ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ՈՒՆԵՆՔ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՏՂԱՆԵՐ, ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԻՉՆԵՐ, ՄԱՐԶԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԾՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»

«ՈՒՆԵՆՔ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՏՂԱՆԵՐ, ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԻՉՆԵՐ, ՄԱՐԶԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԾՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»
27.09.2011 | 00:00

Ավարտին մոտեցող մարզական տարին հիմնականում լավ արդյունքներ ապահովեց հունահռոմեական ոճի մեր երիտասարդ ըմբիշների ընտրանու համար, եթե չասենք` գերազանց: Խոշոր հաշվով մեր մարզիկների արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերջին տարիների հաջողված աշխատանքային փորձի շարունակականության ապահովում ու ամրապնդում` հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր ու բազմակի չեմպիոն, տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԻ գլխավորությամբ:
-Պարոն Բաբալարյան, եթե հաշվի առնենք, որ տարվա երկու գլխավոր ստուգատեսները մնացել են հետևում, կարո՞ղ ենք ասել, որ մրցաշրջանն ավարտված է ընտրանու համար:
-Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները մրցաշրջանի հանգուցակետերն են, տարվա աշխատանքի ամենալավ ցուցիչը: Եթե այս տեսանկյունից ենք մոտենում խնդրին, ապա թերևս կարող ենք ասել` այո, սակայն ողջ հարցն այն է, որ մրցաշրջանը մեզ համար չունի նման պայմանական բաժանում: Կազմ ու պատրաստ լինելու համար ամեն մի ավարտված առաջնություն, մրցաշար պիտի դիտարկել որպես հաջորդի սկիզբ, եթե չես ուզում զարգացումներից, իրողություններից դուրս մնալ: Բացի սրանից, կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք: Նախորդ տարիներին մեզ կարծես թե հաջողվել է միջազգային մրցասպարեզում ամրապնդել ըմբշամարտի հունահռոմեական ոճի հայկական դպրոցի բարի անունն ու հեղինակությունը, և, բնականաբար, աններելի թողտվություն կլինի ոչ թե նվաճված բնագծից նահանջելը, այլ անգամ նույն դիրքերում մնալը: Համենայն դեպս, հավաքականի մյուս մարզչի` Մովսես Կարապետյանի հետ այս է մեր դիրքորոշումը, և չեմ էլ ուզում կեղծ համեստություն խաղալ. միայն վերջին հինգ տարում միջազգային մրցագորգերից հանրապետություն ենք բերել ընդհանուր թվով քսաներկու մեդալ, որոնցից տասներեքը` աշխարհի առաջնությունից։ ՈՒ ես հպարտ եմ:
-Ձեր հիշատակած տասներեք մեդալների մեջ ներառված են նաև աշխարհի ընթացիկ տարվա առաջնության ոսկինե՞րը:
-Ոչ, ոչ: Ոչ էլ քսաներկուսի մեջ են մեր նվաճած մյուս մեդալները: Մենք հաշվարկը կամբողջացնենք օրացուցային տարվա վերջին:
-Լավ, այս դեպքում եկեք հանրագումարի բերենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ձեռք բերածը, տեսնենք այդ առաջնությունները որքանով են հաջողված եղել մեր երիտասարդ հունահռոմեականների համար, ինչ խնդիրներ են ծագել, զարգացման, աշխատանքի ծավալման ինչ հորիզոններ են մատնանշում:
-Երևի սկսեմ նրանից, որ երիտասարդականը կա և մնում է երկրի գլխավոր հավաքականի թիվ մեկ ռեզերվը: Որպես այդպիսին այն իրեն արդարացրել է հենց թեկուզ միայն վերջին տարիներին ազգայինին Արսեն Ջուլֆալակյան և Արթուր Ալեքսանյան տալով: Հիշատակեմ միայն այս տարվա նրանց նվաճումները. Արսենն աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիրն է, Արթուրը` աշխարհամասի փոխչեմպիոնը: Չմոռանամ ասել, որ Եվրոպայի մեծահասակների այս տարվա առաջնության երրորդ մրցանակակիր Արթուր Շահինյանն էլ է երիտասարդականի սան եղել:
Ինչ վերաբերում է հավաքականի ելույթներին, հունիսին Սերբիայում կայացած աշխարհամասի առաջնությանն այն այնքան էլ լավ մասնակցություն չունեցավ, որքան էլ կային օբյեկտիվ պատճառներ: Ամենամեծ անհաջողությունը մեր ծագող աստղինն էր` աշխարհի երիտասարդների անցած տարվա չեմպիոն ու, ինչպես արդեն ասացի, աշխարհամասի մեծահասակների փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանինը (96 կգ քաշային կարգ), ով բավարարվեց արծաթե մեդալով: Սերբիայում մենք էլ բրոնզ ունեցանք. երրորդ տեղը գրավեց 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը: Պիտի խոստովանել, որ բրոնզե մեդալներով կարող էին վերադառնալ նաև աշխարհամասի պատանիների անցած տարվա փոխչեմպիոն Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Արշակյանը, Ռուբեն Ղարիբյանը (50, 66, 74 կգ քաշային կարգեր), բայց դե ունեցանք այն, ինչ ունեցանք: Այս եռյակից թերևս պակաս զայրացրեց Եվրոպայի պատանիների անցած տարվա չեմպիոն Ռուբեն Ղարիբյանը, ով արդեն առաջին իսկ գոտեմարտից հանդես էր գալիս դուրս ընկած ուսով և այդպես հաղթել է երկու գոտեմարտում ու միայն բժիշկների միջամտության պատճառով է հանվել մրցումներից: Չլիներ այս միջամտությունը, Ռուբիկն ի վիճակի էր ոչ միայն բրոնզի, այլև ոսկու համար պայքարելու:
-Տղաները երիտասարդ են, եկեք առանձնապես խիստ չդատենք, մանավանդ որ պարտության մեջ էլ խելամիտ մարզիկի համար ուսուցողական շատ բան կա:
-Ես զայրանում եմ ուրիշ բանի համար: Ախր չափազանց վիրավորական է մեկին պարտվելը, ով քեզնից առավել չէ: Ինչևէ, անցնենք առաջ: Բարեբախտաբար, Բուխարեստում անցկացված աշխարհի առաջնությունում մեզ հաջողվեց որոշակիորեն շտկել իրավիճակը: Պարզապես փայլեց ու հավաքականին առաջին ոսկին բերեց Ռաֆայել Մանուկյանը (74 կգ): Շահելով իտալացի, ավստրիացի ըմբիշների դեմ մղած մարտերը` նա քառորդ եզրափակիչում հանդիսատեսի վերածեց նաև թուրք Իսմայիլ Կոցասլանին, իսկ եզրափակիչի ուղեգիրը նվաճեց լեհ Արկադիուշ Կուլինիցի հետ մարտում: Եզրափակիչում Ռաֆիկի մենամարտը չափազանց լարված էր վրացի Զուրաբ Դուտանիշվիլու հետ, սակայն այստեղ էլ մեր տղան անպարտելի էր: Նրա հաջողությունը կրկնեց նաև Նարեկ Խաչատրյանը (55 կգ քաշային կարգ)` եվրոպականի բրոնզը խամրեցնելով աշխարհի ոսկով: Նա հերթով հաղթեց Լիտվայի, Ճապոնիայի, ՈՒզբեկստանի ներկայացուցիչներին, եզրափակիչում ծնկի բերեց իր հաջորդ ու վերջին մրցակցին` իրանցուն: Երկու ոսկու կողքին աշխարհի առաջնությունում մեր հավաքականն ունեցավ մեկ բրոնզե մեդալ. պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Ռուդիկ Մկրտչյանը, ով հանդես եկավ 50 կգ քաշային կարգում:
-Տեղյակ եմ, որ աշխարհի չեմպիոններ Ռաֆայել Մանուկյանն ու Նարեկ Խաչատրյանը տարիքի բերումով այս տարի ավարտում են իրենց մրցելույթները երիտասարդականում, տեղափոխվում են երկրի գլխավոր թիմ: ՈՒնե՞նք նրանց լիարժեքորեն փոխարինողներ:
-Գրեթե յուրաքանչյուր քաշային կարգում ունենք առնվազն երկու-երեք հավասարազոր մարզիկ, այնպես որ, անհանգստանալու խնդիր չկա: Բացի այդ, պատանեկանից գալիս են ևս երկու-երեքը, որոնք հավաքականում կպահպանեն մրցակցության բարձր աստիճանը: Թե տղաներից ովքե՞ր են տեխնիկապես, տակտիկապես, ֆիզիկապես, հոգեբանորեն ավելի պատրաստ ու առավել արժանի երկիրը ներկայացնելու, ցույց կտան ուսումնամարզական հավաքներն ու միջազգային մրցաշարերը: Կպարապենք, կփորձարկենք, կհավաստիանանք:
-Հարաբերական անդորրը ե՞րբ է խախտվելու:
-Մենք միշտ էլ մրցումային փուլի մեջ ենք, իսկ առաջիկա միջազգայինը սեպտեմբերի վերջին Բաթումում կայանալիքն է: Լավ մասնակցած կվերադառնանք, գիտեմ, որ «Իրատես de facto»-ն էլ սիրով կանդրադառնա: Ի դեպ, հատուկ շնորհակալությունս հավաքականին դարձվող ուշադրության, մեր կողքին լինելու համար:
-Ո՞րն է մեր երիտասարդականի հաջողության գաղտնիքը:
-Գաղտնիք, որպես այդպիսին, չկա, պարզապես ունենք տաղանդավոր տղաներ, նվիրված աշխատող մարզիչներ, մարզաձևի նկատմամբ հոգածու վերաբերմունք թե՛ ֆեդերացիայի ու նրա նախագահ Սամվել Կարապետյանի, թե ՀԱՕԿ-ի ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Ես առիթ ունեցել եմ ասելու ու նորից կրկնում եմ` ըմբշամարտիկները, մարզաձևի մեջ ընդգրկվածներս ուշադրության կենտրոնում ենք, իսկ որտեղ ուշադրություն, այնտեղ էլ արդյունք:
Զրուցեց Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ