«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԱՆՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ ԵՎ ՓԱՅԼՈՒՆ ԱՎԱՐՏ

ԱՆՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ ԵՎ ՓԱՅԼՈՒՆ ԱՎԱՐՏ
01.02.2011 | 00:00

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կազմակերպված շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձավ հաղթողը: Մարզական կենսագրության ընթացքում առաջին անգամ մեր երկրի ուժեղագույն շախմատիստ ճանաչվեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նորընծա չեմպիոնը 19 տարեկան է: Թեև այս շախմատիստը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն, սակայն ստուգատեսի մեկնարկից առաջ հազիվ թե որևէ մեկը կանխագուշակեր, որ հաջողությունը հենց նրան է ժպտալու: Բանն այն է, որ առաջնությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ, 17-րդ կարգի էր, և բոլոր 12 խաղացողներն էլ գրոսմայստերի կոչում ունեին: Ընդ որում, պայքարի էին ելել նախկինում քանիցս Հայաստանի առաջնության չեմպիոն կամ մրցանակիր դարձած շախմատիստներ, իսկ վարկանիշով (2530) Հովհաննիսյանը միայն 9-րդն էր: Մասնավորապես, առաջնությունում լավագույն անհատական գործակիցն ունեցող Արման Փաշիկյանին (2640) նա նկատելիորեն զիջում էր: Ի դեպ, Հովհաննիսյանն անհաջող սկսեց և մեկնարկային խաղում պարտվեց Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Ավետիք Գրիգորյանին: Սակայն դա թևաթափ չարեց Ռոբերտին, որը հետագայում տարավ 6 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Երիտասարդ շախմատիստը մրցաշարի ավարտից առաջ արդեն վստահորեն գլխավորում էր աղյուսակը և լուրջ հայտ էր ներկայացրել` չեմպիոն դառնալու: Ի վերջո, եզրափակիչ տուրում նա խաղաղ դաշն կնքեց փորձառու Արտաշես Մինասյանի հետ և վաստակած 8 միավորով զբաղեցրեց առաջին տեղը` մեկ միավորով առաջ անցնելով մերձակա երեք հետապնդողներից` 7-ական միավորով նրան հաջորդած Սամվել Տեր-Սահակյանից, Զավեն Անդրիասյանից, Արման Փաշիկյանից: Իսկ 5-րդ տեղը 6,5 միավորով գրավեց Ավետիք Գրիգորյանը: Ի դեպ, վերջինս այդպես էլ չճաշակեց պարտության դառնությունը, սակայն դա բավարար չէր հաղթող ճանաչվելու համար: Նա տարավ 2 հաղթանակ և 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի. խաղաղասիրական տրամադրվածությունն էլ խանգարեց Գրիգորյանին լինելու մրցանակակիրների շարքում: Տեր-Սահակյանը և Անդրիասյանը ևս ոչ մի պարտություն չկրեցին, տարան 3-ական հաղթանակ, 8 մրցամարտում միավորը բաժանեցին մրցակիցների հետ:
Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ այս մրցաշարին հարցական էր Անդրիասյանի մասնակցության հարցը: Բանն այն է, որ Հայաստանի առաջնությունից առաջ նա միջազգային մրցաշարերի էր մասնակցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում և մեր երկրի մեկ այլ ներկայացուցչի` Վահե Բաղդասարյանի հետ վարակվել էր ջրծաղիկ հիվանդությամբ: Մրցակիցները չէին առարկել, որ մեկ շաբաթով Հայաստանի առաջնությունը հետաձգվի, և ապաքինվելուց հետո Անդրիասյանը կարողանա մասնակցել ստուգատեսին: ՈՒշագրավ է, որ առաջնության լավագույն հինգ շախմատիստների համար դրամական խոշոր պարգևներ էին սահմանված. 1-ին տեղ` 1 մլն 200 հազար, 2-րդ տեղ` 800 հազար, 3-րդ տեղ` 500 հազար, 4-րդ տեղ` 300 հազար, 5-րդ տեղ` 200 հազար դրամ: Ընդ որում, վաստակած յուրաքանչյուր միավորի համար մասնակիցները լրացուցիչ ստացան 10-հազարական դրամ:
Դա է պատճառը, որ մրցամարտը լարված բնույթ կրեց, 12 մասնակիցներն էլ ճաշակեցին հաղթանակի բերկրանքը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը համալրեց Հայաստանի ազգային հավաքականը: Հուսանք, որ նա այդ թիմում ավելի հաջողակ կլինի, քան Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Գրիգորյանը, որը 2010-ի մրցաշրջանում հավաքականի կազմում իրեն լիովին դրսևորել չկարողացավ: Իսկ 1-3-րդ տեղերը գրաված գրոսմայստերները կմասնակցեն 2012-ի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Ի դեպ, 1-5-րդ հորիզոնականներում հայտնված շախմատիստները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով կխաղան 2011-ի Եվրոպայի առաջնությունում:
Ընդհանուր առմամբ, առաջնությունը հետաքրքիր անցավ, մտահոգում է միայն այն, որ եթե այս ստուգատեսից առաջ ավարտված Հայաստանի կանանց առաջնության 10 մասնակիցներից միայն 2-ն էին Երևանից, ապա մեր երկրի տղամարդկանց առաջնությունում խաղացողներից 10-ը մայրաքաղաքից էին, միայն երկուսը` Տեր-Սահակյանն ու Արա Մինասյանը, ներկայացնում էին Վանաձորը և Գյումրին:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ