ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԱԿԻՑ ԲԱՆԵՐ

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԱԿԻՑ ԲԱՆԵՐ
07.02.2012 | 00:00

Մինչ բռնցքամարտի սիրահարներն անհամբերությամբ սպասում են փետրվարի 18-ին կայանալիք գերծանր քաշայիններ Վիտալի Կլիչկո-Դերեկ Չիսորա չեմպիոնական մենամարտին, որը բոլոր կանխատեսումներով հավակնում է դառնալու մեկնարկած տարվա ամենասպասված իրադարձությունը, շաբաթ օրը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ հեռուստատեսության շնորհիվ նաև ամբողջ աշխարհում, մարզասերի համար վերածվեց կատարյալ տոնակատարության: ՈՒ դա շնորհիվ նորին գերազանցություն բռնցքամարտի:
Օրվա համար պլանավորված տիտղոսային բոլոր մարտերին մենք չենք անդրադառնա, սակայն դրանցից երկուսը պարզապես անհնար է շրջանցել: Ընդ որում, երկուսն էլ նույն քաշային կարգում էին` առաջին կիսածանր, և համադրելի էին այնքանով, որ մեկը Եվրոպայի, մյուսն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար էր, թեպետ սկզբունքորեն այնքան էլ հասկանալի չէր, թե կազմակերպիչներն ինչու էին աշխարհամասի չեմպիոնության համար Ալեքսեև-Լիչինա մենամարտն ավելի կարևորել` դնելով այն ծրագրի վերջում: Ընթերցողին առանձնապես չծանրաբեռնելու համար մի կողմ թողնենք լիդերության համար գերմանական պրոումոթերական երկու ընկերությունների մղած կենաց-մահու պայքարը, որը վերը շոշափած հարցի պատասխանը, այնուամենայնիվ, ունի իր մեջ, ու դառնանք մեր բուն ասելիքին:
Ռուս Ալեքսանդր Ալեքսեևի ու սերբ Էնադ Լիչինայի մենամարտը Եվրոպայի չեմպիոնության թափուր մնացած տիտղոսի համար էր: Միջանկյալ նկատենք, որ Եվրոպայում չեմպիոնական տիտղոսները բավականին հաճախ են թափուր լինում: Խնդիրն այն է, որ այդ կոչմանն արժանացած մարզիկը շատ արագ է աչքը տնկում համաշխարհային բռնցքամարտի` կարգով ավելի բարձր վարկածներով մրցումներին, քանի որ դրանք, բուն մարզական նշանակությունից զատ, անհամեմատ մեծ ֆինանսական եկամուտների հետ աղերս ունեն, ուստի կաշվե ձեռնոցի պրոֆեսիոնալների այս ձգտումը միանգամայն հասկանալի է: Ինչևէ:
Ալեքսեև-Լիչինա դիմակայությունում ակնհայտ ֆավորիտը ռուս մարզիկն էր, ով, սիրողական բռնցքամարտում ունենալով փայլուն կարիերա (եղել է Եվրոպայի կրկնակի, աշխարհի չեմպիոն), հրաժարվեց յուրաքանչյուր մարզիկի երազած օլիմպիադային մասնակցելուց ու փոխադրվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ` այստեղ նույնպես անցնելով բավականին հետաքրքիր ուղի: Բավական է ասել, որ սիրողականից կարգով ավելի բարձր պրոֆեսիոնալ ռինգում հեղինակություն ձեռք բերելու ճանապարհին անցկացրած 22 մարտից հաղթել է 20-ում, ու բոլորն էլ` նոկաուտով: Սա շատ բարձր ցուցանիշ է, և սպասվում էր, որ հանդիսատեսն ականատեսը կլինի նաև 21-րդին, սակայն մարտը չունեցավ ակնկալված ավարտը (նոկաուտի առումով), ու մրցակիցներն անխնա տանջեցին իրար ամբողջ տասներկու ռաունդ:
Օրվա զարդը, անշուշտ, Յոհան Պաբլո Էռնանդես-Սթիվ Կանինգհամ դիմակայությունն էր: Սա այս մարզիկների երկրորդ հանդիպումն էր վերջին հինգ ամսվա ընթացքում, ու եթե 2011-ի հոկտեմբերին ամերիկացին աշխարհի չեմպիոնի իր բարձրությունից «մեծահոգաբար» թողել էր օվկիանոսի սեփական ափն ու եկել էր Եվրոպա` ենթադրաբար թեթև շրջագայության, ապա այս անգամ նույն այդ օվկիանոսը հարկադրաբար էր կտրել, որովհետև կորցրած չեմպիոնական գոտին վերադարձնելու խնդիր ուներ (նախորդ հանդիպումն ընդհատվել էր տեխնիկական պատճառներով):
Մարտն սկսվեց կուբացու գրոհներով: Շատ ու շատ բաներով կուբայական բռնցքամարտի լեգենդ Թեոֆիլո Սթիվենսոնին հիշեցնող մարզիկի կտրուկ, չորուկ հարվածներն ի սկզբանե իրենց զգալ տվեցին: Այդ կերպ շարունակվելու դեպքում ամեն ինչ կարող էր շատ արագ ավարտվել: Այդ ավարտը սկզբունքորեն վրա հասավ արդեն չորրորդ ռաունդում, երբ ամերիկացին հայտնվեց ծանրագույն նոկդաունում: Կուբացու ձախ կողային հարվածն այնպիսի ուժգնության էր, որ Կանինգհամը հատակին շրմփաց ողջ հասակով մեկ, սակայն բռնցքամարտիկն աներևակայելի ջանքերի գնով կարողացավ ոտքի կանգնել ու թեպետ ռինգի մրցավարի բացած հաշվի ավարտին դեռ «լողում» էր, ստացավ մարտը շարունակելու իրավունք: Անվրեպ կարելի է ասել` չլիներ մրցավարը ամերիկացի, մարտն իսկույն ևեթ կդադարեցվեր: Սակայն երևի գործեց ոչ միայն մրցակցի համերկրացի լինելու գործոնը, այլև Կանինգհամի հեղինակությունը: Իր հաղթանակը տոնող կուբացին ստիպված էր շարունակել մարտը: Օգտվելով մրցակցի գրոգային վիճակից` Էռնանդեսը ևս մեկ անգամ նրան նոկդաունի ենթարկեց, սակայն ամերիկացու բախտն այնքան բերեց, որ ռաունդի վերջին վայրկյաններն էին:
Թե ինչ պատահեց միջռաունդային դադարի մեկ րոպեում, ու այդ ի՞նչ հրաշքով Կանինգհամին հաջողվեց հավաքվել այնպես, ասես ոչինչ էլ չէր եղել, աներևակայելի է պատկերացնելը: Սակայն փաստը մնում է փաստ, որ հաջորդ հինգ ռաունդներում նա մարզումային տանձի էր վերածել մրցակցին: Ահա այսպես բանը եկավ-հասավ չեմպիոնական ռաունդներին: Տասնմեկերորդում Էռնանդեսը մարտի ելքը բեկեց իր կողմը` վերջինում առավել շոշափելի դարձնելով առավելությունը:
Արդ` ինչո՞ւ այսքան մանրամասն ներկայացրինք այս մենամարտը: Նախ` նրա համար, որ չափազանց տպավորիչ էր: Երկրորդ` հոգեբանական առումով առանձնահատուկ շեշտադրելի էր: Երրորդ` անչափ գեղեցիկ էր ու դիտարժան: Չորրորդ` գրեթե զրոյական էին կարոտած բարեկամների հանդիպում հիշեցնող գրկախառնումները, որոնք մարտը վերածում են փողոցային հրմշտոցի: Հինգերորդ` հիրավի երկու զորեղ անհատականությունների, մարզական երկու խոշոր դպրոցների բախում էր: Վեցերորդ` կատարողական առումով դասագրքային էր, միանգամայն հանձնարարելի ձեռնարկ ոչ միայն սկսնակների, այլև շատ ավելի փորձառուների համար: Եվ, վերջապես, յոթերորդ` դա կատարելության մակարդակ ունեցող մենամարտ էր, որտեղ խոր հարգանքի արժանի էին թե՛ հաղթողը, թե՛ պարտվողը:
Եվ թեպետ, կարծես, սպառիչ պատասխան տվեցինք «ինչո՞ւ այսքան մանրամասն անդրադարձանք այս մենամարտին» հարցին, այդուհանդերձ, լրացուցիչ պարզաբանումները չէին խանգարի: Մեր հավատարիմ ընթերցողը վաղուց է վարժվել այն բանին, որ այս կամ այն մարզական իրողությունը լուսաբանելիս «Իրատես de facto»-ն չի բավարարվում միայն երևույթի սոսկական փաստումով (փառք Աստծո, դրա համար կան մյուս թերթերը, որոնք դա հավանաբար անում են ավելի լավ ու ավելի ծավալային` մարզաձևերի, երևի թե, ավելի լայն ընդգրկումով), այլ հետամուտ է նաև հարցի հոգեբանական, ճանաչողական կողմին, քանի որ իր ընթերցողը միայն վիճակագրության սիրահար չէ, ու նրան, պատկերավոր ասած, հետաքրքրում է ոչ միայն պողպատը, այլև «ինչպես է կոփվում պողպատը»:
Տեսեք` մի՞թե Էռնանդեսի հաղթանակի կողքին պակաս հետաքրքրական չէ Կուբայի դրոշի տակ նրա հանդես գալու փաստը, ու սա այն դեպքում, երբ իր երկրից մարզիկը հեռացել է (հասկանալի է, չէ՞, զարտուղի ճանապարհով, որովհետև այլ կերպ հնարավոր չէ) դեռևս յոթ տարի առաջ ու թեպետ յոթ տարի ապրում, մարզվում, հանդես է գալիս Գերմանիայում, սակայն շարունակում է հավատարիմ մնալ իր երկրի հիմնին ու դրոշին։ Մի՞թե Էռնանդեսի հաղթանակի կողքին պակաս հետաքրքրական չէ ազատության կղզի հորջորջվածից մարզիկի հետ համահավասար փախուստով մի կերպ ազատագրված նրա սակավաթիվ երկրպագուների «Վիվա, Կուբա» վանկարկումների հոգեբանական հենքը։ Եվ իսկապես, սեփական հայրենիքի նկատմամբ այդ ի՞նչ դիվային սեր է մարզիկի ու նրա երկրպագուների մեջ նստած, ու այդ ի՞նչ կախարդանք կա այդ սիրո մեջ, ի՜նչ անասելի հպարտություն: Մտածե՞լ եք: Թե՞ կարծում եք, համացանցի ընձեռած անսահմանափակ հնարավորությունից օգտվելով, չէինք կարող գրել` փետրվարի 18-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում բռնցքամարտի չեմպիոնական գոտու համար պայքարում Էռնանդեսը հաղթեց Կանինգհամին:
Բա ա՞ղը։ Բա լո՞ւծը։ Բա ե՞զը։ (Իսկապես, ի՜նչ հանճարեղ ֆիլմ է «Մենք ենք, մեր սարերը»):
Չծավալվենք:
Ասելու բան շատ կա, սակայն բավարարվենք այսքանով։ Մեր զրույցն այս նյութով հո չավարտվե՞ց, սիրելի ընթերցող, փառք Աստծո, դեմներս երկար ճանապարհ կա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ