ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՆԱ ՈՉ ԹԵ ԱՐԴԵՆ, ԱՅԼ ՎԱՂՈՒՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է

ՆԱ ՈՉ ԹԵ ԱՐԴԵՆ, ԱՅԼ ՎԱՂՈՒՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է
03.02.2012 | 00:00

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկո: Ծնվել է 1982-ի նոյեմբերին: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, 2006-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2002 և 2010 թվերի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի յոթակի, Ռուսաստանի իննակի չեմպիոն: Աշխարհում առաջինը նա է կատարել քառակի տուլուպ-եռակի տուլուպ-եռակի ռիդբերգեր կոմբինացիան, բիլման պտույտը, եռակի աքսել-օյլեր-եռակի ֆլիպ կասկադը:

ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԵԼՈՒՅԹ ՈՒ...
Գեղասահքի Եվրոպայի օրերս ավարտված առաջնությունը ռուս լեգենդար մենասահորդ Եվգենի Պլյուշչենկոն շահեց ահռելի գերազանցությամբ` ծրագրի երկու ձևերի հանրագումարում հավաքելով ավելի քան 161 միավոր: Այդպիսի ցուցանիշ տղամարդկանց եվրոպական մենասահքն իր ողջ պատմության մեջ չէր տեսել: Դա ֆանտաստիկա էր ինչպես ցուցանիշի, այնպես էլ կատարողական վարպետության առումով: Դա կատարելություն էր, ոգու ու մարմնի զարմանալի համաձույլ, մարդկային անսահման երևակայության ու այդ երևակայության իրականացման ապշեցուցիչ դրսևորում: Նաև` կամքի: Հզո՛ր, անբեկանելի՛ կամքի: Ամենազոր գեղեցիկի պարտադրանքով շեֆիլդյան մարզասրահում ժամանակն այդ օրը կանգ էր առել, ու պահի մեջ հիրավի վերերկրային բան կար: Եվ բնավ էլ պատահական չէ, որ խորագիտակ մրցավարներին համահավասար այդ բանը հրաշալի հասկացավ նաև շարքային հանդիսատեսը` անմոռաց ու մնացած ողջ կյանքի համար իրեն արքայական նվեր մատուցած Հրաշագործին վարձահատույց լինելով բուռն ու անհավանականորեն տևական հոտնկայս ծափահարությունով:
Սակայն Պլյուշչենկոյի մրցելույթն առանձնանալի էր ևս մեկ` ոչ պակաս հատկանշական առումով: Ընդամենը մեկ ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության առաջնությունում ունեցած ոսկե գեղասահքից հետո սա նրա ընդամենը երկրորդ ելույթն էր: Ընկալելու համար, թե ինչ էր նշանակում մրցավարական հանձնաժողովի կողմից մարզիկի մրցելույթին այդպիսի ֆանտաստիկ գնահատական տալը, իրականում այնքան էլ շատ բան չի պահանջվում իմանալ: Պարզապես պիտի թվաբանական աղյուսակի հանգույն ըմբռնել, որ դա մարդկային երևակայության սահմանների հետ հաղորդակցություն ունեցող երևույթ էր, ու մրցաշրջանի ընթացքում մարզիկների բազմաթիվ ելույթների հիման վրա միայն իր վճիռն արձակելուն վարժված մրցավարական հանձնաժողովն անկարող եղավ դա չհասկանալ ու չգնահատել ըստ արժանվույն:
Սակայն «սա մրցաշրջանի նրա ընդամենը երկրորդ ելույթն էր» ասելն էլ քիչ է եղածի խորքը բացելու համար: Սա եվրոպական մրցասպարեզում Պլյուշչենկոյի առաջին մրցելույթն էր երկու տարվա դադարից հետո, որը, խոշոր հաշվով, դադար էլ չի կարելի համարել, քանզի «Մրցաշրջան-2010»-ից հետո մարզիկը հայտարարել էր մեծ սպորտից հեռանալու մասին, ինչը նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ չմուշկները վերջնականապես մեխից կախելու որոշում:

ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ»
2010 թվին համաշխարհային գեղասահքի մեկ այլ լեգենդ` Ալեքսեյ Յագուդինը, իր մեջ հաղթահարելով շատ բան, զանգահարում է Եվգենի Պլյուշչենկոյին: Երբեմնի թիմակիցն ու հավերժական մրցակիցը չի պատասխանում հեռախոսազանգին:
Վիրավորակա՞ն էր:
Անշո՛ւշտ:
Սակայն, մինչ ասելիքը շարունակելը, այստեղ փոքր-ինչ հետ գնանք` համեմատաբար ոչ այնքան հեռավոր անցյալ ու փորձենք հնարավորինս մանրամասն ծանոթություն տալ մեր գործող անձերի մասին:
Համաշխարհային գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինի խմբում տասներկուամյա Ալեքսեյ Յագուդինը հայտնվեց այն բանից հետո, երբ պատանյակի անձնական մարզիչ Ալեքսանդր Մայորովն աշխատանքի տեղափոխվեց Շվեդիա: Թերևս հարկ չկա ասելու, որ պատանին տաղանդավոր էր, այլապես աշխարհին «չեմպիոններ բուծող» անվամբ հայտնի ականավոր մարզչի խմբում չէր հայտնվի: Որոշ ժամանակ անց Ալեքսեյ Միշինի «ակադեմիայում» է հայտնվում և Եվգենի Պլյուշչենկոն` ռուսական ծայրամասից ժամանած «Բուրատինոն» (այդպես էին անվանում նրան նիհարիկ, բարակ կառուցվածքի, սուր, երկար, ցցված քթի համար) ու, երկուսի կամքից էլ անկախ, ծայր է առնում հակասությունը, որը վերածվում է մինչև այսօր շարունակվող խուլ օտարության:
1998-ին Ալեքսեյ Յագուդինը, նախ` պատանիների, ապա` մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վիրավորանքը սրտում մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ սկսում է պարապել նույնպես աշխարհահռչակ մարզիչ Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ:
Հեռանալու պատճառը բնավ էլ նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը չէր: Պատճառը շատ ավելի անձնավորված էր: Միշինն սկսել էր ավելի մեծ ուշադրություն ու ժամանակ հատկացնել Յագուդինից ընդամենը երկու տարով կրտսեր Եվգենիին: Ինչ խոսք, միամտություն կլիներ կարծել, թե վերջինս ավելի տաղանդավոր էր Ալեքսեյից (այդ մասին են վկայում նաև փաստերը): Մինչև Սոլթ Լեյք Սիթիի «Օլիմպիադա-2002»-ը Ալեքսեյ Յագուդինը երեք անգամ դարձել է աշխարհի (1998-2000 թթ), երկու անգամ` աշխարհամասի (1998-1999 թթ.) չեմպիոն, մինչդեռ Պլյուշչենկոն այդ ընթացքում նրան գերազանցել է բացառապես Ռուսաստանի ու Եվրոպայի առաջնություններում, իհարկե, եթե աչքաթող անենք 2001-ի աշխարհի առաջնությունը:
ՈՒրեմն, պատճառը Յագուդինի բնավ էլ պակաս տաղանդավոր լինելը չէր: Պատճառն ուրիշ էր, որը մարզիկին, անկախ նրա կամքից, դարձնում էր անհեռանկարային: Դա մարզիկին շատ ավելի խորությամբ հայտնի կդառնա հետո, երբ ստիված կլինի, այն էլ ոչ մեկ անգամ… բայց այս մասին հետո, մանավանդ որ, զարմանալի նույնությամբ նույնը կպատահի նաև Պլյուշչենկոյի հետ ու, ոչ ավելի-ոչ պակաս, 2012-ի Եվրոպայի առաջնությունում:
Այս երկու հիրավի բացառիկ տաղանդավոր մարզիկների դիմակայության գագաթնակետն անվիճելիորեն Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերն էին: Չափազանց կարճ շարադրմամբ ընթերցողին տեղեկացնենք, որ մենասահքի օլիմպիական պատվանդանի ռուսական լինելու հարցում աշխարհում և ոչ մեկը կասկած չուներ: Ավելին, խաղերի սկսվելուց դեռ ամիսներ առաջ աշխարհը մեկ հարց էր տալիս` Յագուդի՞նը, թե՞ Պլյուշչենկոն, Պլյուշչենկո՞ն, թե՞ Յագուդինը:
Իր համար չափազանց սկզբունքային մրցավեճում Ալեքսեյ Յագուդինն օլիմպիական Սոլթ Լեյք Սիթիում պարզապես անհավանական ելույթ ունեցավ: Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե, հանուն գեղեցկախոսության, մենք աջ ու ահյակ պարզապես ածականներ ենք շաղ տալիս, դիմենք փաստերին: Վերջին հիսուն տարում Ալեքսեյ Յագուդինը ծրագրի երկու ձևերում էլ հաղթած միակ մարզիկն է եղել Սոլթ Լեյք Սիթիում, նաև` առայսօր օլիմպիական խաղերում չորս 6,0 ստացած միակ գեղասահորդը: Ահա թե ինչու ենք ասում, որ դա անհավանական մրցելույթ էր նրա կատարմամբ, սակայն պարտադրաբար հավելելով, որ դա ելույթ էր սեղմված ատամներով կամ, ինչպես ռուսներն են ասում, «փպՐպջ վպ ՎՏչց»: Արդյունքում Եվգենի Պլյուշչենկոյին բաժին հասավ պատվանդանի լոկ երկրորդ աստիճանը, իսկ սա «կատաստրոֆա» էր թե՛ նրա նախկին մարզիչ Ալեքսեյ Միշինի, թե՛ Եվգենի Պլյուշչենկոյի համար, ով օլիմպիադային նախորդած տարում հաղթել էր բոլոր մրցաշարերում: «Անհեռանկարային» Յագուդինն այդ հաղթանակով վրեժխնդիր եղավ իրեն ժամանակից շուտ դուրս գրած մարզչից:
Նորից դառնանք 2010-ին։
Պլյուշչենկոն չի պատասխանում իր երբեմնի հզոր մրցակցի հեռախոսազանգին (ինչ-որ տեղ կարելի է մարդկայնորեն հասկանալ նրան, թեպետ` ակնհայտ վերապահումով. մեջտեղում պղտորված քիչ արյուն չկա): Կյանքի դառնություններից անհամեմատ իմաստնացած Յագուդինը (նա սիրողական սպորտը թողեց շատ վաղ, ու պատճառը ծանրագույն վնասվածքներն էին, որոնք հետևանք էին ոչ միայն լարված պարապմունքների) անում է հզոր, մեծ մարդուն վայել քայլ` կուլ է տալիս անպատվությունն ու դիմում է SMS-ի օգնությանը. «Սոչիում Ռուսաստանը կարող է մնալ առանց ոսկու, իսկ դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ: Իրավիճակը կարող ես շտկել միայն դու: Խնդրում եմ, վերադարձիր»:
Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք Պլյուշչենկոն պատասխանել է Ալեքսեյ Յագուդինի հաղորդագրությանը, թե՞ ներքին անհաշտությունը շարունակվում է այս երկու հիրավի լեգենդար մարզիկների կյանքում, սակայն այն, որ Պլյուշչենկոն, հանուն Ռուսաստանի, վերադարձավ մեծ գեղասահք, նույնքան անհերքելի է, որքան ամեն օր բացվող Աստծո լույսը: Իսկ այդ վերադարձը կայացավ Եվրոպայի առաջնությունում, որին, թերևս, միջազգային ֆեդերացիան թույլ տվեց մասնակցել ոչ այնքան Ռուսաստանի համապատասխան կառույցի խնդրանքը բավարարած լինելու համար, որքան համաշխարհային սպորտում Պլյուշչենկո մարզիկի վաստակը հաշվի առնելով:

ԱԽ, ԱՅԴ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՈՒՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Շեֆիլդում Պլյուշչենկոն իսկապես ապշեցուցիչ հաղթանակ տարավ: Սակայն երևի պատմությունը պատմություն չէր լինի, եթե ժամանակ առ ժամանակ իր կրկնվելու ունակությունը «չդրսևորեր»: Շեֆիլդում Պլյուշչենկոյին դիմակայում էր ռուսական ծագող նոր աստղը` Արթուր Գաչինսկին, ում աշխարհահռչակ Ալեքսեյ Միշինի հանճարը կարողացել էր պեղել ռուսական գեղասահքի ավելի քան պարարտ հողից։ Հենց տասնութամյա Արթուր Գաչինսկին էր, որ երկրորդ ձևից առաջ ընթանում էր առաջին տեղում` գեղասահքի հանճարին թողնելով մեկ աստիճանով ցածր հորիզոնականում:
Ամեն ինչ որոշող երկրորդ ձևում Պլյուշչենկոն սահադաշտ մտավ որպես համակ նյարդ, համակ կենտրոնացում, համակ կամք ու վճռականություն: ՈՒ մինչ իրազեկվածները մտածում էին` սարսափելի վնասվածքի պայմաններում գեղասահորդը կհամարձակվի՞ գնալ չորսանոց ցատկ-պտույտի, Պլյուշչենկոն արեց այն, ինչն անհավանական էր: Բացառիկ գեղեցկությամբ ու անթերի կատարմամբ չորսանոց պտույտ, ու գնա՜ց աստվածային սահքը` չմուշկների տակ ծնունդ առնող անհավանական գեղեցիկ նախշերով, աներևակայելիորեն թեթև ճախրերով, ձույլ ամբողջություն կազմած անցումներով։
Պլյուշչենկոյի այդ ելույթից արդեն օրեր են անցել, սակայն ժամանակ առ ժամանակ ինձ բռնացնում եմ այն բանում, որ այդ մասին մտածում եմ ոչ որպես սովորական ելույթի: Իսկ գուցե իրականում դա իսկապե՞ս էլ պար չէր, այլ հետին թվով զրույց իր հավերժական մրցակից Ալեքսեյ Յագուդինի հետ` մարզիկի փառքի դառն աստառի մասին: Այսքանից հետո մի՞թե կարելի է չափազանց բառացիորեն հասկանալ մրցելույթից հետո «ասես տասը տարով հետ էի գնացել» նրա խոստովանությունը, հավատալով, թե մարզիկը հղում է կատարում իր ծաղկուն երիտասարդության մարզավիճակին: Նման ակնարկները միայն առերևույթ չունեն ենթատեքստ: Տասը տարիները գալիս, դեմ են առնում են Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերի տարվան։
Հեռավոր 2002-ին սահադաշտում, խոշոր հաշվով, երկուսն էին` Պլյուշչենկոն ու Յագուդինը, սկզբունքորեն Շեֆիլդում էլ երկուսն էին` Պլյուշչենկոն ու Գաչինսկին, ու ինչպես այն ժամանակ, այնտեղ` Յագուդինը, այստեղ էլ Պլյուշչենկոն էր հանդես գալիս ծանր վնասվածքով, և, ինչպես այն ժամանակ նրա մրցակիցն ապացուցելու բան ուներ մասնավորապես ու առհասարակ, այս անգամ էլ ինքն ապացուցելու բան ուներ` դարձյալ մասնավորապես ու առհասարակ։ (Դեռ առավոտյան հայտնի չէր` կկարողանա՞ դուրս գալ սահադաշտ. ծնկահոդի սարսափելի վնասվածքին եկել էր գումարվելու մեջքի անտանելի ցավը, ու այն մեղմելու համար ստիպված էր եղել հինգ ասեղ ընդունել (վիրահատությունը, ինչի պատճառով մարզիկը բաց է թողնելու աշխարհի հերթական առաջնությունը, նշանակված է փետրվարի 21-ին):
Սոչիի օլիմպիական խաղերին Եվգենի Պլյուշչենկոն կդառնա երեսունմեկ տարեկան: Սա չափազանց մեծ տարիք է գեղասահորդի ու գեղասահքի համար, սակայն շեֆիլդյան քսանինն էլ փոքր տարիք չէր:
Իսկ գուցե տարիքը բնավ էլ կապ չունի՞ հանճարների հետ, որքան էլ զորեղ գործոն ու դաժան կռվան է:
Ի՞նչ իմանաս:
Բոլոր դեպքերում, մեկ բան անվերապահորեն կարելի է ասել` Սոչիում Պլյուշչենկոն կշահի՞ օլիմպիական ոսկին կամ այլ հարգի մեդալ, սկզբունքորեն էական չէ (թեպետ ցանկալի է)։ Նա ոչ թե արդեն, այլ վաղուց պատմություն է:
Հաղթա՛ծ պատմություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ