Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»

«ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
11.02.2011 | 00:00

Փետրվարի 7-18-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է շախմատի «Աերոֆլոտ օփեն» միջազգային փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ: Ավանդական այս ստուգատեսը հոբելյանական է. կազմակերպվում է 10-րդ անգամ: Գլխավոր մրցավարի տեղակալի պարտականությունը վստահվել է երևանցի միջազգային կարգի մրցավար ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ: Ի դեպ, ճանաչված մասնագետը, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով, սպասարկել է նախորդ 9 փառատոները: Մոսկվա ուղևորվելուց առաջ նրան խնդրեցինք մանրամասնել, թե ինչպիսին է լինելու հերթական «Աերոֆլոտ օփենը»:
-Ի տարբերություն նախորդների` այս տարվա փառատոնի ծրագրով երեք մրցաշար է անցկացվում,- նշեց նա։- Ի դեպ, սկզբում «Աերոֆլոտ օփենում» երեք մրցաշար էր, հետո ավելացավ ևս մեկը: Փաստորեն, դրանցում խաղում են իրենց վարկանիշով տարբեր շախմատիստներ: Այս տարի մրցաշարերը երեքն են` A, B, C: Ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է առաջին մրցաշարը: Այն գերհզոր է, քանի որ մասնակիցներից ամենացածր վարկանիշն ունեցողի անհատական գործակիցը պետք է 2550-ից ցածր չլինի: ՈՒթ տասնյակ շախմատիստ է խաղալու: Եվ այն փաստը, որ մասնակիցներից վեցն ունի 2700-ից բարձր գործակից, արդեն շատ բանի մասին է վկայում: Գաղտնիք չէ, որ բաց մրցաշարերում, որպես կանոն, այդպիսի բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները հանդես չեն գալիս: Մրցաշարը հետաքրքրություն է առաջացնում նաև այն առումով, որ հաղթողին, բացի բարձր պարգևավճարից, իրավունք է վերապահվելու ամռանը խաղալու Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կազմակերպվելիք գերմրցաշարում:
-Իսկ փառատոնի մյուս մրցաշարերն ինչո՞վ են գրավիչ:
-Դրանցում հիմնականում խաղալու են երիտասարդները: Ի դեպ, B մրցաշարում հանդես են գալու մեծ թվով ճանաչված գրոսմայստերներ, միջազգային վարպետներ: Այդ մրցաշարը ձգում է հիմնականում այն երիտասարդ շախմատիստներին, ովքեր իրենց առջև խնդիր են դրել տարբեր նորմեր լրացնել, կոչումների արժանանալ: 2300-ից ցածր վարկանիշ ունեցողները հավաքվել են C խմբի մրցաշարում: Այս խմբում մասնակիցների կազմը փոքր-ինչ խայտաբղետ է, քանի որ կան պատանի խաղացողներ, նաև վետերաններ: Երեք մրցաշարերում շուրջ երեք հարյուր շախմատիստ է խաղալու:
-Ինչո՞ւ Հայաստանն այս տարի ավելի քիչ մասնակիցներ ունի, քան նախորդ տարիներին:
-Տարբեր հանգամանքներով է դա պայմանավորված: Բանն այն է, որ շախմատի Հայաստանի առաջնությունը նոր է ավարտվել, խաղացողները հոգնած են: Մեր երկրի ծանր առաջնությունից հետո, առանց հանգստանալու հանդես գալ այդպիսի խոշոր ստուգատեսում, այնքան էլ հեշտ չէ: Ի դեպ, դասական շախմատի Հայաստանի առաջնությանը հաջորդել են մեր երկրի արագ շախմատի, Ֆիշերի շախմատի առաջնությունները: Բացի այդ, Հայաստանում է մեր ուժեղագույն գրոսմայստերը` Լևոն Արոնյանը, որը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում և նախապատրաստվում է մայիսին Կազանում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերին: Եվ ահա այն մարզիկները, ովքեր օգնում են նրան, նույնպես հնարավորություն չունեն ուժերը չափելու Մոսկվայում: Ի դեպ, նրանք խաղալու ցանկություն ունեին, բայց զբաղված են: Խոսքը Գաբրիել Սարգսյանի, Արման Փաշիկյանի, Հրանտ Մելքումյանի մասին է:
-Սերգեյ Մովսիսյանը, այնուամենանիվ, խաղալու է Մոսկվայում:
-Այո: Ընդ որում, առաջին անգամ այդ ստուգատեսում Մովսիսյանը մրցաշարի հենց սկզբից կխաղա Հայաստանի դրոշի ներքո: Իսկ ստուգատեսի ավարտից հետո Սերգեյը նույնպես Ծաղկաձոր կժամանի` Արոնյանին օգնելու: Մեր երկրի ուժեղագույն շախմատիստներից խաղալու են նաև Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Ավետիք Գրիգորյանը և ուրիշներ: Ի դեպ, Հայաստանի առաջնությունում 6-8-րդ տեղերը գրավողները գործուղվելու էին Մոսկվա, սակայն քանի որ Արտաշես Մինասյանը Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ առաջիկայում Հայաստանի պատանեկան առաջնությունն է մեկնարկելու, գերադասեց չխաղալ այդ մրցաշարում։ Մելքումյանը Ծաղկաձորում է, իսկ Տիգրան Պետրոսյանը, ինչպես նշվեց, խնդիր չի ունեցել: Նախկինում մեծ թվով հայ շախմատիստներ իրենց միջոցներով էին մասնակցում այդ մրցաշարին, սակայն այս անգամ, թերևս, դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ վերջերս Մոսկվայում ահաբեկչություն է կատարվել, և մարդիկ մտավախություն ունեն: Ռուսաստանի մայրաքաղաքում ներքին լարվածություն կա, կովկասցիների հետ հաճախակի են բախումներ տեղի ունենում: Բացի այդ, տարեցտարի Մոսկվայում ամեն բան թանկանում է, միջազգային մրցաշարի կազմակերպիչներն էլ ստիպված են բարձրացնել մասնակիցներին մատուցվող ծառայությունների փաթեթի արժեքը:
-Հետաքրքիր է` այս տարի ի՞նչ արժե այդ մրցաշարում խաղալու հաճույքը:
-Չհաշված սնունդը, որի ծախսն ամեն շախմատիստ ինքը պետք է հոգա, վճարվում է 850-900 եվրո` շուրջ 1300 դոլար: Եթե ավելացվի սնունդը, որը Մոսկվայում թանկ է, ապա ամեն խաղացող ստիպված կլինի ծախսել 1600-1700 դոլար:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ աստիճանաբար այդ մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է:
-Կարելի է այդպես ձևակերպել, սակայն կա նաև մեկ այլ լուրջ պատճառ: Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում այդպիսի միջազգային մրցաշարեր ավելի շատ են անցկացվում: Նախկինում «Աերոֆլոտ օփենը» առանձնահատուկ մրցաշար էր: Այժմ շախմատիստներն ընտրության հնարավորություն ունեն: Մասնավորապես, այդ ստուգատեսից առաջ կազմակերպվում է մոսկովյան բաց մրցաշարը, որն աստիճանաբար հզորանում է: Այդուհանդերձ, եթե «Աերոֆլոտ օփեն» փառատոնի մրցաշարերի մի մասի նկատմամբ հետաքրքրությունը պակասում է, ապա A մրցաշարի հեղինակությունը մնում է շատ բարձր, քանի որ ավելանում են այն ուժեղ շախմատիստները, ովքեր ցանկանում են խաղալ:
-Օրերս ավարտված մոսկովյան բաց մրցաշարում այս անգամ համեմատաբար քիչ էին հայաստանցի մասնակիցները:
-Հայաստանից շուրջ երկու տասնյակ խաղացող կար: Այս տարի այդ ստուգատեսն էլ այլ կառուցվածքով էր կազմակերպվել: Մի քանի մրցաշար կար: Մասնավորապես, հիմնականում երկու մրցաշար էր, որոնց ուժեղագույն շախմատիստներ էին մասնակցում: Առաջինը նախատեսված էր երիտասարդ գրոսմայստերների համար, ընդ որում, մասնակիցների շարքում էին մեծ թվով բարձրակարգ խաղացողներ: Մյուսը կանանց մրցաշարն էր, որում նույնպես ուժեղագույն գրոսմայստերներ էին: Մասնավորապես, Հայաստանից խաղում էր գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որին հրավիրել էին վերջին պահին, քանի որ մասնակիցներից մեկը հրաժարվել էր խաղալուց: Բացի այդ, զուգահեռ անցկացվում էին Ռուսաստանի ուսանողուհիների և ուսանողների առաջնությունները: Ընդ որում, շախմատիստների մրցաշարում լավ խաղաց Պողոս Նահապետյանը: Այս շախմատիստն ամռանը հաղթող էր ճանաչվել Երևանում կազմակերպված շախմատի համահայկական օլիմպիադայում: Սա էլ դեռ վերջը չէր: Կազմակերպվել էին նաև երկու բաց մրցաշարեր, որոնց մասնակիցների թիվը շատ մեծ էր: Մասնավորապես, տղամարդկանց մրցաշարում իրենց ուժերն էին չափում շուրջ 400 խաղացողներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստներ:
-Ինչքա՞ն է «Աերոֆլոտ օփենի» պարգևատրման հիմնադրամը:
-200 հազար եվրո է: Եթե չեմ սխալվում, գլխավոր մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար եվրո: Ի դեպ, այդ երեք մրցաշարերի ավարտից հետո անցկացվելու է կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, 1-8-րդ տեղերը գրավողները եզրափակիչ փուլի ուղեգրեր են ստանալու: Մարզասերները հիշում են, որ 2010-ին, Միխայիլ Տալի հուշամրցաշարից հետո կազմակերպված մոսկովյան այդ ստուգատեսում հաղթել էր Լևոն Արոնյանը: Այնպես որ, «Աերոֆլոտ օփենի» ուժեղ շախմատիստները մրցում են նաև ընտրական այդ մրցաշարում:
-Անցյալ տարի «Աերոֆլոտ օփենի» C մրցաշարում հաղթեց Դավիթ Շահինյանը, որին Հայաստանում լավ են ճանաչում: Այս տարի Հայաստանից նոր շախմատիստներ կխաղա՞ն Մոսկվայում:
-Հայաստանի պատանի շախմատիստները պարբերաբար հաջողությունների են հասնում միջազգային մրցաշարերում, և այն հանգամանքը, որ Դավիթը 2010-ին հաջող էր անցկացրել ոչ միայն այդ, այլև մոսկովյան բաց մրցաշարը, վկայում է այն մասին, որ հաջողությունը պատահականություն չէր: Ի դեպ, Շահինյանը գերազանց խաղաց նաև նախորդ տարվա վերջին Թուրքիայում կազմակերպված շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիդայում և Հայաստանի հավաքականի կազմում դարձավ հաղթող: Վերջին երկու տարում Հայաստանը պատանի 7 գրոսմայստեր է տվել, և Դավիթն էլ նրանց հետքերով է գնում: Ինչ վերաբերում է նոր անուններին, ապա Հայաստանն այդ առումով իրեն դեռևս չի սպառել, և միջազգային յուրաքանչյուր մրցաշարում կարելի է սպասել նրանց ի հայտ գալուն: Իսկ Դավիթը մասնակցել է Մոսկովյան միջազգային բաց մրցաշարին և այս տարի ուժերը կչափի արդեն «Աերոֆլոտ օփենի» B մրցաշարում:
-Իսկ մեր ո՞ր շախմատիստներից են սպասելիքները հատկապես մեծ:
-Սերգեյ Մովսիսյանը բոլոր մրցաշարերին էլ մասնակցում է միայն հաղթելու վճռականությամբ: Ավետիք Գրիգորյանը լավ մարզավիճակում է: Տարեվերջին նա փայլուն հաղթանակ տարավ Բուլղարիայում կազմակերպված միջազգային մրցաշարում: Տիգրան Պետրոսյանը ևս ցանկացած մրցաշարում կարող է բարձր արդյունք ցույց տալ:
-Իսկ Ռաֆայել Վահանյանն այս տարի ևս ինչո՞ւ է բաց թողնում մոսկովյան ստուգատեսը:
-Նրա ծրագրերի մեջ չի մտնում Մոսկվայում խաղալը: Վահանյանը վերջերս Երևանում էր, մի քանի օր առաջ է մեկնել Գերմանիա: Զրուցել եմ նրա հետ: Ռաֆիկն ասաց, որ իր համար ներկայումս դժվար է խաղալ այդպիսի բաց մրցաշարերում, գերադասելի է հանդես գալ ակումբային մրցամարտերում, որոնցում միայն մի քանի պարտիա պետք է անցկացնել: Այդ դեպքում նա կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ: Ի դեպ, այս տարվա աշնանը Հայաստանում կնշվի Վահանյանի 60-ամյակը: Մեր լեգենդար գրոսմայստերի պատվին ուշագրավ միջոցառումներ են նախատեսվում։
-Իսկ Հայաստանի կին գրոսմայստերները խաղալո՞ւ են Մոսկվայում:
-Ցավոք, «Աերոֆլոտ օփենը» չունի կանանց առանձին մրցաշար, և, որքան ինձ հայտնի է, մերոնք մտադիր էլ չեն խաղալու: Ի տարբերություն պատանիների, Հայաստանի շախմատի կանանց թևն այնքան անմխիթար վիճակում է, որ նոր շախմատիստուհիներ չունենք, ովքեր կարող են խաղալ միջազգային մրցաշարերում:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ