ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԱՂԹԻՐ ՈՒ ԳՆԱ... ՊԱՏԺԱԽՈՒՑ

ՀԱՂԹԻՐ ՈՒ ԳՆԱ... ՊԱՏԺԱԽՈՒՑ
14.02.2012 | 00:00

Միացյալ Նահանգներում ավանդաբար ամեն ուրբաթ անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներն այս անգամ աշխարհի չեմպիոնության տիտղոսի մարտեր չունեին իրենց ծրագրում, սակայն «Presented by Corona Extra»-ներն էլ պակաս հետաքրքրական չեն, քանզի օրվա գլխավոր հանդիպումում մրցակցում են եթե ոչ ապագա չեմպիոնները, ապա համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի սերուցքը: Հետաքրքրական է, որ և՛ Լուկաս Վիլիի, և՛ Լաս Վեգասի երեկոների գլխավոր մենամարտերն ինչ-որ չափով հայկական երանգ ունեին:
Առաջինից առանձնացնենք Դեմետրիուս Անդրադե-Անխել Էռնանդես մարտը: Այն սկսվելուն պես պրոֆեսիոնալ ռինգում մրցելույթների անհամեմատ ավելի մեծ փորձ ունեցող մեքսիկացի բռնցքամարտիկը, ով, ի դեպ, ժամանակին պարտվել է մեր Վանես Մարտիրոսյանին, անմիջապես անցավ հարձակողական գործողությունների, սակայն երիտասարդ Անդրադեն խնդիրը լուծեց շատ արագ` արդեն երկրորդ ռաունդում մարտն ավարտելով նոկաուտով: Դժվար չէ նկատել, որ, ի դեմս սիրողական բռնցքամարտի 2007 թվականի աշխարհի չեմպիոնի, միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտում հայտնվել է վառ անհատականություն, և ակնհայտ է, որ այսօր այստեղ եղանակ ստեղծողները գլուխ կոտրելու քիչ բան չեն ունենա արդեն իսկ մերձ ապագայում: Տասնվեց հաղթանակով (տասնմեկը` նոկաուտով) քսաներեքամյա ամերիկացին շարունակում է գրոհել համաշխարհային բռնցքամարտի օլիմպոսը` զինանոցում ունենալով փայլուն տեխնիկա, ամուր հարված, ճկուն մարմին ու շարժուն ոտքեր:
Ինչ վերաբերում է Լաս Վեգասին, այստեղ մարզական անհաշտ բնավորությամբ աչքի ընկավ ցայսօր պարտություն չկրած, միայն նոկաուտներով մարտեր շահող Մագոմեդ Աբդուսալամովը, ում համարում են գերծանր քաշային կարգում ռուսական պրոֆեսիոնալ բռնցքամարտի նոր ծագող աստղ: Կուբացի Պեդրո Ռոդրիգեսի հետ մարտը նա նույնպես շահեց երկրորդ ռաունդում ու կրկին նոկաուտով:
Լասվեգասյան գլխավոր հանդիպումը, անշուշտ, Էդիսոն Միրանդա-Այզեկ Չիլեմբա դիմակայությունն էր: Միրանդային հայ մարզասերը պիտի որ լավ հիշի Արթուր Աբրահամի հետ չեմպիոնական մարտից: Այն ժամանակ, մասնավորապես, հայ մարզասերի արյունը քիչ չպղտորեց կոլումբիացին` հինգերորդ ռաունդում կոտրելով մեր մարզիկի ծնոտը, սակայն Արթուրն իր մեջ ոչ միայն մարտը շարունակելու ուժ գտավ, այլև հաղթեց: Սա` միջանկյալ:
Աշխարհահռչակ Օսկար դե լա Հոյայից հետո մեքսիկական բռնցքամարտի երկրորդ ոսկե տղա ճանաչված Չիլեմբան հասուն մարտ վարեց իր անհամեմատ հեղինակավոր մրցակցի հետ ու միանգամայն օրինականորեն ճանաչվեց հաղթող: Այս մարտից հետո, որքան էլ ցավալի լինի, դժվար չէ գուշակել, որ կոլումբիացին հեռացող ժամանակի բռնցքամարտիկ է արդեն, թեպետ, շնորհիվ իր էկրանայնության (եթե կարելի է այսպես ասել) պրոումոթերական ընկերությունները դեռևս կշարունակեն նկատել նրան ու հրավիրել մարտերի:
Հարկ է նկատել, որ բռնցքամարտի ավանդական ուրբաթները սևեռուն ուշադրության կենտրոնում պահող ամերիկյան հեռուստաընկերությունները, որքան էլ դրանք լինեն ավելի կամ պակաս հիշարժան, առիթը բաց չեն թողնում կրկին ու կրկին տաք շնչի վրա պահելու Մենի Պակեաո-Ֆլոյ Մեյվեզեր թեման: Բանն այն է, որ համաշխարհային բռնցքամարտն անհամբերությամբ է սպասում այդ հանդիպմանը, որն անընդհատ հետաձգվում է տարբեր պատճառներով, որոնց մեջ ամենագլխավորը Մեյվեզերի ներկայացրած «աստղաբաշխական» պահանջներն են: Եվ իսկապես էլ, քաշային այդ կարգի համար պահանջվող վաթսուն միլիոն ամերիկյան դոլարը սարսափելի մեծ գումար է. այդ ո՞ր մի պրոումոթերը կարող է այդքան գումար հավաքել, որ մի բան էլ դեռ իրեն մնա: Ինչևէ: Սակայն որ առաջիկայում դարի այդ հանդիպումը դարձյալ չի կայանա, հայտնի դարձավ վերջերս. մայիսի հինգին Մեյվեզերը ռինգ դուրս կգա Միգել Կոտտոյի հետ ու հաջորդ օրն իսկ կգնա… բանտախուց, որովհետև վեցամսյա կալանք ունի վզին, որը դատավորի մեծահոգի հանդուրժողականության շնորհիվ է առկախվել աշխարհի չեմպիոնի կոչման մենամարտին Մեյվեզերի լիարժեք նախապատրաստվելուն չխանգարելու համար: Այնուամենայնիվ, զարմանալ կարելի է ամերիկյան արդարադատության անդրդվելիությամբ ու, միաժամանակ, մարդասիրությամբ:
Ինչ վերաբերում է Կոտտո-Մեյվեզեր դիմակայությանը, անկեղծ ասած, Միգել Կոտտոն համը ոչ թե մի քիչ, այլ լավ էլ հանում է` թվիթերում գրելով, թե կջախջախի մրցակցին: Հրաշալի իմանալով, որ այսօրվա ռինգում իր իրական մրցակիցը միայն ու միայն WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակեաոն է, Մեյվեզերը հարկ էլ չի համարել անդրադառնալ Կոտտոյի հայտարարությանը: Փոխարենն առիթը բաց չի թողել ու դարձյալ նշանառության տակ է առել մեքսիկացի… «տիկին Մենի Պակին»` նրան մեղադրելով իր հետ մենամարտելուց հրաժարվելու միտումնավորության մեջ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մրցակցի հասցեին արվող այսպիսի ու սրանից ավելի թունդ վիրավորանքներն այնքան էլ հազվադեպ բան չեն և Ֆլոյի անկառավարելի լեզվի մասին ավելի քան լավ իմացող լեգենդար ֆիլիպինցին էլ իր հերթին բանի տեղ չի դրել նրա ասածները` գերադասելով մեծախոսի հարցերը լուծել ռինգում: Սակայն դժվար չէ կռահել, որ դրա համար Պակեաոն սպասում է շատ ավելի բարեբաստիկ ժամանակների (Մեյվեզերն այս պահին սարսափելի ուժեղ է, և չարժե անցավ գլուխը ժամանակից շուտ ցավի տակ դնել): Այնպես որ, խոշոր հարց է մնում, թե այդ ժամանակը ե՞րբ վրա կհասնի:
Այստեղ, թերևս, ավելորդ չի լինի նկատել և այն, որ հունիսի 9-ին պլանավորված Պակեաոյի հերթական հանդիպումը մրցակցային առումով շատ ավելի ծանր քաշի է: Բանն այն է, որ Կոտտոն որքան էլ հեղինակություն է, վերջին շրջանում կրած պարտություններն ամենևին էլ չեն խոսում հօգուտ մարզիկի պատրաստվածության, մինչդեռ Թիմոթի Բրեդլին փայլուն մարզավիճակում է (քսանութ հաղթանակ, տասներկուսը` նոկաուտով, ոչ մի պարտություն, ոչ մի ոչ-ոքի), ինչն էլ հունիսի 9-ին կիսամիջին քաշային կարգում խոստանում է անհամեմատ հետաքրքիր դիմակայություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ