ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Է ԲԱԽՏԸ ԺՊՏՈՒՄ

ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Է ԲԱԽՏԸ ԺՊՏՈՒՄ
21.01.2011 | 00:00

Որպես կանոն, ֆուտբոլային ակումբներում հիմնականում տեղաշարժեր են լինում ամռանը, սակայն շատ թիմեր են աշխատում օգտվել նաև ձմեռային տրանսֆերային պատուհանից: Դրանք հիմնականում այն երկրների ակումբներն են, որոնց առաջնություններն անցկացվում են գարուն-աշուն մրցակարգով: Այնպես որ, նոր տարվա առաջին ամիսը մեր մի շարք ֆուտբոլիստների համար իրենց հարցերը լուծելու ժամանակահատված է: Եվ քանի որ մեր երկրի ազգային հավաքականի թեկնածուներից ոմանք նախորդ մրցաշրջանում իրենց լավ են դրսևորել, ուստի ձգտում են ավելի ուժեղ ակումբներ գտնել, ձեռնտու աշխատանքային պայմանագրեր կնքել դրանց ղեկավարների հետ:
Այս առումով ոչ մի խնդիր չունի նախորդ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իրեն փայլուն դրսևորած Հենրիկ Մխիթարյանը: Նրա նոր թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հունվարի 18-ին ուսումնամարզական հավաքի է մեկնել Դուբայ: «Շախտյորի» կազմում նոր մրցաշրջանին նախապատրաստվող 27 ֆուտբոլիստների թվում է նաև Մխիթարյանը: Իսկ ահա Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացողի` Հովհաննես Գոհարյանի բախտը չի բերում. նա ստիպված է նոր ակումբ որոնել: Բանն այն է, որ հարձակվողի հետ նոր պայմանագիր կնքելու մտադրություն չունի Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԷ» ակումբի ղեկավարությունը: Չի կարելի ասել, թե այսպիսի իրավիճակը սպասելի չէր: Դեռ նախորդ մրցաշրջանում Գոհարյանը վարձավճարով հանդես էր գալիս Երևանի «Փյունիկի» կազմում, և Հայաստանի առաջնության ավարտից հետո մեկնեց Բելառուս, բայց պարզվեց, որ «ԲԱՏԷ» ակումբում դարձյալ անելիք չունի: Դա Գոհարյանին քաղաքակիրթ ձևով են բացատրել, և նա սրտնեղելու առիթ չունի: Մինչդեռ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Տիգրան Ղարաբաղցյանը ստիպված է հեռանալ Ղազախստանի «Ատիրաու» ֆուտբոլային ակումբից միայն այն բանի համար, որ հայ է: ՈՒշագրավն այն է, որ դա կատարվել է մի երկրում, որտեղ հայերը, թվում է, խնդիրներ չպետք է ունենան: Սակայն ղազախական թիմի նորանշանակ մարզիչ, ադրբեջանցի Ռամիզ Մամեդովը բացահայտ հայտարարել է, որ չի աշխատի այն թիմում, որտեղ հայ ֆուտբոլիստ կա: Դա է պատճառը, որ Ղարաբաղցյանն այժմ վերադարձել է Երևանի «Կիլիկիա», սակայն մտադրություն ունի արտասահմանյան որևէ նոր թիմ գտնել: Չի բացառվում նաև, որ ֆուտբոլիստը շարունակի հանդես գալ Ղազախստանի առաջնությունում, սակայն խաղա մեկ այլ ակումբի կազմում:
Հավանական է, որ դանիական «Ռանդերսին» հրաժեշտ տա Յուրա Մովսիսյանը: Հայաստանի հավաքականի հարձակվողն այժմ վերելք է ապրում և արժանի է, որ ընդգրկվի եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկում: Նրա նկատմամբ իսկական «որս» է սկսվել, և դժվար է ասել, թե եվրոպական որ երկրի թիմի կազմը նա կհամալրի: Իսկ ահա Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` Ռոբերտ Արզումանյանը, որը երկար չմնաց նույն «Ռանդերսում», այժմ փորձում է հաստատվել Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբի կազմում: Հայաստանի 2010-ի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը և լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ Կրասնոդարի «Կուբանի» կազմում են: Այդ թիմն ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնում Թուրքիայում: Հավանականությունը մեծ է, որ նոր մրցաշրջանում նրանք կխաղան «Կուբանի» հիմնական կազմում: Թերևս, տարակուսանք առաջացնի այն հանգամանքը, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ու գլխավոր ռմբարկուն տեղափոխվելու են Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Կուբան»: Սակայն չպետք է անտեսել, որ վերջին շրջանում ֆուտբոլի Ռուսաստանի ակումբային առաջնությունում իսկական հեղափոխություն է սկսվել. մեծ ներդրումներ են արվում, և բարձր խաղամակարդակի ակումբներ են պայքարում մեդալների համար: Ընդ որում, թիմերի մեծ մասը գլխավորում են արտասահմանյան երկրներից հրավիրված բարձրակարգ մարզիչներ: Մասնավորապես, «Կուբանը» մարզում է ռումինացի մասնագետ Դան Պետրեսկուն:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանն էլ կրկին փորձում է ամրապնդվել Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Այդ թիմում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արտակ Դաշյանը: Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս Անդրեյ Գորդեևը, որը նախկինում գլխավորում էր ռուսական «Սատուռնը»: Ֆինանսական խնդիրների պատճառով այս թիմը հրաժարվել էր Ռուսաստանի ուժեղագույն ակումբների պայքարին մասնակցելուց: Ի դեպ, այդ թիմում էր հանդես գալիս հանրածանոթ ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանի որդին` Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Ժորա Հովհաննիսյանը: Փաստորեն, նրա ֆուտբոլային հետագա ճակատագիրն անորոշ է: Հայաստանի հավաքականի երկու խաղացողներ ևս` «Փյունիկի» ներկայացուցիչներ Էդգար Մանուչարյանն ու Մարկոս Պիզելին, ցանկություն ունեն իրենց կարողությունները դրսևորելու արտասահմանյան բարձրակարգ ակումբներում: Տեղափոխվելու համար դեռ ժամանակ կա, այնպես որ, հնարավոր է, առաջիկայում նրանք էլ հայտնվեն տարբեր երկրներում:
Ինչ խոսք, եթե մեր երկրի ազգային հավաքականի թեկնածուներն ուժեղ թիմերում հանդես գան, ապա բավականին փորձ կկուտակեն, ու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը 2010-ին հաջող սկսած Հայաստանի ընտրանին կկարողանա լավ մարզավիճակում շարունակել պայքարն այդ ստուգատեսում: Հիշեցնենք, որ մարտին մեր ֆուտբոլիստները Երևանում հյուրընկալելու են Ռուսաստանի հավաքականին: Հաջողության հասնելու դեպքում Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի արգելքը հաղթահարելու լուրջ հայտ կներկայացնի: Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականը Կիպրոսում ստուգողական հանդիպում է անցկացնելու վրաց ֆուտբոլիստների հետ: Ընդ որում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այդ փորձությանը մասնակցելուց չի ազատել հավաքականի ոչ մի թեկնածուի: Կարելի է ենթադրել, որ արվելու է հնարավոր ամեն բան, որ բախտը երես չթեքի մեր թիմից։ Փաստենք նաև, որ յուրաքանչյուր հաղթանակ կարող է մեծացնել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների նկատմամբ հետաքրքրությունը և իրատեսական դարձնել ուժեղ թիմեր տեղափոխվելու նրանց հնարավորությունը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ