Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԷԼԵՆԻ ԵՐԵՔ ԱՐԾԱԹՈՎ, ՍՄԲԱՏԻ ՄԵԿ ԲՐՈՆԶՈՎ ՈՒ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՆՅԱՐԴԵՐՈՎ

ԷԼԵՆԻ ԵՐԵՔ ԱՐԾԱԹՈՎ, ՍՄԲԱՏԻ ՄԵԿ ԲՐՈՆԶՈՎ ՈՒ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՆՅԱՐԴԵՐՈՎ
15.04.2011 | 00:00

Ապրիլի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի 90-րդ և կանանց 24-րդ առաջնություններն արդեն հատում են հասարակածը: Մրցաշարին երիտասարդական և, որ ավելի ճիշտ է, ռեզերվային կազմով մասնակցող Հայաստանի ընտրանիներից մրցահարթակ են ելել առայժմ չորսը: Հաշվի առնելով, որ հեռու չէ այն օրը, երբ մենք մասնակիցներ կունենանք բոլոր քաշային կարգերում, անհրաժեշտ ենք համարում լուսաբանել նաև այն քաշային կարգերը, որտեղ չունենք մասնակիցներ։
Կանանց մինչև 48 կգ քաշային կարգում Եվրոպայում տեր ու տնօրինություն է անում թրքուհի Նուրկան Թայլանը, որին այս անգամ ընկերակցել էր Նորդան Կարագյոզը: Թուրքական տանդեմն իրար մեջ կիսեց առաջին երկու տեղերը (195 և 180 կգ): Այստեղ երրորդն իտալուհի Ջեննի Պագլիարոն էր` երկամարտի 180 կիլոգրամով:
Նույն օրը, ի դեմս Սմբատ Մարգարյանի, մենք ունեցանք մեր մասնակիցը: Մարզասերների հիշողության մեջ դեռ թարմ են մինչև 56 կգ քաշային կարգում նրա փայլուն մասնակցությունը Եվրոպայի անցած տարվա առաջնությանն ու արծաթե մեդալով վերադարձը, և, բնականաբար, այս անգամ էլ նրանից լավ մասնակցության ակնկալիք ունեին: Սակայն պոկում վարժությունում մեր երիտասարդ ծանրորդի թույլ մասնակցությունը (105 կգ) սառը ցնցուղի ազդեցություն թողեց: Քաշային այս կարգում իրականությունն այսօր այնպիսին է, որ երկրորդ վարժությունում հզոր, նույնիսկ շատ հզոր լինելու պարագայում դժվար է մեդալների համար մրցակցել հակառակորդների հետ, որովհետև նրանք էլ տեղում չեն դոփում: Ներկայացնենք առաջին եռյակի արդյունքները, համեմատությունն ինքներդ արեք. Օլեգ Սիրգի` 262 կգ (112+150), Գոխհան Կիլիչ` 256 կգ (118+138), Ֆլորին Կրոիտորու` 256 կգ (115+141): Էլ չեմ ասում, որ Ադրբեջանի կազմում հայտավորված բուլղարացի Վալենտին Խրիստովը և՛ առանձին ձևերում, և՛ երկամարտում սահմանեց Եվրոպայի պատանեկան ռեկորդներ (262`115+147), և միայն ծանրամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի բողոքարկումից հետո նրա արդյունքը զրոյացվեց (ադրբեջանցիները չէի՞ն հասցրել տալ, թե՞ չէին տվել տրանսֆերտի գումարը): Հիմա ասեք` շատ էլ թե պատրաստ ենք հրում վարժությունում 150 կգ սանձահարելուն, պոկումի 105 կգ արդյունքով և հետին դիրքերից գրոհողի հոգեբանական կաշկանդվածությամբ քա՞նի անգամ կարող ենք ցանկալին դարձնել իրականություն: 140-ից հետո Սմբատին 151-ի վրա գրոհի տանելը, չեմ կարծում, մարզիչների կողմից խելահեղ քայլ էր (բարձրացնելու դեպքում մենք կունենայինք երկամարտի մեծ արծաթ և հրումի փոքր ոսկի), սակայն, բոլոր դեպքերում, խորհրդածելու առիթ կա: Ակնհայտ է, որ Սմբատը քաշի մեջ մնալու խնդիր ունի, և որքան շուտ կատարվի այդ անցումը, այնքան լավ: Ավելի քան վստահ եմ, որ մարզիչներին, մարզաձևի ֆունկցիոներներին շատ ավելի տեսանելի է հիմնախնդիրը, և նրանք անհրաժեշտ խմբագրումները կանեն:
Որ մինչև 53 կիլոգրամ քաշային կարգում Էլեն Գրիգորյանը պիտի «ատամ կրճտացներ», անվիճելի էր: Վկան` նրա գերազանց մասնակցությունը հանրապետության առաջնությանը, որտեղ թեպետ հանդես եկավ մինչև 58 կգ քաշային կարգում (Եվրոպայի առաջնության նախաշեմին անհրաժեշտ չէր համարվել քաշ գցելը), սակայն ցույց տվեց գերազանց ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածություն:
Արդեն իսկ երկրորդ մոտեցմամբ սանձահարելով 85 կգ կշռող ծանրաձողը` ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սանուհին առաջին վարժությունից իր ու մեր հավաքականի համար ապահովեց նվազագույնն արծաթե մեդալ և, 88-կիլոգրամանոց ծանրաձողի վրա գրոհելով, փորձեց Եվրոպա-2010-ի չեմպիոն, թրքուհի Այլին Դասդելենի ոտքերի տակ մրցահարթակը երերացնել: Դժվար է ասել` եթե մոտեցումը հաջողությամբ պսակվեր, մրցակցությունն ի՞նչ զարգացում կունենար, սակայն բոլոր դեպքերում կեցցե՛ Էլենը:
Քասախցի մեր ծանրորդուհին նույնքան վստահ էր երկրորդ վարժության ժամանակ: Այդ են վկայում նրա հաջող մոտեցումները` 103 և 106 կգ (այս «ավարն» արդեն ապահովել էր արծաթե մեդալ), 110 կգ կշռող ծանրաձողին: Էլենը հայրենիք է վերադառնալու Եվրոպայի փոխչեմպիոնուհու կարգավիճակով ու նաև համոզվածությամբ, որ եկել է ավելի ազնիվ մետաղից պատրաստված մեդալի համար պայքարելու ժամանակը:
Մինչև 62 կիլոգրամ քաշային կարգում տղամարդկանց պայքարն անցավ առանց մեր մասնակցության: Այստեղ առաջին տեղը բաժին հասավ թուրք Բունյամի Սեզերին, ով անգերազանցելի մնաց երկամարտում ցույց տված 298 կգ (140+158) արդյունքով: Երկրորդ տեղում էր ռումինացի Վիկտոր Անտոնիո Բուչին, երրորդում` թուրք Հուրսիտ Աթակը: Նրանք համապատասխանաբար ցույց տվեցին 290 (134+156) և 289 (128+161) կգ արդյունք:
Մինչև 58 կիլոգրամ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր «Եվրոպա-2010»-ի չեմպիոն, բելառուս Նաստասյա Նովիկովան, ով թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունների ոսկե մեդալները նվաճեց առաջին մոտեցումներով, և ում հետագա մոտեցումները մրցակիցներից ընդամենն ավելի ու ավելի առաջ պոկվելու նպատակ էին հետապնդում: Նաստասյան մայրցամաքի չեմպիոնուհի հռչակվեց երկամարտի 225 (100+125) կիլոգրամ արդյունքով: Այստեղ մրցակցություն ծավալվեց, փաստորեն, լոկ երկրորդ և երրորդ տեղերի համար` ուկրաինուհի Ջուլյա Պարատովայի ու լեհ Ալեքսանդրա Կլեյնովսկայի միջև, որոնք համապատասխանաբար ցույց տվեցին 200 (92+108) և 196 (86+110) կգ արդյունք:
Ապրիլի 13-ի երեկոյան մրցահարթակ ելան մինչև 69 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող տղամարդիկ ու նրանց մեջ նաև մեր Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը: Իմ կանխատեսումներով` լավագույն դեպքում մենք կարող էինք հայտնվել երրորդից հինգերորդ հորիզոնականներում: Ցավոք, ճշմարտությանն ավելի մոտ գտնվեցի ստորին շեմի կանխատեսումով, թեպետ...
Դրամատիկ զարգացումներով սուր սյուժետային կինոնկար հիշեցնող այս մրցակցությունն արժանի է մանրամասն ներկայացման, եթե ոչ ուրիշ բանի, ապա գոնե դասեր քաղելու առումով: Չորս մարզիչով չկարողացանք կողմնորոշվել ու Սամվել Գրիգորյանին ժամանակին հանել մրցահարթակ: Արդյունքում` տապալված երկու մոտեցում, մարզիկի ջղագրգիռ վիճակ ու միայն նույն այդ մարզիկի ուժերի գերլարման շնորհիվ զրո վաստակելուց մի կերպ խուսափում: Սա բանի նմա՞ն է: Նորից եմ կրկնում` զրո ստանալուց խուսափեցինք բացառապես Սամվել Գրիգորյանի ներքին ակումուլյացիայի շնորհիվ, ու չպիտի հորթի հրճվանք ապրել հինգերորդ տեղում նրա հայտնվելու համար: Այդ տղան, ի դեպ, առնվազն հինգերորդ տեղում կարող էր հայտնվել նաև առանց թուրք մարզիկների ձախողումների, և բնավ կապ չունի, որ սա նրա առաջին մրցելույթն էր միջազգային խոշոր մրցաշարում: Եթե չէինք կարող նրան աջակցել, ապա գոնե խանգարել պետք չէր: Ինչ վերաբերում է Վանիկ Ավետիսյանին, ավելի ճիշտ կլինի այս պահին նրա մասին լռել:
Պարզից էլ պարզ է, որ բոլոր քաշային կարգերում չես կարող ուժեղագույն կամ մրցանակային եռյակի մեջ լինել: Այդպես չի լինում, բայց սա նաև չի նշանակում անատամ լինել: Բավարարվենք այսքանով, թե չէ հետևելիք խոսքերն ավելի դառը կարող են լինել: Սակայն, թեման փակելուց առաջ, անձնական համակրանքներս ու հակակրանքներս մի կողմ թողած, չեմ կարող չպոռթկալ` Սամվել Խաչատրյանն ուրուրի պես գլխներիդ վրա մի գլուխ չպիտի ֆռֆռա, որ փորձեք զգաստանալ:
Ինչ վերաբերում է մրցանակային տեղը կիսածներին, միայն հիացմունքով պիտի արտահայտվել ռուս Վլադեսլավ Լուկանինի ու աշխարհահռչակ Դավիթ Ռիգերտի ղեկավարությամբ ռուսական մարզչական շտաբի հասցեին: Խելացի մարտավարության շնորհիվ ռուս մարզիկը ոսկին պարզապես խլեց ռումինացի Ռազվան Մարտինի ձեռքից: Ճիշտ է, դրա համար պահանջվեց ինը կիլոգրամանոց քայլ կատարել, բայց ո՞վ է ասել, թե ոսկին թեթև է կշռում: Լուկանինն ու Ռազվանը համապատասխանաբար ցույց տվեցին 332 (146+186) և 331 (150+181) կգ արդյունք: Երրորդը ալբանացի Դանիել Գոդելին էր` երկամարտի 321 (145+176) կիլոգրամ արդյունքով:
Հույս հայտնելով, որ մեր հավաքականը կհավաքվի ու ավելի կազմակերպված կշարունակի մրցելույթը, չեմ կարող մի հարցի մասին էլ չխոսել: Իհարկե, կեցցե՛ Հանրային հեռուստատեսությունը, որ հեռարձակում է առաջնությունը, սակայն պատվաբեր չէ, երբ հաղորդումը կիսատ է թողնում, ինչ է թե` մրցանակակիրների մեջ մեր մարզիկները չկան: Ի դեպ, եթե այս կամ այն քաշային կարգում մենք ներկայացուցիչ չունենք, սա էլ չի նշանակում, թե Եվրոպայի առաջնությունը դադարում է հետաքրքրություն ներկայացնելուց: Նման «ջոկողություն», որքան մենք ենք տեղյակ նույն Հանրային հեռուստատեսությունից, միայն ադրբեջանական հեռուստատեսությունն է կիրառում: Եթե մենք այլ երկրի հեռուստատեսության նման պահվածքի մասին խոսում ենք եթերից, ընդ որում, խոսում ենք օրերով, նույն հաջողությամբ մեկ ուրիշն էլ կարող է մեր մասին խոսել։ Չէ՞ որ աշխարհն այնքան փոքր է: Իսկ եթե ֆինանսներ խնայելու հետ է կապված Հանրայինի նման պահվածքը, հավատացեք, ավելի շատ կորցնողի դերում ենք հայտնվում, քան շահողի: Ի վերջո, մրցակիցներին պիտի նաև դեմքով ճանաչել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. -Երեկ մրցահարթակ ելան Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը: Նրանք չեմպիոնական կոչումը վիճարկելու են մինչև 77 կգ քաշային կարգում:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ