իր հաղթական ընթացքը եզրափակիչ: Այստեղ նրա հակառակորդը կուբացի Յասնիեր Տոլեդոն էր` նույնպես բարձրակարգ մարզիկ, բայց ոչ Լոմաչենկոյի աստիճանի, ինչն էլ իր տրամաբանական արտահայտությունը գտավ ոսկու համար պայքարում:
Ի պատասխան ուկրաինացիների բողոքարկման, «մրցավարա-բրազիլական» կարգի վրեժ լուծվեց ուկրաինացի մեկ այլ բռնցքամարտիկից` Դենիս Բերինչուկից (64 կգ), ում հետ պայքարում բրազիլացի Էվերտոն դոս Սանթոսն այնքան ցած ընկավ, որքան ողջ առաջնության ընթացքում չընկան բոլոր մարզիկները միասին վերցրած: Ինչ խոսք, մարզական չէ, երբ այս կարգի նվիրատվություններ են արվում այս կամ այն երկրին, ինչ է թե նա եզրափակիչում ներկայացված է մեկ մարզիկով, կամ մյուսները պարտվել են:
Այստեղ մի փոքր կտրվենք, այսպես ասած, ուկրաինական թեմայից ու ասենք, որ նման կարգի մի նվիրատվություն էլ արվեց հօգուտ Ադրբեջանի: Սա էլ եղավ ի պատասխան 91 կգ քաշային կարգում ուկրաինացի Օլեքսանդր ՈՒսիկից Թեյմուր Ռաջաբովի պարտության, ու գերծանր քաշում անգլիացի Էնթոնի Ջոշուայից խլված ոսկին սկուտեղի վրա մատուցվեց Մագոմեդռաուլ Մեջիդովին:
Հանուն ճշմարտության պիտի ասել, որ ադրբեջանցի երկու մարզիկներն էլ վատը չէին, թեպետ ոչ Մեջիդովն էր արժանի ոսկուն, ոչ էլ Ռաջաբովը` արծաթին: Հիշենք, որ նրա դեմ մարտում չին մարզիկը կիսաեզրափակչի երկրորդ ռաունդի սկզբում պարզապես հրաժարվեց պայքարից` չունենալով ոչ վնասվածք, ոչ էլ ուրիշ շարժառիթ (հասկանալի է` մարզական առումով): Չին մարզիկի որոշումն այնքան անակնկալ էր, որ հեղինակավոր ռուս մեկնաբանը չկարողացավ իրեն զսպել ու սկսեց խոսել մարզաձևում տեղ գտած կոռուպցիայի դրսևորումներից:
Ինչ վերաբերում է եզրափակիչ դուրս եկած ուկրաինացի մյուս երկու բռնցքամարտիկներին, ապա 69 կգ քաշային Տարաս Շելեստյուկը համոզիչ հաղթանակի հասավ աշխարհի կրկնակի չեմպիոն, ղազախ Սերիկ Սապիևի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Եվգենի Խուտրովը ստիպեց զենքերը վայր դնել ճապոնացի Ռիոտա Մուրատային:
81 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց կուբացի Խուլիո լա Կրուզը: Նա հաղթեց ղազախ Ադիբեկ Նիյազիմբետովին, ում կիսաեզրափակիչում հաջողվել էր հանդիսատեսի վերածել այս քաշային կարգում ակնհայտ ֆավորիտ համարվող ուզբեկ բռնցքամարտիկ Էլդող Ռասուլովին:
Ինչ վերաբերում է 56 կգ քաշայի կարգին, ապա այստեղ հաղթողը դարձյալ կուբացի մարզիկ էր` Լազարո Ալվարեսը: Եզրափակիչում նա կոտրեց անգլիացի Լուկ Նևինի դիմադրությունը:
Աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջնությունում հաղթեց ՈՒկրաինայի ընտրանին` շահելով չորս ոսկե մեդալ: Երկու ոսկի Կուբայի հավաքականի ակտիվում է, մեկական` Չինաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի ու Ադրբեջանի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ