ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԼՈՒՌ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱՂՄՈՒԿԸ»

ԼՈՒՌ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱՂՄՈՒԿԸ»
11.05.2010 | 00:00

Հունիսի առաջին տասնօրյակին սպասվում է Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան: Այցը կլինի պետական:
Մերոնք շատ լուրջ են պատրաստվում այդ այցին: Փաստորեն, օրումեջ մեր ռազմավարական ընկեր Դմիտրին գալիս է Հայաստան: Տարիուկես առաջ էր այստեղ. հիացավ մեր աշնանային արևով, գլոբալ աշխարհին ցույց տվեց, որ էս կողմերն իր համար «հարազատ» են, ինքը տանուտեր է ու կարգին «барин»: Եվ գնաց։
Դե, որ էս անգամ էլ գարնանն է գալիս, ուրեմն, մի բան գիտի: Նախորդ օրը «Վեստին» ցուցադրում ու պատմում էր, թե ինչպես Դիման ու Սերժը միմյանց ականջի ինչ-որ բաներ են շշնջում: Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելիս էլ Ալիևն անվերջ ընկնում էր Սերժի ոտքերի տակ. երևի նախորդ օրվա Շուշիի տոնը դեռ թարմ էր նրա մտքում։ Իլհամը խառն էր, խառը:
Բոլոր դեպքերում, այս ամենը ոչ քաղաքական կատեգորիա է, մնում է լոկ արձանագրել, որ հունիսյան պաշտոնական այցի ընթացքում մեր շատ ռազմավարական Ռուսաստանը, որ արդեն «ռազմավարական» է նաև Թուրքիայի հաշվով, կպահի պարիտետը և պետական այց կունենա նաև դեպ Ադրբեջան:
Այսօր արդեն Դմիտրին Ստամբուլում է: Մասամբ ավարտելով միջինասիական, իսկ իրականում` ղրղզական «տուրնեն», ՈՒկրաինայի ռուսական «հավաքագրումը», «матушка Русь»-ն իր համակ ուշադրությունը կենտրոնացրել է Հարավային Կովկասի վրա` «պրիցելի» տակ դնելով այնտեղ առկա էներգետիկ-տարածքային-ռազմական հետաքրքրությունները: Պարզ է` այդ հետաքրքրությունների հերթական դրսևորման ամպլիտուդի ներազդեցության չափը Հայաստանի ու Ադրբեջանի վրա կախված կլինի Թուրքիա կատարած այս այցի արդյունքներից:
Եվ որպեսզի այդ արդյունքները լինեն «տանելի», Ռուսաստանը փորձում է անել ամեն ինչ, որ տարածաշրջանում միակ ու հնարավոր խաղացողը լինի ինքը: Նպատակին հասնելու համար Ռուսաստանը տարածաշրջանի բոլոր երկրների դեմ կիրառում է բոլոր կարգի գործիքները` մահակ-կարկանդակ-«գազեթից-բանից» մինչև ամենաանթույլատրելիները։ Սա Ռուսաստանն է, «այստեղ նա տանն է»:
Հասկանալի է. ռուսական արսենալում մշտապես եղել և մնում է էներգետիկ երկսայրի սուրը: «Не было счастье - да несчастье помогло» սկզբունքով նա օրերս կարողացավ լրումին հասցնել «Հարավային հոսք» նախագիծը: Նախագիծ, որը «սառել» էր Ադրբեջանում և Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների պատճառով. արձանագրությունների սառեցումը տաքություն կպատճառի Ռուսաստանից մինչև Եվրոպա ընկած «տարածքներին»` առանձին վերցրած գազի տեսքով:
Նախ` արձանագրությունների մասով: Ճիշտ է, Հայաստանը բավականին խոհեմ լուծմամբ, այն է` երգով նահանջ կատարեց այդ խնդրից, «հանելով» արձանագրությունները խորհրդարանի օրակարգից, դրանք պահելով քաղաքական օրակարգում, այնուհանդերձ, ռուսական հաշվարկն այդ հարցում փոքր-ինչ այլ էր: Ռուսաստանն ուզում էր ընդհանրապես Հայաստանը հետ կանչի իր ցյուրիխյան ստորագրությունը, որպեսզի ռուսական գործունեության համար ավելի լայն դաշտ ստեղծվի. ա) հայ-թուրքական հարաբերությունները սկսելով նոր էջից, ուր «քավորն» ու թելադրողն արդեն «Ռուսիան» կլիներ, և ոչ ԱՄՆ-ը, բ) ղարաբաղյան խնդիր, իսկ իրականում` «պրեամբուլա», որում Մոսկվան այս պահին ցանկանում է հա՛մ կույս մնալ, հա՛մ մեծագույն հաճույքներ ստանալ։
Այն է` պահպանել ստատուս-քվոն, բայց այնպես, որ Թուրքիան ու Իրանը համաձայնություն տան ռուս խաղաղապահների մանդատին հակամարտության գոտում:
Դիտենք` ինչ տեղի ունեցավ այս առնչությամբ Մեդվեդևի` Թուրքիա կատարելիք այցից «ժամեր» առաջ: Նախ` հարգարժան Նեստերենկոն ասաց, որ «կարելի է քննարկել» թե՛ Մինսկի խմբին Թուրքիայի մասնակցության, թե՛ Իրանի միջնորդ լինելու հարցերը: Եթե շատ զոռ տանք մեր երևակայությանը, ապա դուրս կգա, որ այդ դեպքում բուֆերային գոտում, ռազմավարակական ահռելի նշանակության այս տարածաշրջանում տեր ու տիրական են «նշանակվում» Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ոզնուն էլ հասկանալի է` նման բան չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք:
Բայց քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ ու շահավետ առևտրի գերակա ոլորտ է, «տորգը» շարունակվեց հետևյալ կերպ. Թուրքիան առաջ եկավ ու ասաց` եկեք անենք էսպես. թող Ղարաբաղի կողմերը ռուսները «խաղաղապահպհվեն», մեր զորքերն էլ, վատ չի լինի, Նախիջևանի կողմերում դա անեն (դե, մոտավորապես այդպես պետք է թարգմանել ձեռքը Նախիջևանի վրա դնելու թուրքական վերջին ժեստ-կոլցոն): Նույն Նեստերենկոն անմիջապես արձագանքեց` ճիշտն ասած, յոլդաշ թուրքեր, Թուրքիան չի կարող դառնալ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որովհետև Բաքուն պաշտոնապես չի դիմել ԵԱՀԿ ՄԽ-ին այդ խնդրանքով, եթե չի դիմել, ուրեմն` «իլող բան չի»:
Նկատո՞ւմ եք` Միացյալ Նահանգները լռում է ու լռում: Վերջինս լռում էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանը հինգ րոպե առաջ իր գազը տվեց Ռուսաստանին` միջազգային գներով, հորով-մորով արեց «Նաբուկոյի» այլընտրանքային «Հարավային հոսք» նախագիծը: Չէ, Ադրբեջանը ձեռի հետ նաև ասաց, որ պատրաստ է մասնակցելու «Նաբուկո» պրոյեկտին էլ, սակայն ԱՄՆ-ը դեռ ու էլի լռում է, նույնիսկ մեր սիրելի Բրայզային դեսպան չի նշանակում:
ՈՒ քանի որ Միացյալ Նահանգները հեռվից լուռ հետևում է, թե «էս ի՜նչ են անում տղերքը» Հարավային Կովկասի կողմերում, «տղերքը» ձեռաց վերածվեցին «bad boys»-ի ու թե` «էս էրկու օրը կլուծվի Ղարաբաղի հարցը, մնում է ազատվեն Քելբաջարն ու Լաչինը («կատարվե՞ց ապուշիս երազանքը»), տղերքն իրենց «անկապ» ռիտորիկան» մի քիչ էլ առաջ տարան ու թե` Ղարաբաղի հարցով Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունները եթե կայանան, ապա առաջիկայում Սոչիում կհանդիպեն Մեդվեդևն ու Էրդողանը, Սոչի կկանչվի նաև Սերժ Սարգսյանը (նկատի ունեն այդպես էլ կյանքի չկոչված «պրեամբուլան»` խաղաղապահների մասով)։ Ալիևի մասին` ոչ մի խոսք (երևի Ղարաբաղի «պայմանագիրը» Սերժ Սարգսյանն Էրդողանի հետ է «ստորագրելու»):
Մի խոսքով, երևակայության ահագին լուրջ պոռթկումներ եղան այս մի քանի օրվա ընթացքում` հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմում, որին «փարդի քամակից» հավեսով հետևում էր «матушка»-ն:
Նրան այդ ամենը շատ ձեռնտու էր, որովհետև ինքն էլ յուրովի դեմարշ էր սկսել Հայաստանի դեմ` կրկին խաղարկելով իր «ջոկերները» մի քանի ուղղություններով:
Սկսեց մեր «գլխին խփել» իր գազային մահակը: Տարբեր պարբերականությամբ ու հաճախականությամբ: Դրա արդյունքում խափանվեց հայոց գազամատակարարումը, հետո Կազբեկի կողմերում սողանքը կարգի բերվեց, բայց գազը կարգի չեկավ: Սա հերթական զգուշացումն էր Հայաստանին` խելոք մնալ, ուտել ճաշիկը, կանգնել ցույց տված անկյունում: Ճաշիկը, կոնկրետ դեպքում, կազմված է առաջինից, երկրորդից և նույնիսկ թեյից` առանց թեյավճարի:
Այո, չի բացառվում` ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանն իսկապես ցանկանա, որ Հայաստանը զիջի երկու շրջանները` Աղդամն ու Ֆիզուլին։ Սա «ճաշիկի» առաջին բաժինն է: Հայաստանին գազային մահակով անկյուն քշելով` Ռուսաստանը ցանկանում է արևմուտքների հետ «սիլի-բիլի» անել սիրող հայաստանցիքին ասել` «բրատյա արմյաշկի» (Կոլերովի երբեմնի արտահայտությունն է) հավսա՜ր-զգա՛ստ, ուշադրությունը դեպ Կրեմլ, դեպ այնտեղից եկող հրահանգներ:
«Երկրորդն» արդեն վրացական ենթատեքստում է. Ռուսաստանը մշտապես և հավերժորեն ցանկանում է հայոց ձեռքերով Վրաստանի հախից գալ, փչացնել մեր հարաբերությունները մեր հարևան երկրի հետ, որ իր ձեռքերն էլ ազատ արձակվեն:
Քիչ հետո մենք պատերազմական բլիցկրիգին կանդրադառնանք, սակայն մինչ այդ ֆիքսենք, որ այդպես էլ գրեթե չկայացած ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի առաջին փորձարկումն արագ և շատ անհապաղ կլինի հատկապես հենց այդ ժամանակ, եթե, Աստված մի արասցե, հայոց բախտախնդիրների մտքով անցնի «անջատողական» շարժում սկսել Ջավախքում, ինչի համար արդեն «հազար տարի» ջանք է թափում «матушка»-ն:
Ավարտենք գազի մտրակի թեման` մի վերջին «ինքնախարազանումով» ու «Ղազարի հետ գնանք պատերազմ»:
Ռուսաստանը, որ միջազգային գներով գազ է գնում Ադրբեջանից, 30 տոկոս ցածր գնով է այլևս գազ վաճառելու ՈՒկրաինային, զի այնտեղ ունի ռազմաբազա: «Մատուշկան»` սիրասուն, որը մեր հայոց հողի վրա ունեցած իր ռազմաբազայի համար մի «քոռ» կոպեկ չի վճարում մեզ, ավելին, մենք հոգում ենք այդ բազայի կոմունալ ծախսերը, թույլ տվեք, պարոնայք, թույլ տվեք պատմել ու հիշել, որ այդքանից հետո էն օրը ռուսական ուղեկալը, ռուս զինվորների` հայոց սահմանները թուրքերից պաշտպանողների բաց աչքերի առաջ օրը ցերեկով գողացել-տարել են, իսկ ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել իրենց ուղեկալի կորուստը, բա էլ ուրիշ բանի նրանք ընդունա՞կ են, պարոնա՛յք:
Լիրիկական այս տվայտանքից հետո ևս մեկ ռուսական ապտակ հասցնենք մեզ ու ասենք, որ սույն ««матушка»-ն» օրեր առաջ հայտարարել է, թե չի բացառվում` Հայաստանին մատակարարվող գազն այլևս միջազգային գներ ունենա («ա՛ռ, տա՛ր Ֆիզուլին ու Աղդամը»` կարծում է` կասենք):
Ի դեպ, գազի մասով. չէ՞ որ, ի վերջո, գոյություն ունի Իրանի հետ այլընտրանքային գազային խողովակը (դե, արի ու Քոչարյանի ամենամեծ մեղքը մի համարի հոկտեմբերի 27-ին թրաշված չլինելն ու օրերս մեռած առյուծի վրա նստել-նկարվելը, երբ օրը ցերեկով այդ «խողովակի» մի մասը նա նույնպես տվեց Ռուսաստանին): Ինչևէ:
Հասանք «ֆրոնտ»: Այն, որ Թուրքիան էն անգամ կասեցրել է Ադրբեջանի պատերազմական հարվածն ընդդեմ Հայաստանի, այդ տրյուկն էլ հասկացանք: Այն, որ «եռանախագահությամբ»` Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, փորձում են պատերազմական մահակը Մեդվեդևի այցին ընդառաջ նույնպես լիարժեքորեն «խփել մեր գլխին», անկեղծ ասած, նույնպես խաղի կանոնների մեջ մտնող բաղկացուցիչ, քաղաքական կոնյունկտուրայի տարր է, բայց երբ ռուսական մամուլն է արդեն իսկ բարձրաձայնում` բա չեք ասի, Ռուսաստանը կարող է բլից-պատերազմ սկսել Ղարաբաղում (հասկանալի է` Ադրբեջանի ձեռքով) և իր խաղաղապահներին կանգնեցնել սահմանին, արդեն հիվանդ երևակայության հետևանք է:
Նախ որ` պատերազմ անողը երբեք չի խոսում պատերազմից:
Եվ հետո` Իրանի ու Թուրքիայի (էն կողմում էլ Աֆղանստանն է` Մերձավոր Արևելքով ու Իսրայելով) քթի տակ բլից-կրիգը «Дело тонкое, Петруха»:
Բոլոր դեպքերում, բաց է հարցը. ինչո՞ւ է լռում ԱՄՆ-ը:
Կարո՞ղ է Թուրքիան, «լուռ դիվանագիտություն ենք վարում» ասելով, հենց դա նկատի ունի։ Հը՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ