ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ՋԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ»

«ՋԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ»
05.04.2011 | 00:00

Ապրիլի 2-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Ինչպես մեծահասակների մրցաշարի պարագայում էր, այստեղ էլ առաջինը մրցահարթակ դուրս եկան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Իհարկե, աշխարհի ու Եվրոպայի արդյունքների համեմատությամբ առաջնությունում մեր աղջիկների բարձրացրած կիլոգրամները համեմատաբար թեթև են, սակայն չմոռանանք, որ մասնակիցների մեջ զգալի թիվ էին կազմում 1997-1998 թվականներին ծնվածները (պատանեկանին կարող են մասնակցել 17 տարեկանները ներառյալ) և առհասարակ նրանք, որոնց մարզական կենսագրությունը նոր-նոր է սկսվում, հաճախ էլ մի քանի ամսվա պատմություն ունի: Անկախ ամեն ինչից, հիշատակենք իրենց քաշային կարգերում հաղթած ծանրորդուհիներին, ընթերցողին զուգահեռաբար խորհուրդ տալով մտապահել այդ ազգանունները, որովհետև, ավելի քան համոզված եմ, երկու-երեք տարուց նրանք բախելու են հավաքականի դռները, գալու են շարունակելու մեր անվանիների` աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի, Եվրոպայի չեմպիոններ Հռիփսիմե Խուրշուդյանի, Մելինե Դալուզյանի գործը: Եվ այսպես, 2011-ի հանրապետական պատանեկանի հաղթողներ դարձան Հերմինե Եղիազարյանը (59 կգ), Մարգարիտա Ղազարյանը (93 կգ), Տաթևիկ Հակոբյանը (110 կգ), Նինա Ղազախեցյանը (124 կգ), Ռոզալյա Ավետիսյանը (145 կգ), Արևիկ Պապիկյանը (143 կգ), որոնք համապատասխանաբար ներկայացնում էին մինչև 44, 48, 58, 63, 69 և +69 կգ քաշային կարգերը: Բնականաբար, առանձնահատուկ պիտի հիշատակել մինչև 53 կգ քաշային կարգում հանդես եկած տասնվեցամյա Իզաբելա Յայլյանին (մարզիչ` Հրանտ Ենոքյան), որի երկամարտի 169 կիլոգրամը (77+92) միջազգային կարգի արդյունք է: Ի դեպ, մեր այս աղջնակն իր տարեկիցների մեջ Եվրոպայի անցած տարվա արծաթե մեդալակիրն է:
-ՈՒրախացնող առաջին բանը մասնակիցների թվակազմն էր,- ասում է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:- Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ մեծահասակների առաջնությունում մենք 27 մասնակից ունեինք, այսօր նրանց միացան ևս 18-ը։ Սա վկայությունն է այն բանի, որ մեզանում կանանց ծանրամարտը վերելք է ապրում, ընդլայնվում է ծանրորդուհիների աշխարհագրական ներկայացվածությունը, և, կարծում եմ, այնքան էլ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք միջազգային հեղինակավոր մրցաշարերին կկարողանանք ներկայանալ տարիքային տարբեր խմբերի ամբողջական կազմերով:
-Փաստորեն, տարիքային տարբեր խմբերի հավաքականներ ունենալու և միջազգային մրցաշարերին ամբողջովին կոմպլեկտավորված հավաքականներով մասնակցելու հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ասածն այնքան էլ հեռավոր ապագայի խնդիր չէ,- մեր դիտարկումն ենք ներկայացնում պարոն Ներսիսյանին:
-Իհարկե: Հանրապետության մարզական ղեկավարության կողմից մեր առջև հստակ խնդիր է դրված երկիրն առավելագույնս լիարժեք ու առավելագույնս պատվով ներկայացնելու միջազգային մրցահարթակներում, մենք էլ ջանում ենք անել հնարավորը:
Նույն օրը մրցահարթակ ելան նաև մինչև 50 կգ քաշային կարգը ներկայացնող տղաները: Մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ հարկ եղավ տղաներին բաժանելու ուժեղների և ուժեղագույնների խմբերի: Երկամարտի 176 (78+98) կգ արդյունքով հաղթող դարձավ գյումրեցի Նորիկ Ղազարյանը: Ի դեպ, պատվո պատվանդանի մյուս երկու տեղերը նույնպես բաժին հասան Գյումրիի ներկայացուցիչներ Միշա Թորոսյանին և Հակոբ Մկրտչյանին: Նրանք երկամարտում համապատասխանաբար ցույց տվեցին 168 և 163 կգ արդյունք:
Մինչև 56 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր գյումրեցի Ժորժ Եղիկյանը (210 կգ), ում, ծանրամարտի ֆեդերացիայի միանգամայն արդարացված պահանջով, պարզապես թույլ չտրվեց հրում վարժությունում առաջին իսկ մոտեցումով սանձահարած 110 կիլոգրամից հետո շարունակել պայքարը, որովհետև նախ ակնհայտ էր առավելությունը և, երկրորդ, իմաստ չուներ սպասվող միջազգային խաղերից առաջ տղային զուր ուժաքամ անել: Երկամարտի 203 և 196 կգ արդյունքով երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին սևանցի Արամ Համբարձումյանն ու գյումրեցի Ազատ Հակոբյանը:
Հաջորդ` մինչև 62 կգ քաշային կարգում ակնհայտ էր Հարություն Կադիմյանի առավելությունը, որը հաղթող դարձավ երկամարտի 235 կգ արդյունքով: Իսկական մարտական բնավորություն հանդես բերեց երկրորդ տեղը նվաճած տասնհինգամյա Պետիկ Մկրտչյանը, որը բրոնզե մրցանակակիր դարձած Ռուբեն Ավագյանի պես ցույց տվեց 210 կգ արդյունք և ավելի բարձր դիրք գրավեց` ի հաշիվ ավելի թեթև անձնական քաշի:
Մինչև 69 կգ քաշային կարգում ավելի քան ակնկալված էր օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդու` Վարդան Միլիտոսյանի ելույթը, որովհետև տաղանդաշատ այս մարզիկը հայկական ծանրամարտի հույսերից մեկն է, և հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես հանդես կգա իր համար նոր քաշային կարգում: Մեկ այլ ծանրորդի պարագայում նրա երկամարտի 270 կիլոգրամը (120+150) ցնծությամբ կընդունվեր, բայց, դե, արձանագրվեց այն, ինչ արձանագրվեց: Վարդանին ուժեղ դիմադրություն կարող էր ցույց տալ մեկ այլ գյումրեցի` Դավիթ Թաթոյանը, սակայն պատանյակը ձախողեց հրում վարժությունը, իսկ պոկումում բարձրացրած 145 կիլոգրամը փոքր մխիթարություն էր: Այստեղ երկամարտի նույն 248 կգ արդյունքով երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Էմին Գևորգյանն ու Հրաչ Դանիելյանը:
Մինչև 77 կգ քաշային կարգում բավականին հետաքրքիր պայքար ծավալվեց գյումրեցի Ռազմիկ Օլթեցյանի, Վեդիի ներկայացուցիչ Գրիգոր Պողոսյանի և արարատցի Խաչիկ Օրդակյանի միջև, որոնք էլ այս հերթականությամբ կանգնեցին հաղթողի պատվանդանին։ Նրանք ցույց տվեցին համապատասխանաբար 280, 272 և 271 կգ արդյունք։
Չափազանց հետաքրքիր պայքար ընթացավ մինչև 85 կգ քաշային կարգում, որտեղ պարզապես փայլեց գյումրեցի Միքայել Միքայելյանը։ Երկամարտի նրա 310 կիլոգրամը միջազգային կարգի արդյունք է։ Անվիճելի է, որ մարզական որակները պահպանելու դեպքում մեր տղան հանրապետության պատիվը բարձր կպահի մայիսին կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում։ Ի դեպ, Միքայելը լրացրեց նաև սպորտի վարպետի նորմա։ Հաղթողի պատվանդանին նրան հաջորդեցին քասախցի Յուրիկ Կարապետյանը (280 կգ) և գյումրեցի Ռուբիկ Կարապետյանը (269 կգ)։
Իր դիտարժանությամբ առանձնապես աչքի ընկավ քասախցի Վազգեն Քոչարյանի և Վեդիի ներկայացուցիչ Մհեր Պողոսյանի մրցապայքարը։ Գերազանց` 320 կգ արդյունքով մինչև 94 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց առաջինը։ Մհերը նրան զիջեց 5 կիլոգրամով։ Երրորդ տեղում էր գյումրեցի Վանիկ Սարգսյանը (270 կգ)։
Գերծանր քաշայինների մրցապայքարում առաջինը սամաղարցի Միշա Վարդանյանն էր (286 կգ), երկրորդը` գյումրեցի Անդրեյ Մխիթարյանը (283 կգ), երրորդը արարատցի Անդրանիկ Բոյմուշակյանը (260 կգ)։
Գնահատելով ավարտված առաջնությունում մարզիկների մասնակցությունը` պատանեկան հավաքականի ավագ մարզիչ ԷԴԻԿ ԿԻԶՈՂՅԱՆՆ ի մասնավորի նշեց, որ այն անցավ մեծ մասսայականության պայմաններում և, որ առանձնապես ողջունելի է, նշանառության տակ վերցված տղաներն իրենց դրսևորեցին լավագույն կողմերով.
-ՀՀ պատանեկան հավաքականը, որ ներկայումս ապրում է սերնդափոխություն, ի դեմս Ժորժ Եղիկյանի, Վարդան Միլիտոսյանի, Ռազմիկ Օլթեցյանի, Միքայել Միքայելյանի, Վազգեն Քոչարյանի և Մհեր Պողոսյանի, ունի ամուր թիկունք։ Տղաների մի մասի ելույթը ես գնահատում եմ գոհացուցիչ, մյուս մասինը` տպավորիչ։ Առաջնությունում հավաքականի ռեալ թեկնածուներից բացակայում էին միայն Անդրանիկ Կարապետյանն ու Գոռ Մինասյանը, որոնք մի ամիս առաջ մասնակցեցին ՀՀ մեծահասակների առաջնությանը, և մենք նրանց ուժերը լրացուցիչ փորձարկելու անհրաժեշտությունը չտեսանք։ Ամենակարևորը` մենք ունենք տաղանդավոր մարզիկներ, որոնք ի վիճակի են հանրապետության պատիվը բարձր պահելու միջազգային մրցաշարերում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ