ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԵՆՔ ԷԼ ՈՒՆԵՑԱՆՔ ՉԵՄՊԻՈՆ

ՄԵՆՔ ԷԼ ՈՒՆԵՑԱՆՔ ՉԵՄՊԻՈՆ
26.11.2010 | 00:00

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը վերջապես բարեհաճ «գտնվեց» և մեր նկատմամբ: Նոյեմբերի 24-ը ոսկեբեր եղավ Հայաստանի ընտրանու համար. մինչև 77 կիլոգրամ քաշային կարգում ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ոչ պակաս կարևոր է և այն, որ հաղթանակը ձեռք բերվեց համառ ու անզիջում պայքարում, և մեր նորընծա չեմպիոնին ձեռնոց նետողը նրա թիմակից Աղասի Աղասյանն էր: Սակայն ամեն ինչի մասին` հերթով:
Դժվար է միանշանակ ասել` առաջնությունը, որ արդեն հատել է եզրագիծը, մեր հավաքականների համար հաջողվա՞ծ է, թե՞ մեջտեղ եկած հիմնահարցերով լուրջ մտորելու տեղիք է տալիս, անկախ այն բանից` կավելանա՞ մեր մեդալների պաշարը, թե՞ կմնա նույնը: Այս մասին կփորձենք ավելի առարկայական խոսել մեր հաջորդ նյութում, իսկ հիմա` զուտ տեղեկատվություն:
Մինչև 20 տարեկանների կանանց մեր ընտրանին առանձնապես ոգևորվելու առիթ չտվեց: Թե՛ Ալլա Սամվելյանը (մինչև 58 կգ քաշային կարգ), թե՛ Քրիստինե Պետրոսյանը (մինչև 63 կգ քաշային կարգ) հայրենիք կվերադառնան հինգերորդ արդյունքով: Հաճելին այն է, որ Ալլան կարողացավ փոքր արծաթե մեդալի արժանանալ հրում վարժությունում:
Մինչև 23 տարեկանների կանանց ընտրանին, որ նույնպես երկու մարզուհի ունի իր կազմում և մրցաբեմ ելած առայժմ մեկ ծանրորդուհի (փորձառու Հռիփսիմե Խուրշուդյանը պայքարի մեջ կմտնի նույեմբերի 26-ին), ավելի հաջող է մասնակցում առաջնությանը. քասախցի Էլեն Գրիգորյանը դարձել է մինչև 53 կգ քաշային կարգում խաղարկված բոլոր արծաթե մեդալների տերը, և բնավ էլ նշանակություն չունի, որ այստեղ հայտավորված էր ընդամենը երեք մարզուհի: Գերծանր քաշային կարգում նույնպես երեք մարզուհի ունենք, և բնավ դեմ չէինք լինի, եթե այդ մեդալներից մեկը նույնպես մերը լիներ, որովհետև, Աստված մի արասցե, նաև զրո ստանալու տարբերակ էլ կա: Դեպքերից առաջ չանցնենք, բայց նշենք, որ այստեղ մեր հավակնությունները չեմպիոնական են:
Դառնանք տղամարդկանց հավաքականներին:
20 տարեկանների ընտրանուց մրցաբեմ են ելել մինչև 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու Զորիկ Պողոսյանը (մինչև 69 կգ քաշային կարգ): Պոկում վարժությունում Սմբատը թույլ ելույթ ունեցավ (վեցերորդ արդյունք), և թվում էր, թե իրավիճակը կշտկի հրում վարժությունում, սակայն ստացվեց ճիշտ հակառակը: 139 կիլոգրամ կշռող ծանրաձողը գրոհելու բոլոր փորձերն էլ մարզիկը ձախողեց:
Դատելով նախապես պատվիրված քաշերից` Զորիկ Պետրոսյանը պիտի որ հարուստ ավար ունենար, սակայն համեստ մխիթարանք մնաց հրում վարժությունում նվաճած բրոնզե մեդալը: Ինչ վերաբերում է երկամարտում մարզիկի գրանցած արդյունքին, այն չի հուսադրում, թե այս մարզիկն ազգային հավաքականի լուրջ ռեզերվ է: Փոխարենն ուրախացրեց մինչև 62 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտած Ռուբիկ Մամոյանը, որը թե՛ «ատամ կրճտացրեց», թե՛ բնավորություն ցույց տվեց: Երկամարտի նրա արդյունքն անհամեմատ ավելի նշանակալի կլիներ, եթե ոսկու համար մղվող պայքարում ծանրորդը 145-ից միանգամից չգրոհեր 153-ը, իսկ այդպես անել պետք էր, որովհետև հաջողության դեպքում, ի դեմս նրա, կունենայինք Եվրոպայի այս առաջնության մինչև 23 տարեկանների մեր անդրանիկ չեմպիոնը: Ռուբիկը տուն է վերադառնում երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալով:
Դարձյալ դատելով մինչև 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանի ու Դավիթ Մուրադյանի նախապես հայտավորած արդյունքներից (մինչև 23 տարեկանների հավաքական)` մեր տղաներից առնվազն մեկը պիտի լիներ մրցանակային եռյակում, մինչդեռ առավելագույնը հրում վարժությունում Վանիկ Ավետիսյանի բրոնզե մեդալն էր, իսկ երկամարտի նրա «ավարն» ամբողջ 28 կիլոգրամով պակաս է չեմպիոն հռչակված ռուս Օլեգ Չենի արդյունքից:
Բարեբախտաբար, չափազանց դիտարժան մրցակցություն ծավալվեց մինչև 77 կգ քաշային կարգում, որտեղ ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի սան Արայիկ Միրզոյանը պարզապես փայլեց ոչ միայն ցույց տված չեմպիոնական արդյունքով, այլև մարտավարությամբ, հոգեբանական պատրաստվածությամբ: Նույնիսկ այն պահին, երբ մեդալ կարող էր ապահովել անհամեմատ թեթև քաշը, մարզիկն անդրդվելի մնաց նախապես հայտավորած իր 150 կիլոգրամով և սպասեց ծանրաձողի «հասունանալուն»: Արդյունքում նա հաջորդաբար սանձեց թե՛ 150-ը, թե՛ 155-ը, որն էլ ի վերջո, եղավ ոսկե քաշ: Այստեղ Աղասի Աղասյանը կանգ առավ 151 կիլոգրամի վրա` տիրանալով արծաթին:
Հրում վարժությունում երկրորդ մոտեցումից (առաջինը ձախողել էր) սանձահարելով ի սկզբանե պատվիրած 180-կիլոգրամանոց ծանրաձողը` Արայիկն իր համար երկամարտում միանգամից ապահովեց նվազագույնն արծաթե մեդալ: Այդ պահին մրցամարտը դեռ չէր սկսել Աղասի Աղասյանը, որն առաջին մոտեցման համար հայտավորել էր 190 կիլոգրամ: 184 կիլոգրամը սահմանային եղավ թե՛ թուրք Սեզերի, թե՛ լեհ Կլիշի, թե՛ ռումինացի Ռուսոյի համար, որոնք միմյանց մեջ վիճարկում էին երրորդ մրցանակը: Հնարավոր տհաճ անակնկալից խուսափելու համար Աղասյանը մոտեցավ 185 կիլոգրամանոց ծանրաձողին և ստանձնեց լիդերությունը: Թիմակիցը պատասխանեց 186-ով: Չեմպիոն դառնալու համար Աղասյանին անհրաժեշտ էր բարձրացնել 191 կիլոգրամ, ինչը, սակայն, այդ օրը նրա ուժերից վեր էր: Երեք ոսկե մեդալները միանգամայն արժանիորեն զարդարեցին Արայիկի կուրծքը, նույնքան մեդալի տիրացավ Աղասին, այն տարբերությամբ, որ նրա մեդալները հարգով փոքր-ինչ ցածր էին թիմակցի նվաճածից: Բոլոր դեպքերում, դա բացառիկ գրավիչ ու ծանրամարտի հայ սիրահարների սիրտը հպարտությամբ լցնող մրցակցություն էր` մեր մարզիկների կատարմամբ:
Երեկ պայքարի մեջ մտավ մինչև 23 տարեկանների մեր ընտրանու ևս երկու ծանրորդ: Նրանցից Արամ Անդրիկյանը պայքարելու է մինչև 85, իսկ Նորայր Վարդանյանը` մինչև 94 կգ քաշային կարգերում: Աղջիկներից մասնակից չունենք, թեպետ Սլովակիան ներկայացնող Էլեանորա Գոքորավան իր երկրի համար ոչ այնքան բնորոշ ազգանուն ունի: Բոլոր դեպքերում, հաջողություն մաղթենք նրան: Ի դեպ, մենք ուշի ուշով հետևում ենք այլ հավաքականների կազմերին` հայրենակիցներ գտնելու ցանկությամբ: Այդպիսի մի դեպք արձանագրել ենք, մասնավորապես, Հունաստանի հավաքականում, որտեղ 20 տարեկանների մեջ մինչև 62 կգ քաշային կարգում հայտավորված ծանրորդը մեր հայրենակից Արմեն Առաքելյանն էր, որը 6-րդ արդյունքը ցույց տվեց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ