«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՄԵԿ ՈՒԹԵՐՈՐԴԻ ԶՈՒՅԳԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՄԵԿ ՈՒԹԵՐՈՐԴԻ ԶՈՒՅԳԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
28.02.2012 | 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան այն տասնվեց թիմերը, որոնք պայքարը կշարունակեն մեկ ութերորդ եզրափակիչում: Ասենք, որ մեկ տասնվեցերորդը չափազանց վստահ անցան անգլիական «Մանչեստր Սիթին», իսպանական «Վալենսիան» ու «Աթլետիկոն», հունական «Օլիմպիակոսը», գերմանական «Հաննովերը», հոլանդական «Տվենտեն» և ուկրաինական «Մետալիստը», որոնք երկու խաղերում էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ:
«Ստանդարդ»-«Վիսլա», «Շալկե-04»-«Վիկտորիա» զույգերի երկու հանդիպումներում էլ արձանագրվել էր ոչ-ոքի: Սակայն եթե բելգիական ակումբը կարողացավ պայքարը շարունակել ի հաշիվ Կրակովում խաղացած արդյունավետ ոչ-ոքիի, ապա չեխական «Վիկտորիան» գերմանացի ֆուտբոլասերների նյարդերը հիմնովին քայքայեց ու միայն լրացուցիչ ժամանակում դիրքերը զիջեց:
Եթե մրցակցի խաղադաշտում հանդիպումը ոչ-ոքի ավարտած պորտուգալական «Սպորտինգը» այնուհետ իր հարկի տակ կարողացավ առավելության հասնել «Լեգիայի» նկատմամբ ու դուրս գալ մեկ ութերորդ եզրափակիչ, ապա լրիվ հակառակը ստացվեց իտալական «ՈՒդինեզեի» պարագայում, որը հյուրընկալվելիս կարողացավ երեք անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Սեփական հարկի տակ թուրքական «Տրաբզոնսպորին» 0:2 հաշվով զիջած հոլանդական ՊՍՎ-ն չթողեց սենսացիան կատարյալ լինի և մրցակցի դաշտում պարզապես ջախջախեց նրան: Չեմ կարծում, որ 4:1 հաշիվը լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի:
Թեև Բիլբաոյի «Աթլետիկին» Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ կարողացել էր հաղթել 2:1 հաշվով, այդուհանդերձ, իսպանական ակումբը կարողացավ ապացուցել իր առավել բարձրակարգ թիմ լինելը: Այս խաղում գրանցվեց շատ համեստ 1:0 արդյունք, սակայն դա էլ լիուլի բավարար էր հաջորդ փուլ դուրս գալու համար: Մեկ ութերորդում են նաև «Բրագան», հոլանդական ԱԶ-ն:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպմանը, այստեղ թերևս արժե փոքր-ինչ հանգամանալից լինել երկու պատճառով. առաջին` Եվրոպայի լիգայի չեմպիոնության համար պայքարի մեջ մտած մյուս թիմերի համեմատ այս երկու թիմերն էլ անհամեմատ բարձր են իրենց խաղամակարդակով, ու միայն աստղերի անհաջող դասավորության պատճառով է, որ Չեմպիոնների լիգայում չեն. երկրորդ` չնայած Հայաստանը որևէ ակումբով ներկայացված չէ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերին, այդուհանդերձ, այն առանց հայ տարրի մասնակցության չէ: Նկատի ունեմ, հասկացաք, Արազ Օզբիլիսին:
Առաջին խաղում մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով անգլիական ակումբի հաղթանակն արդեն իսկ վկայում էր, որ «Մանչեստր Յունայթեդը» լուծել է իր հարցերը, և պատասխան հանդիպումը ձևական բնույթ է կրելու: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շատ լավ սկսեց խաղը, սակայն արագ խփած գոլը քիչ մնաց արջի ծառայություն մատուցեր թիմին: Կորցնելու ոչինչ չունեցող «Այաքսը», որ չափազանց երիտասարդ թիմ է, երիտասարդությանը բնորոշ եռանդով էլ անցավ իր ինքնահաստատմանը, և ավելի քան ուրախալի է, որ սրանում իր ներդրումն ունեցավ Արազ Օզբիլիսը` դառնալով ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ: Իհարկե, խաղի ընթացքին ուշի ուշով հետևող Ֆերգյուսոնը թիմի սանձերը կարողացավ արագ ձգել ու ժամանակին արված փոխարինումներով ամեն ինչ գցել իր տեղը, բայց դե փաստ է, որ «Այաքսը» կարողացավ ատամ ցույց տալ անհամեմատ փորձառու մրցակցին, որն աշխարհի երկրորդ-երրորդ թիմն է:
Ինչևէ: Ե՛վ խաղն էր գեղեցիկ, և՛ Արազն էր լավը, ինչը նշանակում է, որ, ի դեմս մեր երիտասարդ հայրենակցի, Հայաստանի ազգային հավաքականը ձեռք է բերում հզոր պոտենցիալով հարձակվողի, ում ուժերի ճիշտ օգտագործումը մեր ընտրանու հարձակման գիծը դարձնելու է շատ ավելի վտանգավոր ցանկացած մրցակցի համար: Ասելով` սատանի ականջը խուլ, հաճույքով արձանագրենք` ոնց որ թե գալիս են հայկական ֆուտբոլի յոթանասունականների ժամանակները:
Դառնալով մասնակիորեն ընդմիջված մեր խոսքին` ասենք, որ Եվրոպայի լիգայի մեկ ութերորդ եզրափակիչում միմյանց դեմ դուրս կգան հետևյալ թիմերը.
«Մանչեստր Յունայթեդ»-«Աթլետիկ», «Սպորտինգ»-«Մանչեստր Սիթի», «Վալենսիա»-ՊՍՎ, «Տվենտե»-«Շալկե-04», «Ստանդարդ»-«Հաննովեր», ԱԶ-«ՈՒդինեզե», «Մետալիստ»-«Օլիմպիակոս», «Աթլետիկո»-«Բեշիքթաշ»: Զույգերում առաջինը նշված ակումբները մարտի ութին կլինեն հյուրընկալող կողմը: Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց` մարտի տասնհինգին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ