Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«ԻՍԿ ՁՅՈՒՆԸ ՉԳԻՏԵՐ ՈՒ ԳԱԼԻՍ ԷՐ»

«ԻՍԿ ՁՅՈՒՆԸ ՉԳԻՏԵՐ ՈՒ ԳԱԼԻՍ ԷՐ»
13.01.2012 | 00:00

Այս նյութի վերնագիր կարող էին լինել ցանկացած զգացողության ու դեպքի համար հավասարապես կիրառելի թե՛ «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ…» սարոյանական անպատասխան հարցը համանուն թատերգությունից, թե՛ իր հասցեականության մեջ մեր պարագայի համար նույնքան անհասցեական «Ո՞վ կհանի մեզ արջաքնից» բառակապակցությունը և թե՛ առաջին հայացքից անմեղության աստիճանի աներկիմաստ ներկայացող «Արջաքունը»։ Ասեմ, որ կարող էին այլ վերնագրեր էլ լինել, եթե սովորականի պես ապավինեի Լիլի Մարտոյանի վերնագրաստեղծության բացառիկ ճաշակին: Ինչևէ: Չերկարացնեմ: Որոշեցի, որ վերնագիրը պիտի լինի «Снегопад» հանրահայտ երգից վերցված հենց այս տողը ու` վերջ, թեպետ մի կողմից էլ մտածեցի` ասելիքիս կենցաղային մակարդակի տաղտկությունն ի՞նչ կապ ունի երգի բացառիկ քնարականության հետ, սակայն հետո, երկար գցել-բռնելուց հետո, հասկացա, որ լա՜վ էլ կապ ունի: Այսքանը` ի միջի այլոց ու, միևնույն ժամանակ, ոչ այնքան ի միջի այլոց:
Դառնամ բուն ասելիքիս: Հա, ուրեմն, դրսում ձմեռ է, Ամանորի դիմավորման արարողությունը բարով-խերով ավարտել ենք կամ ավարտին ենք հասցնում, խոզի բդի ոսկորը (ըստ այլ տարբերակի` հնդուհավի) արդեն շպրտել ենք կամ էլ ոսկրի մսազերծման ավարտական փուլում ենք, մի քիչ հավատավորներս Սուրբ ծնունդն արել ենք, շատերս դրա անվան տակ չամչով փլավով ու իշխան ձկով ստամոքսներիս տակը հեռավոր օրերի հանգույն ևս մի անգամ խուտուտ տվել ենք ու անհամբեր սպասում ենք գարնան գալուն, որովհետև…
Որովհետև արդեն անհիշելի դարձած ժամանակներից ձմեռը Հայաստանում վայելքի համար չէ, իսկ Նոր տարվա տոնակատարությունը վարարած գետի պես անդարձ խլել-տարել է միջին վիճակագրական հայի նեղ օրվա համար հաշվարկված լղարիկ կուտակային ֆոնդը: Եվ որքան էլ հասկանալի է ուտեստի առատությունից ճռռացող սեղաններով նոստալգիկ ժամանակներին տարվա մեջ գոնե մեկ անգամ այսպես հարվածային պատասխանելու ինչ-որ տեղ բացատրելի ձգտումը (հերն էլ անիծած, թե պարտքերը հետո չեն լացացնելու), ապրել, այդուհանդերձ, պետք է գոնե մայաների օրացույցով վերջին տարվա վերջը տեսնելու բնազդական հետաքրքրությունից մղված:
Ինչպես տեսնում եք, ձմեռը գարունով փոխելու կենսական անհրաժեշտության իրողությունը միտումնավոր եմ շրջանցում, ինչպես միտումնավոր շրջանցում եմ ծառերի ու ծաղիկների ծաղկելու բնական գործընթացն ու հատկապես սևեռվում եմ կանաչու (իմա` ուտելու կանաչեղենի) ծիլ տալու կարևորության վրա, որպես ազգի հոգնատանջ գոյապահպանման հույժ կարևորության նախապայման (չակերտները չբացեմ, բայց եղել են, չէ՞, ժամանակներ, երբ կերել ենք ապրելու, ոչ թե ապրել ենք ուտելու համար): Դե, հիմա հայ մարդուն համակած էս դարդերի կողքին ու հարցի դրվածքի այս հենքի վրա, սիրելի ընթերցող, փորձեք խմբագրության տեսքով իմ դռանը չոքած դարդն էլ հասկանալ, որ էս անտեր ձմեռվա կեսին ձմեռային համարյա ոչ մի մարզաձև չունեցող Հայաստանում ինձնից նույն ինտենսիվությամբ մարզական էջ է պահանջում պահել` համարյա «վՈՐՏՊ ՑՐպոցպՑ» լենինյան կարգախոսի ոգով: Է, «վՈՐՏՊ»-ի ցավն էլ տանեմ, պահանջում է` կպահենք:
-Կպահենք, -ի դեմս Լիլիի` խոստանում եմ խմբագրության վեհակազմին ու, առանց «օտար» դեմքերով էջ պահելու անհնարինության տագնապը սրտումս (էս ձմռան կեսին ես որտեղի՞ց «ձմեռային» հայ մարզիկ գտնեմ), մանրից ականջ եմ բացում, որ անաստված գեղեցկության տեր ու էդ անաստված գեղեցկության կողքին մարզաձևում բոլոր հնարավոր ու անհնար մրցանակներն ունեցող բիաթլոնի աստվածուհի Մագդալենա Նոյները երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել մեծ սպորտը թողնելու հայտարարությամբ ու, որպես հրաժեշտի տեսիլ, աշխարհին մրցելույթների էնպիսի մի շքեղ շարան է բացել, որ, ոչ ավելի, ոչ պակաս, գիլականչ կարձակես հաճույքից:
-Գրե՞մ,- հարցնում եմ:
-Գրի,- հնչում է պատասխանը:
Ինչպես ասում են` հաշիվը բացված է, 1:0-ն իմ օգտին է, ու հնարավոր այդ արդյունքը ես նախապես էի կանխատեսել: Բա ո՜նց: Ես հո միամիտ մարդ չեմ, որ չիմանամ ասելիքս ինչի՞ց կամ ումի՞ց սկսեմ: Չէ՞ որ գերմանացիներն էլ մեզ նման արիացիներ են ու, խմբագրության հետ զրույցիս մեջ Նոյների խաղաքարտն օգտագործելով, «կապույտ» արյան փոխկանչն եմ խաղարկում: Հետո, որպեսզի տեղ ապահովեմ մյուս` «անարիական» դեմքերի համար, փորձում եմ մի քիչ էլ սլավոնական արյուն խառնել ասելիքիս` հաշվի առնելով առանձնապես ու մասնավորապես հյուսիսային հարևանի նկատմամբ եղած մեր դարավոր բարեկամության գործոնը.
-Գիտես, չէ՞, թե Մագդալենայի կողքին ի՜նչ խաղեր են տալիս ռուս Օլգա Զայցևան ու բելառուս Դարյա Դոմրաչևան: Գրե՞մ:
-Գրի՛,- դուխով ասում է խմբագրի տեղակալ, ձեռքի հետ քաղաքականի կողքին սպորտի կուրատորությունն անող Լիլին (քանի որ վերևում սլավոններին հիշատակեցի, դրա համար վերջին նախադասությունների մեջ գերիշխող դարձան ռուսական բառերը, կարծում եմ` ըմբռնումով կմոտենաք):
-Գրե՞մ գերմանացու, ռուսի ու բելառուսի միջև ծավալված բացառիկ լարված մրցակցության մասին:
-Գրի, -շարունակում է չկոտրվել Լիլին:
-Գրե՜մ,- ինքնագոհ պատասխանում եմ ես ու ոտքը տեղ արած մարդու պես շարունակում,- բա դահուկավազքում իրար հետ ի՜նչ արջակռիվ են բռնել շվեյցարացի Դարիո Կոլոնյան ու նորվեգ Պետեր Նորթուգը… էն-էն լեհ Ջուստինա Կովալչիկն ու նորվեգուհի Մարիտ Բյորգենը ո՜նց էին իրար միս ծամում «Tour de Ski»-ում… մեկ տարվա ընդմիջումից հետո մեծ սպորտ վերադարձած հոլանդացի Սվեն Կրամերն ի՜նչ գերազանցությամբ հաղթեց չմշկավազքի Եվրոպայի առաջնությունում… քառասնամյա Պիխշտայնը նույն չմշկավազքում մարզական ի՜նչ երկարակեցություն է ապահովում, ու եթե չլիներ չեխ Մարտինա Սաբլիկովան, արդեն որերորդ անգամ Կլաուդիան կնվաճեր աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը… Գրե՞մ:
-Գրի:
-Գրեցի՜,- հնչում է ինքնագոհ պատասխանս:- Գրե՞մ, թե «Չորս ցատկահարթակների մրցաշարում» ո՜նց էին աշխարհի շունչը բռնած պահել ավստրիացի դահուկացատկորդներ Գրեգոր Շլիրենցաուերը, Թոմաս Մորգենշտերն ու Անդրեաս Կոֆլերը... Բա, իմացել ե՞ս, Լիլ ջան, որ մենասահքում Սոչիի օլիմպիադայի ոսկին ձեռքներից բաց չթողնելու համար ռուսները Պլյուշչենկոյին խնդրել են վերադառնալ մեծ սպորտ, ու էս Ժենյաս, որպես սկիզբ, տարավ Ռուսաստանի առաջնության ոսկին ու գեղասահքի միջազգային ֆեդերացիան համաձայնություն է տվել, որ… Գրե՞մ, որ դահուկային երկամարտում, ֆրիսթայլում, բոբսլեյում, սկելետոնում…
-Գրելը` գրի, բայց հե՞չ հայ չունենք էդ ասածդ մարզաձևերում:
Էստեղ արդեն ես եմ քարկապ ընկնում: Որովհետև ամբողջ ցավն այն է, որ ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան արտադրության ոչ մի հայ չունենք, որ մի բան մոգոնեմ, գրեմ, էս աղջկա խաթրն առնեմ: Իսկ թե շուռ գաս ու մարդուն վերջնականապես չկոտրելու համար համենայն դեպս ասես, որ ամառային մարզաձևերին թվակազմով գրեթե հավասար մարզաձևեր ունեցող էդ անտեր ձմեռայինում, ճիշտ է, մարզիկներ չունենք, սակայն փոխարենը սպորտի նախարարություն ունենք (էն ո՞ր մի հարամզադեն էր գրել` երեք սպորտաձևերի նախարարություն), դիմացինիդ վիրավորած կլինես անիրազեկված լինելու մեջ ու հետն էլ, ի պատասխան, կարող ես նույնիսկ լսել` մե՞ջն ինչ կա, Ադրբեջանն էլ մշակույթի նախարարություն ունի:
Անիրազեկվածություն ասի ու միտքս մարզական լրագրողների ֆեդերացիան դարձյալ եկավ` լավագույն տասնյակ որոշողի իր ոչուփուչ ֆունկցիայով (նախարարությանը մոռանալու էս ինչ սիրուն առիթ մեջտեղ եկավ): Ձմեռն ու ձմեռային մարզաձևերը մի կողմ թողնելով ու մի փոքր էլ Լիլիիս սիրաշահելով` ուզում եմ դառնալ նրան ու հարց տալու պես ասել.
-Լիլ ջան, գիտե՞ս, որ օրեր առաջ ավարտված հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչում ռուսների դարպասը գրաված մի հատիկ տափօղակով երեսունմեկ տարվա ընդմիջումից հետո Շվեդիային աշխարհի չեմպիոնության բերած մի մատ երեխա Զիբանեժադի (ի դեպ` ազգությամբ իրանցի) պատվին Շվեդիան հաջորդ օրն իսկ նրա պատկերով նամականիշ է թողարկել, իսկ մենք…
-…ոչ միայն լավագույն տասնյակում, այլև ընդհանրապես չկարողացանք պատանիների մեր աշխարհի չեմպիոն Գոռ Մինասյանի անունը հիշել:
Է՜, ժողովուրդը լավ խոսք ունի` ջուրը քշել, ջաղացը տարել է, ընկած չախչախն է ման գալիս:
Ձմեռային մարզաձևե՜ր… Է՞դ որ մեղքս է: Կարևորն այն է, որ Ծաղկաձորի նման հրաշք ունենք, ու սպորտի նախարարն էլ, ավանդույթի համաձայն (էդ ավանդույթը, ի դեպ, նախարար նշանակվելու վերջին երեք տարում է ձևավորվել), էրեխեքով, թոռներով Ամանորն էնտեղ է անցկացրել: Իսկ էդ ո՞վ է ասել, որ Ծաղկաձորում Նոր տարին դիմավորելը ձմեռային մարզաձևերին զարկ տալ չէ: Իսկ դու, ախպերս (էս անգամ դառնում եմ ինքս ինձ), չես ամաչում ու վերցնում խոշոր տառերով նյութիդ գլխին գրում ես` «Իսկ ձյունը չգիտեր ու գալիս էր»։ Ձյունը, միամիտ իմ բարեկամ, լավ էլ գիտեր ու գալիս էր: Ձյան տեղն իմացո՛ղը չկա:

Հ. Գ. -Ընթերցողը հանկարծ կարող է իսկապես հավատալ, որ ձմեռային մարզաձևեր ներկայացնող մարզիկներ չունենք: Դա իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ ներսն ու դուրսն իրար գումարած, մեկ-երկուսը, այնուամենայնիվ, ունենք և նրանց ու եղած ֆեդերացիաների մասին գրելու ենք, շատ էլ թե նախարարության մի ազդեցիկ ֆունկցիոներ ամիսներ առաջ դահուկային սպորտի ֆեդերացիայի տեղի և ունեցած հեռախոսահամարները ճշտելու վերաբերյալ հարցիս ի պատասխան լուրջ-լուրջ հակադարձեց` էդպիսի ֆեդերացիա կա՞: Կա` պատասխանում ենք ու շուտով նյութը կտպագրենք: Թերթից կարող են իրազեկվել: Եթե, իհարկե, թերթ կարդում են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ