ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ԿԵՑՑԵՆ ՄԵՐՈՆՔ

ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ԿԵՑՑԵՆ ՄԵՐՈՆՔ
30.11.2010 | 00:00

Կիպրոսում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների հերթական առաջնությունը: Մրցումների եզրափակիչ հատվածը մեր ընտրանիների համար եղավ շատ ավելի բարեբեր. մինչ այդ նվաճած մեդալների քանակն ավելացավ ևս վեց ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալով: Ընդհանուր արդյունքում Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները նվաճեցին 9 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Ինչ խոսք, տպավորիչ արդյունք է, սակայն մտահոգող շատ բան էլ կա, և այն լուրջ վերլուծություն է պահանջում առաջին հերթին ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից (ֆեդերացիայի նախագահ` Սամվել Խաչատրյան), որը, ավելի քան համոզված ենք, հարկ եղածից պատվախնդիր է հանրապետությունում մարզաձևի բարի ավանդույթները շարունակելու հարցում:
Որ թե՛ կանանց (մինչև 23 տարեկաններ), թե՛ տղամարդկանց (մինչև 20 տարեկաններ) գերծանր քաշային կարգում միայն տհաճ անակնկալը կարող էր Հռիփսիմե Խուրշուդյանին ու Հայկ Հակոբյանին զրկել չեմպիոնական տիտղոսից, պարզ էր Աստծո արդար լույսի պես։ Այդ մասին ավելի քան համոզիչ վկայում էին նրանց համար նախապես հայտավորած քաշերը: Մրցակցությունը ցույց տվեց, որ մեր ծանրորդների մրցակիցները պիտի աճեն ու աճեն, որ կարողանան նրանց հետ ոտք գցել: Սա այսօրվա իրողությունն է, մեզ համար հաճելի իրողությունը, սակայն այն բնավ էլ չի թերարժևորում ո՛չ քասախցի գեղեցկուհու, ո՛չ էլ գյումրեցի հսկայի նվաճումը: Նրանք երկամարտում համապատասխանաբար ցույց տվեցին 250 (110+140) և 390 (180+210) կգ արդյունք:
Անվիճելիորեն գերազանց պիտի գնահատել մինչև 94 կգ քաշային կարգում հանդես եկած Աղվան Մելիքյանի մրցելույթը: Ճիշտ է, երկամարտում վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանի սանը (նրան ներկայումս մարզում է Ալեքսան Կարապետյանը) 376 (171+205) կիլոգրամ արդյունքով արժանացավ ընդամենը բրոնզե մեդալի, սակայն ահեղ մրցակիցների հետ պայքարում արեց այս պահի համար հնարավորը: Աղվանը, ի դեպ, վերադառնում է նաև երկու փոքր արծաթե մեդալ նվաճած: Նույն քաշային կարգում մեր մյուս մասնակիցը` Նորայր Վարդանյանը, որը հանրագումարում ցույց տվեց հինգերորդ արդյունքը, հրում վարժությունում կարող էր տիրանալ բրոնզե մեդալի, սակայն զիջեց անձնական ծանր քաշի պատճառով: Այս քաշային կարգում բացառիկ լարված էր և մինչև 20 տարեկանների մրցավեճը, որտեղ պարզապես փայլեց լիտվացի Աուրիմաս Դիզաբալիսը, որը երկամարտում ցույց տվեց բառացիորեն գերազանց արդյունք` 390 կիլոգրամ: Համեմատության համար ասենք, որ մինչև 23 տարեկանների մեջ չեմպիոն հռչակված Ցիրիկոն նրան զիջեց 11 կիլոգրամով (նույնքան` 379 կգ էր կշռում և ուկրաինացի Արտեմ Իվանովի բարձրացրած ծանրաձողը): Փաստենք, որ, ի դեմս լիտվացու, ծանրամարտի կախարդական աշխարհ է մուտք գործել փայլուն տվյալներով մարզիկ, և եթե պոկում վարժությունում ոսկե մեդալ ապահոված 174-ից հետո (նախնական պատվերից 14 կգ ավելի) նրան հաջողվեր սանձահարել ռեկորդային 186 կիլոգրամ կշռող ծանրաձողը, այդ առավելությունն ավելի մեծ կլիներ: Մենք առանձնահատուկ ենք այս ծանրորդի վրա ուշադրություն դարձնում, որովհետև մինչև 94 կգ քաշային կարգը մեր հավաքականի առանձնակի հետաքրքրությունների ոլորտում է (այս քաշային կարգում է հանդես գալիս Եվրոպայի մեր չեմպիոն Գևորգ Պողոսյանը) և եղածների կողքին, փաստորեն, մեզ բաժին է հասնում չափազանց ահեղ ևս մեկ մրցակից:
Ինչ վերաբերում է մինչև 85 և 105 կգ քաշային կարգերում հանդես եկած Արամ Անդրիկյանի ու Արթուր Հակոբյանի ելույթներին, դրանք, դառնացնելուց բացի, ոչինչ չտվեցին: Հատկապես «ջանադիր» եղավ Ա. Անդրիկյանը, որը պարզապես ձախողեց իր մրցելույթը, իսկ Ա. Հակոբյանի ելույթը (7-րդ տեղ) ավելի քան համեստ էր:
ՈՒրախությամբ փաստենք նաև, որ Ռուսաստանի հավաքականի կազմում փայլուն հանդես եկավ 22-ամյա հայազգի Դավիթ Բեջանյանը։ Երկամարտում ցույց տալով 404 կգ արդյունք` նա նկատելիորեն գերազանցեց բոլոր մրցակիցներին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Նախորդ նյութի հետ մեկտեղ (զուտ տեղեկատվական կտրվածքով) այսքանը մեր մարզիկների մրցելույթների մասին, իսկ հիմա այն, ինչ խոստացել էինք ընթերցողին` խոչ ու խութերի կտրվածքով:
Ինքնին հասկանալի է, որ ոչ մի առաջնությունից լիովին գերազանց արդյունք չես սպասի, և բոլոր մրցանակներն էլ միայն քոնը լինել չեն կարող: Այդպես կարող է լինել միայն հեքիաթներում, սակայն այն, ինչ մեր հավաքականների հետ կատարվեց Լիմասոլում, նաև բավականին տխուր մտորումների տեղիք է տալիս: Դատելով Զորիկ Պողոսյանի, Վանիկ Ավետիսյանի, Դավիթ Մուրադյանի, Արամ Անդրիկյանի համար պատվիրված նախնական քաշերից` մենք իրավունք էլ չունեինք չմտածելու, որ ոսկին կամ ծայրահեղ դեպքում դրանից փոքր-ինչ ցածր հարգով մեդալներից գոնե մեկնումեկը պիտի մերը լիներ: Անկեղծ ասած, ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց` մրցակիցներին գերազանցող քաշեր պատվիրելով մեր մարզիչները մյուսների՞ն էին զարմացնում, թե՞ իրենք էին իրենց վրա զարմանում (ընթերցողին միջանկյալ տեղեկացնենք, որ մարզիկի համար հայտավորած քաշը ենթադրում է պլյուս-մինուս 20 կիլոգրամի շեղում):
Եթե մեր մարզչական կորպուսի մարտավարական այս «հնարքն» իսկապես հնարք է, ապա, ժողովուրդը կասեր` մեռնի այդպիսի հնարքը: Իրականում սա ընդամենն ինքնախաբկանք է կամ գեղջկական պարզամտություն, ինչը չի սազում կայուն ավանդույթներ ունեցող մեր ծանրամարտին:
Մեկ այլ դիտարկում:
Զորիկ Պողոսյանը, Վանիկ Ավետիսյանը, Դավիթ Մուրադյանը, Արթուր Հակոբյանը, Քրիստինե Պետրոսյանը թույլատրված 6-ական մոտեցումներից արդյունավետ են ավարտել ընդամենը երկուսը, իսկ հավաքականներին զրո «պարգևած» Սմբատ Մարգարյանն ու Արամ Անդրիկյանն ավելի «նախանձախնդիր» են եղել իրենց քայլերում և ձախողել են վեց մոտեցումից հինգը: Երեքական մոտեցում են ձախողել Էլեն Գրիգորյանն ու Ռուբեն Մամոյանը, ինչը նույնպես քիչ չէ, սակայն այս երկուսի դեպքում «նրբացուցիչ դեպք հանցանաց» կա. նրանք ապահովել էին իրենց մրցանակային տեղերը, և եթե առաջինը գրոհում էր ավելի ծանր քաշեր, արդյունքը լավացնելու նպատակով, ապա երկրորդը պայքարում էր ոսկին ձեռք գցելու համար։ Մարզիկը մարզչի հետ կռիվ էր տալիս առավելագույնի համար, ու ոչինչ, որ չհաջողեցին. կարևորը կամքի դրսևորումն էր:
Եվս մեկ դիտարկում:
Շնորհիվ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի ու Առաքել Միրզոյանի` մինչև 69 կիլոգրամ քաշային կարգը միջազգային մրցաբեմերում հայկական համարում է ունեցել, և այստեղ, ի դեմս ռեզերվի, առաջխաղացում չենք նկատում, իսկ դիրքերը վերականգնելը պիտի ցանկալիից վերածել իրականության, և մարզիչներից մեր պահանջը պիտի լինի խստագույն, մանավանդ որ, որքան տեղեկացված ենք ծանրամարտի բոսերից, մարզաձևի համար, գոնե հավաքականի առումով, լուրջ քայլեր են արվում թե՛ ֆեդերացիայի, թե՛ Հայաստանի օլիմպիական կոմիտեի մակարդակով:
Ծանրամարտը Հայաստանում սիրված մարզաձև է: Սիրված լինելուց զատ, նաև հենակետային համարում ունեցող մարզաձև է: ՈՒրիշ էլ ո՞վքեր, եթե ոչ երիտասարդները, պիտի գան համալրելու մեր ազգային հավաքականը:
Եվ, այնուամենայնիվ, չէի ուզենա խոսքս ավարտած լինել տխուր նոտայով ու ստվերել հավաքականի ելույթը, ինչպես կջանան կարծել ոմանք, ովքեր, դուր գալու մարմաջով համակված, կաշխատեն մեր մտահոգ խոսքի տակ տեսնել բոլորովին այլ բան: Աստված իրենց հետ: Ինչ խոսք, որ Լիմասոլում մեր հավաքականների արձանագրածը կերազեին շատ ու շատ հավաքականներ, բայց արդյո՞ք մեր չափորոշիչն այդ շատուշատերը պիտի լինեն, և արդյո՞ք ավելի շատի ցանկությունը վատ բան է։ Չէ՞ որ ճանապարհն առաջ նայողինն է, իսկ մենք, կարծես թե, ապրում ենք ու գործում առաջ նայելու ազնիվ մտայնությամբ: Խոսքս առաջին հերթին մարզաձևի զարգացման պատասխանատուներին է վերաբերում և ապա մնացածներիս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ