Երբ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի երկրորդ-երրորդ գումարումների պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեր հրավերով «Իրատես de facto»-ի խմբագրություն էր եկել, նախ իր որպիսությամբ հետաքրքրվեցինք։ «Առողջությունս` գերազանց, մնացածը` վատ»,- եղավ պատասխանը։ Հետո պարոն Արշակյանն անմիջապես ներկայացրեց իրեն ու շատերին հուզող մի քանի խնդիր` վաղօրոք նշելով, թե վերջերս «դիտողական տրամաբանությամբ» է շատ երևույթներ վերլուծում։ «Դարձել եմ շատ զգայուն, ինչ տեսնում, կարդում եմ, ինձ համար խոր վերլուծությունների թեմա եմ դարձնում։ Վերջին երեք-չորս օրը լրատվամիջոցները «խելառեցրել» են թուրքերի` մեր սահմանն անցնելու ու չանցնելու հարցով»,- նկատեց մեր հյուրը։
-Հատուկ նկարներ են տպում իբր սահմանն անցնելու մասին,- շարունակեց պարոն Արշակյանը,- սակայն, երբ զննում ես դրանք, ակնհայտ է դառնում, որ թուրքերը սահմանը չեն անցել։ Ընդամենն իրենց սահմանային ջրերի մեջ են, որովհետև լուսանկարում նրանց թիկունքում երևում է վերևից ներքև հոսող գետը, հետևաբար, կանգնած են Ախուրյանի աջ ափին, այսինքն` իրենց սահմանում։ Այնպես, ինչպես մեզնից յուրաքանչյուրը կարող է սահմանային ջրերին մոտենալ և Արաքսից ձուկ բռնել, հետ գալ։ Կամ կարդում ենք, թե Երևանում կառուցվում է հեծանվահրապարակ։ Բայց, եղբայր, մեր քաղաքի ինչի՞ն է պետք էդ «վելոտրեկը», երբ «վելոտրեկ» ունենք ու միջազգային կարգի մի հեծանվորդ էլ չունենք, էլ չեմ ասում փող լվալու «դելֆինարիում» օպերացիայի մասին։ Դրանց փոխարեն քանի վերգետնյա անցում կարելի է կառուցել քաղաքի դպրոցների առաջ, որ մեր երեխաների կյանքը չվտանգվի։ Անտեղի փողեր են ծախսվում կամ վարկեր վերցնում։ Եվս մի օրինակ. Լենինգրադյան փողոցը «Հրազդան» մարզադաշտին կապող ճանապարհի երկայնքով «տրանշեյ» էր փորված, և անձրևատար են տեղադրում։ Այն, որ ճանապարհը լայնացնում են, լավ է, բայց երկու-երեք մետր լայնությամբ և երեք-չորս մետր խորությամբ փորում են, որ ընդամենը 12 դյույմանոց (300 մմ տրամագծով) ասբեստե խողովակ գցեն։ Վերջին օրերի ուժեղ անձրևները մի երկու անգամ կրկնվեն, այդ խողովակը կլցվի։ Բա կարելի՞ է էդքան փող քամուն տալ։ Այս ամենը տեսնելով, մտածում ես` ինչքան մարդ իր տեղում չէ։
-«Դիտողական տրամաբանությունը» տեղափոխենք քաղաքական դաշտ։ Այսօրվա քաղաքական գունապնակը Ձեզ ինչպիսի՞ վերլուծությունների առիթ է տալիս։
-Իշխանական դաշտում կա երկու առաջատար ուժ` ՀՀԿ և ԲՀԿ, իսկ ընդդիմադիր դաշտում մեկը` ՀԱԿ։ Շեշտում եմ այն ուժերը, որոնք ապագա խորհրդարանում հայտնվելու են։ Այն խոսակցությունները, թե հեսա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հակադրվելու են, նախ և առաջ, իրենք իսկ քանիցս հերքել են, հետո էլ մարդիկ, իրենց անօգնական վիճակից ելնելով, ցանկանում են նրանց միջև հակասություններ տեսնել։ Որևէ հույս մի կապեք, թե այդ ուժերից մեկն ապստամբելու է, մյուսն էլ ճնշելու է ապստամբությունը։ Նրանք միշտ էլ բարիշելու են նվազագույն կորուստներով, որովհետև այդ ուժերի առաջնորդներն այնքան ֆինանսական, տնտեսական և այլ ռեսուրսներ ունեն, որ երբեք իրենց ունեցածն ամբողջությամբ չեն վտանգի։ Ինչ վերաբերում է նոր ուժի ձևավորման հավանականությանը, կերազեի, եթե այդպիսի ուժ ի հայտ գար և, երկու կողմի թերությունները վերացնելով, ազգն առաջ տաներ։ Սակայն պրագմատիկ ու սառը դատող մարդը տեսնում է, որ առկա ուժերի մի մասն ինքնաոչնչացվել է, մյուսները բռնել են խոշորանալու, ինքնալուծարվելու, այս կամ այն ուժին միանալու ճանապարհը։ Այսօր շատ կարևոր գործոն է ֆինանսական հզորությունը։ Բայց եթե նույնիսկ կարողանան ձևավորել մի ուժ, որը համարժեք միջոցներ կներդնի ընտրություններում, ինչպես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեպքում է, էլի հաջողության հասնելն իրատեսական չէ, քանի որ վերոհիշյալ ուժերի ձեռքում իշխանությունն է։ ՀԱԿ-ի առումով պիտի նշել, որ ընդդիմադիր դաշտի ուժերից ոչ մեկը չի կարող ՀԱԿ-ից առանձին մրցակցության մեջ մտնել, քանի որ չեն ձգում կոնգրեսի արմատականության նշաձողին։ Չնայած «Ժառանգությունում» կան բարձր ինտելեկտով ու կառուցողական մարդիկ, սակայն պակաս արմատական են, քան ՀԱԿ-ը։ Այնինչ հասարակության մի մասն այսօր այդ արմատականության, խիստ քննադատության հետևից է ավելի շուտ գնում։ Հետևաբար, այդ նոր ուժը պիտի ունենա ընդդիմադիր դաշտի այս «հզորությունը» ևս, այսինքն` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսը և ՀԱԿ-ի արմատական ընդդիմադիր կեցվածքը, իսկ որպես պայքարի թիրախ` իշխանության սխալները։
-Սակայն մի օրում նոր ուժ չի կարող ստեղծվել, դա արհեստական կլինի, որքան էլ ունենա արմատական ընդդիմադիր կոչեր ու ֆինանսական ռեսուրս։ Պետք է, չէ՞, դրա համար նախադրյալներ ստեղծվեն։
-Օրինակ, ինքս կարող էի նման ծրագիր առաջարկել, բայց դա անիմաստ է, որովհետև չկան ֆինանսական կողմը և այդ երազներն իրականացնող ուժը կամ անձնավորությունը, որը կհամաձայնի իմ ասած ուղղությամբ տանել քաղաքական հրետանին։
-Արդեն սկսել են խորհրդարանում հայտնվելիք ուժերի «տոկոսադրույքը» սահմանել։ Դուք ուժերի ի՞նչ հարաբերակցություն եք կանխատեսում։
-Տոկոսների մասին չեմ խոսի։ ՈՒնենք «տոկոսների» մասնագետ, որն այժմ արդեն վեց ուժի համար է կանխատեսում անում։ Հնարավոր է քաղաքական պատվերներն այդ վեց ուժի շրջանակում են, բայց ես այն ավելի եմ նեղացնում` երեք ուժ։ Կարող եմ նաև իմ ցանկության մասին ասել, որն իրականանալու քիչ հավանականություն ունի։ Ապագա խորհրդարանում կցանկանայի տեսնել կոմկուսին։ Քանի դեռ աշխարհում կա Չինաստանի պես հզոր կոմունիստական երկիր, քաղաքական անհեռատեսություն է հայ կոմունիստներին ԱԺ «չթողնելը»։ Եթե մեր ընտրություններն արդար լինեն, անհնար է, որ կոմկուսը հինգ տոկոս ձայն չհավաքի։ Նկատի չունեմ հեռացած-նորացված կամ նրանից անջատված բեկորները, այլ մայր կոմկուսը։ Իշխող ուժի կողմից քաղաքական անհեռատեսություն կլինի նաև դաշնակցությանը «խեղդելը», որովհետև դասական կուսակցություններից սփյուռքի վրա անհամեմատ մեծ ազդեցություն ունի ՀՅԴ-ն։ Հիշենք` 94-97-ին ինչպիսի փոփոխություններ եղան ներդրումների, միջազգային ծրագրերի առումով, երբ այդ կուսակցությունն արհեստականորեն դուրս մղեցին քաղաքական դաշտից։
-Կրկին իշխող ուժերի մասին. տեսակետ կա, թե ԲՀԿ-ն արհեստականորեն ընդդիմադիր դաշտ են մղում, ու նա «անցնելու» է ՕԵԿ-ի ճանապարհը։ Համամի՞տ եք։
-Ներկայումս իմաստ չունի քննարկել այդ հարցը, քանի դեռ երկու ուժերն էլ մերժում են իրենց վերագրվող այդ դերակատարությունը։ Եթե մեր ժողովուրդը «Զարդարն» է, որ ամեն անգամ թույլ տա իրեն խաբեն և հետո անվանարկեն, ուրեմն թող խաբեն։ Ասում են` մի անգամ ինձ խաբեցիր, ամոթ քեզ, երկրորդ անգամ` ամոթ ինձ։ Եթե ժողովուրդը երկրորդ անգամ այդ «ղալաթը» անի, ինչպես ասում էր ժամանակին Վանոն, ու նույն «հարամ» ճաշն ուտի, իր գործն է։ Մեր և ձեր գործն էլ այն է, որ օգնենք, որ մարդիկ այդ սխալը չանեն։
-Հակասությունների շրջանակում չէ՞ նաև այն, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՀԿ-ն հայտարարում են, թե 50+1 հարաբերակցությամբ խորհրդարան են մտնելու։
-Դա նորմալ է։ Եթե մարդիկ մի նշաձող են դնում, պիտի դրան հավատան։ Եթե ՀՀԿ-ն շատ զոռբայություն անի, ուրեմն ԲՀԿ-ի ցանկությունները չեն իրականանա։ Եթե ԲՀԿ-ն կարողանա այնպիսի կուռ կառույց դառնալ, որ ընտրությունները վերահսկի ու իր շարքերում չունենա պոտենցիալ կաշառվող մարդիկ, որոնք կեղծիքների առաջ աչք չեն փակի, ԲՀԿ-ի առաջնորդի ասածը կլինի։ Ամեն ինչ կախված է սրա կամ նրա օգտին լցվելիք քվեներից։ Այս առումով ունենք արդեն տխուր վիճակագրություն. 95-ին կեղծիքները կազմել են շուրջ 150 հազար, 96-ին` 200-250 հազար, 98-ին` 400-500 հազար, 99-ին հարաբերականորեն արդար խորհրդարանական ընտրություններ եղան` շնորհիվ հայտնի անձերի և ուժերի, 2003-ին կեղծիքների թիվը հասավ 600 հազարի, իսկ գլուխգործոցը 2005-ի հանրաքվեն էր` 1 մլն 200 հազար, կեղծիքներ կային նաև 2007-ին և 2008-ին։ Մեր նորագույն պատմության մեջ ինչքան առաջ ենք շարժվել, այնքան ամեն ընտրության հետ նաև օրենսդրորեն կեղծիքների մեխանիզմներն են կատարելագործվել։ Ընտրություններից առաջ ընտրական օրենսգիրքը մշտապես «բարեփոխվել» է, բայց դրանից հետո կեղծիքների տոկոսն աճել է, մեթոդները դարձել են ավելի ծածուկ, խորամանկ։ Էլի եմ ասել, եթե 90-ականներին պատգամավոր դառնալու համար պետք էր ինտելեկտ և ոչ մի կոպեկ փող, ապա վերջին տարիներին 100 տոկոս փող, ոչ մի «գրամ» ինտելեկտ։
-Հիմա էլ են ասում, թե ապագա խորհրդարանը «զրկվելու» է օլիգարխների ներկայությունից։
-Դա հերթական «ֆռթոններից» է, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու, հանրությանը թմբիրի մեջ պահելու ձև, դաշտն ուսումնասիրելու, իրավիճակը «զոնդաժ» անելու քայլերից մեկը։
-Ապագա խորհրդարանում լինելու հավանական ուժերից երրորդը, ըստ Ձեզ, ՀԱԿ-ն է։ Ի՞նչ եք կարծում, իշխանությունները կոնգրեսը խորհրդարանում տեսնելու նպատակ ունե՞ն։
-Եթե հնարավոր լինի կոնգրեսի ձայները հասցնել 3-4 տոկոսի, իշխանությունները դրանից չեն հրաժարվի։ Յուրաքանչյուր ուժ ընտրություններին մասնակցելիս ոչ միայն ի մի է բերում իր ունեցածը, այլև մտածում է հակառակորդի ճամբարում քաոս ստեղծելու, ներքին դավաճաններ հայտնաբերելու, խառնակություն հրահրելու մասին։ Բայց կոնգրեսում բավականին ազդեցիկ ուժ կա, ու կարծում եմ` նրանք խորհրդարանում լինելու են։ Եթե վաղն արդար ընտրություններ լինեն, նրանք ոչ միայն 5 տոկոսի շեմը կհաղթահարեն, այլև շատ ծանրակշիռ դերակատարություն կունենան։ Իսկ թե մեկուկես տարի հետո ինչ կլինի, պայմանավորված է և՛ ՀԱԿ-ի պայքարի միջոցների ընտրությամբ, և՛ ՀԱԿ-ին հակազդելու իշխանության գործողություններով։
-Այդուհանդերձ, իշխանություններին ձեռնտու կլինի՞ խորհրդարանում ունենալ ՀԱԿ-ի պես ընդդիմադիր ուժ։
-Շուրջ երեք տարի ՀԱԿ-ը բուռն գործունեություն է ծավալում, որի ընթացքում ձեռք բերված դիվիդենդները մեկուկես տարվա մեջ միայն իշխանությունների ցանկությամբ չեն կարող փոշիանալ։ Ցանկացած խորհրդարանում պիտի լինի ընդդիմություն, ինչը նաև իշխող ուժի շահից է բխում։ Իրենք միմյանց երեսի չեն կարող ասել այն, ինչ ընդդիմությունը կասի։
-Բացի իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից, կա նաև արտախորհրդարանական ու ընդդիմության մեջ չընդգրկված մարդկանց մի ստվար հատված, ինչպես Դուք։ Չե՞ք կարծում, որ խորհրդարանում նաև Ձեր «տեսակի» պակաս կա։
-Այստեղ հնարավորությունների ու ցանկությունների խնդիր կա։ Նախ` ես կուզենայի, որ ունենանք արդար «թագավոր»։ Պլատոնի խոսքը հիշենք` պետությունները կործանվում են անարդարությունից։ Եթե պետության մեջ արդարություն չեղավ, դա հայրենիք չի կարող լինել։ Այն վերածվում է մի տարածքի, ուր մարդիկ գոյատևում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով։ Այդպես խոպանում է։ Տարածքը չի կարող հայրենիք լինել։ Չի կարող նաև այնպես լինել, որ դու անընդհատ տաս հայրենիքին, բայց նրա ղեկին նստած մարդիկ քեզ կեղեքեն, ինչպես ոմանք արեցին կամ շարունակում են անել։ Այսօր երկիրը լցվել է քաղաքական ու կարիերիստ դատարկախոսներով։ Ես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչը չեմ ու դառնալու նպատակ էլ չունեմ, պարզապես ուզում եմ իմ երկրում այնպիսի վիճակ ստեղծվի, որ մարդիկ չլքեն հայրենիքը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ